Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց կառավարության ներկայացրած Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Քննարկման ժամանակ հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության հերոսի կոչում կամ Արցախի նախագահի կողմից Մարտական խաչ շքանշան ստացած զինծառայողները Հայաստանում պարգեւավճար չեն ստանա։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը բարձրաձայնեց հարցը, թե ասրդյոք օրենքի նախագծում տեղ գտած ՀՀ ազգային հերոսների, Մարտական խաչ շքանշանով պարգեւատրված զինծառայողների մասին դրույթը տարածվո՞ւմ է Արցախի հերոսների եւ Արցախի Մարտական խաչ ստացած զինծառայողների վրա։ Պատգամավորը նկատեց, որ օրենքի նախագծում շեշտադրվում է հետեւյալը՝ «ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրված, հերոսի կոչում ստացած» ձեւակերպումը։ «Այս տեքստում գրվում է «Լեռնային Ղարաբաղ», բայց այդ մարդկանց կոչումները կոչվում են Արցախի Հանրապետության ազգային հերոս, Մարտական խաչ եւ այլն»,- ասաց Աղվան Վարդանյանը։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ի պատասխան նշեց. «Քանի որ այս նախագծի հիմնական մեխն այն է, որ պետք է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանելու նախապայմանով ստանան բոլոր տեսակի կենսաթոշակներն ու նպաստները, հետեւաբար օրենքը չի տարածվելու նրանց վրա։ Այսինքն՝ սա ոչ թե մեր այդ նախագծով ենք սահմանում, մինչեւ այս նախագիծն էլ այդպես էր․ նրանք, որոնք ՀՀ նախագահի կողմից էին ստանում Մարտական խաչ, ստանում էին պատվովճար, բայց Լեռնային Ղարաբաղի նախագահի կողմից հատկացված Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանների համար պատվովճար չէր վճարվում Հայաստանի Հանրապետությունում»։ Աղվան Վարդանյանը հիշեցրեց, որ Արցախի Հանրապետությունում էին այդ անձինք պատվովճար ստանում։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանն էլ ասաց, որ Լեռնային Ղարաբաղի կառավարությունը սահմանել էր բազմաթիվ սոցիալական երաշխիքներ, որոնք Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված չեն։ «Եթե շատ պատկերավոր ասեմ՝ եթե մենք ունենք մի 6-7 տեսակի նպաստներ, իրենց մոտ կարող էր հասնել 80-ի։ Եվ մենք դրա ժառանգականությունն ապահովելու քաղաքականությունն առաջ չենք տանում։ Այսինքն՝ մենք քննարկել ենք, որ ապահովենք այն երաշխիքները, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված են բոլորի համար։ Հետեւաբար, մենք կենսաթոշակները, նպաստները, բոլոր այն սոցիալական երաշխիքները, որոնք գործում են Հայաստանում, միանշանակ կտրամադրենք»,- նշեց սոցապ փոխնախարարը։
Աղվան Վարդանյանն արձագանքեց․ «Այսինքն՝ մենք ունենալու ենք Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգեւատրված ասպետ, որն այնտեղ ստացել է այդ պերգեւավճարը, այդ նույն մարդն այսօր այստեղ չի ստանում։ Ճի՞շտ եմ հասկանում»։
«Քանի որ մեր օրենսդրությամբ այդպիսի կարգավորում չունենք, ապա, այո, ճիշտ եք հասկանում»,- պատասխանեց Դավիթ Խաչատրյանը։