Մենք ՀԱՊԿ անդամ ենք, բայց ՀԱՊԿ-ը՝ Ռուսաստանի գլխավորությամբ, մեզ ոչ մի զենք չի տալիս, այն դեպքում, երբ մենք նախօրոք վճարել ենք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:
«Հիմա այդ գումարներն էլ հետ չի տալիս: Մյուս կողմից Ռուսաստանը դաշնակից է նաեւ Բաքվին, եւ ես կարծում եմ՝ Բաքվի հետ ունի պայմանավորվածություն, որ ինքը Հայաստանին չպետք է զինի»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ նախկինում Ռուսաստանը զենք էր մատակարարում Հայաստանին, պատգամավորն արձագանքեց. «Մենք նախկինում խայտառակ պայմանագիր ունեինք, որ պետք է զենք գնենք միայն Ռուսաստանից: Ռուսաստանն էլ տալիս էր հին զենքեր, հին տեխնիկա: 2002-2004 թվականներին, երբ ես ծառայության մեջ էի, մենք տեխնիկան վերցնում էինք, վերանորոգում էինք, նորից գումար էինք տալիս, որ վերանորոգեն ու բերում էինք այդ վերանորոգված տեխնիկան: Իսկ վերջին տարիներին ընդհանրապես չեն տվել: Սերժ Սարգսյանի ժամանակ «Իսկանդեր» տվեցին, ուրախացանք, հետո համոզվեցինք, որ էդ «Իսկանդերներն» էլ «Իսկանդերներ» չէին: Դրանք սովորական արկեր էին:
Ես համոզված եմ, որ այդտեղ էլ կար պայմանավորվածություն ադրբեջանցիների հետ, ասելով՝ «Իսկանդերներից» դուք մի վախեցեք, այդ հարցը լուծված է»:
Իմ կարծիքով չպետք է գնալ Ադրբեջանի հետ երկկողմ երկխոսությանը, որն առաջարկում է Բաքուն, ասել է Գագիկ Մելքոնյանը:
«Հիմա Ադրբեջանը դեռ շատ առաջարկություններ կանի, որպեսզի ինքը Եվրոպայում չհայտնվի: Նա Գրանադայի հայտարարությունը չի ուզում ստորագրել: Այսինքն խաղաղության պայմանագրից ինքը խուսափում է եւ գցում է Հայաստանի վրա: Ո՞վ է հավատում Ալիեւին, որ առաջարկում է երկուսով խոսել: Գարանտ պետք է լինի, որ վաղը ինքը չհարձակվի մեր երկրի վրա: Իսկ այդ երաշխավորն ո՞վ է լինելու: Եթե Վրաստանն է այդ միջնորդը եւ վաղը Ադրբեջանը հարձակվում է մեզ վրա, Վրասատնն ի՞նչ կարող է անել: Ոչ մի բան»,-ասաց նա:
Հարցին՝ կա՞ այդպիսի երկիր, որ կարող երաշխավոր լինել խաղաղության, Գագիկ Մելքոնյանը դրական պատասխան տվեց. «Օրինակ, եթե ԱՄՆ-ն միջնորդ լինի, Ադրբեջանը չի կարող հարձակվել Հայաստանի վրա: Եթե Եվրոպան է միջնորդ, ինքը նորից չի կարող: Արդեն բոլոր պատժամիջոցներով իրեն կմեկուսացնեն»:
Դիտարկմանը, որ նույն ԱՄՆ-ն ու Եվրոպան հայտարարում էին, որ թույլ չեն տա Արցախի հայաթափում, բայց լավ էլ թողեցին, Գագիկ Մելքոնյանն ասաց. «Ղարաբաղի հարցը դեռ լուծված չի, օդում կախված է: Կոսովոն էլ դատարկեցին, 1,5 մլն մարդ հանեցին, բայց հետո այդ մարդկանց վերադարձրեցին եւ ճանաչեցին Կոսովոյի անկախությունը:
Հիմա աշխարհն ասում է, որ արցախցիները պետք է ազատ վերադառնան Արցախ: Ալիեւն էլ ասում ՝ ով է իրենց ասել գնացեք: Բայց բոլորը տեսան, որ Ալիեւը ստախոս մարդ է»:
Ռուսաստանը չի թողնի, որ մենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքենք, որպեսզի կարողանա Հարավային Կովկասում իր դիրքը պահել, ասել է Գագիկ Մելքոնյանը:
«Այնպես չէ, որ Ադրբեջանը գալիս է խաղաղություն կնքելու, Ռուսաստանն էլ այստեղ անելու բան չունի: Մենք տեսանք իրենց արածը, թե ինչպես կատարեցին նոյեմբերի 9-ի պայմանագիրը:
Ռուսաստանը չի ուզում Հարավային Կովկասից դուրս գա: Ինքը «Զանգեզուրի միջանցք» է տենչում: Մարիա Զախարովան հայտարարում է՝ նոյեմբերի 9-ի պայմանագրով Զանգեզուրի ճանապարհը ռուսները պետք է վերահսկեն: Այսինքն նոյեմբերի 9-ի պայմանագրի ոչ մի կետ իրենք չեն կատարել, Ղարաբաղը հայաթափել են ամբողջապես, հիմա մնացել է 9-րդ կետը եւ ուզում են գան, կանգնեն այդտեղ: Ինչի մենք չե՞նք կարողանում մեր ճանապարհները դարձնենք անվտանգ: Ղարաբաղի խաթրի համար էինք մենք ամեն ինչ անում, որ նրանք մնան իրենց տեղում: Բայց հիմա Ղարաբաղի ժողովրդին հանել տվեցին, մեր զինծառայողներին գերեվարեցին: Հենց ռուսների համաձայնությամբ է դա եղել: Տարածքները կամաց տալով ամբողջ Ղարաբաղը տվեցին պրծան, համ էլ եկել, այդ ճանապարհն են ուզում:
Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ իրենք Լաչինի միջանցք էին պահում, Ղարաբաղ էին պահում:
Դեռ 1990-ականներին հայաթափեցին Դաշտային Ղարաբաղը: «Կոլցո» օպերացիայով հայաթափեցին Շահումյանը, Գետաշենը: Նույնը արեցին այստեղ: Հիմա էլ Զանգեզուրն են ուզում: Էլ ո՞վ է վստահելու իրենց Զանգեզուրը, որ մեկ ամիս հետո էլ Զանգեզուրը տան, ադրբեջանցիներին ասեն՝ սա ձեր տարածքներն են:
Ռուսաստանն ուզում է նորից թելադրող լինել եւ մենք անցնենք այդ ճորտի կարգավիճակին»,-ասաց Մելքոնյանը:
Նրա խոսքով, Հայաստանն արդեն հասկացել է, որ պետք է այլընտրանք փնտրել եւ դա արդեն գտնվել է. «Մենք արդեն շատ երկրների հետ ունենք պայմանագրեր, նույնիսկ զենքի սպառազինության հետ կապված: Դա իրենց դուր չի գալիս: Իրենք անընդհատ քննադատում են Արեւմուտքին»,-ասաց պատգամավորը:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: