ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ։ Ալիևի հետ զրույցում «պետքարտուղարը քննարկել է Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի ամուր հարաբերությունները և հիշատակել վերջերս անհանգստացնող հարցերը»։ Փաշինյանի հետ պետքարտուղարը քննարկել է «Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերին։ Պետքարտուղարը վերահաստատեց Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և ընդգծեց Հայաստանի հետ երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերը՝ որպես բարեկեցիկ և ժողովրդավարական ապագայի տեսլականի մեր աջակցության մաս»:
Դատելով Ալիևի հետ զրույցից՝ «նախկինում մտահոգություն առաջացնող» որոշ հարցեր հանվել են, այսինքն՝ Փաշինյանը համաձայնում է միջանցք բացել, այլ կերպ ասած՝ զրկել Հայաստանին ինքնիշխան պետականությունից, և հարցն այն է, թե ինչպես գեղեցիկ «փաթեթավորել» Հայաստանը Թուրքիային փոխանցման ակտը որպես «ժողովրդավարության հաղթանակ, դեպի Արևմուտք թեքվել և Ռուսաստանից ազատվել». Ռուսաստանը իրհերթին կծափահարի ԱՄՆ-ին այն բանի համար, որ Հայաստանը Թուրքիային հանձնելու «պատիվը» բաժին հասավ ոչ թե Մոսկվային, այլ Վաշինգտոնին։
Այս փոխանցումը պաշտոնականացնելու համար Միացյալ Նահանգները ջանասիրաբար ձևացնում է, որ եթե Հայաստանը չհամաձայնի «խաղաղ» բացել միջանցքը, ապա պատերազմ կլինի։
Այս մասին խստորեն հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը, ով ասել է, որ «եթե Կենտրոնական Ասիայից առևտուրը Ադրբեջանի և Հայաստանի տարածքով գնա դեպի Թուրքիա, դա էական խթան կլինի այս առևտրի երթուղու բոլոր երկրների համար»։
Միաժամանակ նա սպառնացել է, որ «եթե որոշում կայացվի դա անել ոչ խաղաղ ճանապարհով, մենք ստիպված կլինենք օգտագործել բոլոր հնարավոր գործիքները՝ այս տեսակի առևտրային ճանապարհի ստեղծումից խուսափելու համար»։
Այլ կերպ ասած, Օ Բրայանն ասում է, որ «ոչ խաղաղ ճանապարհով առևտրային ուղիների բացման» հնարավորությունը մնում է։ Նկատենք, որ նա չի անվանում այն Հայաստանի մի մասի հավանական օկուպացիա, այլ «առևտրային ուղիների ոչ խաղաղ բացում»՝ նախապես զգուշացնելով, որ դա ագրեսիա չի դիտարկվի Հայաստանի «տարածքային ամբողջականության» դեմ, այլ ընդամենը ճանապարհի բացում։
Թուրքիան նույնպես ձայնակցում է ԱՄՆ-ին՝ ձեւացնելով, թե ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանին ընդդեմ Թուրքիայի։ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքն ասել է, որ «ԱՄՆ-ը Թուրքիայից պահանջել է դադարեցնել աջակցությունը Ադրբեջանին՝ Ղարաբաղն ազատագրելու համար»։ Նա նշել է, որ Վաշինգտոնն այս պահանջն է առաջադրել՝ որպես Թուրքիա F-16-ներ ուղարկելու պայման։
Դատելով երկիրը «խաչմերուկի» վերածելու մասին Փաշինյանի հաստատակամությունից, տնտեսական օգուտ ստանալու համար “խաղաղության” պայմանագիր կնքելու համաձայնությունից, դատելով նրակողմից ազգային սրբազան արժեքների մերժումից, ինչպես նաև այս հայտարարություններից հետո հասարակության ապատիայից ու դատապարտվածությունից՝ Հայաստանն այս տարի կդառնա անանուն «խաչմերուկ»։ Ինչպես Հայկական լեռնաշխարհը վերածվեց «Անդրկովկասի» և «Հարավային Կովկասի», իսկ Արցախը վերածվեց «ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտու», Հայաստանն էլ կստանա այնպիսի անուն, որում հայերի մասին խոսք չի լինի. ասենք՝ «թյուրքական տրանզիտի հանրապետություն», կամ «Փաշայի դեմոկրատական վիլայեթ» և այլն։
Նաիրա Հայրումյան