Ղարաբաղցիներին կրկին «վերահասցեագրենք» Ռուսաստանին և Բաքվին, դառնանք խաչմերուկ. Փաշինյանն ու ԱՄՆ շտապեցնում են իրար

  • 11:42 16.11.2023

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ «առաջիկա մի քանի շաբաթները վճռորոշ կլինեն Երևանի և Բաքվի համար, թե արդյո՞ք նրանք կկարողանան «այո» ասել խաղաղության պայմանագրին»:

ԱՄՆ պետքարտուղարի հանձնարարությամբ մենք խորը, համապարփակ և թափանցիկ հաշվետվություն ենք մշակում Լեռնային Ղարաբաղում ոչ միայն այս օրերին, այլև նախորդող ամիսներին տեղի ունեցածի մասին։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Լեռնային Ղարաբաղի հարցով լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոյի փոխքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը։

Նա տեղեկացրեց, որ սեպտեմբերից ի վեր ԱՄՆ-ից բարձր մակարդակի 13 այց է կատարվել Երևան և Բաքու։ «Մենք ասացինք, որ սեպտեմբերի 19-ի դեպքերից հետո Ադրբեջանի հետ ոչինչ նորմալ չի լինի, քանի դեռ չենք տեսել իրական առաջընթաց խաղաղ գործընթացում։ Մենք չեղարկել ենք մի շարք բարձր մակարդակի այցեր և դատապարտել Ադրբեջանի գործողությունները։ Եվ մենք մտադիր չենք նախաձեռնել 907 բանաձեւի շրջանցում, քանի որ իրավիճակի իրական բարելավում չենք տեսել»,- ասել է Ջեյմս Օ Բրայենը:

Նա չի նշել, թե արդյոք Բաքվի դեմ պատժամիջոցներ կամ այլ մեթոդներ կկիրառվեն, սակայն խորհուրդ է տվել Թուրքիային «համոզել» Ալիևին ստորագրել համաձայնագիրը «առաջիկա շաբաթների ընթացքում»։

Ջեյմս Օ Բրայենը բացատրեց ԱՄՆ-ի շտապողականությունը՝ ասելով, որ «Կենտրոնական Ասիան նոր ուղիներ է փնտրում իր ապրանքների համար: Այս երթուղիները կարող են անցնել նաև հարավով՝ Հայաստանով։ Մենք ասացինք, որ ուժի կիրառումն անընդունելի է, տարանցիկ միջանցքը, որը կառուցվելու է Հայաստանի մասնակցությամբ և համաձայնությամբ, կարող է հսկայական տնտեսական բում առաջացնել։ Իսկ եթե ​​միջանցքը բացվի ուժի կիրառմամբ կամ Իրանի մասնակցությամբ, ապա կլինի շատ ուժեղ ընդդիմություն, և նախաձեռնությունը հաջողությամբ չի պսակվի»,- նշել է նա։

Փաստորեն, Պետդեպարտամենտի պաշտոնյան ասում է, որ ավելի լավ է՝ Հայաստանը կամավոր համաձայնի «միջանցքին», այլապես ոչինչ չի ստացվի։ Հայաստանը նույնպես պետք է «ապահովվի», որ միջանցքի վերջնակետը լինի ոչ թե Իրանը, այլ Թուրքիան։

«Հայաստանի ապագայի համար որոշիչ է լինելու, որ Թուրքիան բացի իր երթուղիները։ Միջին Ասիայից եկող ճանապարհը, որը պետք է անցնի Ադրբեջանի և Հայաստանի տարածքով, կհասնի Թուրքիա, և Թուրքիայի տնտեսական շահերից է բխում, որ այն դառնա այս ճանապարհի վերջնակետը։ Սա մի տարր է, որը նախկինում չի դրվել խաղաղության սեղանի շուրջ, և մենք դրան մեծ ուշադրություն ենք դարձնում»։

ԱՄՆ-ը ասում են, որ որոշողը Բաքուն է։ Միաժամանակ Բաքուն ասում է, որ սեպտեմբերի 11-ին հայկական կողմին է փոխանցել խաղաղության պայմանագրի 5-րդ ճշգրտված տարբերակը՝ համապատասխան բացատրական նշումներով, իսկ Հայաստանից պատասխան է սպասվում մոտ ապագայում։

«Ադրբեջանի կողմից առաջարկված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների համաձայն՝ խաղաղության համաձայնագրի տեքստը կարող է ավարտվել ավելի արագ՝ երկկողմ ինտենսիվ բանակցությունների միջոցով։ Գնդակն այժմ Հայաստանի դաշտում է», -գրել է Ալիևի օգնական Հաջիևը։

Ռուսաստանը նույնպես ձեռքերը ծալած չի նստում. ՌԴ ԱԳՆ-ն ակտիվ քայլեր է ձեռնարկում՝ ապահովելու «հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ, ինչը հիմնարար նշանակություն ունի Բաքվի և Երևանի հաշտեցման համար (ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա)։ Նա ասաց, որ Արցախում հայերի տներն անձեռնմխելի են, և հայերը կարող են վերադառնալ, ինչը կարևոր է նաև «ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մասով»։ Այլ ձեւով ասած, Ռուսաստանը իր մասը կապահովվի, Հայաստանին ազատելով ղարաբաղցիներից։

Փաշինյանը շտապեցնում է Եվրոպային, ԱՄՆ-ին և Ռուսաստանին, ներկայացնելով «խաղաղության խաչմերուկի» հայեցակարգը։ Փաշինյանը համաձայն է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ՝ բացել միջանցքները, ևս մեկ անգամ «վերահասցեագրել» ղարաբաղցիներին Ռուսաստանին և Բաքվին, դառնալ ինչ ասես՝ կամուրջ, խաչմերուկ, միջանցք, բայց ոչ ազգային պետություն։ Փաշինյանին հավատարիմ քաղաքագետները հիմնական թշնամիներ են համարում ազգային պետության և «ոչ մի թիզ հող» հասկացության կողմնակիցներին։

Նաիրա Հայրումյան