Արցախցիների թոշակների եւ նպաստների մասին օրենքն ընդունվեց, մեկ բացառությամբ

  • 12:52 22.11.2023

Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Արցախից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների ու նպաստների վճարման մասին օրենսդրական փաթեթը։ Նախատեսվում է, որ Արցախից բռնի տեղահանված անձինք հոկտեմբեր, նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների կենսաթոշակներն ու նպաստները կստանան դեկտեմբեր ամսին։ Այս փաթեթը լրացվել էր նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով, որի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում զինծառայություն անցած զինծառայողները եւս Հայաստանում կենսաթոշակներ եւ պատվովճարներ կստանան, բացառություն են կազմում «Արցախի հերոսի» եւ «Մարտական խաչ» կոչում ստացած զինծառայողները, որոնք ՀՀ-ում պատվովճար չեն ստանա։

«Հայաստան» խմբակցությունը դեմ էր այս որոշմանը, սակայն կողմ քվեարկեց փաթեթին։ Պատգամավոր Աղվան Վարդանյանը հայտարարեց․ «Մենք երեկ էլ կողմ քվեարկեցինք փաթեթին, բայց այս ընթացքում փաթեթի մեջ մեր կարծիքով՝ ապօրինի ներառվել է նախագիծ, որը պրոբլեմատիկ է այն առումով, որ զինվորական ծառայության մասին օրենքում փոփոխությունները փաստորեն չեն վերաբերելու Արցախի Հանրապետությունում «Ազգային հերոսի», «Մարտական Խաչի» կոչում ստացածներին։ Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ այդ մարդիկ նույն մարդիկ են, որոնք սխրանքներ են գործել հայրենիքի՝ Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության համար։ Եվ տարբերակում դնելը, եթե սա քաղաքական նպատակներ չունի, վախի դրսեւորում չէ, անթույլատրելի է։ Նախարարի հետ կարճ քննարկել ենք, կարծես թե պատրաստակամություն կա քննարկել հարցը եւ փորձել լուծումներ գտնել»։

 

f