Հնարավոր է՝ Բաքվում քաղբանտարկյալները ցուցմունք են տալիս խոշտանգումների ներքո

  • 12:11 30.11.2023

«Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսի ժամանակ փաստաբան Սիրանուշ Սահակյանը ներկայացրել է տվյալներ հայ ռազմագերիների մասին։

Նրա խոսքով՝ Ադրբեջանում պահվում են 6 քաղաքացիական անձինք, 41 ռազմագերիներ և 8 նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք համարվում են քաղբանտարկյալներ՝ ընդհանուր առմամբ 55 մարդ։

Սակայն, ըստ փաստաբանի, սրանք պաշտոնական թվեր են։ Կա մոտ 80 գերեվարված անձ, որոնց նկատմամբ ոչ մի գործողություն չի իրականացվում։ Պաշտոնապես ճանաչվածների պաշտպանվածության մակարդակն ավելի բարձր է, իսկ երկրորդ խմբի համար՝ 2021 թվականի գարնանից սկսած, չի եղել մի դեպք, որ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարի 44-օրյա պատերազմի ընթացքում գերեվարվածների թիվը, ասաց Սահակյանը։ Այս մասին հայտնում է Step1.am-ի թղթակիցը։

Խոսելով կալանավորների նկատմամբ խոշտանգումների հավանականության մասին՝ Սիրանուշ Սահակյանն ասաց, որ այս ամբողջ ընթացքում բանտարկյալները հնարավորություն չեն ունեցել հանդիպել խոշտանգումների դեմ պայքարող անկախ մարմինների հետ։ «Նույնիսկ բարձրաստիճան բանտարկյալների դեպքում մենք միայն 2-3 շաբաթ հետո տեղեկություն ենք ստացել առաջին այցելության մասին, ինչը մարդու իրավունքների կոպիտ խախտում է։ Որովհետև խոշտանգումները կանխելու համար անհրաժեշտ է անհապաղ մուտք ապահովել, առավելագույնը մեկ շաբաթ: Չկա նաև անկախ իրավապաշտպանների աշխատելու հնարավորություն, որոնք նույնպես կարող են դեր խաղալ խոշտանգումների կանխարգելման գործում»,- նշեց նա։

Բոլոր նրանք, ովքեր վերադարձել են գերությունից, վկայել են վատ վերաբերմունքի և խոշտանգումների մասին, և այս տվյալների հիման վրա մենք եզրակացնում ենք, որ Ադրբեջանում խոշտանգումները կանխելու մեխանիզմներ չկան, և միջազգային վերահսկողության բացակայության դեպքում գերության մեջ գտնվող մարդիկ կարող են ենթարկվել ինչպես խոշտանգումների, այնպես էլ անմարդկային վերաբերմունքի»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական լրատվամիջոցները որոշ տվյալներ էին հրապարակել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ ենթադրյալ հարցազրույցի մասին։ Կասկածներ կան, որ նա հայտարարություններն արել է խոշտանգումների տակ։