2023թ. նոյեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանը Երևանի թիվ 122 դպրոցում, մասնավորապես, հայտարարել է. «Հայրենիքը պետությունն է…Քո որևէ նախնի ուղիղ կապ ունի հենց այս պետության հետ:»:
Հարկ է նշել, որ «Հայրենիքը պետությունն է» արտահայտությունը հակասում է հայոց պատմության դասագրքային մասնագիտական պնդմանը: Տարիներ, տասնամյակներ շարունակ հայոց պատմության դասագրքերում արձանագրվել է, որ մեր պատմական հայրենիքը աշխարհագրական այն տարածքն է, որտեղ կազմավորվել, զարգացել ու իր քաղաքական կյանքն է կերտել հայ ժողովուրդը:
Այս համատեքստում հարց է առաջանում. Արցախը, Նախիջևանը, Արևմտյան Հայաստանը, որտեղ կազմավորվել, զարգացել և իր քաղաքական կյանքն է կերտել հայ ժողովուրդը, հայ ժողովրդի հայրենի՞քն են, թե հայ ժողովրդի հայրենիքը չեն: Իմ խորին համոզմամբ նշվածները, անտարակույս, հանդիսանում են հայ ժողովրդի հայրենիքը, որոնք ներկա պահին օկուպացված են օկուպանտ և ցեղասպան Թուրքիայի և նրա կողմից արհեստականորեն ստեղծված ադրբեջան անունով կեղծ, ահաբեկչական կազմավորման կողմից:
«Հայրենիքը պետությունն է» արտահայտությամբ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, փորձում է հայ ժողովրդի շրջանում, մասնավորապես՝ պատանիների և երիտասարդների շրջանում, մոռացության տալ հայ ժողովրդի հայրենիքի այն հատվածները, որտեղ կազմավորվել, զարգացել ու իր քաղաքական կյանքն է կերտել հայ ժողովուրդը: Նկատի առնելով Արցախի Հանրապետության հետ տեղի ունեցած աղետը՝ ստի, կեղծիքի, տառապանքի, մահվան, դժբախտության, հայրենազրկման խորհրդանիշն իր հայտարարությամբ նպատակ է հետապնդում հայության շրջանում մոռացության մատնել Արցախը որպես հայ ժողովրդի հայրենիքի անբաժանելի մաս:
«Քո որևէ նախնի ուղիղ կապ ունի հենց այս պետության հետ»
Իմ նախնիներից շատերը ուղիղ կապ ունեն ոչ միայն Հայաստանի Հանրապետության հետ: Իմ նախնիները 700 տարիներ շարունակ պատասխանատվություն են կրել հայ ժողովրդի արցախյան ազգահատվածի ճակատագրի և Արցախի դարավոր պետականության կերտման գործում թե՛ աշխարհիկ և թե՛ հոգևոր ոլորտներում: Դարեր շարունակ Հասան-Ջալալյանները հանդիսացել են Արցախի անվտանգության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, պատմական որոշակի ժամանակահատվածում նաև անկախության (1722-1736թթ.) և արցախահայության քրիստոնեական հավատքի պահպանման երաշխավորները:
Արցախի Հանրապետության հռչակումը արդյունք է Արցախի տարածքում առանց ընդհատման գոյություն ունեցած հայկական անկախ ու կիսանկախ հաջորդական պետականությունների` Վաչագան Բարեպաշտի հիմնած թագավորության (5-րդ դար), Խաչենի իշխանության (12-րդ դար), Արցախի մելիքությունների (16-րդ դար), Ղարաբաղի Հայոց Ազգային Խորհրդի (20-րդ դարի սկիզբ), որպես խորհրդային պետականության ձև` Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (20-րդ դարի սկզիբ):
Պետականության յուրաքանչյուր տեսակ, արցախահայության քաղաքական գիտակցության և վարքագծի զարգացմանը զուգընթաց, ենթարկվել է փոխակերպման՝ թագավորությունից հասնելով հանրապետության: Այս իմաստով՝ Արցախի Հանրապետության հռչակման էվոլյուցիոն զարգացման ետնախորքում որոշակիորեն պետք է տեսնել նաև Հասան-Ջալալյանների դերակատարությունը:
Հետևաբար, այս իմաստով ինձ պարտավորված եմ համարում Արցախի Հանրապետության դեօկուպացիայի մասին մշտապես բարձրաձայնելու և տեսանելի ապագայում այն իրականություն դարձնելուն միտված քայլեր ձեռնարկելու առումով:
Մենք պիտի Արցախը հետ բերենք ամեն գնով: Եթե դա մեր սերունդը չարեց, ապա Արցախը հետ բերելու յուրաքանչյուր հաջորդ սերնդի հնարավորությունը որոշակիորեն նվազելու է՝ դառնալով անիրագործելի երազանք:
ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: