Step1.am-ի զրուցակիցն է Գերմանիայի «Հայ ակադեմիականների միության» նախագահ, պատմաբան Ազատ Օրդուխանյանը։
–Պարո՛ն Օրդուխանյան, Արցախի հարցը փակվա՞ծ է, Արցախը հայկական պահելու ի՞նչ հնարավորություններ եք տեսնում։
-Արցախը եղել է Հայաստանի Հանրապետության մաս։ Աստված չանի, եթե Արցախի Հանրապետությունը ճանաչվեր միջազգայնորեն, դա մեզ համար կդառնար Հյուսիսային եւ Հարավային Կորեա։ Պատմությունը ցույց է տալիս, որ բոլոր բաժանված ժողովուրդները թշնամացել են իրար հետ։ Արդեն իսկ թշնամանքի նշանները կան՝ արցախցի-հայաստանցի տարբերությունը։ Մի փոքր ժողովուրդը չի կարող երկու պետություն թույլ տալ իրեն։ Կիպրոսի մեր ընկերները՝ պատգամավորները մեզ տասնյակ տարիներ ասում են՝ մեր սխալը մի կրկնեք։ Կիպրոսն էլ առանձին պետություն սարքեցին, թուրքերը եկան գրավեցին։ Եթե Կիպրոսը լիներ Հունաստանի մաս, թուրքերը 1970-ական թվականներին չէին համարձակվի հարձակվել Հունաստանի վրա։ Կիպրոսի պատգամավորներն ասում են՝ դուք մեր եղբայրներն եք, մի կրկնեք մեր սխալները։
Ցավոք սրտի, Արցախը ժամանակավորապես գերության մեջ է այսօր, բայց Արցախի հայկական լինելու բոլոր հնարավորությունները կան։ Մեզ մի բան է պակասում՝ ազգային իշխանություն։ Ազգային բոլոր ռեսուրսներն առկա են՝ եւ ֆինանսական, եւ իրավական, եւ տնտեսական, եւ դիվանագիտական, եւ ռազմական։ Մի բան է պակասում՝ Հայաստանի իշխանությունները պետք է խելքները գլուխները հավաքեն, հեռանան, եւ Արցախը դառնա Հայաստանի մարզերից մեկը։ Մենք 5-6 հազար տարի մեր հողում մնացել ենք եւ մնալու ենք, ունենք դրա բոլոր իրավունքները։
–Այսինքն՝ հնարավորության տեսնո՞ւմ եք, որ այսօր կարող է կյանքի կոչվել 1989 թվականի Հայաստանի ու Արցախի վերամիավորման որոշումը։
-Այո՛, Արցախը կարող է միայն դառնալ Հայաստանի մարզերից մեկը, եւ Շարժումն այդ նպատակով էլ ստեղծվել էր։ Եթե ԿԳԲ-ին հաջողվեց մեզ շեղել ու տանել ճանաչման ուղիով, ՀՀՇ-ն գնաց այդ ճանապարհով, դա նշանակում էր բաժան-բաժան անել ազգը, որպեսզի չմիավորվենք։
–Հայաստանի իշխանությունը «փակել» է Արցախի հարցը՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս։ Սա օրինակա՞ն գործընթաց է, եւ ի՞նչ է հնարավոր անել այս դեպքում։
-Ես կրկնում եմ՝ մենք ունենք բոլոր ռեսուրսները։ Ստեղծված իրավիճակում պետք է ժամ առաջ հրաժարվենք այս իշխանություններից, ապստամբության միջոցով փոխենք իշխանություններին, եւ խնդիրները կլուծվեն։ Մեր խնդիրը մեր իշխանություններն են, ուրիշ խնդիր չունենք։ Ադրբեջանը շատ փոքր է, որ այս հարցն այդպես լուծի, կամ սա Հայաստանի իշխանությունների հոր բոստանը չէ, որ իրենք նման որոշում կայացնեն։ Հայ ազգը նրանց նման լիազորություն չի տվել։ Արցախը միայն Հայաստանի Հանրապետության իշխանությունների լուծման հարցը չէ, դա ամբողջ հայ ժողովրդի հարցն է։ Հայ ժողովրդի ընդհանուր որոշմամբ պետք է հարցը լուծվի, կան տարբեր ճանապարհներ՝ հանրաքվե եւ այլն։ Արցախը ժամանակավոր գերության մեջ է, ինչպես Վանը, Սասունը, Մուշը, Էրզրումը։
– Դուք ասում եք՝ սա հայ ժողովրդի հարցն է, իսկ ինչ քայլեր է անում Սփյուռքը Արցախի հարցով, Արցախի հարցը Սփյուռքի օրակարգո՞ւմ է։
-Սփյուռքի՝ գոնե մեր այստեղի շրջանակների համար Արցախը ժամանակավոր գերության մեջ է, եւ ուշ թե շուտ վերադառնալու ենք Կուր-Արաքսյան սահման։ Ես կարծում եմ՝ Սփյուռքն այսօր կրկնակի ջանքեր է գործադրում Արցախի համար, քան երկու տարի առաջ էր։ Ամենատարբեր ծրագրերով Արցախի կողքին են. մի տեղ միջոցառումներ են կազմակերպում, գումար են հավաքում՝ Արցախի բռնի տեղահանված ժողովրդին օգնելու, մի տեղ դիվանագիտական աշխատանք է տարվում, մի տեղ ցույցեր են արվում։ Եվ գնալով աշխարհում պրոհայկական դիրքերն ուժեղանում են։ Եվ մեզ մնում է լուծել ընդամենը մեկ հարց՝ օր առաջ ազատվել այս իշխանավորներից, այս ապազգային մարդկանցից։ Եթե ազգի ընտրյալներ գան իշխանության, հարցը շատ արագ կլուծվի։ Ես առավել քան համոզված եմ դրանում, որովհետեւ մեր ազգը բոլոր ռեսուրսներն ունեն։
–Դուք խոսում եք աշխարհում առկա պրոհայկական դիրքորոշման մասին, բայց իշխանությունները հայտարարում են, թե միջազգային հանրությունը Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Արդյոք դա այդպե՞ս է։
-Իշխանությունը ստում է, Նիկոլ Փաշինյանը իր հանրահայտ ուսուցչի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի, այդ միջազգային մանիպուլյատորի աշակերտն է։ Դա է սովորել այդ մարդը, ուրիշ ի՞նչ պետք է ասի։ Միջազգային հանրությունն այդպես չի համարում։ Եթե Հայաստանի իշխանությունը գալիս այդպես է ասում, Եվրոպան կարող է կրկնել։ Վաղը գան ուրիշ բան ասեն, ուրիշ բան կկրկնեն։ Եթե հայերը չեն ուզում դա, գերմանացին իր երեխային մասնագետ չի սարքի ու չի ասի՝ գնա Արցախի հարցով օգնիր։ Եթե ՀՀ իշխանություններն ուրիշ օրակարգով գան այստեղ, ուրիշ հարցեր կքննարկվեն սեղանի շուրջ։ Եթե գալիս ասում են՝ մենք հրաժարվում ենք Արցախից, այս մարդիկ ի՞նչ պետք է անեն։ Առանց այն էլ Եվրոպան ավելի շատ է այսօր անում, քան պետք է աներ։