Արմեն Պետրոսյան․ «Մի՞թե այդ անձնագրի մեջ գրված է, որ դրանք ճամփորդական փաստաթղթեր են»

  • 12:57 28.11.2023

«Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի Արցախը տարանջատեն իրենցից։ Այսինքն՝ իրականացվում է Արցախից հրաժարվելու քաղաքականություն, որն առաջ են տանում բոլոր ոլորտներում՝ դա կլինի կոչումների, պարգեւների ոլորտում, թե՞ գրանցման կամ անձնագրերի։ Ի՞նչ է նշանակում, որ մեր անձնագրերը ճամփորդական փաստաթղթեր են։ Մի՞թե այդ անձնագրի մեջ գրված է, որ դրանք ճամփորդական փաստաթղթեր են»,- step1.am-ի հետ զրույցում ասաց Արցախի պահեստազորի մայոր Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով կառավարության ընդունած որոշումներին։

Անդրադառնալով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններին, ըստ որի՝ Արցախի Հանրապետությունում զինծառայություն անցած զինծառայողները եւս Հայաստանում կենսաթոշակներ եւ պատվովճարներ կստանան, բացառություն են կազմում «Արցախի հերոսի» եւ «Մարտական խաչ» կոչում ստացած զինծառայողները, որոնք ՀՀ-ում պատվովճար չեն ստանա, նա ասաց․ «Եթե ազգային պետություն լիներ, ապա Արցախի բոլոր կոչումները, դասային որակավորումները բոլորը կհավասարեցվեին Հայաստանի որակավորումներին, որպեսզի մարդիկ իրենց այստեղ օտար չզգային։ Իսկ երբ մարդն ինչ-որ միջավայրում իրեն օտար է զգում, աշխատում է կա՜մ միջավայրը փոխել, կա՜մ թշնամական է տրամադրվում այդ միջավայրի նկատմամբ։ Բայց մեր նպատակը մի՞թե դա է, որ հայ ազգի մեջ սեպ խրենք, բաժանենք արցախցիների եւ հայաստանցիների»։

Արմեն Պետրոսյանն ասաց, որ Արցախում զինվորականների ստացած բոլոր կոչումները շնորհվել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով, դրանք ՀՀ-ում ճանաչելու խնդիր չկա։ Բայց մարտական մեդալների մի մասը փաստորեն չեն ճանաչվում Հայաստանում։ «Այսինքն՝ իրենք չճանաչելով Արցախի նախագահի, կառավարության կողմից տրված մեդալներն ու կոչումները, այդ մարդկանց ճանաչում են ոչ թե որպես հերոսներ, սխրանքներ գործած մարտիկներ, այլ Ադրբեջանի պես համարում են «ռազմական հանցագործներ»։ Այսինքն՝ Հայաստանի իշխանության վերաբերմունքը Արցախի կռված տղաների, հերոսների նկատմամբ նույնն է, ինչ Ադրբեջանի իշխանությանը։ Եթե Ադրբեջանը համարում է, որ այդ մարդիկ «ռազմական հանցագործներ» են, ապա Հայաստանը, չճանաչելով այդ մարդկանց կոչումներն ու մեդալները, նույնպես ճանաչում է նրանց որպես «ռազմական հանցագործ»։ Սա նշանակում է համաձայնել Ադրբեջանի հետ։ Եթե Հայաստանն ուղիղ չի հայտարարում, որ մենք «ռազմական հանցագործներ» ենք, ապա իր գործողություններով ուղղակի համաձայնում է Ադրբեջանի հետ»,- ասաց նա։

Արմեն Պետրոսյանը նշեց, որ արցախցիներն սպասում են իրենց թոշակների վճարմանը, բայց այս գործընթացում եւս ծուղակ կա իրենց դեմ։ «Արցախցիներին պարտադրում են անպայման հրաժարվել իրենց նախկին բնակության հասցեից։ Իրենք պետք է դիմում գրեն, դիմումի հիման վրա դուրս գան նախկին բնակության հասցեից եւ ժամանակավոր գրանցվեն այն հասցեներում, որտեղ ժամանակավոր բնակություն են հաստատել։ Բայց դրա մեջ ես մեծ ծուղակ եմ տեսնում, վտանգ եմ տեսնում, թե՜ մեր գույքային իրավունքի, թե՜ ղարաբաղցիների ձեռքով ու ստորագրությամբ Ղարաբաղը հանձնելու հարցում։ Այդպիսի մի դավադիր քայլ եմ տեսնում»,- ասաց նա։

Նշենք, որ կառավարության անդամները հայտարարում էին, թե հաշվառման գործընթացը կարող է շատ հեշտացված լինել, մարդիկ ուղղակի ձեւական կարող են հաշվառում ստանալ, որպեսզի վճարվեն նրանց թոշակներն ու նպաստները։ Արմեն Պետրոսյանն ասաց, որ հաշվառման կանգնող արցախցիներին անձնագրային բաժանմունքներում ստիպում են դիմումներ գրել։ «Այսինքն՝ այս կառավարությունն ստիպում է, որ արցախցիները դիմում գրեն եւ իրենց ստորագրությամբ հրաժարվեն իրենց նախկին բնակության վայրից։ Իսկ փախստականի վկայական ստանալու համար դիմումում նշվում է, որ ստորագրողը չի հանդիսանում որեւէ պետության քաղաքացի։ Այսինքն՝ այստեղ ծուղակ է լարված արցախցիների նկատմամբ։ Ես կրկնում եմ՝ Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունների՝ Արցախի բնակչության նկատմամբ քաղաքականությունը գրեթե նույնն է։ Այսինքն՝ երկու կողմերի իշխանությունների ղեկավարման կենտրոնը գտնվում է միեւնույն տեղում»,- հավելեց նա։

Մեր զրուցակիցը նշեց, որ մարդիկ կան, որոնք ընդհանրապես չեն կարողանում հաշվառվել, քանի որ տան տերերը նման պահանջ են դնում։ «Հաշվառման գործընթացը պետք է փոխվի։ Իսկ Հայաստանի իշխանությունը սա դիտավորյալ է անում, որպեսզի Հայաստանի եւ Արցախի բնակչության միջեւ հակադրություն լինի։ Այդ հակադրությունը ձեռնտու է, որովհետեւ այդպիսի մթնոլորտի շնորհիվ ժամանակի ընթացքում քչանալու է արցախցիների քանակը, մարդիկ ստիպված են լինելու արտագաղթել։ Եվ ինչքան քիչ լինեն արցախցիները, այնքան Հայաստանի իշխանության համար պրոբլեմը քիչ է լինելու»,- ընդգծեց նա։

 

 

f