1920թ. նոյեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետությունում հաստատվում են խորհրդային կարգեր: Ի նշան Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման, Խորհրդային Ադրբեջանի հեղափոխական կոմիտեի նախագահ Նարիման Նարիմանովը շնորհավորական ուղերձ է հղել, որտեղ հայտնել է, որ նոյեմբերի 30-ին Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Հեղկոմն ընդունել է որոշում, ըստ որի «Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վեճերը հայտարարվում են վերացված: Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը համարվում են Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության մասը»:
Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի վերոնշյալ որոշումը, ստորագրված Հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովի և արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Միրզա Հուսեյնովի կողմից, 1920թ. դեկտեմբերի 7-ին տպագրվել է Երևանում լույս տեսնող «Կոմունիստ» թերթի 2-րդ համարում հայերեն թարգմանությամբ:
Ահա թերթի բնօրինակ էջի համապատասխան հատվածի լուսապատճենը.
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման առթիվ 1920թ. դեկտեմբերի 1-ին Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովը հրապարակել է նաև հռչակագիր, որտեղ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որոշակիորեն խմբագրել է Ադրբեջանի Հեղկոմի ընդամենը մեկ օր առաջ՝ 1920թ. նոյեմբերի 30-ին ընդունած որոշումը:
Հռչակագրում Նարիմանովը, մասնավորապես, հայտարարել է, որ «…Զանգեզուրի և Նախիջևանի գավառները հանդիսանում են Խորհրդային Հայաստանի անբաժանելի մասը, իսկ Լեռնային Ղարաբաղի աշխատավոր գյուղացիությանը տրվում է ինքնորոշման լիարժեք իրավունք…»:
Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 2-ին, հռչակագիրը տպագրվել է Բաքվում լույս տեսնող ռուսալեզու «Կոմունիստ» թերթի 178-րդ համարում: Ահա թերթի բնօրինակ էջի համապատասխան հատվածի լուսապատճենը.
Հիմք ընդունելով Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի նախագահի 1920թ. դեկտեմբերի 1-ի հռչակագիրը և Հայաստանի ու Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունների կառավարությունների միջև ձեռք բերված համաձայնությունը՝ Խորհրդային Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանը 1921թ. հունիսի 12-ին ստորագրել է դեկրետ, որով հայտնել է, որ «Ադրբէջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութեան Յեղկոմի դեկլարացիայի և Հայաստանի ու Ադրբէջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութիւնների կառավարութիւնների մէջ եղած համաձայնութեան հիման վրայ, յայտարարվում է, որ Լեռնային Ղարաբաղն այժմեանից կազմում է Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութեան անբաժան մասը:»:
Դեկրետը հրապարակվել է Երևանում լույս տեսնող «Խորհրդային Հայաստան» թերթի 1921թ. հունիսի 19-ի համարում: Ահա «Խորհրդային Հայաստան» թերթի բնօրինակ էջի համապատասխան հատվածի լուսապատճենը.
Նույն թվականի հունիսի 22-ին փաստաթուղթը տպագրվել է նաև Բաքվում լույս տեսնող «Бакинский рабочий» ռուսալեզու թերթում: Ահա այն.
Եվ այսպես, երկու ինքնիշխան պետություններ՝ Խորհրդային Հայաստանը և Խորհրդային Ադրբեջանը, վեճ ունեին կոնկրետ տարածքի հետ կապված: Վեճը լուծելու նպատակով տվյալ երկրների իշխանությամբ օժտված մարմիններն իրենց իրավասության սահմաններում վեճի առարկայի վերաբերյալ ընդունել են իրավական ակտեր, որոնք հրապարակվել են ժամանակի պաշտոնական մամուլում: Արդյունքում կարգավորվել է 1918թ. սեպտեմբերին ծագած ադրբեջանաարցախյան հակամարտությունը:
Այսպիսով, 103 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1920թ. նոյեմբերի 30-ին, Խորհրդային Ադրբեջանը Լեռնային Արցախը, Նախիջևանը և Զանգեզուրը ճանաչել է որպես Հայաստանի մաս:
ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: