Step1.am-ի զրուցակիցն է Մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։
-Տիկի՜ն Ալավերդյան, Հայաստանի կառավարությունը Արցախից բռնի տեղահանված անձանց վերաբերյալ ընդունել է որոշում, ըստ որի՝ նրանք կա՜մ պետք է ՀՀ քաղաքացիություն ընդունեն, կա՜մ փախստականի կարգավիճակ ստանան, այլընտրանք չեն թողնում մարդկանց։ Արցախցիների անձնագրերը Հայաստանի կառավարությունը չի ճանաչում՝ ասելով, որ դրանք «ճամփորդական անձնագրեր» են։ Նկատո՞ւմ եք միտում, որ այսպիսով փորձ է արվում շրջանառությունից հանել Արցախի անձնագրերի «070» կոդը եւ ինչպե՞ս եք գնահատում այս քաղաքականությունը։
-Ես ուզում եմ մի քանի շեշտադրում անել, որը կարծես դուրս է մնում քննարկման դաշտից։ Նախ եւ առաջ մենք ունենք ոչ թե 100 հազար եւ ավելի մարդկանց խնդիրը, մենք ունենք 150 հազար արցախցիների խնդիրը։ Նրանց թվում նաեւ վերաբնակիչներ են, որոնք եղել են ՀՀ քաղաքացի եւ գնացել ու վերաբնակեցվել են Արցախում։ Մենք ունենք մարդիկ, որոնք տարիներ շարունակ ապրել են Արցախում, բայց իրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի էին, ոչ թե «070», այլ ուրիշ կոդերով։ Պատկերացրեք, այդ մարդկանց մասին ընդհանրապես խոսք չկա։ Այսինքն՝ մենք ունենք ավելի բազմազան հարցեր, քան ուզում են միայն ցույց տալ։
Անդրադառնալով կառավարության այս որոշմանը, ես կասեմ, որ այն լեգիտիմ չէ, հիմնավորված չէ թեկուզ ՀՀ այլ օրենքներով ու որոշումներով։ Երբ ես ասում եմ՝ լեգիտիմ չէ, դա նշանակում է, որ այն հիմնավորված չէ եւ չի կարող լինել որպես հիմք, իրավական հետեւանքներ ծնող որոշում։ Բայց մենք գիտենք, որ այսպիսի դեպքերում գործում է ոչ թե օրենքը եւ իրավունքը, այլ քաղաքական կամքը։ Այս իշխանությունների քաղաքական կամքը հենց այնպիսին է, որն իրենք արտացոլել են այս որոշման մեջ։ Այս որոշումը ծնում է ավելի շատ հարցեր, քան տալիս է պատասխաններ։ Պատահական չէ, որ մոտ մեկ ամիս անցել է այդ որոշման ուժի մեջ մտնելուց, բայց անընդհատ տալիս են տարբեր բացատրություններ։ Օրինակ՝ թոշակների հարցը, թոշակները չեն տվել, այդ մարդիկ սպասում են, չգիտեն՝ իրենց թոշակները երբ կտան՝ դեկտեմբերի 1-ին, թե՞ 31-ին։ Այսինքն՝ եկեք հստակեցնենք, որ անգամ իշխանություններն ամբողջովին չեն տիրապետում այս որոշման իրականացման մեխանիզմներին։ Սրանով Արցախի բնակիչները զրկվում են բոլոր իրավունքներից, որոնք ունեին։ Եվ այն հիմնավորումը, որ այդ անձնագրերը եղել են ընդամենը «ճամփորդական փաստաթղթեր», դժվար է մինչեւ անգամ քննադատել, որովհետեւ դա անհիմն է։ Հիմքը պետք է լինի որոշում կամ օրենք։ Թող ցույց տան Հայաստանի Հանրապետության որեւէ որոշում կամ օրենք, չկան այդպիսիք։
-Ի՞նչ անձնագրեր են Արցախի բնակիչների անձնագրերը։
-Այդ անձնագրերը տրվել են իրենց այնպես, ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիների անձնագրերը։ Եվ ամեն մի տարածք ունի իր կոդը, Արցախն էլ ունի «070» կոդը։ Ես այստեղ ուզում եմ ընդգծել, որ դա չի եղել գաղտնի կամ անօրինական։ Դրա մասին գիտեին առնվազն Եվրապառլամենտում, ինչի մասին Եվրախորհրդարանի անդամ, բրիտանացի Չարլզ Թանոքը ասել է ադրբեջանցուն ուղղված իր պատասխանում։ Երբ ադրբեջանցին հարցրել է՝ «այդ ինչո՞ւ եք դուք մի որոշման մեջ գրում, որ Ռուսաստանն օկուպացրել է Աբխազիան ու Օսեթիան, բայց չեք գրում, որ Հայաստանն օկուպացրել է Արցախը», Չարլզ Թանոքը 2013 թվականին շատ պարզ պատասխան է տվել, ասել է՝ «մենք չունենք այդպիսի մոտեցում, որ ոչ միայն ԼՂԻՄ-ը, այլեւ Արցախը շրջապատող տարածքներն օկուպացված են Հայաստանի կողմից»։ Երկրորդ, ասել է՝ «մեզ հայտնի է, որ շատ քիչ մարդ կա Արցախում, որը չունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն»։ Չի ասել անձնագիր, ասել է՝ քաղաքացիություն։ Եվ այս առումով, իհարկե, շատ հարցեր են ծագում։ Դուք ասում եք՝ այլընտրանք չեն թողնում մարդկանց։ Այո՜, ես ասեմ, որ ամեն մեկն ընտրելու է իրեն հարմար մի ճանապարհ։ Եվ որ ճանապարհն են ընտրել այս մարդիկ, նշանակում է, որ համաձայնվում են այս իշխանության հետ եւ հրաժարվում են Արցախի Հանրապետության սուբյեկտությունից։ Այսինքն՝ ոչ թե սոցիալական նշանակություն ունի այդ որոշումը, այլ դրա հիմքում ընկած է այս իշխանությունների համար ամենակարեւոր խնդիրը, այն է՝ օր առաջ հրաժարվել եւ իրենց որոշումներով բերել նրան, որ մարդիկ եւս հրաժարվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սուբյեկտությունից։
-ՀՀ դիմումի հիման վրա Հաագայի դատարանի կողմից Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու որոշում ընդունվեց։ Այդ որոշման կետերից մեկով «Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է կոնվենցիայի համաձայն իր ունեցած պարտավորությունների շրջանակներում պաշտպանել և պահպանել գրանցման ինքնության և անձնական գույքի փաստաթղթերն ու գրանցամատյանները, որոնք վերաբերում են առաջին կետում նշված անձանց, և հավուր պատշաճի ու հարգանքով վերաբերել դրանց, և հիմք ընդունել այդ փաստաթղթերն իր օրենսդրական ու վարչական պրակտիկայում»: Ի՞նչ է սա նշանակում, ինչպե՞ս եք գնահատում։
-Ադրբեջանը ողջունել է այդ որոշումը։ Ինչո՞ւ, որովհետեւ արդեն որերորդ անգամ է, Հայաստանը դիմում է միջազգային դատական ատյաններին այնպիսի հարցերով, որոնք ուղղակի շրջանցում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սուբյեկտությունը։ Եվ բոլոր այդ դիմումներով նրանք փաստորեն պահանջում են մեկ բան, որ պահանջներն իրականացնեն այն հայերի նկատմամբ, որոնք ապրում են «ադրբեջանական հանրապետության» Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Բայց կարեւոր հարցն այն է, որ Ադրբեջանն իր բոլոր գործողություններով իրականացնում է ցեղասպանություն։ Եվ մենք խոսում ենք ոչ թե առանց քաղաքացիության մարդկանց մասին, ինչը պնդում է այս որոշումը, այլ մենք խոսում ենք մեր հայրենակիցների մասին։ Եվ երկրորդը, այն հայրենակիցների մասին, որոնք վերապրել են ցեղասպանություն։ Մինչեւ հարցն այդպես չդրվի, այս հարցի շուրջ լինելու են այնպիսի հարցադրումներ, որոնք ձեռնտու են Ադրբեջանին։
Այդ որոշման այդ ձեւակերպումը նշանակում է, որ Հայաստանը ոչ միայն շարունակում է Ադրբեջանի քաղաքականությունը, այլեւ գերազանցում է։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: