Բաքուն ողջունել է Հաագայի դատարանի որոշումը Հայաստանի հայցի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու ՀՀ հայցի վերաբերյալ որոշումը, որն անմիջապես ողջունվեց Բաքվում։ Սա հենց այն էր, ինչ նրանք ուզում էին։
Միջանկյալ միջոցները ներառում են. «Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է ապահովել, որ այն անձինք, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո և ցանկանում են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագ»: Բայց ամենակարևորը՝ «Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է պաշտպանել և պահպանել առաջին պարբերությունում նշված անձանց հետ կապված գրանցման, նույնականացման և անձնական ունեցվածքի փաստաթղթերն ու գրանցամատյանները, և այդ փաստաթղթերն օգտագործել որպես իր օրենսդրական և վարչական պրակտիկայի հիմք»։
Ի՞նչ է նշանակում վերջին կետը: Դա նշանակում է, որ Հայաստանի խնդրանքով և Արդարադատության միջազգային դատարանի պահանջով Ադրբեջանը կսկսի իր վարչական պրակտիկայում օգտագործել Արցախի պետական կառույցների կողմից տրված փաստաթղթերը։
Այսինքն՝ արցախցիների բոլոր փաստաթղթերը՝ ծննդյան, ամուսնության, մահվան, ունեցվածքի, կրթության, բիզնեսի, զինվորական ծառայության և այլն, այլեւս կգտնվեն Ադրբեջանի իրավասության ներքո։
Հիշեցնենք, որ Հայաստանը այդպես էլ օրինական չի ճանաչել ԼՂՀ կողմից տրված քաղաքացիական կացության ակտերն ու փաստաթղթերը։ Այդ մասին է վկայում Արցախի բնակիչներին որպես փախստականի «ժամանակավոր պաշտպանություն» տալու կամ Արցախի 070 ծածկագրով անձնագիրը փոխելու ՀՀ կառավարության որոշումը: Փախստականի կարգավիճակ ստանալու համար արցախցիները ստորագրում են փաստաթուղթ, որը հաստատում է, որ իրենք «որևէ երկրի քաղաքացի չեն հանդիսանում»: Թեև Հայաստանը կարող էր պարզապես ճանաչել ԼՂՀ-ի կողմից տրված փաստաթղթերը եւ օգտագործել իր սեփական պրակտիկայում։ Բայց, ըստ երեւույթին, Ալիեւի հետ այլ պայմանավորվածություն է եղել։
Այժմ Բաքուն ողջունում է դատարանի որոշումը և շուտով կհայտարարի, որ խնամքով պահպանում է արցախցիների փաստաթղթերի բոլոր գրանցամատյանները, և ցանկացած վկայականի համար արցախցիներն այժմ ստիպված կլինեն դիմել Ադրբեջանի իշխանություններին։
Դա վերաբերում է նաև սեփականության իրավունքին. այսուհետ Արցախում ունեցվածքը տնօրինելու համար ստիպված կլինեք կապ հաստատել Բաքվի հետ։
ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ «Լեռնային Ղարաբաղի բնակիչների ունեցվածքը չի կարող բռնագրավվել ուրիշի կողմից»։ Այո՜, այն չի կարող բռնագրավվել, բայց սեփականատերը նույնպես չի կարողանա տնօրինել իր ունեցվածքը՝ Հայաստանի հայցի և Միջազգային դատարանի որոշման շնորհիվ։ Թեև ով կիմանա՝ բռնագրավվե՞լ է գույքը, թե՞ ոչ, ռուս խաղաղապահները հո չեն զանգահարի նախկին տերերին ու լուր չեն հաղորդի, որ նրանց ունեցվածքն բռնագրավվել է։
Նաիրա Հայրումյան