Թեժ՝ փոքր եկեղեցին ու մեծ ավանդապատումը․ կորսված Հայրենիք

  • 09:07 17.11.2023

Տողասար լեռան գագաթին (որի բարձրությունը 1471 մետր է) գտնվող Գտիչ բերդից հարավ-արևելք, ժայռի կատարին գտնվում է մի փոքրիկ չափերով եկեղեցի:

Եկեղեցու Թեժ անվան ժողովրդական ստուգաբանությունը կապված է Դիզակի ժողովրդի հերոսական պայքարի հետ օտար զավթիչների դեմ։ 853 թվականին արաբական զորքը Բուղա զորավարի գլխավորությամբ պաշարեց Քթիշ ամրոցը։ Անհաջող գրոհներից հետո Բուղան նորից է դիմում Եսայի Աբու Մուսեին և կրկնում հպատակության իր առաջարկը: Պատասխան խոսքում Եսայի Աբու Մուսեն Բուղային հայտնում է նրա դեմ մինչև վերջին շունչը կռվելու իր անբեկանելի որոշման մասին և խորհուրդ տալիս հեռանալ խաղաղությամբ, եթե իր համար թանկ է սեփական կյանքն ու զորքի ողջությունը:

Պայքարը  տևեց շուրջ մեկ տարի և տեղի ունեցած 28 ճակատամարտերում Դիզակի իշխան Եսայի Աբու Մուսեն հաղթանակ տարավ Բուղայի նկատմամբ։ Տեսնելով, որ զենքի ուժով անհնար է պարտության մատնել ռազմավարական հմտություններով օժտված Դիզակի տիրակալին, կրկին գործի դրվեց խարդավանքը։ Միամիտ լեռնականը, որը որքան աննկուն էր ու քաջ բաց ճակատամարտում, նույնքան էլ անզոր պալատական դավերի ու խաբեության հանդեպ, հավատալով իրեն տրված խոստումներին, թողնում է անառիկ ամրոցը և գնում է Բուղայի մոտ: Սա ստացած հրամանի համաձայն նրան ընդունում է մեծ շուքով, զորահանդեսային ծեսերով և խաբկանքի երեքօրյա ճոխ հյուրասիրությունից հետո ձերբակալում է և շղթայակապ անում՝ այդպիսով ճնշելով Արցախի դիմադրությունը:

Հերթական պարտությունից զայրացած՝ Բուղան հիմնահատակ քանդում է Գտչավանքի սրբարանները։ Այդ ժամանակ Եսայի իշխանը պատվիրում է իր որմնադիրներին, որ լեռան ծերպին, Գտչավանքի հանդեպ, թշնամու հայացքի տակ, յոթ օրվա ընթացքում կառուցեն նոր եկեղեցի, և քանի որ սրբավայրի կառուցումն ընթացել է ճակատամարտի թեժ պահերին , ապա այդ իսկ պատճառով այն ստացել է Թեժ անվանումը։

Թեժ եկեղեցին թաղածածկ դահլիճի հորինվածքով պարզ կառուցվածք է, շարված անտաշ քարով, ուներ երկլանջ ծածկ։ Եկեղեցին ունի երկու դուռ՝ արևմտյան և հարավային կողմերի։ Ներսում կային սպիտակ շերտաքարերից պատրաստված հինգ փոքրիկ խաչքարեր, որոնց վրա քանդակված է «Խաչս Նազազին»,  «Խաչս Մրհապետին», «Խաչս Շահումին»,  «Խաչս Ղազարայ»,  «Խաչս Եզուայ», սակայն ցավոք սրտի եկեղեցու տանիքի փլման հետևանքով հավանաբար նշված խաչքարերը մնացել են քարերի տակ։

Մակար Բարխուդարյանը նշում է նաև, որ հարավային կողմի դռան բարավորի վրա քանդակված է Ս․Աստվածածինը մանկան հետ և «մի աղերսարկու վեղարավոր վարդապետի պատկեր»։ Արևմտյան ճակատում բացվող դռան բարավորի վրա պատկերված են երկու «աղոթավոր վարդապետի դիմապատկերներ և մի խաչ», սակայն նշվածները նույնպես չեն պահպանվել եկեղեցու դռան բարավորների փլման արդյունքում։

Մ․ Բարխուդարյանը պատմում է, որ եկեղեցու արևելյան կողմում պահպանվել են տապանաքարեր, նրանցից մեկի վրա գրված է եղել հետևյալը՝ «թվին ։ՉԶ։ (1257) այս է տապան Մովսես վարդապետին»։ Այդ տապանաքարի վրա պատկերված է եղել «երկգլուխ օձագավազան և այն բռնած ձեռքի թաթ»։

․․․Բավականին հին են, թե՜ տաճարիս շինությունը և թե՜ խաչերի ձևերն ու տառերը, գրել է Մակար Բարխուդարյանը, ով  իր այցելության ժամանակ եկեղեցու շինարարության ու ժամանակի վերաբերյալ արձանագրության չի հանդիպել։

Արցախի բռնազավթումից հետո եկեղեցու մասին տեղեկություններ չկան։

Արմինե Հայրապետյան

f