Արցախցի Կարինե Պետրոսովան փորձում է բարձր եկամուտով աշխատանք գտնել Երևանում, որով կկարողանա հոգալ իր բազմանդամ ընտանիքի առջև ծառացած կենցաղային խնդիրները․« Հայաստանում տուն ունեցող և այն վարձով տվող մեր քույրեր և եղբայրներ, Արցախից բռնի տեղահանված հայը Ֆորբսի էջերից կամ Հոլիվուդից չի եկել․․․ 2020թ. պատերազմից զոռով փրկվածը, 3 տարի թշնամու կրակոցների տակ հող մշակողը, 9 ամիս շրջափակման մեջ գտնվողը չունի ձեր պատկերացրած գումարները։ Արցախցին իր տնտեսած գումարը ստիպված ծախսել է բլոկադայի օրերին՝ 2500 դրամով աղ, 5000 դրամով շաքարավազ, 8000 դրամով ձեթ գնելով։ Արցախցին չունի հնարավորություն 300,000 դրամ վարձելու 2 սենյականոց բնակարան (նկուղ), արցախցին չի կարող իրեն թույլ տալ այն պայմանները, որ առաջարկում են մեր սիրելի «ռիելտորներն» ու «բրոքերները»։ Արցախցին չգիտի՝ որտեղից վերցնի 300 հազար դրամ ամսավճար + 300 հազար դրամ դեպոզիտ + 150,000 դրամ միջնորդավճար։ Արցախցին չունի կախարդական փայտիկ, որով քարը ոսկի է դարձնում, նա դեռ փորձում է այդ քարից ալյուր ստանալ, որ տուն պահի ու ոտքի կանգնի»։
Կարինե անունով ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառումների համբավը տարածվել էր դեռ շրջափակման օրերին: Իր բացառիկ հումորի զգացումը օգնում է կյանքի դժվարին իրավիճակներին մի քիչ թեթև նայել: Այդ էին հուշում նրա ստեղծած ծաղրանկարները՝ համեմված այդ օրերին հատուկ իրադարձություններով:
Այն ժամանակ երջանիկ էին Արցախում, իրենց հայրական օջախում: Հիմա դժվար է պատկերացնում ապագան, անցյալից կառչել է․ «Մեր տանը երբեք բանալի չէինք օգտագործում: «Կենդանի» բանալին տանն էր՝ տատիկը: Նա տանն էր՝ առօրյա գործերով, այգիով, կարով-կարկատանով զբաղված: Դուրս գալու պատրվակներն էին թաղման ծեսերը և ընտրությունները: Տատիկի մահից հետո էլ մենք չէինք մտածում դուռ կողպելու մասին, քանի որ ապրում էինք ամենաապահով պետության, ամենաապահով քաղաքի, ամենաապահով թաղամասում: Երբ անձրև էր գալիս, հարևանը մեր լվացքը հավաքում էր: Բակում եղած ապրանքները բոլորինն էին, և եթե մի բան էր կորչում, գիտեինք, որ հաստատ մեր ծանոթներից չէ վերցնողը: Հիմա հարմարվելու ու սովորելու շատ բան ունենք: Ամենասկզբից պիտի սովորենք դուռը կողպելը, բանալին պահելը, առանց հարևան ապրելը»:
Տեղահանվելուց հետո Հրազդանում էին ապրում՝ 13 հոգով: Հոկտեմբերին եկան Երևան և տուն վարձեցին ու մինչ օրս փորձում են այնպես անել, որ գոնե ինչ-որ բանով նման լինի իրենց փայփայած օջախին: «Մենք այգի ունեինք, որի ծառերից մի քանիսը ես էի տնկել տատիկիս օգնությամբ: Բերքահավաքի ժամանակ առիթը բաց չէի թողնում հարազատներիս մոտ հպարտանալու: Բերք հավաքելը , հարևաններին բաժանելը դրական էմոցիաներ էին տալիս, բայց դրա հետևանքները՝ թափված տերևները, մամաս էր ավլում: Տարվա բոլոր եղանակներին մաման ավելը ձեռքին էր պահում՝ բակը պետք է կատարյալ մաքուր լիներ։ Մեր բակը այնքան էր մաքուր, որ «Դիսքավրի» ալիքը առանց պեղումների 2 դինոզավր է գտել», – կատակում է Կարինեն:
Խոստովանում է, որ օրը մի քանի անգամ ստուգում է եղանակը Ստեփանակերտում և մտովի տեղափոխվում այնտեղ: Այս տարի գազի և էլեկտրականության բացակայությունից և ցուրտ ձմեռվա ակնկալիքով շատերն են հունիս-հուլիս ամիսներին փայտ գնել, վառարան պատվիրել: Կարինեի գնած 8 մետր վառելափայտը խնամքով դասավորել են նկուղում: Ուրախությանը չափ ու սահման չկար՝ ընտանիքն ապահով է ձմեռվա ցրտի դեմ: Հայրենիքում անցկացրած վերջին 7 օրերին այդ վառելափայտով էին ճաշ պատրաստում, ջուր տաքացնում, թեյ խմում: Ով կպատկերացներ, որ ստիպված կլինեին բռնագաղթել, ուրիշի ցուրտ տանը նստել և կոմունալ աջակցության դիմումներ լրացնել:
Անցած օրերի քաղցր հիշողությունները տանում են երազանքների գիրկը․« Թարմ թեյը մեր ընտանիքի ամենագլխավոր ըմպելիքն էր: Մենք չէինք վստահում էն միանգամյան օգտագործման թեյերին: Մենք ամեն տեսակի խոտաբույսերով անուշահոտ թեյեր էինք պատրաստում: Թեյի շուրջ զրույցներն ամենաքաղցրն էին, ամենապարզը, ամենահամովը: Թեյի մրցույթում ես առաջին տեղը կզբաղեցնեի, իսկ շրջափակումը սովորեցրել էր այն խմել «քաղցր հիշոցություններով»: Միգուցե մի օր կգա, երբ սովորականի նման գործից հետո կզանգեմ մամայիս ու կասեմ․
– Մա՜մ, կյամ տոն, չայ քցի…»
Տաթև Ազիզյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: