Արեւմուտքը փակ չի համարում Արցախի հարցը։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը։
«Դրա վառ օրինակ են ԱՄՆ Կոնգրեսում բազմաթիվ լսումները, այդ թվում՝ հենց երեկ։ Արցախի հարցի մասին հայտարարություններ են եղել, այդ մասին ԱՄՆ պետքարտուղարությունն է հայտարարում, որ հայերի վերադարձի իրավունքը կա։ Տվյալ դեպքում արդեն Արեւմուտքին ձեռնտու չէ հարցը փակ համարել, որովհետեւ սա լծակ է Ալիեւի վրա։ Իսկ Ալիեւի եւ Թուրքիայի վրա այդ լծակները պետք են։ Բայց այստեղ կա նաեւ մարդու իրավունքների հարց, որի վրա Արեւմուտքն ուղղակի չի կարող աչք փակել»,- ասաց Պապյանը։
Նա անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ նիստում արած հայտարարությանը։ Խոսելով Արցախի խնդրի մասին՝ Փաշինյանն այսօր ասել էր․ «Այն, ինչ մենք ուզում էինք Լեռնային Ղարաբաղի հարցով, այլեւս հնարավոր չէր առնվազն ԵԱՀԿ 1996 թվականի դեկտեմբերի Լիսաբոնի գագաթաժողովից հետո։ Եվ նրանք, ովքեր այդ գագաթաժողովի կոնսենսուս մինուս մեկին (ընդ որում, մինուս մեկը Հայաստանն էր) միանալուց հետո պաշտոնական հանդիպումների փակ հատվածներում եւ ռեստորաններում մեզ հավաստիացնում էին, թե դա հնարավոր է ու անպայման լինելու է, եւ մեզ անընդհատ քաջալերում էին, մտքում մեկ նպատակ ունեին միայն՝ թույլ չտալ, որ Հայաստանում պետություն կայանա։ Եվ նրանց ռազմավարական սցենարը հենց դա էր՝ Ղարաբաղի հարցը որպես լծակ օգտագործել՝ Հայաստանի պետականության զարգացումը թույլ չտալու համար»։
«Ես նման միտում չեմ նկատել։ Բոլոր իրավիճակներում վերջի պահին չհամաձայնողը Ադրբեջանն է եղել։ Ես կարող եմ ենթադրել, թե Նիկոլ Փաշինյանն ինչ է մտածում։ Ինքը մտածում է, որ ռուսներ են, քանի որ ռուսների համար կոնֆլիկտի չլուծված լինելը կարեւոր էր, դա լծակ էր Հայաստանի վրա։ Այո՜, այդ ամբողջը կա, բայց գոնե առերես Ադրբեջանն է խոչընդոտել։ Կազանի համաձայնությունը կար, Քի Վեսթի համաձայնությունը կար, բայց Աիեւը գնաց Բաքու ու հետ կանգնեց իր խոսքերից։ Իմ կարծիքով, եւ այդ մասին Հեյդար Ալիեւն էլ էր ասում, Ադրբեջանի համար Արցախի հարցը կարեւոր չէր։ Ադրբեջանի համար Արցախի հարցը պատրվակ էր՝ լուծելու հայկական հարցը, հայոց պետականության հարցը։ Հեյդարը դրա մասին է պարզ խոսել»,- ասաց Պապյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանն այսօր շարունակում է այդ քաղաքականությունը։ Այսինքն՝ եթե Արցախի հարցը չլիներ, այնպես չէր լինելու, որ հիմա ոչ մի խնդիր չէինք ունենալու եւ եղբայրաբար ապրելու էինք Ադրբեջանի հետ։ Ըստ Պապյանի՝ Ադրբեջանն այսօր չի հարձակվում Հայաստանի վրա, որովհետեւ վախենում է պատժամիջոցներից։
«Այսինքն՝ անկախ նրանից, թե մեծ ուժերն ինչ ցանկություններ են ունեցել, ամեն դեպքում ապակառուցողական դիրքորոշումն Ադրբեջանն է ունեցել։ Եվ սուտ է, երբ Հայաստանին մեղադրում են, ասում են՝ մաքսիմալիստական է եղել, այդ պատճառով հարցը չի լուծվել։ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը միշտ եղել է այն, որ Հայաստանը պատրաստ է ԼՂԻՄ շրջակա տարածքները տալ՝ կարգավիճակի դիմաց։ Եվ դա մշտապես գնահատվել է որպես անվտանգության գոտի։ Այլ հարց, որ Ադրբեջանը չի համաձայնել որեւէ կարգավիճակի կամ լուծման։ Եվ իրենց դիրքորոշումը միանշանակ է եղել՝ եթե անգամ պատրաստ են ինքնորոշման իրավունք տալ, ապա ինքնորոշում միմիայն Ադրբեջանի սահմանների մեջ, այսինքն՝ Բաքվի ենթակայության տակ։ Այդ դեպքում ի՞նչ ինքնորոշում, դա նշանակում է, որ պետք է լիներ ինքնավարության ձեւ։ Իսկ մենք գիտենք, որ Ադրբեջանի հետ թղթի վրա ինքնավարություն ունենալն ուրիշ է, իրականում ունենալը լրիվ այլ բան է»,- ասաց Արա Պապյանը։