Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը մանրամասներ ներկայացրեց օրերս Բրյուսելում կայացած Եվրանեսթի կոմիտեների համատեղ նիստին։ Այդ մասին հայտնում է Step1.am-ի թղթակիցը ԱԺ-ից։
«Մեր քաղաքական կոմիտեում ներկայացված էր փաստաթուղթ, համազեկուցողների ներկայացրած նախագիծն էր, որը հիմնականում անդրադառնում էր ռուս-ուկրաինական պատերազմին, բայց երկու անգամ նշում կար նաեւ Արցախի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորված լինելու մասին։ Եվ երբ դրա մասին խոսում էինք մենք՝ ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները, երբ դրա մասին խոսում էին Եվրախորհդրարանի պատվիրակները, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը դեռ իրականացված չէ, եւ կայուն խաղաղություն հաստատված չէ, ադրբեջանցի պատվիրակները հակադարձում էին Նիկոլ Փաշինյանի խոսքերով։ Մասնավորապես, Եվրախորհրդարանի պատվիրակներից մեկն ասաց՝ «1919 թվականին Արցախի ժողովուրդը քվեարկել է ՀՀ-ին միանալու օգտին, եւ 1920 թվականին բոլշեւիկներն են Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին»։ Եվ այստեղ Ադրբեջանի պատվիրակն ասաց՝ «դուք չգիտե՞ք, Փաշինյանն ասել է, որ Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի կազմում»։ Նմանապես մենք ասում էինք՝ Արցախի ժողովրդի իրավունքները ոտնահարվում են, նրանք ունեն քաղաքական իրավունքներ՝ վճռելու իրենց ճակատագիրը։ Լուծում էինք առաջարկում, էլի նույն պատասխանն էր՝ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի կազմում»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
Ադրբեջանը ոչ մի փաստարկ, բացի Փաշինյանի խոսքերից, չունի։