Արցախի միջազգային ճանաչմանն աջակցելը՝ Հայաստանի հետ վերամիավորվելու հեռանկարով, ՀՀ-ի սահմանադրական պարտականությունն է

  • 15:44 24.11.2023

Իրավաբան Արամ Պետրոսյանը «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցի մասին ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հիշեցրեց, որ ՀՀ Սահմանադրության նախաբանը վկայակոչում է Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթը՝ Անկախության հռչակագիրը, որը ՀՀ-ին պարտավորեցնում է նպաստել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը։

«Անկախության հռչակագրի նախաբանն իր հերթին հղում է անում Խորհրդային Հայաստանի եւ Արցախի վերամիավորման  մասին 1989 թվականի դեկտեմբերի 1-ի համատեղ որոշմանը։ Այսպիսով, Անկախության հռչակագիրն արձանագրում է Խորհրդային Հայաստանի եւ Արցախի վերամիավորման փաստը, իսկ ՀՀ Սահմանադրությունը վերահաստատում է այն։ Սահմանադրության նախաբանն ու Անկախության հռչակագիրն ունեն պարտադիր իրավական բնույթ, ինքն արտացոլված է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կնքված արձանագրությունների վերաբերյալ ՀՀ ՍԴ որոշման մեջ։ Արցախի միջազգային ճանաչմանն աջակցելը՝ Հայաստանի հետ վերամիավորվելու հեռանկարով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական պարտականությունն է»,- հայտարարեց իրավաբանը։

Նա նշեց, որ «Հայաքվե»-ի շրջանակներում առաջարկվող նախաձեռնությունը նպատակ ունի կանխարգելել պաշտոնատար անձանց կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ ցանկացած արարք։ «Անկախության հռչակագրի հետ խնդիր ունեն երեք անձ՝ Նիկոլ Փաշինյանը, ով այն համարել է կոնֆրոնտացիոն փաստաթուղթ, Ալիեւն ու Էրդողանը, ովքեր հայտարարել են, թե պետք է այն խմբագրվի։ Անկախության հռչակագիրը խմբագրման ենթակա չէ, ինչպես եւ ցանկացած պետության հիմնադիր փաստաթուղթ վերանայման ենթակա չէ»,- նշեց Արամ Պետրոսյանը։

Փաստաբան Արամ Օրբելյանն էլ իր ելույթում ասաց․ «ՀՀ Սահմանադրությունը հղում է անում Անկախության հռչակագրին, Անկախության հռչակագիրը հղում է անում 1989 թվականի վերամիավորման որոշմանը։ Վերամիավորման որոշումը ուղղակիորեն ասում է, որ ՀՀ Գերագույն խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման փաստը»։ Նրա խոսքով՝ իշխանություններն անընդհատ հղում են անում Ալմա-Աթայի հռչակագրի վրա՝ նշելով, որ այն որեւէ ձեւով սահմանափակում է մեզ՝ ինչ-որ գործընթաց անելու։ «Բոլորին կոչ եմ անում կարդալ 1991 թվականի փաստաթուղթը։ Հայաստանի Հանրապետությունն անկախություն հռչակել է Արցախի հետ միասին։ Եվ Արցախի անկախ կարգավիճակը եղել է բանակցային գործընթացի, փոխզիջման տարբերակ։ Եվ սա է միակ ճշմարտությունը, որը պետք է իմանան բոլորը»,- ասաց Օրբելյանը։

 

f