103 տարի առաջ Բաքուն ճանաչել է Արցախը որպես Հայաստանի մաս

Lragir

1920թ. նոյեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետությունում հաստատվում են խորհրդային կարգեր: Ի նշան Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման, Խորհրդային Ադրբեջանի հեղափոխական կոմիտեի նախագահ Նարիման Նարիմանովը շնորհավորական ուղերձ է հղել, որտեղ հայտնել է, որ նոյեմբերի 30-ին Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Հեղկոմն ընդունել է որոշում, ըստ որի «Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վեճերը հայտարարվում են վերացված: Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը համարվում են Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության մասը»:

Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի վերոնշյալ որոշումը, ստորագրված Հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովի և արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Միրզա Հուսեյնովի կողմից, 1920թ. դեկտեմբերի 7-ին տպագրվել է Երևանում լույս տեսնող «Կոմունիստ» թերթի 2-րդ համարում հայերեն թարգմանությամբ:

Ահա թերթի բնօրինակ էջի համապատասխան հատվածի լուսապատճենը.

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման առթիվ 1920թ. դեկտեմբերի 1-ին Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովը հրապարակել է նաև հռչակագիր, որտեղ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որոշակիորեն խմբագրել է Ադրբեջանի Հեղկոմի ընդամենը մեկ օր առաջ՝ 1920թ. նոյեմբերի 30-ին ընդունած որոշումը:

Հռչակագրում Նարիմանովը, մասնավորապես, հայտարարել է, որ «…Զանգեզուրի և Նախիջևանի գավառները հանդիսանում են Խորհրդային Հայաստանի անբաժանելի մասը, իսկ Լեռնային Ղարաբաղի աշխատավոր գյուղացիությանը տրվում է ինքնորոշման լիարժեք իրավունք…»:

Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 2-ին, հռչակագիրը տպագրվել է Բաքվում լույս տեսնող ռուսալեզու «Կոմունիստ» թերթի 178-րդ համարում: Ահա թերթի բնօրինակ էջի համապատասխան հատվածի լուսապատճենը.

Հիմք ընդունելով Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի նախագահի 1920թ. դեկտեմբերի 1-ի հռչակագիրը և Հայաստանի ու Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունների կառավարությունների միջև ձեռք բերված համաձայնությունը՝ Խորհրդային Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանը 1921թ. հունիսի 12-ին ստորագրել է դեկրետ, որով հայտնել է, որ «Ադրբէջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութեան Յեղկոմի դեկլարացիայի և Հայաստանի ու Ադրբէջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութիւնների կառավարութիւնների մէջ եղած համաձայնութեան հիման վրայ, յայտարարվում է, որ Լեռնային Ղարաբաղն այժմեանից կազմում է Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութեան անբաժան մասը:»:

Դեկրետը հրապարակվել է Երևանում լույս տեսնող «Խորհրդային Հայաստան» թերթի 1921թ. հունիսի 19-ի համարում:  Ահա «Խորհրդային Հայաստան» թերթի բնօրինակ էջի համապատասխան հատվածի լուսապատճենը.

Նույն թվականի հունիսի 22-ին փաստաթուղթը տպագրվել է նաև Բաքվում լույս տեսնող «Бакинский рабочий» ռուսալեզու թերթում: Ահա այն.

Եվ այսպես, երկու ինքնիշխան պետություններ՝ Խորհրդային Հայաստանը և Խորհրդային Ադրբեջանը, վեճ ունեին կոնկրետ տարածքի հետ կապված: Վեճը լուծելու նպատակով տվյալ երկրների իշխանությամբ օժտված մարմիններն իրենց իրավասության սահմաններում վեճի առարկայի վերաբերյալ ընդունել են իրավական ակտեր, որոնք հրապարակվել են ժամանակի պաշտոնական մամուլում: Արդյունքում կարգավորվել է 1918թ. սեպտեմբերին ծագած ադրբեջանաարցախյան հակամարտությունը:

Այսպիսով, 103 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1920թ. նոյեմբերի 30-ին, Խորհրդային Ադրբեջանը Լեռնային Արցախը, Նախիջևանը և Զանգեզուրը ճանաչել է որպես Հայաստանի մաս:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ

Անմոռուկների փունջ. անմոռանալի Մեյդան

Կխոսենք Արցախի Պատարա գյուղի վերևում գտնվող «Մեյդան» բարձր լեռնային սարահարթի մասին։

Յուրաքանչյուր ոք, ով երբևէ եղել է այնտեղ, կհիշի այս անմոռանալի դրախտը ամբողջ կյանքում:

Պատարայից դեպի սարահարթ տանող ճանապարհը սկզբում անցնում է անտառի միջով լեռնային Պատարա գետի երկայնքով, ապա սկսվում է ոլորապտույտ ճանապարհ դեպի լեռը, և կրկին խիտ անտառի միջով՝ խորը կիրճերի երկայնքով։

Բնության անհավանական գեղեցկությունը, լեռնային սուր օդը, աղբյուրների խշշոցն ու վայրի ձիերի երամակները հիացնում են զբոսաշրջիկներին։ Իսկ ինչ-որ մեկին կարող է բախտ վիճակվել հանդիպել եղջերուի կամ սկյուռի։

Հովտից անծայրածիր հորիզոն է բացվում. այնտեղից երեւում են Արցախի բոլոր լեռնային համակարգերը՝ Կուսանանց սարից մինչեւ Մրով լեռը, երեւում է անգամ Մեծ Կովկասը։ Բարձրավանդակը գտնվում է ծովի մակարդակից մոտ 2200 մ բարձրության վրա։

Երբ Պատարա գետի կիրճից բարձրանում ենք սարահարթ, նկատում ենք գոտիների փոփոխություն՝ անտառից թփուտ, թփերից դեպի ալպյան մարգագետիններ: Ինքնին սարահարթի վրա ալպյան մարգագետինները ծաղկում են ապրիլից սեպտեմբեր:

Բուսական աշխարհն աներևակայելի գեղեցիկ է, ծաղիկները միշտ տարբեր են։ Գարնանը ծաղկում են ձնծաղիկները, հակինթները, գարնանածաղիկները, մանուշակները… Ամռանը՝ մարգարիտները, խատուտիկները, եղեսպակը… Աշնանը ամբողջ հովիտը ծածկված է կապույտ կրոկուսներով։

Բայց մեր վերջին այցելության ժամանակ այնտեղ ծաղկում էին կապույտ անմոռուկներ, ասես ձորը, հրաժեշտ տալով, անմոռուկներ էր նվիրում, որ մենք երբեք չմոռանանք նրա մասին։

Արցախի խորհրդարանի նիստ. ի՞նչ կասեն պատգամավորները հանրաքվեի և Սահմանադրության մասին

Անցած երեքշաբթի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստը չկայացավ։ Պատճառները չեն բացահայտվում։ Սակայն, ինչպես վստահեցրեց մեր աղբյուրը, Արցախի խորհրդարանի պատգամավորները դեռևս մտադիր են նիստ հրավիրել մինչև դեկտեմբերի 9-ը։
Թե ինչ է քննարկվելու նիստի ժամանակ, դարձյալ չի բացահայտվում։ Բայց պետք է հաշվի առնել, որ դեկտեմբերի 10-ը Արցախի Անկախության հանրաքվեի օրն է և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության օրը։
Հույս կա, որ ԼՂՀ անկախության հանրաքվեի օրը Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հանդես կգա կարևոր հայտարարությամբ, իր վերաբերմունքը կարտահայտի վերջին իրադարձություններին և քաղաքական գնահատական ​​կտա հիմնադիր փաստաթղթերին ու դրանց ապագային։ 

Վերականգնողական կենտրոնում ընկերուհու հետ դուետ էին կատարում

Մանուշակ Մելքումյանը ծնվել և մեծացել է Ստեփանակերտում։ Մանկության տարիներին նրա մոտ ախտորոշվել է ուղեղային կաթված։ Այդ պահից սկսած նրա կյանքում մեծ դժվարությունների շրջան է սկսվել։ Այնուամենայնիվ, նա երբեք չի հուսահատվել և միշտ առաջ էր ձգտել:

Սովորել է Ստեփանակերտի թիվ 2 դպրոցում։ Այնուհետև ավարտել է հաշվապահական դասընթացները։ Տարին մեկ անգամ նա վերականգնողական փուլ էր անցնում Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնում, որը դարձավ նրա երկրորդ տունը։ Նա ընկերացավ հիվանդների և անձնակազմի հետ: Նա կենտրոն էր հաճախում 10 տարի։

Երբ նա առաջին անգամ եկավ այնտեղ, գործնականում չէր կարող քայլել, բայց նրա վճռականության և կենտրոնի մասնագետների հսկայական աշխատանքի շնորհիվ բուժումը դրական արդյունքներ տվեց թե՛ ֆիզիկապես, թե՛ բարոյական:

Այստեղ նա հաճախել է տարբեր ակումբներ, ինչպես նաև երաժշտության դասերի, որտեղ բացահայտել է իր տաղանդը և սկսել է հետաքրքրվել երաժշտությամբ։ «Երաժշտությունն իմ տարերքն է, այն ինձ ուղեկցում է կյանքի և՛ տխուր, և՛ ուրախ պահերին»,- ասում է Մանուշակը։

Կենտրոնը հաճախ էր կազմակերպում տոնական միջոցառումներ, որոնց ժամանակ նա ընկերուհու հետ դուետ էին կատարում։ Նրանք արդեն ճանաչում էին ձեռք բերել՝ մարդիկ գնահատում էին նրանց տաղանդը։ Ի միջի այլոց, Մանուշակը մեկ անգամ չէ, որ մասնակցել է Bocce-ի մրցումներին՝ նվաճելով մրցանակներ։ Նա նաև հաճախում էր գործվածքի և խեցեգործության խմբակներ:

Շրջափակման վերջին ամիսներին տրանսպորտի բացակայության պատճառով նա չի կարողացել այցելել կենտրոն։ 9 ամիս շրջափակման մեջ ապրելուց, դժվարին ու հոգնեցուցիչ փորձություններից հետո Մանուշակն իր ընտանիքի հետ, ինչպես Արցախի ողջ բնակչությունը, տարագրվեց ու անցավ դժոխքի ճանապարհով։

«Ես կհամաձայնեի վերադառնալ նույնիսկ շրջափակված Արցախ, միայն այն հայկական լինի»,- ասում է նա։

Նրանք ունեն մեծ՝ ինը հոգանոց ընտանիք։ Այժմ բնակարան են վարձակալում Արարատի մարզի Դարակերտ գյուղում։

Արսեն Աղաջանյան

Analyticon. Հայաստանը` պարադոքսների էպիկենտրոնում

Analyticon

ՀՀ արտաքին-քաղաքական վեկտորի փոփոխության մասին խոսում են արդեն գրեթե բոլորը ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Շատերը սա մատնանշում են որպես կայացած փաստ, որոշները կասկածում են անգամ սրա հնարավորության վրա։ Բայց մինչ արտաքին-քաղաքական փոփոխությունների մասին կանխատեսումներ անելն անհրաժեշտ է արձանագրել առկա որոշ մեծություններ։

Հայաստանում բնակչության բացարձակ մեծամասնությունը և քաղաքական էլիտան իրավամբ համարում են, որ Ռուսաստանը դավաճանել է Հայաստանին և հայ ժողովրդին թե՛ 2021, 2022, 2023 թվականներին  ՀՀ-ի վրա կատարված հարձակումներին չարձագանքելով և թե՛ Արցախի էթնիկ զտման լուռ վկան դառնալով, չնայած նրան, որ Արցախը (ավելի ճիշտ՝ այն, ինչ մնացել էր Արցախից) գտնվում էր ռուս խաղաղապահների մանդատի ներքո։ Հիշեցնեմ, որ արցախահայերը վերադարձել էին Արցախ 2020 թվականի պատերազմից հետո՝ բացառապես վստահելով ռուս խաղաղապահների տված անվտանգային երաշխիքներին։ Ավելին՝ այլևս կա հստակ ընկալում, որ Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական շահերը չեն համընկնում ո՛չ կարճաժամկետ (Ռուսաստանի համար Ադրբեջանը և Թուրքիան ակնհայտորեն ավելի կարևոր գործընկերներ են այս պահին) և ո՛չ էլ երկարաժամկետ հարցերում (Ռուսաստանին շահեկան չեն խաղաղությունը Հարավային Կովկասում և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը հարևան Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, մինչդեռ Հայաստանի համար դրանք կենսական անհրաժեշտություն են)։

Այս իրավիճակը հատկապես ցցուն է դառնում Հայաստանի նկատմամբ արևմտյան պետությունների աջակցության աճի ֆոնին։ Արևմտյան մի շարք պետություններ, որոնք ֆորմալ առումով չեն հանդիսանում ՀՀ դաշնակիցները և չունեն պարտավորություններ ՀՀ առջև, այս պահի դրությամբ բավականին շոշափելի ֆինանսական, տնտեսական, քաղաքական և ռազմաքաղաքական աջակցություն են ցուցաբերում Հայաստանին։ ԱՄՆ-ն և ԵՄ-երկրները տասնյակ միլիոնավոր դոլարների չափով գումարներ են հատկացնում Հայաստանին, Ֆրանսիան ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր է կնքում Հայաստանի հետ, ԱՄՆ-ն Հայաստանի տարածքում հայ-ամերիկյան զորավարժություններ է անցկացնում, քննարկվում է էներգետիկայի հարցում համագործակցությունը, ավելացվում են Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կարողությունները, ԱՄՆ-ԵՄ երկխոսության համատեքստում քննարկվում են ՀՀ եվրա-ատլանտյան ինտեգրման հնարավորությունները և այլլն։

Իրավիճակի միայն կեսն է այն, որ Հայաստանի և Ռուսաստանի շահերը չեն համընկնում, և հայ-ռուսական հարաբերությունները լարվում են, իսկ խնդրի մյուս կեսը նրանում է, որ Ռուսաստանը, հենվելով ռուս-ադրբեջանական և ռուս-թուրքական շահակցությունների վրա, դարձել է Ադրբեջանի շահերի պաշտպաններից մեկը։ Միայն այս շաբաթ տարբեր ռուսական գերատեսչություններ՝ ԱԳՆ-ն, Կրեմլը մեղադրել են Արևմուտքին Հարավային Կովկասում միակողմանիության ու Ադրբեջանի դեմ չհիմնավորված լարում ունենալու մեջ։ Մյուս կողմից, ԱՄՆ Պետդեպից հնչում են հայտարարություններ, որ ԱՄՆ-ն դադարեցրել է Ադրբեջանի հետ բոլոր հարթակներում և բոլոր ոլորտներում փոխգործակցությունը՝ բացի ՀՀ հետ խաղաղություն կնքելու հարցից, և որ մինչև դա տեղի չունենա՝ հարաբերությունները չեն լինելու նախկինի պես։ Նմանատիպ հայտարարություններ կան նաև առանձին եվրոպական երկրներից և ԵՄ առանձին կառույցներից։

Այսպիսով, գետնի վրա առկա իրավիճակը բավականին պարադոքսալ է բոլոր առումներով։ Հայաստանի ֆորմալ դաշնակիցները քաղաքականապես, տնտեսապես, արժեբանորեն շատ ավելի մոտ են Հայաստանի հակառակորդների հետ ու ՀՀ համար բոլոր կարևոր հարցերում զբաղեցնում են կա՛մ տարակուսելի, կա՛մ բացահայտ թշնամական դիրք։ Միևնույն ժամանակ, Հայաստանը ստանում է էական աջակցություն իր դաշնակիիցը չհանդիսացող Արևմուտքից, իսկ Ադրբեջանն այդտեղ ստանում է հակազդեցություն։ Պարադոքսն, ըստ էության, կայանում է նրանում որ ֆորմալ դաշնակցությունները ոչ միայն չեն աշխատում, այլև աշխատում են հակառակ տրամաբանություններում։

Եվ, ուրեմն, տրամաբանական է դառնում ՀՀ արտաքին քաղաքականության շրջադարձ ակնկալելը։ Սա, որ ուղեկցվում է մեր տարածաշրջանում առկա աննախադեպ արևմտյան ակտիվությամբ, Վրաստանի՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալով, ՀՀ-Ադրբեջան կարգավորման տեսլականով, դառնում է ՀՀ արտաքին քաղաքականության առավել ճիշտ ուղղությունը։ Մարտավարական հարց է դառնում, ըստ էության, այդ փոփոխության կոնցեպտուալ համատեքստը՝ դա եվրատլանտյան ինտեգրու՞մն է, թե՞ ոչ բլոկայնությունը. հարց, որին պետք էր պատասխանել դեռ երեկ։

Սակայն, ինչպես հաճախ է լինում կյանքում, ամեն բան այդքան պարզ չէ։ Նախ՝ արձանագրենք, որ մինչ այս պահը որևէ հստակ գործողություն, որը կարելի կլիներ կոչել Հայաստանում Ռուսաստանի ազդեցության նվազեցման քաղաքականություն, չի նկատվել։ Իսկ առանց այդպիսի քայլերի ավելորդ է խոսել շրջադարձերի կամ փոփոխությունների մասին։ Ռուսական ալիքները շարունակում են հանրային մուլտիպլեքսում իրենց եթերը, ռուս սահմանապահները շարունակում են իրենց աշխատանքն անգամ Զվարթնոց օդանավակայանում, հայ-իրանական, հայ-թուրքական ու տեղ-տեղ հայ-ադրբեջանական սահմանին, հայ-ռուսական առևտրաշրջանառությունն աճում է, Ռուսաստանի դերը ՀՀ տնտեսության մեջ աճում է, Հայաստանի արտահանումը դեպի Ռուսաստան ու, հետևաբար, Հայաստանի կախվածությունն աճում է, ռուսական ռազմաբազան գտնվում է ՀՀ տարածքում և այլն, և այլն։ Այսինքն, չկա ոչ միայն այդ ազդեցության նվազեցում, այլև հակառակը՝ կա դրա աճ։ Սա անտրամաբանական է բեկման նպատակի առկայության դեպքում։ Ցանկացած արտաքին-քաղաքական բեկման կամ անգամ փոփոխության հաջողության գրավականը նախապես կատարված տնային աշխատանքն է։ Մինչդեռ, ինչպես երևում է, սպասարկող տնային աշխատանքը մի շարք ոլորտներում կա՛մ իսպառ բացակայում է, կա՛մ արվում է չափազանց թերի։

Եվ այստեղ է երևան գալիս երկրորդ պարադոքսը։ Եթե Երևանը որոշել է գնալ բեկումների, ապա ինչու՞ մենք չենք տեսնում հստակ քաղաքական կամք, ահռելի քաղաքական էներգիա՝ այդ փոփոխությունները սպասարկելու համար։ Ինչու՞ են իրականացվում ՀԱՊԿ բոյկոտները, եթե երկիրը չի պատրաստվում ՀԱՊԿ-ից դուրս գալուն։ Պետք է հասկանալ՝ սա քաղաքական կամքի, էներգիայի ու կարողությունների պակա՞ս է, թե՞ չար միտում, որն, ի վերջո, Հայաստանն էլ ավելի մեծ կախվածության մեջ է գցելու Ռուսաստանից։

Ամեն դեպքում՝ քաղաքականության մեջ պարադոքսները, որպես կանոն, երկար չեն տևում, և ամեն բան վերադառնում է ի շրջանս յուր։ Հարցը միայն նրանում է, թե որն է այս ամենի մեջ լինելու ՀՀ-ի դերը, ու դա հարց է առաջին հերթին ՀՀ իշխող ուժին ու անձամբ վարչապետին։

 

Արեգ ՔՈՉԻՆՅԱՆ
Քաղաքագետ
Երևան

Խզմալյան․ Այո, կբացվի Բերձորի միջանցքը։ Եվ խաղաղությունը պետք է ապահովեն միջազգային խաղաղապահները, ռուսներն այնտեղից պետք է հեռանան

Step1.am-ի զրուցակիցն է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։

-Պարո՛ն Խզմալյան, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում, միջազգային տարբեր հարթակներում, օրինակ, Եվրանեսթի խորհրդարանական վերաժողովի քաղաքական կոմիտեի նիստում, ադրբեջանիցներն իրենց ելույթներում հղում են անում Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Ստացվում է, որ իրավական որեւէ փաստարակ չկա, միայն Փաշինյանի հայտարարությունների վրա են հիմնվում նրանք։ Եթե չկա իրավական հիմք, ինչի՞ հիման վրա է Փաշինյանը հայտարարում, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։

-Ո՛չ, եվրոպական ատյաններում, պաշտոնական եւ ոչ պաշտոնական խոսակցություններում Նիկոլ Փաշինյանը նման հաստատման կամ հայտարարության աղբյուր չի հանդիսանում։ Աղբյուր է հանդիսանում այն, որ Հայաստանը 1990-ական թվականներից ի վեր հայտարարում էր, որ չունի տարածքային պահանջներ։ Եվ դրա վկայությունն է անցած 30 տարիների բանակցային գործընթացը։ Այսինքն՝ այստեղ երկու տարբեր հարցեր են։ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների ձեւաչափը պետք է որոշված լիներ Մինսկի խմբի միջոցով, եւ հենց դրա համար էր ստեղծվել Մինսկի խումբը։ Եվ դա Նիկոլ Փաշինյանի շնորհքը չէ, Փաշինյանը երեւի դեռ դպրոց էր գնում, երբ այդ խումբն ստեղծված էր։ Խնդիրն այն է, թե ինչպիսի՞ կարգավիճակ է ունենալու Արցախն Ադրբեջանի կազմում։ Այստեղ ես չեմ կարող կանխորոշել, բայց Հայաստանի Եվրոպական կուսակցության անունից ես պնդում եմ, որ այդ կարգավիճակը չի կարող լինել ավելի ցածր, քան գոնե Սովետական միությունում էր։ Այսինքն՝ հայերի ինքնավարությունը դա այն նվազագույն կարգավիճակն է, որը մենք պետք է քննարկենք։ Այս առումով ես չգիտեմ, թե ինչպիսին է Նիկոլ Փաշինյանի կամ նրա կառավարության վերաբերմունքը, քանի որ ես արդեն երկու ամսից ավելի է՝ անձամբ չեմ հանդիպել նրա հետ։ Մեր մոտեցումն այդպիսին է, այդպիսին է նաեւ ԱՄՆ Սենատի մոտեցումը, դա են փաստում վերջին լսումները, որոնք Լեռնային Ղարաբաղին էին նվիրված։ Այնտեղ սեպտեմբերի 19-ի Արցախի հայաթափումը կարմիր գիծ անվանվեց։ Եվ, ի վերջո, աշխարհի ամենաբարձր իրավաբանական ատյանը՝ Հաագայի դատարանը նույնպես մեր աչքի առաջ հայտարարել է, որ Ադրբեջանը երկու ամիս 8 շաբաթ ունի՝ ապահովելու հայերի խաղաղ եւ ապահով վերադարձն իրենց հայրենիք։ Ես անձամբ հատուկ ձեւաչափ ու բանաձեւ էի առաջարկել։

-Ինչպե՞ս եք պատկերացնում Հաագայի դատարանի որոշման կատարումը, հնարավո՞ր է Բերձորի միջանցքը բացվի։

Ես կարծում եմ, այո՛, կբացվի Բերձորի միջանցքը։ Եվ խաղաղությունը պետք է ապահովեն միջազգային խաղաղապահները, ռուսներն այնտեղից պետք է հեռանան։ Իմիջիայլոց, դա է հիմնական պատճառը, որ ռուսներն այնտեղից չեն հեռանում, իրենք չեն ուզում զիջել իրենց տեղը միջազգային խաղաղապահներին։ Եվ Ադրբեջանը դրանից օգտվում է։ Ես կարծում եմ, որ հայոց պետականության եւ համայն հայության նպատակը հիմա պետք է լինի Արցախի կարգավիճակը եւ դրա իրավական հիմքերի վերականգնումը։

Արեւմուտքը փակ չի համարում Արցախի կարգավիճակի հարցը, ճի՞շտ ենք հասկանում։

-Ո՞նց կարող է Արեւմուտքը փակ համարել այդ հարցը, Արեւմուտքի բարձրագույն իրավական ատյանը՝ Հաագայի դատարանը հակառակն է ասում։ Արցախի կարգավիճակի հարցը փակ է համարում Ռուսաստանը, դեռ 2020 թվականին Պուտինն այդ մասին հայտարարել է, փակ է համարում ՀԱՊԿ-ը․․․

Եվ նաեւ Արցախի կարգավիճակի հարցը փակ է համարում Հայաստանի իշխանությունը։ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն արդեն ոչ միայն կարգավիճակի, այլ անգամ արցախահայերի իրավունքների ու անվտանգության մասին չեն խոսում։

Ես համարում եմ, որ մենք շատ ակտիվ պետք է լինենք՝ և՛ որպես հասարակություն, և՛ որպես հասարակական կազմակերպություններ ու քաղաքական կուսակցություններ։ Ես գիտեմ, որ իմ գործընկերները տարբեր կուսակցություններում կիսում են իմ կարծիքը։ Նրանք միանշանակ համաձայն են, որ Հայաստանը պետք է գլխավոր բանախոսը լինի այդ հարցում։ Եվ մենք ոչ մի դեպքում չպետք է մեզնից վանենք Արցախը ներկայացնելու պատասխանատվությունը։ Ես նկատում եմ, որ և՛ ԱՄՆ-ն, և՛ Եվրամիությունը պատրաստ են մեզ աջակցել։

-Այսինքն՝ Հայաստանի իշխանության քաղաքական կամքի՞ց է կախված՝ այդ հարցն առաջ կմղվի, թե՞ ոչ։

-Այո՛, բայց սա միայն քաղաքական կամքի հարց չէ։ Սա նաեւ աշխարհաքաղաքական ընտրություն է։ Ես մեծ տագնապով հետեւում եմ, որ Արցախի հասարակությունը շատ անհասկանալի դիրքորոշում է պահպանում։ Եվ այն դավաճանները, որոնք ստորագրել են խայտառակ փաստաթղթերը, առ այսօր հանդգնում են ներկայացնել արցախցիներին։ Ես դա անընդունելի եմ համարում, նրանք պետք է դատվեն կամ գոնե արժանանան հասարակական մերժմանը։ Եվ արցախի պետական ինստիտուտները՝ կառավարությունում կամ վտարանդի կառավարությունում, ինչպես ես եմ առաջարկում, անպայման պետք է նշանակվեն մարդիկ, ում վստահում են արցախցիները եւ համայն հայությունը։ Նման մարդիկ կան, նրանք նախկինում զբաղեցրել են պաշտոններ Արցախում։ Գլխավոր պայմանն է, որ նրանք լինեն հայրենասեր, ազնիվ մարդիկ։ Դա պետք է անել շտապ, որքան հնարավոր է շուտ։

 

8-րդ շկոլին տակի թաղը

Անդրանիկի փողոցը գտնվում է Ստեփանակերտի կենտրոնում՝ 8-րդ դպրոցի մոտակայքում, ինչի պատճառով այն անվանում են «8-րդ շկոլին տակի թաղը»:

Թաղամասը հայտնի է նաև իր ավտոտնակներով, որի պատճառով էլ ստացել է իր երրորդ անունը՝ «գարաժների թաղ»:

Թաղամասն ունի մի քանի ճանապարհ, որից մեկը դուրս է գալիս դեպի հայտնի «Շուշվա ուգլը», 2-րդ ճանապարհը՝ դեպի Բեկորի այգու խաչմերուկը: Եվ չնայած թաղամասը հայտնի էր իր ավտոտնակներով, այնուամենայնիվ, երկար տարիներ թաղամասի ճանապարհներն անմխիթար վիճակում էին:

2020թ. ամռանը սկսվեց ճանապարհի շինարարությունը և շարունակվեց արդեն պատերազմից հետո: Հիմա թաղամասը ասֆալտապատ է, բայց այդքան երկար սպասված բարեկարգված փեղոցները վայելել չստացվեց:

Թաղամասի բնակիչները շատ հյուրասեր և մեկը մյուսի ցավով ապրող մարդիկ են, որոնք պատրաստ են նույնիսկ անծանոթ մարդկանց թեյի հրավիրել:

Թաղամասի մարդիկ առանձնակի ջերմությամբ են խոսում իրենց հարևաների, ամառվա թեյախմությունների, մինչև գիշերը փողոցում խաղացող երեխաների մասին:

Քրիստինե Ալավերդյան

Մշակվել է արցախցիներին թոշակ տրամադրելու կարգը

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց. «Որոշմամբ սահմանվում է, որ փախստական ճանաչված անձը, ում կենսաթոշակի գործն առկա է ԼՂ կենսաթոշակային բազայում, կարող է օրենքով կենսաթոշակ նշանակելու համար ներկայացնել առցանց դիմում մինչեւ 2024-ի հունիսի 1-ը:  Ընդ որում, դիմումին որեւէ փաստաթուղթ կցելու կարիք չի լինելու:

Դիմումը մինչեւ 2024-ի հունիսի 1-ը ներկայացնելու դեպքում կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում, սակայն կենսաթոշակի չափը հաշվարկվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Կենսաթոշակը նշանակվում է ոչ շուտ, քան 2023-ի հոկտեմբերի 1-ից:

Եթե անձին ԼՂ-ում կենսաթոշակ չի նշանակվել, ապա  օրենքով կենսաթոշակ նշանակելու համար սահմանված եռամսյա ժամկետը կկիրառվի 2023-ի դեկտեմբերի 11-ից, իսկ կենսաթոշակը կնշանակվի իրավունք ձեռք բերելու օրվանից, բայց ոչ շուտ, քան հոկտեմբերի 1-ից: Օրինակ, եթե անձի 63 տարին լրացել է այս տարվա սեպտեմբերին, ապա նա կարող է թոշակի համար դիմել այս տարվա դեկտեմբերի 11-ից եռամսյա ժամկետում, եւ նրան թոշակ կնշանակվի այս տարվա հոկտեմբերի 1-ից»:

Փոխնախարարը նաև հայտարարեց, որ նոր կարգավորմամբ  բռնագաղթածների համար առանձին ընթացակարգով կենսաթոշակների նշանակումը կտևի մինչև 2028  դեկտեմբերի 31-ը, և այդ ընթացքում դրանք չեն վերանայվի, այլ այդ օրվանից հետո կվերանայվեն:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ԼՂ-ում թոշակ ստացած անձինք առանց ընդհատման կստանան իրենց թոշակները. «Նրանք հոկտեմբեր-նոյեմբերի թոշակները չեն ստացել, բայց այս որոշումից հետո, նրանք կստանան և՛ հոկտեմբերի, և՛ նոյեմբերի թոշակները»:

2024 թվականի աշխատանքային օրերը կմեկնարկեն հունվարի 3-ից

Ամանորյա տոների կապակցությամբ 2024 թվականին ոչ աշխատանքային կլինեն հունվարի 1-ը և 2-ը: Հունվարի 3-ից կսկսվի աշխատանքային տարին: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին հոդվածի համաձայն՝ Ամանորի տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը՝ ներառյալ:

Հունվարի 6-ին Սուրբ Ծնունդի և Հայտնություն տոնն է, այդ օրը ևս կլինի ոչ աշխատանքային:

Պատարա․ մի չբացահայտված խաչքարի պատմություն

Մեր կյանքն իր բոլոր դրսևորումներով ու անգամ դրվագային իրադարձություններով վերջին շրջանում սկսել է բաժանվել փուլերի․ 44-օրյայից առաջ և հետո, սեպտեմբերի 19-ից առաջ և հետո։

Եվ այսպես, 44-օրյայից առաջ հերթական շրջայցով Պատարայի Դրպասուտ տարածքում էինք, որտեղ մեր աշխատակիցը մեզ տեղեկացրեց նորահայտ, համենայնդեպս պետական ցուցակների մեջ տեղ չգտած, չվկայագրված մի խաչքարի մասին։ Հայտնի պատճառներով տարածքի տեղը մանրակրկիտ չեմ նշի։

Մենք բնականաբար այցելեցինք նշված վայրը, որտեղ, այո՛, երկարավուն մի խաչքար էր հեծյալի պատկերաքանդակով ու նաև արձանագրությամբ։ Բայց այս խաչքարի մասին չէ ասելիքս։

Նշված խաչքարից մի քանի մետր հեռավորության վրա ուշադրությունս գրավեց մի բավականին մեծ կարմրավուն քար, որը ավելի շատ նման էր պոկված ժայռաբեկորի, ընդորում մոտակայքում նման մեծ քարեր շատ կային։ Ի զարմանս ինձ, այդ մեծ քարի կողքին մամռակալած, զարդանախշերը հազիվ երևացող քարի բեկոր տեսա։ Մամուռից ազատելուց պարզվեց, որ այդ քարի բեկորի գույնը հար նման է մեծ քարի գույնին, հետո տեսանք, որ մեծ քարը կոտրվածք ունի եզրամասում և բեկորը համապատասխանում է կոտրվածքին։ Շոշափելով, հասկացանք, որ մեծ քարը նույնպես զարդանախշ է և ամենայն հավանականությամբ երեսնիվայր ընկած հսկայական խաչքար։ Տղաները ինչքան փորձեցին շրջել, չստացվեց, որովհետև քարը շատ ծանր էր, ըստ նրանց՝ 600-800 կգ։ Որոշեցինք առ ժամանակ հետաձգել։ Հետո պատերազմ․․․

44-օրյայից հետո կրկին վերադարձանք մեր կիսատ գործին։ Ում ասես չդիմեցինք տեխնիկական օգնության համար, բոլորը մեծ պատրաստակամությամբ գալիս հասնում էին տեղանքը, քարի մեծությունը տեսնում, ցավով հրաժարվում․․․ Ի վերջո որոշեցինք դիմել պաշտպանության բանակի օգնությանը, խոստումը կար, պատրաստակամությունը մի առանձնակի ոգևորությամբ, բայց․․․ նախ խանգարեցին գարնանային անձրևները, հետո՝ խորացող բլոկադան։ Վառելիքի սղության պայմաններում մեր կողմից ճիշտ չէր լինի հարցին հետամուտ լինելը։

Թե ի՞նչ խաչքար է, ինչպիսի պատմական նշանակությամբ, ի՞նչ գաղտնիքներով․ այդպես էլ մնաց չբացահայտված։

Իսկ միգուցե այդպես նա փրկվեց, ի՞նչ իմանաս։

Արմինե Հայրապետյան

Հնարավոր է՝ Բաքվում քաղբանտարկյալները ցուցմունք են տալիս խոշտանգումների ներքո

«Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսի ժամանակ փաստաբան Սիրանուշ Սահակյանը ներկայացրել է տվյալներ հայ ռազմագերիների մասին։

Նրա խոսքով՝ Ադրբեջանում պահվում են 6 քաղաքացիական անձինք, 41 ռազմագերիներ և 8 նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք համարվում են քաղբանտարկյալներ՝ ընդհանուր առմամբ 55 մարդ։

Սակայն, ըստ փաստաբանի, սրանք պաշտոնական թվեր են։ Կա մոտ 80 գերեվարված անձ, որոնց նկատմամբ ոչ մի գործողություն չի իրականացվում։ Պաշտոնապես ճանաչվածների պաշտպանվածության մակարդակն ավելի բարձր է, իսկ երկրորդ խմբի համար՝ 2021 թվականի գարնանից սկսած, չի եղել մի դեպք, որ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարի 44-օրյա պատերազմի ընթացքում գերեվարվածների թիվը, ասաց Սահակյանը։ Այս մասին հայտնում է Step1.am-ի թղթակիցը։

Խոսելով կալանավորների նկատմամբ խոշտանգումների հավանականության մասին՝ Սիրանուշ Սահակյանն ասաց, որ այս ամբողջ ընթացքում բանտարկյալները հնարավորություն չեն ունեցել հանդիպել խոշտանգումների դեմ պայքարող անկախ մարմինների հետ։ «Նույնիսկ բարձրաստիճան բանտարկյալների դեպքում մենք միայն 2-3 շաբաթ հետո տեղեկություն ենք ստացել առաջին այցելության մասին, ինչը մարդու իրավունքների կոպիտ խախտում է։ Որովհետև խոշտանգումները կանխելու համար անհրաժեշտ է անհապաղ մուտք ապահովել, առավելագույնը մեկ շաբաթ: Չկա նաև անկախ իրավապաշտպանների աշխատելու հնարավորություն, որոնք նույնպես կարող են դեր խաղալ խոշտանգումների կանխարգելման գործում»,- նշեց նա։

Բոլոր նրանք, ովքեր վերադարձել են գերությունից, վկայել են վատ վերաբերմունքի և խոշտանգումների մասին, և այս տվյալների հիման վրա մենք եզրակացնում ենք, որ Ադրբեջանում խոշտանգումները կանխելու մեխանիզմներ չկան, և միջազգային վերահսկողության բացակայության դեպքում գերության մեջ գտնվող մարդիկ կարող են ենթարկվել ինչպես խոշտանգումների, այնպես էլ անմարդկային վերաբերմունքի»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական լրատվամիջոցները որոշ տվյալներ էին հրապարակել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ ենթադրյալ հարցազրույցի մասին։ Կասկածներ կան, որ նա հայտարարություններն արել է խոշտանգումների տակ։

Ռուսաստանը Ասիայից ավելի քան 100 հազար միգրանտ է «վերաբնակեցրել» օկուպացված տարածքներ. Հերթն Արցախինն է

UNIAN

Միգրանտների զանգվածային ներմուծումը օկուպացված տարածքներ արդեն իսկ հանգեցրել է էթնիկ հանցավոր խմբերի ստեղծմանը։

Ռուս զավթիչները փորձում են փոխել Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքների բնակչության ժողովրդագրական կազմը։ Թշնամին զանգվածաբար այնտեղ է բերում Կենտրոնական Ասիայից գաղթականներ։

Այս մասին հայտնում է Ազգային դիմադրության կենտրոնը։ Նշվում է, որ Ուկրաինայի օկուպացված տարածքներում նման միգրանտների ընդհանուր թիվն արդեն գերազանցել է 100 հազարը։

Ռուսաստանի կողմից «վերաբնակեցված» միջինասիացիների մեծ մասն աշխատում է շինհրապարակներում։ Հետագայում ռուսները նախատեսում են մոբիլիզացնել նրանց քաղաքացիության դիմաց։

«Միգրանտների նման զանգվածային մուտքն արդեն իսկ հրահրել է հանցավոր իրավիճակի վատթարացում և հանգեցրել էթնիկ հանցավոր խմբերի ստեղծմանը։ Կազմակերպված հանցավոր խմբերի օգնությամբ ռուսները փորձում են բարելավել իրենց չպատկանող տարածաշրջանի վերահսկողությունը»,- նշել են Ազգային դիմադրության կենտրոնից։

Հայաստանում շատերն են հարցնում, թե ով կվերաբնակեցվի Արցախում, եթե Բաքուն լիակատար վերահսկողություն ստանա արցախցիների անշարժ գույքի և սեփականության նկատմամբ։ Ռուսաստանը օրինակ է ցույց տալիս։