Արցախցիները ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում կարող են օգտվել բնակարանային ապահովման պետական ծրագրերից

  • 20:21 28.11.2023

Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը հնարավորություն կտա կառուցել սեփական տուն սահմանամերձ գյուղական բնակավայրերից որևէ մեկում. ծրագրից կարող են օգտվել նաև ԼՂ–ից բռնի տեղահանված այն անձինք, որոնք ՀՀ քաղաքացիություն ձեռք կբերեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 28-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում ծրագրի մանրամասները ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը:

«Նախագծից օգտվելու համար անհրաժեշտ է  թվով 80 սահմանամերձ բնակավայրից գոնե մեկում հողատարածք ձեռք բերել, որտեղ կկարողանան կառուցել իրենց տունը: Հողատարածքը սեփականության իրավունքով պետք է իրենց պատկանի, այնուհետև պետք է սկսեն նախագծման աշխատանքները, որի ավարտից հետո համայնքից պետք է ստանան շինարարության թույլտվություն: Նախատեսված պայմանները բավարարելու դեպքում շահառուն հիփոթեքային վարկավորման գործընթաց սկսելու համար պետք է դիմի նախընտրելի բանկ կամ վարկային կազմակերպություն՝ «Կոնվերս բանկ», «Էվոկաբանկ», «Ակբա բանկ», «Յունիբանկ», «Ֆինկա» ունիվերսալ վարկային կազմակերպություն: Հաստատվելու դեպքում գումարի աջակցությունը կտրամադրվի փուլային եղանակով»,- ասաց Խաչատրյանը:

Նախարարի տեղակալը նշեց, որ աջակցության չափը կազմում է 16 մլն դրամ, որի շրջանակում  շահառուները կարող են նախագծել իրենց  նախընտրելի սեփական տունը: Եթե անհրաժեշտ գումարը 16 միլիոն դրամից ավելի է, քաղաքացին պետք է հավելյալ գումարը տրամադրի, այն կարող է ձեռք բերվել նաև հավելյալ վարկավորման միջոցով:

Ըստ նրա՝ աջակցությունը տրամադրվում է հիփոթեքային վարկի մայր գումարի՝ 16 մլն դրամի և դրա գծով մինչև 13% տոկոսադրույքի չափով մարման համար:  Գործընթացը մեկնարկել է ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսներից, և այս պահի դրությամբ հաստատվել է ավելի քան 200 հայտ:

Գումարը կարող է տրամադրվել նաև կիսակառույց այն շինությունների համար, որոնք չունեն ավատական ակտ: Աջակցությունը կարող է ուղղվել նաև տան վերանորոգմանը: Կառուցվող բնակելի տունը գրավի առարկա է հիփոթեքի ողջ ժամանակահատվածի ընթացքում, գույքի օտարումը կարող է տեղի ունենալ վարկն ամբողջությամբ մարելու դեպքում:

 

f