400 հազար քառակուսի կիլոմետր տարածքից ընդամենն ունենք 29 հազար։ Բայց Ադրբեջանն ասում է՝ դա էլ ընդհանրապես չկա

  • 17:26 22.11.2023

Step1.am-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բալայանը։

-Պարո՜ն Բալայան, տեղեկացանք, որ Արցախի Ազգային ժողովն առաջիկայում նիստ է գումարելու, ի՞նչ հարցեր են քննարկվելու։

-Ես վերջին օրերին մասնակից չեմ եղել գործընթացին, օրակարգի մասին տեղեկություն չունեմ։ Ընդհանուր առմամբ ես այն կարծիքն ունեմ, որ Արցախի պետական ինստիտուտները պետք է շարունակեն գործել։ Դա կարեւոր է, որպեսզի արցախահայության իրավունքները պաշտպանվեն, հայրենիք վերադարձի հարցերը քննարկվեն։

-Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ Արցախի պետական ինստիտուտների գործունեությունը սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար։ Սա ինչպե՞ս եք գնահատում։

-Եթե Ադրբեջանն ինչ-որ նպատակ ունի, իսկ իր նպատակները տեսանելի են, դա կապ չունի Արցախի իշխանությունների՝ Արցախից դուրս գործելու կամ չգործելու հետ։ Ադրբեջանն ու Թուրքիան այլ նպատակներ ունեն, եւ երկու երկրների ղեկավարների շուրթերով դա ամեն օր հնչում է։ Թշնամու նպատակները չեն փոխվում, դա տեսանելի է նաեւ նրանց գործողություններից։ Մենք 2020 թվականից հետո էլ տեսանք այդ քայլերը, կարծես թե նոյեմբերի 9-ին համաձայնություն կար, պայմանավորվածություն ձեռք բերվեց, բայց ոչ մի պայմանավորվածություն չկատարվեց։ Նրանք չեն թաքցնում, ասում են՝ մեզ համար սահմանն այնտեղ է, որտեղ կանգնում ենք։

Ես այդքան լավատես չեմ, որ ասեմ՝ Արցախի պետական ինստիտուտների գործունեության շնորհիվ մեր հարցերը կլուծվեն, բայց կարծում եմ՝ պետք է աշխատել, այսինքն՝ չպետք է կողքից նայել, պետք է փորձել մի բան անել։ Եթե դու չկարողանաս դա անել, քո որդին ու թոռը փորձեն անել։ Այսինքն՝ պայմաններ պետք է ստեղծել ապագայի համար։ Վերջիվերջո Հայաստանի Առաջին Հանրապետությունն էլ մի օրում չի ստեղծվել, մի քանի սերունդ պայքարել ու աշխատել են, հազարավոր մարդկանց քրտինքի, արյան ու աշխատանքի արդյունք է դա։

Դուք արցախցիների՝ Արցախ վերադարձի ու Արցախի քաղաքական հարցերը բարձրացնելու ի՞նչ հնարավորություններ եք տեսնում։

-Պետք է փորձել միջազգային կառույցների, տարբեր պետությունների հետ աշխատել եւ եղած միջազգային իրավական հնարավորություններն օգտագործել, պայմաններ ստեղծել, որպեսզի այդ ամենը կատարվի։ Իհարկե, դժվար է ասել, որ դա միանգամից կլինի, բայց համենայնդեպս պետք է որոշակի աշխատանք կատարել։ Աշխարհաքաղաքական իրավիճակները փոխվում են, աշխարհն անընդհատ փոփոխությունների մեջ է, եւ այդ խորապատկերի վրա հնարավոր է, որ մենք կարողանանք մեր խնդիրները լուծել։ Իսկ այդ ամենի համար աշխատանք պետք է կատարել։

Ի՞նչ պայմաններ պետք է լինեն վերադարձի համար։

-Բնականաբար, անվտանգային համակարգ պետք է լինի, Ադրբեջանի հետո որեւէ առնչություն չպետք է լինի, այսինքն՝ միջազգային երաշխիքներ պետք է գործեն։ Ադրբեջանի կազմում կամ ենթակայության տակ որեւէ կարգավիճակ ընդունելի չէ մեզ համար, որովհետեւ Ադրբեջանի քայլերը ցույց են տալիս, որ անհնար է հայկական Արցախը լինի Ադրբեջանի անմիջական վերահսկողության տակ։ Հետեւանքները մենք տեսնում ենք, ավերում են մեր սրբավայրերն ու եկեղեցիները, մարդկանց նկատմամբ բռնություններ են կիրառում։ Հասկանալի է, որ այս պայմաններում մարդկանց սովորական կյանքն ապահովել հնարավոր չէ։

Արցախի կարգավիճակի հարցն այսօր օրակարգից հանվա՞ծ է։

Վերջին շրջանում ԱՄՆ Կոնգրեսում, Եվրախորհրդարանում քննարկումներից, տարբեր անհատ գործիչների ու միջազգային կազմակերպությունների հայտարարություններից կարելի է ենթադրել, որ նման մտահոգություններ կան։ Ըստ էության, արցախահայությանն իր հայրենիքից բռնի ուժով հեռացնելն աշխարհաքաղաքական շատ նոր իրավիճակներ է ստեղծել մեր տարածաշրջանում։ Եվ չեմ կարծում, որ դա խաղաղությանը նպաստող հանգամանք կդառնա, իրենք էլ են այդ ամենը գիտակցում։ Ադրբեջանը դրանից ավելի է լկտիանում, Թուրքիայի հովանավորությամբ արդեն հավակնությունների ունի Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ։ Այսօր տեսա, որ ադրբեջանական մի լրատվամիջոցում Ստեփանավանում հայկական եկեղեցին ներկայացված է որպես «աղվանական եկեղեցի», եւ ասում են՝ սա մերն է։ Այսինքն՝ իրենք ՀՀ ամբողջ տարածքի նկատմամբ հավակնություններ ունեն՝ սկսած Երեւանից մինչեւ Գեղարքունիք, Սյունիք։

Այսինքն՝ Արցախը հանձնելով այս պատմությունը չի՞ վերջացել։

-Ցավոք, ո՜չ, Ադրբեջանի ախորժակն ավելի է բացվել։ Նրանց քարտեզները նայեք, ընդհանրապես Հայաստանի Հանրապետության տարածք չկա։ Կարծես թե հազարամյակներ շարունակ այստեղ ընդհանրապես հայ մարդ չի եղել։ Ամեն ինչ խեղաթյուրում են։

Դուք ի՞նչ եք նկատում, միջազգային հանրությունը սատարո՞ւմ է արցախցիների իրավունքների վերականգնմանը, վերադարձին, Արցախի կարգավիճակի վերաբերյալ հարցերին։

-Արտաքինից այդպիսի տպավորություն կա, բայց մենք շատ ինֆորմացա չունենք։ Դա մի քիչ դժվար է հստակ ասել, որովհետեւ գործընթացի մեջ պետք է լինես։ Բայց արտաքինից այդ տպավորությունը կա։

-Երբ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, Հայաստանի իշխանությունները հայտարարում էին, որ քայլեր չեն ձեռնարկի՝ Արցախը պաշտպանելու համար, քանի որ դրանով Հայաստանը կարող է ներքաշվել պատերազմի մեջ։ Ինչպե՞ս եք գնահատում այդ քաղաքականությունը, ի՞նչ հետեւանք է ունենում դա Հայաստանի համար։

-Եթե ասում են՝ չենք խառնվում, չենք մասնակցում, դա դեռեւս չի նշանակում, թե թշնամին հանգիստ կթողնի։ Դա մեզ համար նոր բան չէ, եթե մեր պատմությունը թերթում ենք՝ սելջուկների, արաբների արշավանքներից սկսած, մաս-մաս կլանել են մեր երկիրը։ Եվ այսօր այն վիճակում ենք, ինչ ունենք՝ 400 հազար քառակուսի կիլոմետր տարածքից ընդամենն ունենք 29 հազար ու չգիտեմ ինչ թվեր են ասում։ Բայց Ադրբեջանն ասում է՝ դա էլ ընդհանրապես չկա։

Ինչպե՞ս պետք է դիմակայել այս ամենին, ի՞նչ ռեսուրս եք տեսնում։

-Խնդիրն այն է, որ ամեն ժողովուրդ պետք է ունակ լինի իրեն պաշտպանել։ Եվ Արցախյան առաջին պատերազմը դրա մասին վկայեց, որ պարզապես հույսը դնել միջազգային կառույցների հայտարարությունների վրա, միայն դրանով հարցերը չեն լուծվում։ Իհարկե, չեմ ասում՝ չպետք է այդ ուղղությամբ աշխատել, բայց մեր հարցերը մենք պետք է փորձենք լուծել։ Այլ ճանապարհ չկա, այսինքն՝ հայ մարդը պետք է միջոցներ ձեռնարկի՝ իր հայրենիքն ու իրեն պաշտպանելու համար։

Հայաստանի իշխանությունները խոսում են այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» մասին, այս իրավիճակում թշնամու հետ խաղաղություն հնարավո՞ր է։

-Ցավոք, այդ «խաղաղության պայմանագիրը» չի կնքվի, որովհետեւ, կրկնում եմ, թշնամին անընդհատ նոր պահանջներ է դնում, այսպես կոչված «անկլավներ», վաղը «անկլավները» կտան, մյուս օրը այլ պահանջներ կներկայացնի։ Սա ընդունված նորմ է, երբ դու զիջում ես, միշտ ավելին են ուզում, այդ սահմանը եւ կարմիր գիծը չկա, թե որտեղ պետք է կանգնես։ Այդ մեթոդով դժվար կլինի երկիրը պահել։

-Արցախի Ազգային ժողովը կարո՞ղ է չեղարկել Արցախի նախագահի հրամանագիրը՝ Արցախի Հանրապետության լուծարման մասին։ Այդ ուղղությամբ աշխատանք տարվո՞ւմ է։

-Դրա անհրաժեշտությունը չկա։ Ենթադրենք նախագահն ինչ-որ որոշումներ է կայացնում, եթե այդ որոշումները հակասահմանադրական են, ինչպե՞ս կարող են իրավական որեւէ ուժ ունենալ։ Այսինքն՝ դա ըստ էության իրավական ուժ չունի։ Նախագահն ինքն էլ է հայտարարել, որ՝ ես ինքս եմ իմ ստորագրությունը հետ վերցնելու։