Արցախցիները դիմել են ԵԱՀԿ ԽՎ-ին՝ նոր աշխարհակարգը նույնպես Արցախից է կառուցվելու

  • 12:48 21.11.2023

Արցախը երբեք չի լինի ադրբեջանական. այս խոսքերը տասնամյակներով հնչում էին հայկական երկու պետությունների ղեկավարների շուրթերից, բայց նրանցից ոչ մեկը չասաց, թե ինչ են հասկանում և նկատի ունեն դրա տակ։

Այս հայտարարության հիմքում ընկած է Արցախի բնակիչների ինքնորոշման իրավունքը, որը նրանք իրացրել են 1991 թվականին համաժողովրդական հանրաքվեի միջոցով։ Այս իրավունքը մեզ հնարավորություն տվեց կառուցել պետություն, ստեղծել բանակ, զարգացնել մեր մշակույթը, ավանդույթները, պաշտպանել մեր ճարտարապետական ​​հուշարձանները և այլն։ Բայց Արցախի Հանրապետության հռչակման հիմնական նպատակը՝ Ադրբեջանից անջատումն էր․ այդ երկիրը հռչակեց անկախությունն ու մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդություն, որի մաս Արցախը երբեք չի եղել։

Այսօր Ադրբեջանը պնդում է, որ Արցախն ու նրա ժողովուրդն իր սեփականությունն են, և հենց նա պետք է տնօրինի նրանց ճակատագիրը։

Սրան ի պատասխան՝ արցախցիներն ապացուցեցին, որ երբեք չեն համաձայնի ապրել ստի, բարբարոսության և հայատյացության վրա հիմնված «պետության» հովանու ներքո։

Արցախցիների զանգվածային հեռացումը ցույց տվեց, որ ոչ մի հայ չի համաձայնվում ապրել ահաբեկչական, ֆաշիստական ​​միավորման կազմում որևէ երաշխիքով։ Հայերի համար երաշխիքը կարող է լինել միայն հայոց բանակը, զինված հայ տղամարդը։

Այսօր Արեւմուտքի ավելի ու ավելի շատ երկրներ են համոզված, որ միայն Արցախի պաշտպանության բանակի ներկայությունն է ապահովել կայունությունն ու անվտանգությունը տարածաշրջանում։ Բայց, ցավոք, աշխարհում տնտեսական շահերը, լոգիստիկ, տրանսպորտային շահերը գերակայում են մարդու իրավունքներին:

Ակնհայտ է, որ նոր աշխարհակարգը կառուցվում է փոքր ազգերի արյան ու ոսկորների վրա։ Բայց դա միայն մեր օրերում: Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչ կլինի վաղը, որ առաջնահերթությունները կդառնան առաջնային, որոնք՝ երկրորդական։

Այդ իսկ պատճառով Արցախի բռնի տեղահանվածների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները, որոնք ստեղծվել են դեռևս 2020 թվականին՝ Ռուսաստանի միջնորդությամբ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներից արտագաղթի առաջին ալիքից հետո, չեն դադարում դիմել միջազգային կազմակերպություններին և ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանատներին՝ պահանջելով ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ դրանից բխող միջոցառումներով։

Նման կոչ է փոխանցվել բոլոր պատվիրակություններին, որոնք մասնակցել են Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանին Երեւանում։

Կոչի մեջ, մասնավորապես, ընդգծվում է, որ

«Ոչ մի ազատ ժողովուրդ չի կարող հրաժարվել իր ինքնիշխան իրավունքներից և ենթարկվել իրեն խորթ պետությանը, հատկապես մի պետության, որը ղեկավարվում է ավտորիտար, կոռումպացված և ռասիստական ​​ռեժիմի կողմից՝ արբած իր անպատժելիությամբ։

Մեր ընդհանուր որոշումը՝ թողնելու մեր տները, թողնելու Մկրտչի մասունքները, մեր եկեղեցիներն ու մեր նախնիների գերեզմանները, որոնք մենք դարերով պաշտպանել ենք, ամբողջ աշխարհին ապացույցն է, որ Արցախի ժողովրդի համար ազատությունը բարձրագույն արժեք է։ Մենք մտադիր չենք փոխել մեր համոզմունքները ո՛չ ուժի, ո՛չ բնաջնջման սպառնալիքի, ո՛չ աքսորի, ո՛չ էլ այլ քաղաքական հանգամանքներում։

Եվրոպան և ամբողջ ժողովրդավարական աշխարհն այսօր կանգնած են ընտրության առաջ՝ կամ վերականգնել միջազգային կարգը Լեռնային Ղարաբաղում՝ հիմնված ինքնորոշման իրավունքի և մարդու այլ իրավունքների ու ազատությունների հարգման վրա, կամ լռելյայն համաձայնել, որ ագրեսիան, շրջափակումը և օկուպացիան են հակամարտությունների լուծման օրինական ուղիներ:

Մենք պատրաստ ենք անել հնարավորը` նպաստելու հակամարտության խաղաղ լուծմանը հասնելուն, որը հիմնված կլինի ինքնորոշման իրավունքի և միջազգայնորեն ճանաչված մարդու այլ իրավունքների և ազատությունների լիակատար հարգման վրա»:

Մարգարիտա Քարամյան

f