Արմենը հույս ունի մոնիտոր գնել, ավարտել ուսումն ու աշխատանքի անցնել

  • 19:52 25.11.2023

Արմեն Ասրյանը ծնվել է 2004 թվականի սեպտեմբերի 16-ին Ասկերանի շրջանի Նախիջեւանիկ գյուղում։ Վաղ մանկության տարիներին նրա մոտ ախտորոշվել է ուղեղային կաթված։ Արմենն իր գրեթե ողջ մանկությունն անցկացրել է ծնողների հետ Հայաստանի և Ռուսաստանի հայտնի բժշկական կենտրոններում։ Նա 6 վիրահատության է ենթարկվել, այնուհետեւ վերականգնվել է Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնում.

Բժիշկներին չի հաջողվել ամբողջությամբ վերականգնել նրա շարժիչի ֆունկցիան՝ հիմա շարժվում է քայլակի օգնությամբ, սակայն դա չի խանգարում նրան լիարժեք կյանք վարել։

Սովորել է գյուղական դպրոցում։ Ամեն օր տնից մինչեւ դպրոց քայլելը դժվար էր, սակայն քանդված ճանապարհներն ու թեքահարթակների բացակայությունը նրան չխանգարեցին։ Ընտանիքի ու ընկերների օգնությամբ նա ամեն օր հաճախում էր դպրոց և իր հասակակիցների հետ հավասար մասնակցում ուսումնական գործընթացին։

Որոշ ժամանակ անց, հաշվի առնելով տեղաշարժի հետ կապված բոլոր անհարմարությունները, ընտանիքի հետ տեղափոխվել է Ստեփանակերտ։ Մեծ հաջողությամբ ավարտել է Ստեփանակերտի թիվ 12 դպրոցը և ընդունվել Նարեկացի համալսարան։ Իր վճռականության և աշխատասիրության շնորհիվ Արմենը մեծ հեղինակություն է վաստակել ընկերների և համադասարանցիների շրջանում։

Մանկուց նա կիրք ուներ տեխնիկայի նկատմամբ։ Հատկապես նրան հետաքրքրում են հեռախոսները և համակարգիչները։ Ելնելով դրանից՝ ընտրեց ծրագրավորողի մասնագիտությունը։ Շրջափակումից առաջ նա գրանցվեց առցանց ծրագրավորման դասընթացների, սակայն շրջափակման և հոսանքազրկման պատճառով նա հետ մնաց վերապատրաստման ծրագրից։

2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ նրանք լքեցին  իրենց տունը՝ հասցրեց վերցնել միայն համակարգիչ, այն էլ առանց մոնիտորի, ինչի պատճառով նա չի կարող շարունակել ուսումը։

Նրանք մեծ ընտանիք ունեն։ Այժմ նրանք, ինչպես շատ արցախցիներ, բնակարան են վարձում Երեւանում։ Ընտանիքում միայն հայրն է աշխատում։ Արմենը հույս ունի, որ շուտով արցախցիների սոցիալական հարցերը կլուծվեն, և նա կկարողանա մոնիտոր գնել, ավարտել ուսումը և աշխատանքի անցնել։

Արսեն Աղաջանյան

f