Չնայած այն փաստին, որ Արցախի Հանրապետությունը փաստացի այս պահին օկուպացված է, սակայն իրավաբանորեն, այսինքն՝ դե յուրե այն շարունակում է պահպանել իր գոյությունը 1991 թվականին կայացած համաժողովրդական հանրաքվեի եւ ժողովրդի կամարտահայտության հիմքով։ Այս մասին այսօր «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցի մասին» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը։ Հետևաբար, նրա խոսքով, սրանից հրաժարվելը նշանակում է դավաճանություն ազգային, պետական, համաժողովրդական նպատակների հանդեպ։ Այդ մասին հայտնում է Step1.am-ի թղթակիցը։
Աննա Կոստանյանի խոսքով՝ պետք է պատժի մեխանիզմներ սահմանվեն բոլոր այն պաշտոնատար անձանց նկատմամբ, ովքեր նույնիսկ մտքի ծայրով կարող են ընդունել, որ հայրենիքի որեւէ մաս կարող է օկուպացված մնալ թշնամու կողմից։ «Մենք չպետք է թույլ տանք, որ այսպիսի վարքագիծը դառնա օրինաչափ, նորմալ, սովորական, որի հետեւանքով մենք ապագայում պարզապես կշրջափակվենք Երեւանում եւ կունենանք միայն Երեւանը՝ որպես ՀՀ։ Եթե ճանաչում են, որ Արցախը միշտ եղել է Ադրբեջանի տակ, հիմնականում այս խոսքս ուղղվում է իշխանությանը, ՔՊ պատգամավորներին, պետք է նաեւ հարց տան իրենք իրենց՝ արդյոք պատրաստ են իրենք իրենց ճանաչել օկուպանտ։ Եթե նման հայտարարություններ են անում, ապա լռելյայն համաձայնվում են Ադրբեջանի կողմից քաշված այդ նարատիվի հետ, որ ապագայում կարող են նաեւ փոխհատուցումներ պահանջել ՀՀ-ից»,- ասաց նա։
Աննա Կոստանյանը հավելեց, որ Հայաստանը չի կարող «ձեռքերը լվանալ» Արցախից, որովհետեւ Արցախին հաջորդելու են ՀՀ մի շարք տարածքներ։ Եվ դրա պրակտիկան այսօր արդեն կա՝ գրավված է Գորիս-Կապան ճանապարհը, հարձակում եղավ Վարդենիսի ու Ջերմուկի վրա, չունենք Շուռնուխը, Սեւ լճի մի մասը գրավված է։ «Հետեւաբար, երբ մենք ասում ենք՝ այլեւս ոչինչ չկա անելու, եթե չպայքարենք, ապա կարող ենք լռելյայն ընդունել, որ Երեւանն էլ կարող է մի օր ենթարկվել հարձակման»,- ասաց նա։