Դարեր շարունակ մենք Ռուսաստանին վստահել ենք Հայաստանի ճակատագիրը, և նրանք մեզ միշտ հանձնել են թշնամիներին

  • 11:20 21.11.2023

2020 թվականի սեպտեմբերի 24-ին Դիզակից (Արցախի Հադրութի շրջան) Բադալյանների ընտանիքը մեկնել է Հայաստան՝ հարազատի հուղարկավորության։ Մի քանի օր անց՝ սեպտեմբերի 27-ին, սկսվեց պատերազմը։ Իսկ հոկտեմբերի 12-ին Հադրութն արդեն զբաղեցված էր։

Այդ ժամանակվանից արցախցի 86-ամյա Լեւոն Բադալյանը երազում է գոնե մեկ անգամ տուն գնալ։

«Ես սպասում եմ, որ Արցախն ազատագրվի։ Ես առաջիններից մեկն եմ լինելու, ով կվերադառնա տուն։ Տեսնեմ իմ հայրենի հողը, շոյեմ ծառերը, այցելեմ մեր նախնիների եկեղեցիներն ու գերեզմանները: Բայց վախենամ, դրանք սին հույսեր են: Չնայած փորձում եմ հույսս չկորցնել, բայց հասկանում եմ, որ այսօրվա իրավիճակում ոչ ոք շահագրգռված չէ Արցախի ազատագրմամբ։ Սա վաղուց պետք է հասկանայինք ու ոչ մեկին չվստահեինք, հատկապես Ռուսաստանին։ Դարեր շարունակ մենք նրանց վստահել ենք Հայաստանի ճակատագիրը, և մեզ միշտ հանձնել են մեր թշնամիներին։ Ռուսաստանը հո չի զոհաբերի իր հողերն ու ժողովուրդը, երբ ձեռքի տակ կան միամիտ հայեր։ Ամեն ինչ այն պատճառով, որ մենք չենք հարգում մեր պատմությունը և եզրակացություններ չենք անում։ Մենք չենք հասկանում հայրենիքի և մատաղ սերնդի արժեքը»։

Բադալյանը երեք տարի է, ինչ ապրում է Արարատի մարզում։ Մասիս քաղաքի այգիներից մեկում նա “բեսեդկա” է “դիզել”, որտեղ հավաքվում էին հադրութցիները։ Իսկ բոլոր արցախցիների բռնի տեղահանումից հետո ամառանոց են գալիս նաեւ մարտունեցիները, ասկերանցիները և այլ շրջաններից։ Կենսաթոշակային տարիքի տղամարդիկ, ովքեր իրենց ողջ կյանքն անցկացրել են կառուցելով ու ստեղծագործելով, և մի ակնթարթում կորցրել են ամեն ինչ։

Նա խոստովանում է, որ բոլոր խոսակցությունները վերաբերում են Արցախի հետ կապված արտաքին և ներքին քաղաքականությանը։ Հիմնականում վրդովմունք, ինչո՞ւ են մարդկանց այդքան անարդարացիորեն վերաբերվում։

«Օրինակ, այսօր մեր քննարկումները հանգեցրին այն կարծիքին, որ աբսուրդ է արցախցիներից պահանջել ընդունել ՀՀ քաղաքացիություն։ 2020 թվականից, երբ Հադրութի բնակիչները գալիս էին հանրահավաքների և բողոքի ցույցերի, իշխանությունները մեզ ասում էին, որ մենք Հայաստանի քաղաքացիներ ենք և չենք կարող ունենալ փախստականի որևէ միջազգային կարգավիճակ։ Այնքան հավաքվում էինք դեսպանատների և ներկայացուցչությունների մոտ, բայց ապարդյուն։ Երեք տարի ոչ ոք չէր ուզում մեզ լսել։ Եվ հիմա նույն պատմությունն է՝ մարդկանց հետ հաշվի չեն նստում։ Նույնիսկ դադարեցրել են վճարումները և պայմաններ են սահմանել՝ շահարկելով մարդկանց սոցիալական կարգավիճակը։ Ո՞նց կարելի է այդպես վարվել մարդկանց, հատկապես տարեցների հետ»։

Ունենալով ավելի քան 50 տարվա դասավանդման և ղեկավարման փորձ՝ Լևոն Բադալյանն ասում է. «Մենք պետք է համախմբվենք և շարունակենք պայքարել մեր հայրենիքի համար։ Մենք չպետք է կորցնենք հույսը։ Եթե ​​լուռ նստենք ու սպասենք, ապա Հայաստանի մյուս շրջանները կարժանանան Արցախի ճակատագրին։ Եվ մենք պետք է հասնենք փախստականի միջազգային կարգավիճակի»։

Ամառանոցում հավաքվածները վաստակավոր ուսուցչի հետ չեն վիճում։

Ալվարդ Գրիգորյան

f