Նորմալ երկրի նորմալ ԱԳՆ-ը բողոքի նոտա կտար այս աղաղակող իրադարձության հետ կապված

  • 13:18 27.11.2023

2023 թվականի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած ցեղասպանությունից հետո ադրբեջանն ավելի ու ավելի բարձրաձայն է հայտարարում այսպես կոչված «արևմտյան ադրբեջանի» մասին։

Թվում է, թե չկա ավելի անհեթեթ բան, քան խոսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մասին՝ որպես սեփական «նախնյաց երկրի»։ Բայց դա այդպես չէ ադրբեջանի դեպքում, որը խոսում է ինչ-որ բանի մասին՝ իր հայտարարությունների հետևում արդեն ունենալով միջազգային փաստաթղթերի մի փունջ և տարբեր երկրների կոնսենսուս։

Ինչպես հայտնի է, «արևմտյան ադրբեջանի» մասին խոսակցությունը գործի է դրվել 2020 թվականից հետո, երբ ռուս-թուրք-ադրբեջանական եռյակի ագրեսիայի արդյունքում Հադրութի, Շուշիի, Քարվաճառի, Քաշաթաղի շրջանները, Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի շրջանների մի քանի գյուղեր օկուպացվել են։ Ըստ ամենայնի, ադրբեջանը ցանկանում էր «արդարացնել» օկուպացիան՝ ներկայացնելով այն որպես «պատասխան» 90-ականներին իբր ադրբեջանցիների բռնի տեղահանմանը։

Արցախի բռնի տեղահանվածների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները բազմիցս բարձրացրել են այն հարցը, որ սեգրեգացիայի հետևանքով ադրբեջանի քաղաքներ և գյուղեր տեղափոխված Խորհրդային Հայաստանի ազգությամբ ադրբեջանցի բնակիչներին չի կարելի նույնացնել բռնի Արցախի Հանրապետության տեղահանված բնակիչների հետ։

Բայց, որքան էլ տարօրինակ է, Հայաստանի իշխանությունները անկախության ողջ ընթացքում չէին կարևորում երկրում Խորհրդային ադրբեջանից փախստականների առկայության գործոնը, որը կհանդարտեցներ Ալիևների կլանի բոցը, և հնարավոր կլիներ ադրբեջանին պատժել խորհրդային զորքերի անմիջական մասնակցությամբ իրականացված ցեղասպանությունների համար։

Այսօր Հայաստանի իշխանություններն անդրադառնում են Ալմա-Աթայի հռչակագրին և Խորհրդային Հայաստանի սահմաններին՝ չգիտես ինչու կրկնելով ադրբեջանական թեզերը որոշ անկլավների մասին, որոնք իրականում Խորհրդային Հայաստանի տարածքի մաս էին կազմում, իսկ ադրբեջանցի հովիվներն այնտեղ ոչխարներ էին արածեցնում։

Հայկական կողմի ավելի քան 30 տարվա լռությունը, հատկապես Արցախի Հանրապետության էթնիկ զտումներից հետո, էլ ավելի է ոգեշնչել Ալիև կրտսերին. վերջերս խորհրդային բոլշևիկների կողմից ապօրինաբար և ժամանակավորապես Ադրբեջանին տրված հայկական Նախիջևանում անլիարժեքության բարդույթով և վեհության մանիայով տառապող այս բռնապետը փառատոն են անցկացրել, որի ընթացքում ցուցադրվել են այսպես կոչված «արևմտյան ադրբեջանի» ավանդույթները, խոհանոցն ու արվեստը։ Իսկ ամենաաբսուրդը, փառատոնի խորհրդանիշը Հայաստանի քարտեզն էր։

Թվում էր, թե հայկական կողմը պետք է բողոքի նոտա և հայտարարություն հղեր այս երկրի արտաքին գործերի նախարարությանը և միջազգային բոլոր երկրներին առ այն, որ հարևան «պետությունն» օգտագործում է մեր երկրի ինքնիշխան տարածքի քարտեզը՝ ներկայացնելով դա որպես սեփական հողեր, ինչը, ըստ էության, տարածքային նկրտումներ են Հայաստանի հանդեպ։

Բայց, ավաղ, այս աղաղակող փաստերի մասին ո՜չ Հայաստանի իշխանությունները, ո՜չ էլ ժամանակին իրենց տներից վտարված նախկին Նախիջեւանի բնակիչները ոչ մի խոսք չասացին։

Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ միջազգային հանրությունը չի հասկանում հայկական կողմի դիրքորոշումը և նրա մտադրություններն ու մոտեցումները հարևանների հետ կապեր հաստատելու հարցում։ Իսկապես, դժվար է հասկանալ, թե ինչպես ինքնիշխան պետության իշխանությունը չի արձագանքում նման երեւույթներին։

Զարմանալի չէ, որ ադրբեջանին հաջողվում է համաշխարհային հանրությանը համոզել, որ հայերը ագրեսոր են, որ դարեր շարունակ նրանք գրավել են իրենց հողերը, և հիմա եկել է պատժելու ժամանակը։ Այսինքն՝ Ադրբեջանը օրինականացնում է իր բոլոր հանցագործությունները և կոնսենսուս ստանում իր հետագա բոլոր ագրեսիվ գործողությունների համար։ Սա «ռեալպոլիտիկ» է, որից հայկական կողմը չի կարողանում գլուխ հանել։ Կամ լավ էլ հանել է, բայց միտումնավոր համահանցակցում է:

Մարգարիտա Քարամյան