Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների եւ նպաստների տրամադրման մասին օրենսդրական փաթեթը։ Այս մասին հայտնում է Step1.am-ի թղթակիցը խորհրդարանում։
«Փախստականների եւ ապաստանի մասին օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ապաստան ստացած փախստականներն իրավունք կունենան ստանալ պետական նպաստներ եւ դրամական այլ օգնություն, ինչպես նաեւ ունեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակային ապահովության իրավունք։ Սակայն, հաշվի առնելով բռնի տեղահանված հայրենակիցների մեծ թիվը, նրանց սոցիալական խնդիրներն օր առաջ լուծելու հարցի հրատապությունը, անհրաժեշտություն է առաջացել վերանայել օրենսդրական որոշ կարգավորումներ, լիազորություն վերապահել կառավարությանը՝ սահմանելու փախստականների կենսաթոշակի, նպաստի իրավունքի իրացման ընթացակարգերի առաձնահատկությունները։ Նախատեսվում է ՀՀ կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառել Լեռնային Ղարաբաղի տարածքում ձեռք բերված աշխատանքային եւ այլ գործունեությունը, զինվորական ծառայության ժամանակահատվածները՝ կառավարության սահմանած կարգով»,- ԱԺ նիստում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Ըստ նրա՝ կառավարությունը կսահմանի նաեւ Արցախի տարածքում ձեռք բերված աշխատանքային ստաժը հաշվարկելու կանոնները։ «Կառավարության որոշմամբ հնարավոր կլինի Լեռնային Ղարաբաղում նշանակված կենսաթոշակներն օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակել առցանց դիմումի հիման վրա՝ առանց ստաժը վերահաշվարկելու։ Այս լիազորության շրջանակներում կլուծվի նաեւ Լեռնային Ղարաբաղի գործերը պետական կենսաթոշակային համակարգի շտեմարան տեղափոխելու հարցը»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է Արցախի Պաշտպանության բանակի, Փրկարար ծառայության, Ոստիկանության, ԱԾԾ , ԴԱՀԿ համակարգերում աշխատած անձանց զինվորական կենսաթոշակի իրավունքին՝ նախարարը նշեց, որ նշված անձինք օրենքով սահմանված պայմաններին բավարարելու դեպքում ունեն զինվորական կենսաթոշակի իրավունք։
Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները նշանակվում եւ վճարվում են կենսաթոշակների համար սահմանված կարգով։ Իսկ նշանակումն իրականացվում է տարածքային կենտրոն դիմելու դեպքում։ Նախարարի խոսքով՝ կհստակեցվեն եւ կպարզեցվեն նաեւ երեխայի ծննդյան միանվագ նպաստի եւ խնամքի նպաստի իրավունքի իրացման ընթացակարգերը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: