Արցախցի բուժաշխատողների վրա ժամանակավորապես չի տարածվի մասնագիտական հավաստագիր ունենալու պահանջը

  • 14:52 22.11.2023

ԱԺ-ն ընդունել է «ՀՀ բնակչության բժշկական օգնության և սպասարկման օրինագծի փոփոխությունների մասին» նախագիծը, որով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց վրա չի տարածվի մասնագիտական հավաստագիր ունենալու պահանջը։ Ներկայացնելով օրենսդրական մանրամասները՝ «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը նշեց, որ գործող օրենքով բոլոր բուժաշխատողներն աշխատանքի իրավունք ստանալու համար շարունակական մասնագիտական զարգացման համար պետք է ունենան հավաստագիր։ Օրենսդրական փոփոխությամբ սահմանվում է բացառություն, որ այդ կարգավորումը չտարածվի ԼՂ-ից բռնի տեղահանված բուժաշխատողների վրա։՛

«Իրականում հավաստագրի պահանջն իրենց վրա ևս տարածվելու է, սակայն 2025 թվականի հունվարի 1-ից։ Մինչ այդ, այս պահանջը չի տարածվի։ Դրանով ԼՂ-ից բռնի տեղահանված բուժաշխատողներին տրվում է ժամանակ, որ կարողանան իրենց կրեդիտները հավաքել, փաստաթղթերը շտկել, վերապատրաստումներ անցնել»,-ասաց Ալեքսանդր Բազարչյանը։

Նա տեղեկացրեց, որ թեպետ ժամանակ է տրվել արցախցիներին, սակայն արդեն 100-ից ավելի ԼՂ-ից բռնի տեղահանված բուժաշխատողներ կան, որոնք ստացել են իրենց հավաստագրերը։ Ըստ վիճակագրության՝  Հայաստանում ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 3000 բուժաշխատող կա։ Նրանց ճնշող մեծամասնությունը բուժքույրեր են։ Նրանք այսօր էլ կարող են աշխատել, սակայն մինչ 2025 թվականի հունվարի 1-ը պետք է կարողանան ստանալ հավաստագրերը։ Ալեքսանդր Բազարչյանը տեղեկացրեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունը խրախուսական մեխանիզմներ է գործարկում, որ բուժաշխատողներն իրենց մասնագիտական գործունեությունը շարունակեն ՀՀ մարզերում։

2024 թվականի հունվարի 1-ից մասնագիտական գործունեության հավաստագիր ստանալու գործընթացն իրականացվելու է առցանց՝ բուժաշխատողների ռեգիստրում։ «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանը նշեց, որ բուժաշխատողները, ռեգիստրում գրանցվելով, կարող են նշված գործընթացը կազմակերպել առցանց։ Բուժաշխատողը ստիպված չի լինի թղթերի հետ գործ ունենալ, գրել, ջնջել, տպել, փոխարենը մի անգամից համակարգում մուտքագրում է անհրաժեշտ տվյալներն ու դիմումը։ Արդյունքում, ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտը դա տեսնում է ու առկա տվյալները հաստատում է, իսկ համակարգն էլ օգնում է, որ բուժաշխատողը հավաքի իրեն անհրաժեշտ բալերը։ Դրա հիման վրա էլ տրվում է հավաստագիրը։ Համակարգում այլ հնարավորություններ ևս նախատեսված են։

«Օրինակ, Linkedin-ում շատերը պահում են իրենց մասնագիտական պատմությունը։ Եվ եթե որևէ մեկն ուզում է դրան ծանոթանալ, ապա անձն ուղարկում է Linkedin-ում պահվող մասնագիտական պատմության հղումը։ Հիմա բուժաշխատողների ռեգիստրում նույն գաղափարն է գործելու։ Բժիշկը կունենա իր էլեկտրոնային հասցեն, կգործի QR կոդի գաղափարը, որի միջոցով կերևա, թե բժշկի սերտիֆիկացմանը որքան է մնացել»,-ասաց Ավետ Մանուկյանը։

Ավետ Մանուկյանը վստահեցրեց, որ համակարգն ամբողջությամբ պատրաստ է գործարկման։ Այս ընթացքում տեղեկատվական նյութեր են շրջանառվում, որ բուժաշխատողները տեղեկացված լինեն ռեգիստրում առցանց գրանցվելու և հավաստագրերը ստանալու գործընթացից։

f