Հոդվածն անդրադառնում է 2020 թվականի 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած ռազմական գործողությունների արդյունքում բռնի տեղահանված արցախահայերի ավանդական կենսընթացի խեղման և ոչ նյութական ժառանգության կորստյան վտանգներին։ Հոդվածի դրույթները հիմնված են Արցախի Հադրութի շրջանից տեղահանվածների հետ խորացված և ֆոկուս խմբային հարցազրույցների (ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերում և Երևանում), ինչպես նաև ժառանգության պահպանության միջազգային համակարգի տեսական նյութի ուսումնասիրության սկզբունքների վրա՝ պարզելու այն խնդիրները, որոնց բախվել է Արցախի բնիկ ժողովուրդը՝ մշակույթի իրավունքների սահմանափակման և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մարտահրավերների պատճառով։
Տեղահանությունը շարունակվող պատերազմի ձև և կանխամտածված ռազմավարություն է, որն իր առաջացրած խորքային խնդիրներով գերազանցում է նույնիսկ պատերազմի արհավիրքներին։ Ուստի, աներկբա է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից ի վեր Արցախն ու իր ժողովուրդը շարունակվող պատերազմի մեջ են գտնվում՝ կրելով օտարման ծանր հետևանքները։ Միջազգային օրենքները փաստում են, որ հարկադիր տեղահանման կործանարար ազդեցություններից մեծ է հատկապես խմբի մշակութային իրավունքի խոչընդոտումը և ժառանգության վրա թողած ազդեցությունը, որն անդրադառնում է մասնավորապես անհատի/համայնքի՝ իր իսկ մշակութային ժառանգությանը նյութական և ոչ նյութական ձևերով մուտք գործելու անկարողության և ինքնության շարունակականության պահպանման անհնարինության վրա։ Շատ մասնագետներ պնդում են, որ ժառանգության ոչնչացումը նաև բնակչությանն արմատախիլ անելու, ավանդույթներն ու էթնիկ հիշողությունը ջնջելու միջոց է, ուստիև տարածքի նվաճումը հեշտացնելու ռազմավարություն։ Դեռ ավելին, Հռոմի քրեական դատարանն ապացուցել է, որ ժառանգության ոչնչացման գործողությունները կարող են լինել նաև մարդկանց՝ իրենց բնիկ տարածքից հեռացնելու ավելի լայն քաղաքականության մաս։ Ուստի, կարող ենք փաստել, որ արցախահայության տեղահանությունն ու մշակութային ժառանգության բազմաթիվ ոչնչացումները ոչ թե իրարից կտրված գործողություններ են, այլ ադրբեջանական մեկ միասնական քաղաքականության բաղկացուցիչ մասեր։
Ադրբեջանի կողմից բռնի տեղահանության ենթարկված արցախահայությունը տարանջատվել է իր սոցիալ-մշակութային արժեքներից, զրկվելով իր պատմական հայրենիքի՝ Արցախի տարածքի, բնության և մշակութային լանդշաֆտի հետ կապված գիտելիքը, սովորույթներն ու պրակտիկաները իրացնելու, այն վայելելու, դրանցով իր մշակութային կյանքը հարստացնելու, իր ավանդույթներին համապատասխան զարգանալու և ինքնության տարրերն ապագա սերունդներին փոխանցելու հնարավորությունից։
Ժառանգության անխնա ոչնչացումներով են բնորոշվել Ադրբեջանի կողմից սանձազերծված արցախյան բոլոր պատերազմները՝ նյութական կառույցներից զատ էական վնաս հասցնելով նաև ոչ նյութական արժեքներին։ Հայկականության գոյության հիմքերի ոչնչացումը չի դադարել բռնազավթված տարածքներում և առավել մեծ ընդգրկունությամբ շարունակվում է նաև սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից և Արցախի հայաթափումից հետո։
Արցախահայության բռնի տեղահանման գործընթացներով, ի թիվս սոցիալական-տնտեսական շատ իրավունքների, խաթարվեց նաև մշակույթի իրավունքը, այն է՝ սեփական ինքնության պահպանության, մշակութային կյանքին հաղորդակցման, իր իսկ ժառանգությանը մուտքի, ժառանգության ստեղծմանը մասնակցելու և այն վայելելու հնարավորությունը։ Այս իրավունքը առանցքային նշանակության է, քանզի պաշտպանում է յուրաքանչյուր անձի՝ իր համոզմունքներին, լեզվին, գիտելիքներին, սովորույթների համաձայն ապրելու և զարգանալու իրավունքը։ Մշակութային իրավունքը համայնքի մշակութային կյանքին մասնակցության և ամենատարբեր ռեսուրսներին հասանելիության իրավունքն է, ինչպես սահմանված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 27-րդ և ՄԱԿ-ի 1966 թվականի դաշնագրի 15-րդ հոդվածով։ ՄԱԿ-ի մշակույթի իրավունքի հատուկ զեկուցողն արձանագրել է, որ մշակույթի իրավունքը սերտորեն կապված է ոչ նյութական մշակութային ժառանգության իրացման հնարավորության հետ։
Նշենք նաև, որ մշակութային ժառանգության գլխավոր գործառույթը սոցիալական համախմբումն է՝ որպես համայնքի զարգացման և ինքնության հաստատման գործոն։ Լայն են վերջինիս ընդգրկման շրջանակները․ սովորույթներ, բեմադրություններ, արտահայտություններ, գիտելիքներ ու հմտություններ, ինչպես նաև դրանց հետ կապված առարկաներ, արվեստի գործեր և մշակութային տարածքներ, որոնք համայնքների, խմբերի և որոշ դեպքերում անհատների կողմից ճանաչվում են իրենց մշակութային ժառանգության մաս: Կարևոր է նշել, որ ոչ նյութական ժառանգությունը ստեղծվում և հետագայում վերականգնվում ու պահպանվում է համայնքների կողմից:
Հարկ է ընդգծել, որ ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանություն նշանակում է դրա կենսունակության ապահովմանն ուղղված միջոցների ձեռնարկում՝ ներառյալ ճանաչումը, հետազոտությունը և պահպանումը։ Քանի որ այսօր համայնքների օտարման պատճառով կենսունակ չի կարող լինել Արցախի ոչ նյութական ժառանգությունը, հետևաբար վտանգի տակ է վերջինիս պահպանումն ու սերունդներին փոխանցումը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի սկզբունքներին համաձայն՝ ոչ նյութական ժառանգությունը պետք է «փոխանցվի սերնդից սերունդ և անընդհատ վերստեղծվի», ապա՝ այդ գործընթացը պետք է տեղի ունենա «համայնքների, բնության և պատմության փոխգործակցության միջոցով»: Փաստորեն, ժողովուրդների՝ իրենց բնակավայրերից տեղահանությունը խաթարում է ոչ նյութական տարրերի վերստեղծման հնարավորությունը, կասեցվում է կենդանի ժառանգության շարունակականության գործընթացը, քանզի չկա այն համայնքը, այն ռեսուրսների համախումբը և այն միջավայրը, որոնց հետ փոխգործակցության հետևանքով պետք է ծնվի ոչ նյութական մշակութային ժառանգության այս կամ այն նոր պրակտիկան, կամ պահպանվի արդեն եղածը։ Ստացվում է, որ անգամ համայնքի անդամների ֆիզիկական ներկայությունն այլ վայրում բավարար չէ ապահովելու համայնքի բուն ինքնության շարունակականությունը։ Հույժ կարևոր է այն արձանագրումը, որ ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկացած պրակտիկա կարող է վերանալ, եթե այդպիսի սոցիալ-մշակութային արժեքները տարանջատվեն իրենցով զբաղվող համայնքների ու խմբերի կյանքից և գործելակերպից։ Այս կտրվածքով կուզեի դիտարկել, մասնավորապես, Հադրութի շրջանի օրինակը։
Հադրութի մշակութային համայնքների կազմաքանդումը
44-օրյա պատերազմի արդյունքում Արցախի Հադրութի շրջանի 48 բնակավայրերի շուրջ 13.000 հայ բնակչությունն ամբողջությամբ տեղահանվեց։ Սույն հետազոտության արդյունքները փաստել են, որ տեղահանության արդյունքում կազմաքանդվել է Հադրութի բնակիչների մշակութային ինքնությունը, և այսօր ՀՀ տարածքում գտնվող հադրութցիները իրենց վրա զգում են տեղահանության բացասական հետևանքները, այդ թվում՝ մշակութային ինքնության համայնքային կյանքի, ընտանեկան սովորույթների և ավանդույթների լիարժեք պահպանության անհնարինությունը, անհատական և կոլեկտիվ մշակութային իրավունքի իրացման խոչընդոտները։
Հադրութի մշակութային համայնքների կազմաքանդման արդյունքում կորսվել են նաև ոչ նյութական մշակութային ժառանգության ամենաէական դրսևորումները, որոնք կապված են Արցախի բնական լանդշաֆտի և համայնքի հետ (այդ թվում՝ ժենգյալով հացի պատրաստման իրական պրակտիկան, կուրկուտի, խաշիլի, կաճապով ապուրի, արցախյան պոպոքով կլոր գաթայի պատրաստման ավանդական մշակույթը, թթի դոշաբի և օղու ավանդական թորման մշակույթը և այլն)։ Տեղահանության արդյունքում Հադրութի ժողովուրդը զրկվել է նաև ոչ նյութական արհեստագործական պրակտիկաները իրացնելու հնարավորությունից․ կորսվել են տեղի գորգագործության, կարպետագործության, թոնրագործության, տակառագործության, փայտագործության, դարբնության, բրուտագործության ոչ նյութական մշակութային ավանդական պրակտիկաները։ Կորսվել են նաև մշակութային փառատոնները, որոնք կապված էին ոչ նյութական արժեքներից՝ գինու, խաղողի, ժենգյալով հացի, թթվի և այլ արժեքների հետ։
Տեղահանությունը հղի է եղել նաև ընտանիքի և սոցիալական կառույցների խաթարման գործընթացով, որի պատճառը մի կողմից ընտանիքների բաժանումն է, մյուս կողմից՝ համայնքային կյանքից օտարումը, որն էլ կարող է անհնարին դարձնել համայնքի ավանդույթների պահպանումն ու փոխանցումը: Տեղահանվածների շրջանում հատկապես կործանարար է համայնքային կյանքի կազմաքանդումը, որը ինքնության խաթարման գլխավոր պատճառը կարող է դառնալ։
Կորսված են Հադրութի պատմական գերեզմանոցները (4-5 և ավելի սերունդների), ուստիև վտանգված՝ նախնիների մասին հիշողությունները դրանց հետ զգայական հաղորդակցման անհնարինության պատճառով։ Բացի այդ, պապենական գերեզմանոցները ոչնչացվում են, ինչը հոգեկան մեծ ցավ է պատճառում տեղահանվածներին։ Հռոմի կանոնադրությունը փաստում է, որ ժառանգության ոչնչացմամբ մարդկանց հոգեկան տառապանք պատճառելը մարդկության դեմ ծանր հանցագործության, այդ թվում՝ ցեղասպանություն և էթնիկ զտում կարող է որակվել։
Տեղահանության արդյունքում կորստյան վտանգի տակ է նաև Հադրութի շրջանի ինքնատիպ լեզվամշակույթը՝ բարբառը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակած ոչ նյութական մշակութային ժառանգության էթիկական սկզբունքների համաձայն՝ լեզվի անհետացումը կամ անխաթար պահպանման վտանգը սպառնում է շարունակական պրակտիկայի և կենդանի ժառանգության փոխանցմանը և կարող է հանգեցնել կենսական մշակութային և բնագիտական գիտելիքների կորստին։
Հետազոտության արդյունքներով նաև պարզվեց, որ Հադրութի բոլոր շրջանների բնակիչների կենսընթացի անբաժանելի մասն են կազմել տոները, որոնք պարտադիր կերպով կապված են եղել Հադրութի շրջանի մշակութային նյութական կառույցների հետ և ուղեկցվել են հուշարձաններ այցելություններով (դեպի Կատարո վանք, Գտչավանք, Սպիտակ Խաչ վանք, Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցի, Տողի Սուրբ Հովհաննես, Տումի Կարմիր Վանք, Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցի, դեպի խաչքարեր և այլ հուշարձաններ) կամ գլխավորապես տոնվել են հենց նյութական հուշարձանների տարածքներում։ Գրեթե բոլոր տոներն ուղեկցվել են ավանդական կերակրատեսակների պատրաստումով և համայնքի անդամների հետ այն վայելելով ու արժևորելով։ Փաստ է, որ հայրենիքից և նյութական կառույցներից օտարումը խոչընդոտում է հիշյալ տոների լիարժեք անցկացումը և տոնի գաղափարի կենսունակության պահպանմանը։
Հադրութում մեծ տեղ ունեին ամենամյա տարբեր փառատոնները, որոնք կապված էին ոչ նյութական արժեքների՝ գինու, խաղողի, ժենգյալով հացի, թթվի, արվեստի այլ ճյուղերի հետ։ Հադրութում արվեստի զարգացման, փոխշփումների համար կարևոր էին «Դիզակի գույները» նկարչական միջազգային սիմպոզիումները, որոնց արդյունքում ստեղծվում էին Դիզակ աշխարհը պատկերող կտավներ։ Բացի այդ, Արցախում մինչ պատերազմը դեռևս կենդանի էին ավանդական շատ խաղեր, որոնք հանրահռչակվում էին «Գուպար» ազգային ավանդական խաղերի մրցույթի միջոցով։
Այսպիսով, Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգությունը տեղահանության արդյունքում օտարված է արցախահայերի բնականոն կենսակերպից, որը հղի է ինքնության տարրերի ոչնչացման կործանարար ազդեցությամբ՝ քանդելով խմբի գոյության մշակութային հիմքերը, կասեցնելով Արցախի մշակութային անփոխարինելի արժեքների վերստեղծումն ու սերունդներին անխաթար փոխանցումը։
Արմինե ՏԻԳՐԱՆՅԱՆ
Մշակութաբան
Երևան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: