Միջազգային իրավունքն ունի արցախցիներին պաշտպանելու մեխանիզմներ

  • 18:59 20.11.2023

Step1.am-ի զրուցակիցն է փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

-Տիկի՜ն Սահակյան, Հաագայի դատարանը հրապարակել է Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու ՀՀ դիմումի վերաբերյալ որոշումը։ Ի՞նչ է ենթադրում այս որոշումը։

-Նախ նշենք, որ սա վերաբերում է միջանկյալ միջոցներին, եւ վերջնական դատական գործընթացն ավարտված չէ։ Բայց սա այն բացառիկ դեպքերից է, երբ դատարանն ստիպված է լինում անընդմեջ փոփոխել արդեն իսկ կիրառած անհապաղ միջոցները, ընդ որում, լրացման սկզբունքով, քանի որ պատասխանող պետությունն այնպիսի քայլեր է ձեռնարկում, որոնք նախ իրավիճակային էական փոփոխություններ են մտցնում եւ առհասարակ վտանգի տակ են դնում Կոնվենցիայով պաշտպանվող արժեքները եւ անդառնալի կորուստների մեծ ռիսկեր են ստեղծում։ Բոլոր դեպքերում սա դրական է՝ հաշվի առնելով այն, որ նաեւ իրավաբանորեն են արձանագրվում այն խախտումները, որոնք տեղի են ունենում։ Նաեւ դատարանը պահանջել է, որպեսզի Ադրբեջանը որոշակի պարբերականությամբ տեղեկատվություն եւ հաշվետվություն տրամադրի կիրառված միջոցների կատարման վերաբերյալ, ինչը միջազգային վերահսկողական մեխանիզմ է ստեղծում։ Այս փակուղային իրավիճակում սա դրական զարգացում է։

Դատարանի որոշման կետերից մեկով «Ադրբեջանը պարտավորվում է ապահովել, որպեսզի այն անձինք, ովքեր մնում են ԼՂ-ում 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո կամ վերադարձել են ԼՂ և ցանկանում են մնալ այնտեղ, զերծ մնան ուժի գործադրումից և ահաբեկումից, որը կարող է նրանց հեռանալու պատճառ դառնալ»։ Գործնականում սա հնարավո՞ր է ապահովել՝ հաշվի առնելով Բաքվի ագրեսիվ գործողություններն ու ցեղասպանական քաղաքականությունը։

-Քանի որ այս էթնիկ զտման եւ ցեղասպանական քաղաքականության գաղափարական կրողը Ադրբեջանն է, այդ պետությունում ու հասարակությունում հիմնարար փոփոխություններ չեն եղել, այնտեղ կայուն կա հակահայկական քաղաքականություն, ատելություն, նույն ռեժիմն է, հասարակության հոգեբանական կերպարը նույնական է, մտածողությունը եւս կայուն է, ես չեմ պատկերացնում, որ առանց միջազգային ներկայության եւ լուրջ, արդյունավետ ու համարժեք մեխանիզմների ներդրման Ադրբեջանն ունակ կլինի ապահովելու հայերի անվտանգությունն Արցախում։ Այսինքն՝ առանց միջազգային մեխանիզմների, ցեղասպանական քաղաքականություն վարող պետությանը մենք չենք կարող վստահել հայերի կյանքը։ Եվ գործունեության հիմնական ճակատը հենց այնպիսի մեխանիզմների ներդրումը պետք է լինի, որոնք անվտանգային երաշխիքներ կտան, վստահելիություն կունենան, որի պայմաններում գործնականորեն հնարավոր կլինի վերադարձը։ Եթե այս մեխանիզմները չկան, եւ մենք էական իրավիճակային փոփոխություն չունենք Ադրբեջանում, կարծում եմ՝ երեւութական է այդ հարցը։

-Միջազգային իրավունքի տեսանկյունից ինչպե՞ս են պաշտպանված բռնի տեղահանված արցախցիները։ Նրանց զրկել են իրենց պատմական հայրենիքից, գույքից, ունեցվածքից․․․

-Այո՜,  այստեղ հայերն ունեն պաշտպանված իրավունք։ Դրանց հետագա օտարման արդյունքում նոր իրավատերերը պաշտպանվող իրավունքներ չունեն, այդ իրավունքը պետք է պաշտպանվի շարունակաբար։ Եվ հայերն այնտեղ վերադառնալու, իրենց գույքը տնօրինելու ու տիրապետելու իրավազորություն ունեն։ Եթե Ադրբեջանն այդ իրավունքը չհարգի եւ չպահպանի, միջազգային իրավական պաշտպանության մեխանիզմները կան։ Կա նաեւ հանգուցալուծված վեճ, մասնավորապես, «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործը, որտեղ Շահումյանից բռնագաղթած հայերի սեփականության իրավունքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճանաչել եւ պաշտպանել է։ Այնտեղ տեղ գտած դիրքորոշումներն ունեն նախադեպային նշանակություն։