“Ես ցավալի եմ համարում, որ արցախցիները չեն պայքարում, լուռ են, համակերպվում են այս իրավիճակի հետ”

  • 19:20 23.11.2023

«Դրանք այն շքանշաններն են, որոնք կրելը մարդկանց համար պատիվ էր։ Հիմա այդ շքանշանները մնում են, բայց մարդկանց պարգեւավճարը չեն տալիս, արժեզրկում են նրանց արածը»,- այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց Արցախի պահեստազորի սպա Արթուր Ստեփանյանը՝ անդրադառնալով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններին։ Ըստ այդմ՝ Արցախի Հանրապետությունում զինծառայություն անցած զինծառայողները եւս Հայաստանում կենսաթոշակներ եւ պատվովճարներ կստանան, բացառություն են կազմում «Արցախի հերոսի» եւ «Մարտական խաչ» կոչում ստացած զինծառայողները, որոնք ՀՀ-ում պատվովճար չեն ստանա։ Այսինքն՝ ՀՀ նախագահի հրամանագրով հերոսի կոչում եւ «Մարտական խաչ» ստացած անձինք պարգեւավճար կստանան, իսկ Արցախի նախագահի հրամանագրով պարգեւատրվածները՝ ոչ։

Արթուր Ստեփանյանը նշեց, որ միգուցե քաղաքական որոշում կա այս ամենի հիմքում։ «Երեւի մարդիկ փորձում են այդ կոչումն էլ արժեզրկել, իմաստազրկել։ Այսինքն՝ ստացվում է, որ այդ մարդկանց 30 տարվա արածը ջուրն են գցելու, այդ մարդկանցից շատերն էլ այսօր չկան, զոհվել են»,- ասաց նա։

Ըստ նրա՝ արցախցիներն անորոշության մեջ են, չգիտեն, թե ինչ է սպասվում հունվարի մեկին․ ըստ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի որոշման՝ Արցախի Հանրապետությունը լուծարվելու է, թե՞ ոչ։ «Դրանից շատ բան է կախված լինելու։ Ես ցավալի եմ համարում, որ արցախցիները չեն պայքարում, լուռ են, համակերպվում են այս իրավիճակի հետ»,- ասաց նա։

f