Ազգային ժողովում կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը իրավական ապացույցներ ներկայացրեց, որ Արցախը երբեք չի պատկանել Ադրբեջանի։
«Առաջին միտքը, որ ես ուզում եմ ասել՝ Ադրբեջան դիմակի տակ երեք Ադրբեջան կա՝ առաջինը Ադրբեջանական դեմոկրատական հանրապետությունն է, որը հիմնել է թուրքական բանակը, երկրորդը Ռուսաստանի կարմիր բանակի կողմից հիմնված Ադրբեջանն է եւ երրորդ Ադրբեջանն այսօրվա Ադրբեջանն է։ Վերջերս ես մի քանի տեղ բանավեճի մեջ եմ մտել այն բանաձեւի հետ, թե Լեռնային Ղարաբաղն իբր Ադրբեջանին է հանձնվել Կավբյուրոյի որոշմամբ։ Այդպիսի որոշում չի եղել, Ստալինը կարդացել է, չի դրել քննարկման ու քվեարկության եւ թողել է դահլիճը։ Այդպիսի որոշումը չի եղել, այդ չընդունված որոշման հիման վրա է Արցախը հայտնվել Ադրբեջանի կազմում, երրորդ երկրի ոչ սահմանադրական մարմնի՝ կուսակցական մարմնի չընդունած որոշմամբ»,- ասաց նա։
«Ադրբեջանական առաջին՝ դեմոկրատական հանրապետության ապօրինությունն ուղղակի տարընթերցումները բացառող բանաձեւերով ընդունել է Ազգերի լիգան՝ չի ճանաչել այդ պետությունը որպես պետություն։ Երկրորդը, Ադրբեջանական այսօրվա հանրապետությունն ապօրինի է ճանաչել խորհրդային Ադրբեջանը եւ հրաժարվել է նրա իրավահաջորդը լինելուց։ Շատ լավ, ի՞նչ է ստացվել՝ դու հրաժարվել ես խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից եւ հռչակել քեզ Ադրբեջանական դեմոկրատական հանրապետության իրավահաջորդ, որը որպես պետություն չի ճանաչվել Ազգերի լիգայի կողմից։ Բոլոր չափանիշներով Արցախը տարբերվում է Ադրբեջանից՝ 20-րդ դարի պատմության մեջ Արցախը երկու անգամ ինքնորոշվել է որեւէ այլ պետության չպատկանող տարածքներում։ 1918 թվականին, երբ ռուսական կայսրությունը տապալվել է, Արցախը կայացել է որպես վարչաքաղաքական կազմավորում, որն ունեցել է ամենալեգիտիմ իշխանությունն Անդրկովկասում։ Մենք չենք գնահատում այս փաթեթը։ 1991 թվականին Լեռնային Ղարաբաղը դարձյալ կայանում է ոչ մի պետությանը չպատկանող տարածքներում, եւ դեկտեմբերի 10-ին ԼՂ-ն հռչակում է անկախություն։ Մինչ այդ՝ հոկտեմբերի 18-ին Բաքուն իրեն հռչակել էր արդեն Ադրբեջանական դեմոկրատական հանրապետության իրավահաջորդ, որտեղ Ղարաբաղ չի եղել։ 1991 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է որեւէ այլ պետության չպատկանող, բայց պատմականորեն իրեն պատկանող տարածքներում։ Ի դեպ, պատմական տիտղոսի գործոնը Ազգերի լիգան հենց դեմ է տվել Ադրբեջանական դեմոկրատական հանրապետությանը 1918 թվականին։ 1920 թվականի դեկտեմբերին Ազգերի լիգայի 5-րդ կոմիտեն մերժել է Ադրբեջանին ընդունել Ազգերի լիգան, իսկ Ասամբլեայի գլխավոր քարտուղարն իր հուշագրում դիմել է Ադրբեջանի կառավարությանը, թե՝ այդպիսի պետություն այդ տարածքում ընդհանրապես չի եղել։ Այսինքն՝ 1991 թվականին Լեռնային Ղարաբաղը կայացել է միայն իրեն պատկանող տարածքներում»,- ասաց նա։
Անդրադառնալով Ալմա-Աթայի հռչակագրին՝ քաղաքագետն ասաց․ «Եվրոպան որոշել է, որ պետք է նոր պետություններ ճանաչի, եւ Ալմա-Աթայում հավաքվել են այդ հանրապետությունները։ Ադրբեջանն էլ է գնացել, ներկայացել է առանց իրավական սուբյեկտայնության, առանց որոշակիության, ի դեպ, միակը այդ հանրապետությունների շարքում։ Ալմա-Աթան նրան տարածքներ տալ չէր կարող, այնտեղ սահմաններ չէին կարող տալ, որովհետեւ Ալմա-Աթայի հռչակագրի խնդիրը սահմաններ տալը չի եղել։ Հիմա մենք այս բոլորը պետք է իմանանք եւ գլխավոր միտքը, որը պետք է առաջ մղենք այն է, որ Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքով Ադրբեջանական այսօրվա հանրապետությանը չի պատկանում։ Իրենք լավ գիտեն դա, մեր զինվորին գցում են ու ստիպում՝ ասա՝ Kарабах Aзербайджан։ Այդտեղով է անցնում իրավական ճակատամարտի առաջին գիծը»,- նշեց Ալեքսանդր Մանասյանը։