Արցախից բռնի տեղահանված անձինք հոկտեմբեր, նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների կենսաթոշակը միասին կստանան դեկտեմբեր ամսին։ Այս մասին ԱԺ նիստում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ «Հատկացված գումարներ կան, եւ այնպես չի լինելու, որ ինչ-որ պահի մեր հայրենակիցներին ասելու են՝ գումար չունենք թոշակ կամ նպաստ վճարելու»,- ասաց նախարարը։ Այդ մասին հայտնում է Step1.am-ի թղթակիցը խորհրդարանում։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն ասաց, որ արցախցիներն անորոշության մեջ են, նրանց առաջարկված է երկու տարբերակ՝ կամ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել, կամ փախստականի կարգավիճակ։ Մարդիկ չեն կողմնորոշվում՝ որ տարբերակն է ճիշտ։ «ՀՀ քաղաքացիություն չընդունելու դեպքում արցախցիները նույն կենսաթոշակն ու նպաստն են ստանալու, թե՞ տարբերակված։ Հստակ Արցախից եկած մեր քույրերին ու եղբայրներին ասենք, թե իրենց ինչ է սպասվում»,- ասաց Գեղամ Մանուկյանը։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն ի պատասխան ասաց․ «Սա նշանակում է, որ մեր հայրենակիցները, անկախ նրանից, կդիմեն ՀՀ քաղաքացիության համար, թե չեն դիմի, շարունակելով մնալ կառավարության սահմանած ժամանակավոր պաշտպանության կարգավիճակում, կշարունակեն ստանալ կենսաթոշակ ու նպաստներ»։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների եւ նպաստների տրամադրման մասին օրենսդրական փաթեթը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: