Փաստաբան Սիրանուշ Սահակյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ դիմումի հիման վրա Հաագայի դատարանի կողմից Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու որոշմանը։ Այդ որոշման կետերից մեկով «Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է կոնվենցիայի համաձայն իր ունեցած պարտավորությունների շրջանակներում պաշտպանել և պահպանել գրանցման ինքնության և անձնական գույքի փաստաթղթերն ու գրանցամատյանները, որոնք վերաբերում են առաջին կետում նշված անձանց, և հավուր պատշաճի ու հարգանքով վերաբերել դրանց, և հիմք ընդունել այդ փաստաթղթերն իր օրենսդրական ու վարչական պրակտիկայում»։
Հարցին, թե ի՞նչ է նշանակում որոշման այս կետը, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց․ «Սա նշանակում է, որ արխիվի վերացման ճանապարհով չպետք է սեփականության իրավունքի պաշտպանվածությունը նվազեցվի։ Եվ այստեղ Ադրբեջանը պարտավորություններ ունի։ Մյուս կողմից, հայերի սեփականությունը չպետք է տարբեր զարտուղի ճանապարհներով փոխանցվի ադրբեջանցիներին կամ այլազգի մարդկանց։ Հայերի գույքը չի կարող ոչ օրինական հիմքերով տիրապետվել այլ անձանց կողմից։ Այդ գույքի իրավատեր բացառապես կարող են լինել ու մնալ հայերը»։
Ըստ Սիրանուշ Սահակյանի՝ սա վերաբերում է այն դեպքերին, երբ տեղեկատվության կորուստ կա, քանի որ հիմնավորող փաստաթղթերը մնացել են ադրբեջանական իշխանությունների տիրապետության ներքո։ «Եվ, այո՛, նրանք պարտավոր են նման դեպքերում տեղեկատվություն տալ իրավունքների վերաբերյալ»,- հավելեց փաստաբանը։
Հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչում այդ փաստաթղթերը եւ դիմում է, որպեսզի Ադրբեջանը ճանաչի, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց․ «Այս պահին Արցախում փաստացի իշխանություն իրականացնում է Ադրբեջանը։ Եվ եթե Ադրբեջանն իր տարածքում չճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից տրամադրված փաստաթղթերը, ստացվում է, որ այդ գույքը կարող է տնօրինվել ի խախտում սեփականատերերի իրավունքի։ Հիմա դատարանը պարտավորեցնում է, որ Ադրբեջանը ճանաչի այդ փաստաթղթերի գոյությունը եւ դրանց իրավական ուժը, ինչպես նաեւ դրանց գոյության պայմաններում ձեռնպահ մնա իրավունքները խախտելուց։ Հակառակ պարագայում, կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ Ադրբեջանը չճանաչի սեփականության իրավունքի վկայականները՝ համարելով, որ դրանք տրված են չճանաչված պետության կողմից, դրանք անօրինական են, եւ տնօրինի որպես պետական կամ համայնքային սեփականություն, կամ էլ տիրազուրկ ճանաչի։ Մինչդեռ, մենք այստեղ ունենք հստակ սեփականատերեր, որոնց իրավունքները ճանաչվում են եւ պաշտպանվում են միջազգայնորեն։ Եվ այդ ճանաչումը պետք է լինի նաեւ Ադրբեջանի իշխանությունների կողմից»։
Ինչ վերաբերում է նրան, թե Հայաստանը ճանաչո՞ւմ է այդ փաստաթղթերն ու գրանցամատյանները, փաստաբանն ասաց․ «Կարծում եմ՝ Հայաստանը ճանաչում է, այստեղ վտանգը կապված է Ադրբեջանի չճանաչման հետ։ Ես կարծում եմ՝ Հայաստանի որեւէ իշխանություն, անգամ եթե քաղաքական մակարդակում բացթողումներ է արել եւ ոչ իրավական ձեւակերպումներ է կատարել, երբեւիցե կասկածի տակ չի դրել Արցախում ապրած հայերի սեփականության իրավունքը։ Այստեղ սուվերեն հարաբերությունների առնչությամբ, այո՛, խնդիրներ կան, նաեւ քաղաքական առումով անթույլատրելի մոտեցումներ կան Հայաստանի իշխանությունների կողմից։ Բայց եթե խոսքը վերաբերում է հայերի սեփականության իրավունքին, կարծում եմ՝ դրանք ժխտող կամ հերքող որեւէ հայտարարություն չի կատարվել»։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: