Forrights. ՀՀ իշխանությունները չպետք է խոչընդոտեն Արցախի պետական մարմինների գործունեությանը

  • 14:36 27.11.2023

Forrights

Եթե նայում ենք Ադրբեջանի դիրքորոշմանը, միջազգային հանրության ճնշումներին և ՀՀ իշխանությունների դիրքորոշմանն ու գործողություններին, ապա այս պահին արցախցիների իրենց տներ վերադառնալն իրատեսական չէ։ Այս մասին Forrights.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Այստեղ գլխավոր դերակարը ՀՀ կառավարությունն է, որ հստակ գործիքակազմերով և Ադրբեջանի հետ շփումներում, միջազգային գործընթացներում այս հարցն անընդհատ բարձրացնի և քննարկվեն դրա պայմանները։ Եթե ՀՀ իշխանությունների կողմից քաղաքական կամք, հետևողական պրոֆեսիոնալ աշխատանք լինի աշխարհաքաղաքական պայմաններում հնարավոր կլինի Արցախի ժողովրդին վերադարձնել իր հայրենիք»,-ասաց Բեգլարյանը շեշտելով՝ անվտանգության և արժանապատվության երաշխիքների ապահովման անհրաժեշտությունը։

Արտակ Բեգլարյանը կարծում է, որ երաշխիքները կարող են ապահովել ՄԱԿ-ի առաքելությունն՝ առանց Ադրբեջանի իշխանության ներկայության։ Արցախցի նախկին պաշտոնյան ՀՀ իշխանությունների կողմից վերադարձին ուղղված բավարար գործողություններ չի տեսնում։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար, իսկ վերջին անգամ նոյեմբերի 23-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստի ժամանակ, հայտարարում է, որ «արցախցիները, եթե չցանկանան Արցախ վերադառնալ, ապա ամեն ինչ պետք է անենք, որ մնան ՀՀ-ում»։ ՀՀ վարչապետի այս հայտարարությունից տպավորություն է ստեղծվում, որ Արցախ գնալու, այնտեղ անվտանգ ապրելու բոլոր պայմանները կան և մնում է ընտրություն կատարել՝ գնա՞լ, թե՞՝ ոչ։

«Սա առաջին հայտարարությունը չէ՝ նման ոճի, իշխանությունների մոտեցումն է՝ վերադարձի իրավունքն իջեցրել են անհատական մակարդակի, որ յուրաքանչյուր անձ իր համար պետք է որոշի՝ Ադրբեջանի առաջարկած պայմաններն իր համար ընդունելի են, թե՝ ոչ, բայց մենք այնտեղից արտագաղթել ենք որպես ժողովուրդ, մենք թիրախավորվել ենք որպես ժողովուրդ և մեր ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանության համար ենք մենք հալածվել ու հետապնդվել, ինքնորոշման համար»,-ասաց Արտակ Բեգլարյանը։

Արտակ Բեգլարյանը ևս կարևորում է, որ Արցախ վերադառնալու հնարավորություն չլինելու դեպքում արցախցիները շարունակեն ապրել ՀՀ-ում, բայց նա կարծում է, որ պետք է համայնքային վերաբնակեցման մոդել ընտրվի․ «որպեսզի պահպանվի համայնքային հավաքական ինքնությունը և դրանից բխող երկարաժամկետ պայքարը՝ Արցախ վերադառնալու համար։ Այս տեսանկյունից էլ ես չեմ տեսնում բավարար կամք ՀՀ իշխանությունների և վարչապետի մոտ։ Ես տեսնում եմ, որ նրանց մոտեցումը արցախցիներին ՀՀ-ում տարալուծելու մոտեցում է, ինչը շատ արագ փակելու է ինքնորոշման և վերադարձի իրավունքները։ ՀՀ իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ չպետք է խորշեն սյուբեկտայնություն, պատասխանատվություն ստանձնել Արցախի ժողովրդի իրավունքների վերաբերյալ բանակցություններից»։

Հայաստանի իշխանության ներկայացուցիչների այն պնդումներին, թե ՀՀ-ում Արցախի պետական կառույցների գործունեության շարունակությունը կարող է անվտանգային սպառնալիքներ դառնալ ՀՀ-ի համար, Արտակ Բեգլարյանը չի կիսում, նա կարծում է, որ պետական կառույցները պետք է իրենց գործունեությունը շարունակեն։

«Այս հարցում ՀՀ իշխանությունները ոչ միայն չպետք է խանգարեն, այլ պետք է որոշակի աջակցեն, իհարկե, ռիսկերն էլ հաշվի առնելով, բայց չխանգարելը պարտադիր պայման է։ Նրանք չեն ցանկանում, որ Արցախի պետական մարմինները գործեն, միտում կա, որ չեն ցանկանում Արցախի ժողովրդի իրավունքների համար բանակցել Ադրբեջանի հետ, ապա հարց է առաջանում՝ ո՞վ պետք է մեր ժողովրդի իրավունքերը պաշտպանի, ով պետք է համապատասխան միջազգային հարթակներում այդ հարցերը բարձրացնի, եթե ՀՀ իշխանությունները չեն անում և թույլ չեն տալիս Արցախի իշխանություններին գոյություն ունենալ»,-ասաց Արտակ Բեգլարյանը։

Արտակ Բեգլարյանի խոսքով՝ պետք է ընդունել փաստը, որ գոյություն ունի վտարանդի կառավարություն։

«ՀՀ իշխանությունները կարող են ասել, որ այս անձիք փախստականներ են և ներկայացնում են իրենց ժողովրդին, ՀՀ-ն իրենց չի աջակցում, ժողովուրդն է որոշել, որ նրանցից մեկը նախագահ է, մյուսը՝ ԱԺ նախագահ, գումար չեմ տրամադրում։ Հետևաբար լեգիտիմ հինք չկա, որ ՀՀ-ին կմեղադրեն Ադրբեջանի համար անընդունելի սուբյեկտի աջակցելու համար, սա նվազագույն շեմն է, որ ՀՀ իշխանությունները կարող են կիրառել»,-ասաց նա՝ շեշտելով, որ ՀՀ-ն կարող է Ադրբեջանին տարածքային պահանջներ չներկայացնել, այլ ասել, որ դա արցախցիների իրավունքն է, քանի որ Արցախը նրանց հայրենիքն է։

Արցախի նախկին պետնախարարը կարևոր է համարում Հայաստանի և Արցախի իշխանությունների բանակցությունները, ինչը, սակայն, տեղի չի ունենում։ Նիկոլ Փաշինյանի ու Սամվել Շահրամյանի հանդիպման մասին տեղեկություններ չկան։

«Իմ տեղեկություններով բավարար երկխոսություն չկա։ Անզեն աչքով տեսանելի է, որ իշխանությունների մեջ խորը երկխոսություն առկա չէ։ Սա վտանգավոր միտում է, այս տեսանկյունից մենք բավականին վատ վիճակում ենք գտնվում, որքան երկխոսությունը չլինի, այնքան պառակտված ենք լինելու։ Փաշինյանն ու Շահրամանյանը չեն հանդիպում, պատճառը Փաշինյանի դիրքորոշումն է։ Ակնհայտ է, որ Շահրամանյանի կողմից խնդիր չպետք է լինի, իսկ Փաշինյանի դիրքորոշման պատճառները որոնք են, հավանաբար տարբեր վախեր՝ ներքին և արտաքին բնույթի»,-ասաց նա։

Արտակ Բեգլարյանը ՀՀ կառավարության սոցիալական աջակցության առաջին փուլն՝ արագ արձագանքման տեսանկյունից արդյունավետ է համարում, սակայն, ժամկետների մասով խնդիրներ է տեսնում։ «Ժամկետների առումով որոշակի հապաղումներ եմ տեսնում, իհարկե, կարող են տարբեր հիմնավորումներ ներկայացնել, կարծում եմ, որ ժամկետն առաջնահերթ է, կարելի է թույլ տալ որոշակի ծրագրերի իրականացում»,-ասաց նա՝ նշելով, որ արցախցիների զբաղվածության խնդիրը լուծելու համար բավարար արդյունք չի տեսնում։ Խնդիր է համարում նաև բնակարանների գների աճը, իսկ վերահսկողություն չկա։

Արտակ Բեգլարյանի կարծիքով՝ Ստեփանակերտում բենզինի պահեստի պայթյունի և սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների հետևանքով ընտանիքի անդամներին կորցրած խաղաղ բանակիչներին կամ վիրավորում ստացած քաղաքացիական անձանց պետք է հատուկ կարգավիճակ տրվի, ինչը ՀՀ կառավարությունն արել է 2020 թվականի պատերազմից հետո։ Արտակ Բեգլարյանը սա համարում է անարդար՝ նշելով, այդ ընտանիքները սոցիալական խնդիրներ ունեն։

Նարեկ Կիրակոսյան

f