Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը կարծում է, որ եթե Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստում չքննարկվեն Արցախի ապագայի հետ կապված կարևոր հարցեր, դա «հերթական խայտառակությունը» կլինի։
«Չգիտեմ՝ ինչ են քննարկելու, բայց պարտավոր են քննարկել Շահրամանյանի ստորագրած որոշումը Արցախի լուծարման վերաբերյալ։ Քննարկեն ու անպայման քաղաքական գնահատական տան։ Հակառակ դեպքում ավելի լավ է ոչ մի նիստ չանել։ Սա նրանց համար հերթական խայտառակությունն է լինելու՝ նիստ՝ ցույց տալու, որ մենք կանք»,- ասաց Օսիպյանը։
Հիշեցնենք, որ «Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ արցախցի պատգամավորները պայմանավորվել են երեքշաբթի օրը ԱԺ նիստ գումարել փակ ձևով, եթե չլինի ֆորսմաժոր և ՀՀ իշխանությունների միջամտություն։ Մասնավորապես, Արցախի պատգամավորները մտադիր են քննարկել Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը Արցախի վերաբերյալ և Արցախի Ազգային ժողովի շարքերը երկու նոր պատգամավորներով համալրելու հարցը։ Արցախի խորհրդարանի մամուլի ծառայությունը և պատգամավորները նիստի վերաբերյալ դեռ պաշտոնական տեղեկատվություն չեն տրամադրել։