Step1.am-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանը։
–Պարոն Գալստյան, տեղեկություն կա, որ Արցախի Ազգային ժողովն առաջիկայում նիստ է գումարելու։ Ի՞նչ մանրամասներ կարող եք մեզ հայտնել։
– Նիստ գումարելն Ազգային ժողովի պարտականությունն է։ Արցախի Ազգային ժողովը շարունակելու է աշխատել, ի՞նչ կա զարմանալու կամ ինչո՞ւ պետք է նիստեր չանենք։ Ազգային ժողովի գործառույթը հենց ԱԺ նիստեր գումարելն ու տարբեր հարցեր քննարկել է։
–Խորհրդարանի օրակարգում Արցախի կարգավիճակի հետ կապված եւ այլ քաղաքական հարցեր դրվելո՞ւ են։ Ես նկատի ունեմ՝ բացի հումանիտար հարցերից, ո՞ր հարցերն եք այսօր համարում առաջնահերթ։
-Դեռ ձեւավորված օրակարգ չկա, երբ աշխատանքային խորհրդակցություն կլինի, ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ այդ խորհրդակցության մասնակիցները, խմբակցության ղեկավարները, հանձնաժողովի նախագահները առաջարկություններ կանեն, եւ օրակարգը կձեւավորվի։
Արցախցիների իրավունքների հարցը միշտ էլ եղել է մեր օրակարգում։ Հումանիտար ու սոցիալական հարցերն ավելի շատ գործադիրի գործառույթն է։ Ազգային ժողովը, իհարկե, պետք է զբաղվի մեր ժողովրդի իրավունքներին տեր կանգնելու հարցերով։
–Ստեղծված իրավիճակում ի՞նչ հնարավորություններ եք տեսնում Արցախ վերադառնալու համար։
-Դա հենց այդ իրավունքների շրջանակներում է, որը պետք է քննարկվի։ Ես իմ կարծիքը կարող եմ ասել, թե ինչպես եմ դա պատկերացնում։ Պետք է այնպիսի հարթակ ստեղծվի, որտեղ մեր իրավունքների կարգավիճակի հարցերը, թե ինչ կարգավիճակ պետք է լինի, կքննարկվեն։ Բայց վերադարձի հարցն առաջնային է, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ օր առաջ վերադառնանք։ Բայց, ցավոք սրտի, դա մեկ-երկու օրվա լուծվելու հարց չէ։ Դա պետք է բանակցությունների միջոցով լինի, պետք է կարողանանք միջազգային հարթակներում մեր իրավունքները պաշտպանել, անվտանգության երաշխիքներ ստանալ, հետո նոր հասարակությանը կոչ անել վերադառնալ։ Այդ թվում՝ առաջինը մենք պետք է վերադառնանք։
-Հայաստանի իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ Արցախի պետական հաստատությունների գործունեությունը Հայաստանում ազգային անվտանգության համար սպառնալիք է։ Ինչպե՞ս կարձագանքենք այս հայտարարություններին։
-Ասում են ասելու համար։ Դրա տակ չկա որեւէ հիմք ու հիմնավորում։ Եվ նրանք, ովքեր այդպես են ասում, նրանք հայեցի մտածելակերպ չունեցող անձինք են։ Արցախի հարցը դա զուտ արցախցիների հարցը չէ, դա համահայկական հարց է։ Եվ ով փորձում է Արցախի հարցը փակել, Արցախի պետական ինստիտուտների լուծարման կողմնակից է, պատմությունը նրանց գնահատականը տալու է։ Նրանք հայտնվելու են պատմության աղբարկղում։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: