Analyticon. Հայաստանը` պարադոքսների էպիկենտրոնում

  • 17:47 30.11.2023

Analyticon

ՀՀ արտաքին-քաղաքական վեկտորի փոփոխության մասին խոսում են արդեն գրեթե բոլորը ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Շատերը սա մատնանշում են որպես կայացած փաստ, որոշները կասկածում են անգամ սրա հնարավորության վրա։ Բայց մինչ արտաքին-քաղաքական փոփոխությունների մասին կանխատեսումներ անելն անհրաժեշտ է արձանագրել առկա որոշ մեծություններ։

Հայաստանում բնակչության բացարձակ մեծամասնությունը և քաղաքական էլիտան իրավամբ համարում են, որ Ռուսաստանը դավաճանել է Հայաստանին և հայ ժողովրդին թե՛ 2021, 2022, 2023 թվականներին  ՀՀ-ի վրա կատարված հարձակումներին չարձագանքելով և թե՛ Արցախի էթնիկ զտման լուռ վկան դառնալով, չնայած նրան, որ Արցախը (ավելի ճիշտ՝ այն, ինչ մնացել էր Արցախից) գտնվում էր ռուս խաղաղապահների մանդատի ներքո։ Հիշեցնեմ, որ արցախահայերը վերադարձել էին Արցախ 2020 թվականի պատերազմից հետո՝ բացառապես վստահելով ռուս խաղաղապահների տված անվտանգային երաշխիքներին։ Ավելին՝ այլևս կա հստակ ընկալում, որ Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական շահերը չեն համընկնում ո՛չ կարճաժամկետ (Ռուսաստանի համար Ադրբեջանը և Թուրքիան ակնհայտորեն ավելի կարևոր գործընկերներ են այս պահին) և ո՛չ էլ երկարաժամկետ հարցերում (Ռուսաստանին շահեկան չեն խաղաղությունը Հարավային Կովկասում և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը հարևան Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, մինչդեռ Հայաստանի համար դրանք կենսական անհրաժեշտություն են)։

Այս իրավիճակը հատկապես ցցուն է դառնում Հայաստանի նկատմամբ արևմտյան պետությունների աջակցության աճի ֆոնին։ Արևմտյան մի շարք պետություններ, որոնք ֆորմալ առումով չեն հանդիսանում ՀՀ դաշնակիցները և չունեն պարտավորություններ ՀՀ առջև, այս պահի դրությամբ բավականին շոշափելի ֆինանսական, տնտեսական, քաղաքական և ռազմաքաղաքական աջակցություն են ցուցաբերում Հայաստանին։ ԱՄՆ-ն և ԵՄ-երկրները տասնյակ միլիոնավոր դոլարների չափով գումարներ են հատկացնում Հայաստանին, Ֆրանսիան ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր է կնքում Հայաստանի հետ, ԱՄՆ-ն Հայաստանի տարածքում հայ-ամերիկյան զորավարժություններ է անցկացնում, քննարկվում է էներգետիկայի հարցում համագործակցությունը, ավելացվում են Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կարողությունները, ԱՄՆ-ԵՄ երկխոսության համատեքստում քննարկվում են ՀՀ եվրա-ատլանտյան ինտեգրման հնարավորությունները և այլլն։

Իրավիճակի միայն կեսն է այն, որ Հայաստանի և Ռուսաստանի շահերը չեն համընկնում, և հայ-ռուսական հարաբերությունները լարվում են, իսկ խնդրի մյուս կեսը նրանում է, որ Ռուսաստանը, հենվելով ռուս-ադրբեջանական և ռուս-թուրքական շահակցությունների վրա, դարձել է Ադրբեջանի շահերի պաշտպաններից մեկը։ Միայն այս շաբաթ տարբեր ռուսական գերատեսչություններ՝ ԱԳՆ-ն, Կրեմլը մեղադրել են Արևմուտքին Հարավային Կովկասում միակողմանիության ու Ադրբեջանի դեմ չհիմնավորված լարում ունենալու մեջ։ Մյուս կողմից, ԱՄՆ Պետդեպից հնչում են հայտարարություններ, որ ԱՄՆ-ն դադարեցրել է Ադրբեջանի հետ բոլոր հարթակներում և բոլոր ոլորտներում փոխգործակցությունը՝ բացի ՀՀ հետ խաղաղություն կնքելու հարցից, և որ մինչև դա տեղի չունենա՝ հարաբերությունները չեն լինելու նախկինի պես։ Նմանատիպ հայտարարություններ կան նաև առանձին եվրոպական երկրներից և ԵՄ առանձին կառույցներից։

Այսպիսով, գետնի վրա առկա իրավիճակը բավականին պարադոքսալ է բոլոր առումներով։ Հայաստանի ֆորմալ դաշնակիցները քաղաքականապես, տնտեսապես, արժեբանորեն շատ ավելի մոտ են Հայաստանի հակառակորդների հետ ու ՀՀ համար բոլոր կարևոր հարցերում զբաղեցնում են կա՛մ տարակուսելի, կա՛մ բացահայտ թշնամական դիրք։ Միևնույն ժամանակ, Հայաստանը ստանում է էական աջակցություն իր դաշնակիիցը չհանդիսացող Արևմուտքից, իսկ Ադրբեջանն այդտեղ ստանում է հակազդեցություն։ Պարադոքսն, ըստ էության, կայանում է նրանում որ ֆորմալ դաշնակցությունները ոչ միայն չեն աշխատում, այլև աշխատում են հակառակ տրամաբանություններում։

Եվ, ուրեմն, տրամաբանական է դառնում ՀՀ արտաքին քաղաքականության շրջադարձ ակնկալելը։ Սա, որ ուղեկցվում է մեր տարածաշրջանում առկա աննախադեպ արևմտյան ակտիվությամբ, Վրաստանի՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալով, ՀՀ-Ադրբեջան կարգավորման տեսլականով, դառնում է ՀՀ արտաքին քաղաքականության առավել ճիշտ ուղղությունը։ Մարտավարական հարց է դառնում, ըստ էության, այդ փոփոխության կոնցեպտուալ համատեքստը՝ դա եվրատլանտյան ինտեգրու՞մն է, թե՞ ոչ բլոկայնությունը. հարց, որին պետք էր պատասխանել դեռ երեկ։

Սակայն, ինչպես հաճախ է լինում կյանքում, ամեն բան այդքան պարզ չէ։ Նախ՝ արձանագրենք, որ մինչ այս պահը որևէ հստակ գործողություն, որը կարելի կլիներ կոչել Հայաստանում Ռուսաստանի ազդեցության նվազեցման քաղաքականություն, չի նկատվել։ Իսկ առանց այդպիսի քայլերի ավելորդ է խոսել շրջադարձերի կամ փոփոխությունների մասին։ Ռուսական ալիքները շարունակում են հանրային մուլտիպլեքսում իրենց եթերը, ռուս սահմանապահները շարունակում են իրենց աշխատանքն անգամ Զվարթնոց օդանավակայանում, հայ-իրանական, հայ-թուրքական ու տեղ-տեղ հայ-ադրբեջանական սահմանին, հայ-ռուսական առևտրաշրջանառությունն աճում է, Ռուսաստանի դերը ՀՀ տնտեսության մեջ աճում է, Հայաստանի արտահանումը դեպի Ռուսաստան ու, հետևաբար, Հայաստանի կախվածությունն աճում է, ռուսական ռազմաբազան գտնվում է ՀՀ տարածքում և այլն, և այլն։ Այսինքն, չկա ոչ միայն այդ ազդեցության նվազեցում, այլև հակառակը՝ կա դրա աճ։ Սա անտրամաբանական է բեկման նպատակի առկայության դեպքում։ Ցանկացած արտաքին-քաղաքական բեկման կամ անգամ փոփոխության հաջողության գրավականը նախապես կատարված տնային աշխատանքն է։ Մինչդեռ, ինչպես երևում է, սպասարկող տնային աշխատանքը մի շարք ոլորտներում կա՛մ իսպառ բացակայում է, կա՛մ արվում է չափազանց թերի։

Եվ այստեղ է երևան գալիս երկրորդ պարադոքսը։ Եթե Երևանը որոշել է գնալ բեկումների, ապա ինչու՞ մենք չենք տեսնում հստակ քաղաքական կամք, ահռելի քաղաքական էներգիա՝ այդ փոփոխությունները սպասարկելու համար։ Ինչու՞ են իրականացվում ՀԱՊԿ բոյկոտները, եթե երկիրը չի պատրաստվում ՀԱՊԿ-ից դուրս գալուն։ Պետք է հասկանալ՝ սա քաղաքական կամքի, էներգիայի ու կարողությունների պակա՞ս է, թե՞ չար միտում, որն, ի վերջո, Հայաստանն էլ ավելի մեծ կախվածության մեջ է գցելու Ռուսաստանից։

Ամեն դեպքում՝ քաղաքականության մեջ պարադոքսները, որպես կանոն, երկար չեն տևում, և ամեն բան վերադառնում է ի շրջանս յուր։ Հարցը միայն նրանում է, թե որն է այս ամենի մեջ լինելու ՀՀ-ի դերը, ու դա հարց է առաջին հերթին ՀՀ իշխող ուժին ու անձամբ վարչապետին։

 

Արեգ ՔՈՉԻՆՅԱՆ
Քաղաքագետ
Երևան

f