Օրերս «Կովկասի ժառանգության մշտադիտարկում» նախաձեռնության կայքը հրապարակել է հերթական արբանյակային լուսանկարները Արցախում հայկական մշակութային արժեքների դեմ իրականացված ոտնձգության մասին։ Ինչպես հստակ երևում է այդ լուսանկարներից, օկուպացված Շուշի քաղաքում իրականացվող շինարարական աշխատանքների հետևանքով վնասվել են Շուշի քաղաքի Մեղրեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մնացորդները:
Համաձայն 2023 թվականի նոյեմբերի 3-ին արված արբանյակային լուսանկարի՝ ադրբեջանական կողմը միտումնավոր կերպով շրջակա տարածքների շինարարության ամբողջ շինաղբը ծանր տեխնիկայի միջոցով լցրել է եկեղեցու՝ դեռևս 2017 թվականին «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված պեղումներով բացված հիմնապատերի և ծավալների վրա։
Ադրբեջանի նման հակամշակութային քաղաքականությունը նորություն չէ։ 1921 թվականին Արցախը Ադրբեջանին բռնակցելուց հետո, պետական մակարդակով ու հստակ քաղաքականությամբ պայքար սկսվեց Արցախի հայկականության դեմ և Ադրբեջանն առաջնորդվում էր «այն ինչ պատկանում է Ադրբեջանին, ադրբեջանական է», կարգախոսով։ Արցախում, այդ թվում նաև Շուշիում, ամեն ինչ պետք է համահունչ լիներ որդեգրված քաղաքականությանը։ Պատմությունը, մշակույթը, ճարտարապետությունը կա՜մ ադրբեջանականացվում էր, կա՜մ ոչնչացվում։
Ելնելով դրանից 1960-ական թվականներին երբեմնի ճարտարապետական համալիրը քանդվել, հարմարեցվել և վերածվել էր ամառային բացօթյա կինոթատրոնի։ Ականատեսները վկայում են, որ գրեթե անհնար էր քանդել եկեղեցու ամուր և հաստ պատերը: Խորհրդային տարիներին ադրբեջանական իշխանությունների հրահանգով պայթեցումներով քանդել են պատերի մեծ մասը, իսկ մեկ մետրից բարձր պահպանված հիմնապատերը ներառվել են ասֆալտի տակ (Շ․Մկրտչյան):
Մեղրեցոց եկեղեցին կառուցել են մեղրեցի ներգաղթյալները՝ համանուն թաղամասում: Կառուցման արձանագրության մեջ հիշատակված է որպես Սուրբ Ամենափրկիչ Մեղրեցոց եկեղեցի, որը կառուցվել է Մահտեսի Հախումյանցի ծախսերով։ Ըստ Մակար Բարխուդարյանցի` հարավային դռան ճակատային քարի վրա եղել է հետևյալ արձանագրությունը. «1838 Մահտեսի Պապայ Հախումեանց տոհմին չուներ զաւակ մարմնաւոր ինքեան զօր հասին պատրաստեաց կտակ շինել զտաճար սուրբ եկեղեցւոյ մի երկնահանգոյն, որ տայ վերճեմել մարդկային սեռից ի բարին անհուն յանուն Տիրամայր սուրբ Աստվածածնին կենաց պատճառի յիշատակ հոգւոյն ընդ անցաւորին յայսմ աշխարհի նախ քան կատարել նոր նպատակի հողացաւ մարմին, որ աստ կայ եդեալ ի մեջ տաճարիս պերճ գերեզմանիս»։
Ցավոք սրտի, հեղինակի նշած ճակատային քարը անհետացել էր։
Արմինե Հայրապետյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: