Արցախից բռնի տեղահանված անձինք Արցախ վերադառնալու բոլոր իրավունքներն ունեն։ Այս մասին step1․am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Ըստ նրա՝ այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները խոսում են միայն մարդկանց վերադարձի մասին, բայց ոչ այն պայմանի, որի դեպքում մարդիկ կարող են վերադառնալ։ «Այն է՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, միջազգային սուբյեկտայնությունը եւ Արցախի պետական մարմինների ու իշխանության վերականգնումը։ Իրենք ուզում են ներկայացնել այնպես, որ հայերն իրավունք ունեն վերադառնալ այն պետություն, որը ղեկավարվում է Իլհամ Ալիեւի կողմից։ Եվ Հայաստանի, եւ Ադրբեջանի իշխանությունների մոտեցումն այս հարցում համընկնում է։ Ոչ թե համընկնում է, այլ կարծում եմ՝ դա վաղուց ծրագրավորված եւ իրականացվող քաղաքականություն է»,- ասաց նա։
Այսինքն, ըստ Լարիսա Ալավերդյանի, նախ պետք է Արցախի կարգավիճակի հարցը լուծվի, հետո նոր միայն վերադարձի։ «Դա միակ պայմանն է, որի ապահովման դեպքում միայն արցախցիներին կարելի է հրավիրել Արցախ՝ առանց իրենց կյանքը վտանգելու»,- հավելեց նա։
Հարցին, թե միջազգային հանրությունը սատարո՞ւմ է այս տարբերակին, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց․ «Եթե մենք միջազգային հանրության ներքո հասկանում ենք այն մարդկանց, որոնք զավթել են եվրոպական բոլոր մարմինները, նրանք իրականացնում են իրենց վաղեմի երազանքը։ Այսօր եվրոպական բոլոր մարմինների ղեկավարները ոչ թե Եվրոպայի ժողովուրդների ներկայացուցիչներն են, այլ դրածոներ են։ Եվ մենք պետք է հստակեցնենք, որ մեր պասիվ դիրքորոշմամբ ու այս քաղաքականությամբ փաստորեն բերել ենք նրան, որ Հայաստանի այս իշխանությունները ջան են ասում, ջան են լսում այդ կեղծ միջազգային հանրության ներկայացուցիչների հետ»։