Արդյոք Հայաստանը ճանաչո՞ւմ է արցախցիների սեփականության իրավունքը

Փաստաբան Սիրանուշ Սահակյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ դիմումի հիման վրա Հաագայի դատարանի կողմից Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու որոշմանը։ Այդ որոշման կետերից մեկով «Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է կոնվենցիայի համաձայն իր ունեցած պարտավորությունների շրջանակներում պաշտպանել և պահպանել գրանցման ինքնության և անձնական գույքի փաստաթղթերն ու գրանցամատյանները, որոնք վերաբերում են առաջին կետում նշված անձանց, և հավուր պատշաճի ու հարգանքով վերաբերել դրանց, և հիմք ընդունել այդ փաստաթղթերն իր օրենսդրական ու վարչական պրակտիկայում»։

Հարցին, թե ի՞նչ է նշանակում որոշման այս կետը, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց․ «Սա նշանակում է, որ արխիվի վերացման ճանապարհով չպետք է սեփականության իրավունքի պաշտպանվածությունը նվազեցվի։ Եվ այստեղ Ադրբեջանը պարտավորություններ ունի։ Մյուս կողմից, հայերի սեփականությունը չպետք է տարբեր զարտուղի ճանապարհներով փոխանցվի ադրբեջանցիներին կամ այլազգի մարդկանց։ Հայերի գույքը չի կարող ոչ օրինական հիմքերով տիրապետվել այլ անձանց կողմից։ Այդ գույքի իրավատեր բացառապես կարող են լինել ու մնալ հայերը»։

Ըստ Սիրանուշ Սահակյանի՝ սա վերաբերում է այն դեպքերին, երբ տեղեկատվության կորուստ կա, քանի որ հիմնավորող փաստաթղթերը մնացել են ադրբեջանական իշխանությունների տիրապետության ներքո։ «Եվ, այո՛, նրանք պարտավոր են նման դեպքերում տեղեկատվություն տալ իրավունքների վերաբերյալ»,- հավելեց փաստաբանը։

Հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչում այդ փաստաթղթերը եւ դիմում է, որպեսզի Ադրբեջանը ճանաչի, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց․ «Այս պահին Արցախում փաստացի իշխանություն իրականացնում է Ադրբեջանը։ Եվ եթե Ադրբեջանն իր տարածքում չճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից տրամադրված փաստաթղթերը, ստացվում է, որ այդ գույքը կարող է տնօրինվել ի խախտում սեփականատերերի իրավունքի։ Հիմա դատարանը պարտավորեցնում է, որ Ադրբեջանը  ճանաչի այդ փաստաթղթերի գոյությունը եւ դրանց իրավական ուժը, ինչպես նաեւ դրանց գոյության պայմաններում ձեռնպահ մնա իրավունքները խախտելուց։ Հակառակ պարագայում, կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ Ադրբեջանը չճանաչի սեփականության իրավունքի վկայականները՝ համարելով, որ դրանք տրված են չճանաչված պետության կողմից, դրանք անօրինական են, եւ տնօրինի որպես պետական կամ համայնքային սեփականություն, կամ էլ տիրազուրկ ճանաչի։ Մինչդեռ, մենք այստեղ ունենք հստակ սեփականատերեր, որոնց իրավունքները ճանաչվում են եւ պաշտպանվում են միջազգայնորեն։ Եվ այդ ճանաչումը պետք է լինի նաեւ Ադրբեջանի իշխանությունների կողմից»։

Ինչ վերաբերում է նրան, թե Հայաստանը ճանաչո՞ւմ է այդ փաստաթղթերն ու գրանցամատյանները, փաստաբանն ասաց․ «Կարծում եմ՝ Հայաստանը ճանաչում է, այստեղ վտանգը կապված է Ադրբեջանի չճանաչման հետ։ Ես կարծում եմ՝ Հայաստանի որեւէ իշխանություն, անգամ եթե քաղաքական մակարդակում բացթողումներ է արել եւ ոչ իրավական ձեւակերպումներ է կատարել, երբեւիցե կասկածի տակ չի դրել Արցախում ապրած հայերի սեփականության իրավունքը։ Այստեղ սուվերեն հարաբերությունների առնչությամբ, այո՛, խնդիրներ կան, նաեւ քաղաքական առումով անթույլատրելի մոտեցումներ կան Հայաստանի իշխանությունների կողմից։ Բայց եթե խոսքը վերաբերում է հայերի սեփականության իրավունքին,  կարծում եմ՝ դրանք ժխտող կամ հերքող որեւէ հայտարարություն չի կատարվել»։

 

USAID-ը օգնում է արցախցիներին նոր մասնագիտություն ընտրել

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ, USAID) շարունակում է բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց: Հումանիտար աջակցությունից զատ՝ օժանդակելով նրանց աշխատանքային և ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը, Հայաստանի տնտեսական կյանքում նրանց ինտեգրմանը:

Այօր Լեռեային Ղարաբաղից տեղահանված անձանց համար իրականացված` «Ներգնա տուրօպերատորական գործունեություն» խորագրով ձնռներեցության համատեղ ծրագիրն ամփոփվել է ծրագրի մասնակիցներին վկայականների շնորհման հանդիսավոր արարողությամբ։ Այդ մասին հայտնում է Step1.am-ի թղթակիցը։ 

Մասնակիցները 27-ն էին` 27-ն էլ Արցախից բռնի տեղահանված։ Ձեռներեցության չորսշաբաթյա ինտենսիվ ծրագիրը կյանքի է կոչվել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, «Տնտեսական հիմքեր` հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի, Միասնական սոցիալական ծառայության և «Ափգրեյդ Արմենիա» նախաձեռնության համագործակցության արդյունքում:

Ծրագրի նպատակն է աջակցել Արցախից տեղահանված երիտասարդներին՝ ձեռք բերելու անհրաժեշտ գիտելիք և հմտություններ՝ Հայաստանի զբոսաշրջության ոլորտում աշխատանքի և ձեռնարկատիրական հնարավորությունների բացահայտման համար։

“Մենք ցավակցում ենք բոլոր այն մարդկաց, ովքեր բռնի տեղահանված են Լեռնային Ղարաբաղից։ Նրանց համար շատ դժվար է նոր կյանք սսկել և իհարկե մենք ուզում էինք որևէ բանով օգտակար լինել, նաև օգնել նրանց ավելի հարմար կյանքով ապրել, ապաստան գտնել և աշխատանքի հնարավորություններ ունենալ։ Մենք ունենք մի քանի ծրագիր, որոնք Հայաստանի տնտեսական ոլորտի հետ են համագործակցում և մենք ուզում էինք օգտագործել այդ տնտեսական ծրագրերը որպեսզի ներկայացնենք, թե ինչ հնարավորություններ ու ծրագրեր կան այն մարդկանց համար, ովքեր նոր են ժամանել։ Այդ ծրագրի նպատակը, որը մենք այսօր անցկացնում ենք Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց` ներկայացնելն է առկա հնարավորություննեը, որպեսզի նրանք կարողանան կողմնորոշվել, ընտրություն անել, թե որ ուղղությունից են ցանկանում օգտվել։ Ես խոսակցություններ եմ ունեցել բազմաթիվ տեղահանված անձանց հետ, տեսել եմ, թե որքան նպատակասլաց, տոկուն և ստեղծարար են նրանք և նրանք կարող են որոշել` աշխատել իրենց մասնագիտությամբ, թե ընտրել նորը”,- լրրգրողների հետ զրույցում ասաց ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալլելոն։

Արցախից տեղահանված անձանց ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը աջակցելու ուղղությամբ ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի” ծրագրի հաջորդ նախաձեռնությունը կլինի աքսելերացիոն ծրագրի մեկնարկը, որի արդյունքում մասնակիցները հնարավորություն կստանան կանքի կոչել զբոսաշրջության ոլորտում իրենց նորարարական բիզնես գաղափարները։

 

Թշնամու կրակոցի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակոցի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Է. Հ.-ն:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Այժմ արցախցիները պետք է կապ հաստատեն Բաքվի հետ ցանկացած վկայական ստանալու համար

Բաքուն ողջունել է Հաագայի դատարանի որոշումը Հայաստանի հայցի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու ՀՀ հայցի վերաբերյալ որոշումը, որն անմիջապես ողջունվեց Բաքվում։ Սա հենց այն էր, ինչ նրանք ուզում էին։

Միջանկյալ միջոցները ներառում են. «Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է ապահովել, որ այն անձինք, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո և ցանկանում են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագ»: Բայց ամենակարևորը՝ «Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է պաշտպանել և պահպանել առաջին պարբերությունում նշված անձանց հետ կապված գրանցման, նույնականացման և անձնական ունեցվածքի փաստաթղթերն ու գրանցամատյանները, և այդ փաստաթղթերն օգտագործել որպես իր օրենսդրական և վարչական պրակտիկայի հիմք»։

Ի՞նչ է նշանակում վերջին կետը: Դա նշանակում է, որ Հայաստանի խնդրանքով և Արդարադատության միջազգային դատարանի պահանջով Ադրբեջանը կսկսի իր վարչական պրակտիկայում օգտագործել Արցախի պետական ​​կառույցների կողմից տրված փաստաթղթերը։

Այսինքն՝ արցախցիների բոլոր փաստաթղթերը՝ ծննդյան, ամուսնության, մահվան, ունեցվածքի, կրթության, բիզնեսի, զինվորական ծառայության և այլն, այլեւս կգտնվեն Ադրբեջանի իրավասության ներքո։

Հիշեցնենք, որ Հայաստանը այդպես էլ օրինական չի ճանաչել ԼՂՀ կողմից տրված քաղաքացիական կացության ակտերն ու փաստաթղթերը։ Այդ մասին է վկայում Արցախի բնակիչներին որպես փախստականի ​​«ժամանակավոր պաշտպանություն» տալու կամ Արցախի 070 ծածկագրով անձնագիրը փոխելու ՀՀ կառավարության որոշումը: Փախստականի կարգավիճակ ստանալու համար արցախցիները ստորագրում են փաստաթուղթ, որը հաստատում է, որ իրենք «որևէ երկրի քաղաքացի չեն հանդիսանում»:  Թեև Հայաստանը կարող էր պարզապես ճանաչել ԼՂՀ-ի կողմից տրված փաստաթղթերը եւ օգտագործել իր սեփական պրակտիկայում։ Բայց, ըստ երեւույթին, Ալիեւի հետ այլ պայմանավորվածություն է եղել։

Այժմ Բաքուն ողջունում է դատարանի որոշումը և շուտով կհայտարարի, որ խնամքով պահպանում է արցախցիների փաստաթղթերի բոլոր գրանցամատյանները, և ցանկացած վկայականի համար արցախցիներն այժմ ստիպված կլինեն դիմել Ադրբեջանի իշխանություններին։

Դա վերաբերում է նաև սեփականության իրավունքին. այսուհետ Արցախում ունեցվածքը տնօրինելու համար ստիպված կլինեք կապ հաստատել Բաքվի հետ։

ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ «Լեռնային Ղարաբաղի բնակիչների ունեցվածքը չի կարող բռնագրավվել ուրիշի կողմից»։ Այո՜, այն չի կարող բռնագրավվել, բայց սեփականատերը նույնպես չի կարողանա տնօրինել իր ունեցվածքը՝ Հայաստանի հայցի և Միջազգային դատարանի որոշման շնորհիվ։ Թեև ով կիմանա՝ բռնագրավվե՞լ է գույքը, թե՞ ոչ, ռուս խաղաղապահները հո չեն զանգահարի նախկին տերերին ու լուր չեն հաղորդի, որ նրանց ունեցվածքն բռնագրավվել  է։

Նաիրա Հայրումյան

Կառավարությունը ամփոփել է արցախցիներին տրամադրվող օգնությունը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ընթացքում ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերը: Այդ մասին գրված է ՀՀ Կառավարության կայքում։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրել է տվյալներ կյանքի դժվար իրավիճակում հայտնված երեխաների, միայնակ տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց, բռնի տեղահանության հետևանքով, հատկապես խոցելի խմբեր համարվող կանանց, հղի կանանց, աղջիկների համար նախատեսված ծառայությունները: Ըստ այդմ՝ այս պահի դրությամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում կամ արտապատվիրակմամբ գործող տարեցների թվով վեց շուրջօրյա խնամքի հաստատություններում խնամք են ստանում, բնակվում են 83 տարեց, որոնցից 17-ը Ստեփանակերտի ծերանոցից են, 50-ը միայնակ են: Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատությունում սեպտեմբերի 24-ի դրությամբ բնակվող թվով 10 երեխա՝ 5 աղջիկ և 5 տղա, 1-ից մինչև 17 տարեկան, նույնպես սեպտեմբերի 25-ին տեղափոխվել են շուրջօրյա խնամքի հաստատություն: Բոլոր երեխաներն ունեն կենսաբանական ծնողներ:

Տաթևիկ Ստեփանյանը նաև տեղեկացրել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հավաստագրված բազմաթիվ կազմակերպությունների, հասարակական սեգմենտի ներկայացուցիչների միջոցով ծառայություններ է մատուցում տարեցներին՝ ինչպես տնային խնամքի տեսքով, այնպես էլ ցերեկային կենտրոններում: Ծառայություններ են ստանում նաև հաշմանդամություն ունեցող անձինք՝ իրենց կարգավիճակով պայմանավորված: Նախարարի տեղակալի ներկայացմամբ, գործընթացներ են իրականացվում նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար, ըստ որի՝ համայնքը խնամակալ կամ հոգաբարձու է նշանակում այդ երեխաների համար:

Զարուհի Մանուչարյանն անդրադարձել է Կառավարության այսօրվա նիստով հաստատված որոշմանը, ըստ որի՝ ևս 500 մլն է հատկացվել 100 000 դրամ միանվագ աջակցության տրամադրման համար: Նա տեղեկացրել է, որ ծրագրից արդեն իսկ օգտվել է 104 200 անձ, 3800 անձի տվյալ արդեն մշակված է, ովքեր 500 մլն հատկացումից հետո կստանան աջակցությունը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղարը նշել է, որ Լաչինի միջանցքի փակման հետևանքով Հայաստանում բժշկական օգնություն ստանալու, ինչպես նաև ուսումնառության նպատակով տեղափոխված ևս շուրջ 800 անձի տվյալ փոխանցվել է և մշակվում է:

Զարուհի Մանուչարյանը տեղեկացրել է, որ հոկտեմբեր ամսվա ընթացքում 40+10 հազար դրամ վճարվել է 99 820 անձի: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ այս թվում ներառված է նաև այս շաբաթ կատարված վճարումները (այս շաբաթ վճարում է իրականացվել 7295 անձի): 40+10 հազար դրամ աջակցության շրջանակում շարունակվում է նոյեմբեր և հաջորդող ամիսների համար նախատեսված դիմումների ընդունումը: Դիմումներն ընդունվում են socservice.am կայքէջի միջոցով:

Զարուհի Մանուչարյանը տեղեկացրել է, որ այսօրվանից ընդունվում են նաև երկամսյա՝ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար նախատեսված 50 000 դրամ աջակցության դիմումները: Կայքէջը կհրապարակվի առաջիկա ժամերի ընթացքում:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ հոկտեմբերի 5-ի դրությամբ շուրջ 10 000 անձ գտնվում էր հյուրատներում և հյուրանոցներում, իսկ այսօրվա դրությամբ 40+10 հազար դրամ աջակցության շնորհիվ հյուրանոցներում և հյուրատներում կա 1143 անձ:

Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ Կառավարությունն այսօրվա դրությամբ մարզպետարաններին հատկացրել է շուրջ 3.4 մլրդ դրամ, բացի այդ Սյունիքի մարզպետարանին հատկացվել է 579 մլն դրամ: Այս գումարները նախանշված են տեղահանված անձանց կեցավայրերի, սննդի, առաջին անհրաժեշտության որոշակի օժանդակությունների իրականացման համար: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը նշել է, որ 83.2 տոկոսով տրված գումարը փաստացի ծախսված է:

«Մենք նաև շարունակում ենք հումանիտար բեռների հետ կապված աշխատանքների իրականացումը, մասնավորապես կուզենայի նշել, որ Լեհաստանից, Ռումինիայից, տարբեր կազմակերպություններից, այդ թվում՝ նաև ռուսաստանաբնակ գործարարների, Ավստրիայի, Գերմանիայի, Լիտվայի, Ֆինլանդիայի, Արգենտինայի կողմից մեզ փոխանցված հումանիտար բեռները սահմանված կարգով պահեստավորվում են, ընդունվում են Ներքին գործերի նախարարության համապատասխան կառույցներում և մարզպետարաններից, համայնքներից ստացված հայտերի համակարգման և ընդհանրացման արդյունքում, մարզպետարանների կողմից ներկայացված հայտերով, մեր կողմից բաժանվում են համապատասխան մարզերին, համայնքներին, բնակավայրերին, որպեսզի հասանելի լինեն բնակիչներին: Առանձին կուզենայի նշել Իրանի Իսլամական Հանրապետության կողմից տրամադրված հումանիտար բեռը, որը հատկացվել է Սյունիքի մարզպետարանին»,- նշել է Վաչե Տերտերյանը:

ԵԱՀԿ ԽՎ նախագահը և գլխավոր քարտուղարը այցելել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարան

ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Պիա Կաուման, ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան և Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, այցելել են Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքում տեղակայված՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեցին ՄԻՊ գրասենյակից։

Մարզի և համայնքի ղեկավար կազմի ուղեկցությամբ շրջայց է կատարվել կացարանում, առանձնազրույցներ են տեղի ունեցել բռնի տեղահանված անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, կարիքների գնահատման և սպասարկման, սննդի, անձնական հիգիենայի պարագաների տրամադրման հետ կապված հարցերը։

Հատուկ ուշադրություն է դարձվել խոցելի խմբերի, այդ թվում՝ երեխաների, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման վիճակին։

Բռնի տեղահանված անձինք Պաշտպանին, ԵԱՀԿ ԽՎ նախագահին և ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարին ներկայացրել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիայի, ինչպես նաև Լաչինի միջանցքի արգելափակման ընթացքում իրենց կրած զրկանքները, իրավունքների համատարած խախտումները, կյանքի և անվտանգության տեսանկյունից ի հայտ եկած իրական սպառնալիքները և բռնի տեղահանման հետևանքով առաջացած խնդիրները։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ուշադրության ներքո։ Այցերը կրում են շարունակական բնույթ։

Արցախի ԱԺ-ն նիստ կգումարի

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ Արցախի խորհրդարանի բոլոր՝ հինգ խմբակցությունների ներկայացուցիչները հավաքվել են Արցախի ներկայացուցչությունում եւ քննարկել անելիքները։ Հիմնական առաջնահերթությունները վերաբերել են առաջիկայում խորհրդարանի նիստ անցկացնելուն։ Մեզ ասացին, որ այդ առումով բոլոր հինգ ուժերի մոտ կա քաղաքական կոնսենսուս, որ առաջիկայում պետք է ԱԺ նիստ գումարել եւ վերսկսել բնականոն աշխատանքը։

Այժմ քննարկում են օրակարգը, թե ինչ հարցեր ներառեն։ Առաջարկվել է նախապատվությունը տալ բռնի տեղահանվածների սոցիալական եւ այլ խնդիրներին։ Հիշեցնենք, որ սեպտեմբերյան դեպքերից հետո Հայաստան բռնի տեղահանվելուց հետո Արցախի խորհրդարանը նիստ չի հրավիրել»:

Նոր խոչընդոտներ արցախցիների համար

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստան բռնի տեղահանված արցախցիները լուրջ դժվարություններ ունեն աշխատանքի տեղավորվելու հարցում։ Նրանց առաջ բազում խոչընդոտներ են ստեղծում։ Երեկ մեզ ահազանգում էին, որ ՀՀ պետական գերատեսչություններում կամ դրանց ենթակայությամբ գործող հիմնարկներում աշխատանքի ընդունվելու համար քաղաքական թեստեր են անցնում։

Դիմումատուների ոչ այնքան մասնագիտական կարողություններով են հետաքրքրվում, որքան քաղաքական կողմնորոշումներով, դիցուք, հարցնում են՝ ինչո՞վ եք զբաղվել, ի՞նչ քաղաքական հայացքներ ունեք, ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին եւ այլն, ինչն ակնհայտ է դարձրել, որ կոնկրետ արգելք կա իրենց համար՝ համակարգ մուտք գործելու։

ՀՀ իշխանությունները, կարելի է ասել, որոշել են աշխատանք տալ միայն այն ղարաբաղցիներին, որոնք իրենց նկատմամբ դրական են տրամադրված, եւ այդ հանգամանքն անգամ չեն թաքցնում»:

Պապյան․ Քանի դեռ միջազգային խաղաղապահներ տեղակայված չեն Արցախում, վերադարձը հնարավոր չէ

Step1.am-ի զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը։

Պարոն Պապյան, Արցախից բռնի տեղահանված անձինք վերադարձի ի՞նչ հնարավորություններ ունեն։

-Իրավական առումով իրենք վերադարձի բոլոր իրավունքներն ունեն, որովհետեւ այնտեղ ունեն սեփականություն եւ եղել են Արցախի բնակիչները։ Այստեղ խնդիրն ավելի շատ քաղաքական է, այսինքն՝ անգամ Ադրբեջանը գոնե ձեւականորեն այդ իրավունքը չի մերժում։ Ադրբեջանն ասում է՝ իրենք կարող են ապրել Արցախում, եթե ընդունեն Ադրբեջանի գերիշխանությունը, այսինքն՝ դառնան Ադրբեջանի քաղաքացի եւ ապրեն այն նույն կարգավիճակով, որով ապրում են Ադրբեջանի մյուս քաղաքացիները։ Իրավական առումով այդպես է, բայց մենք լավ հասկանում ենք, որ այս վիճակում գործնականում դրա հնարավորությունը չկա, որովհետեւ անգամ նրանք, ովքեր մնացել են Արցախում, սպանությունների, կտտանքների բազմաթիվ դեպքեր կան։ Մյուս խնդիրն այն է, որ հատկապես տղամարդկանց նկատմամբ կա միտում, կամայական ձերբակալություններ են կատարվում, եւ ցանկացած անձի կարող են ձերբակալել՝ վրան բարդելով տարբեր հանցագործություններ։ Մյուս կողմից, մենք այսօր չենք տեսնում Ադրբեջանի կողմից ըստ միջազգային օրենքի վերաբերմունք դատարկված Արցախի նկատմամբ։ Իրենք հայկական եկեղեցիներ են քանդում, հատկապես հին եկեղեցիներն են քանդում, մարդկանց հալածում են։ Նաեւ Ադրբեջանի ներսում հռետորաբանությունը չի փոխվել։ Հետեւաբար, իրավական առումով, այո, վերադարձի մեծ հնարավորություններ կան, բայց քանի դեռ քաղաքական լուծում չկա, դա հնարավոր չէ։

-Օրինակ՝ քաղաքական ի՞նչ լուծում կարող է լինել։

-Իմ կարծիքով՝ քանի դեռ միջազգային խաղաղապահներ տեղակայված չեն Արցախում, վերադարձը հնարավոր չէ։ Ես նկատի ունեմ միջազգային բազմազգ, լայն լիազորություններով այնպիսի ուժեր, որոնք հստակորեն կզատեն հայերի եւ ադրբեջանցիների բնակության վայրերը, հայերը կգտնվեն ոչ Ադրբեջանի ենթակայության տակ։ Այդ դեպքում միայն հնարավոր կլինի հայերի բնակությունը Արցախում։

– Հայաստանի իշխանությունը փորձում է փակել Արցախի հարցը, այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» հնարավոր ստորագրումը ի՞նչ խնդիրներ կհարուցի։

-Այդ պայմանագրի ստորագրումը դեռեւս չի նշանակում Արցախի հարցի փակում։ Եթե մինչեւ անգամ «տարածքային ամբողջականության» ճանչում լինի, ինչպես նշվում է, մեծ հարց առաջանում՝ իսկ ո՞րն է այդ տարածքը, որի ամբողջականությունը ճանաչում են։ Եթե մինչեւ անգամ ենթադրենք, որ դրանք սովետական վարչական սահմաններն են, միեւնույն է, Արցախում ապրող մարդիկ, անկախ իրենց ազգությունից, ունեն ինչ-որ ինքնավարության, ինքնորոշման իրավունք, հատկապես երբ բնիկ են։ Այդ իրավունքը մնում է, այդ հարցը չի փակվում։ Բայց խնդիրն այն է, որ Ադրբեջանը վարվեց հետեւյալ կերպ․ ինքնորոշվում են մարդիկ, եւ եթե չկան այդ մարդիկ այդ տարածքի վրա, ուրեմն, ինքնորոշման իրավունքն էլ չկա։ Դրա համար եմ ես դեմ եղել ինքնորոշմանը, ես միշտ ավելի կողմնակից եմ եղել, որ միջազգային իրավունքով պետք է որոշվի Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը։

Այսպես ասեմ՝ Արցախի հարցը չի փակվում, բայց, այո, Հայաստանի իշխանություններն այդ մեծ ցանկությունն ունեն՝ փակելու հարցը։ Մենք մոռացել ենք, որ Հյուսիսային Արցախում ավելի քան 50 գյուղ է հայաթափվել, այսինքն՝ Արցախի չափ տարածք ու բնակչություն կար Արցախից դուրս, եւ մարդիկ քշվեցին իրենց բնակավայրերից։ Մենք գնացինք այդ երկրորդ ճանապարհով՝ սովետական սահմանները պետք է համապատասխանեին հայերի բնակությանը։ Բայց քանի որ դա չկարողացանք իրավական առումով ամրագրել, հիմա իրենք, օգտվելով ստեղծված իրավիճակից, կիրառեցին առաջին տարբերակը, այսինքն՝ բնակչության տեղաբաշխումը բերել համապատասխանեցնել խորհրդային սահմաններին։

Ինչ է պարտավորեցրել Բաքվին Միջազգային դատարանը

Հաագայի դատարանը հրապարակել է Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու ՀՀ դիմումի վերաբերյալ որոշումը։ Որոշումը հրապարակել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի նախագահ Ջոան Դոնոհյուն։

«Դատարանը կիրառում է հետևյալ ժամանակավոր միջոցները․

1․ Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի իր պարտավորությունների համաձայն ապահովել, որպեսզի այն անձինք, որոնք հեռացել են ԼՂ-ից 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո և ցանկանում են վերադառնալ ԼՂ, կարողնան դա անել ապահով, առանց խոչընդոտների և արագորեն։

2․ ապահովել, որպեսզի այն անձինք, ովքեր մնում են ԼՂ-ում 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո, և ցանկանում են հեռանալ, կարողնան դա անել անվտանգ, առանց խոչընդոտների և արագորեն։

3․ ապահովել, որպեսզի այն անձինք, ովքեր մնում են ԼՂ-ում 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո կամ վերադարձել են ԼՂ և ցանկանում են մնալ այնտեղ, զերծ մնան ուժի գործադրումից և ահաբեկումից, որը կարող է նրանց հեռանալու պատճառ դառնալ։

13/2 ձայների հարաբերակցությամբ՝ Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է կոնվենցիայի համաձայն իր ունեցած պարտավորությունների շրջանակներում պաշտպանել և պահպանել գրանցման ինքնության և անձնական գույքի փաստաթղթերն ու գրանցամատյանները, որոնք վերաբերում են առաջին կետում նշված անձանց, և հավուր պատշաճի ու հարգանքով վերաբերել դրանց, և հիմք ընդունել այդ փաստաթղթերն իր օրենսդրական ու վարչական պրակտիկայում։

13/2 ձայների հարաբերակցությամբ՝ Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է հաշվետվություն ներկայացնել դատարանին այն քայլերի վերաբերյալ, որոնցով կապահովի ժամանակավոր միջոցների կատարումն ու Ադրբեջանի կառավարության անունից ստանձնած պարտավորությունների կատարումը, որոնք հնչեցվեցին հոկտեմբերի 12-ից դատական քննության ժամանակ։ Դա պետք է անել այս որոշման հրապարակումից հետո ութ շաբաթվա ընթացքում»։ Այդ մասին հայտնում է ABC Media-ն։

Շուշիի գորգի թանգարան՝ միայն առանց ծագման վայրի նշման

Վերջերս գրել էինք Շուշիի գորգի թանգարանի մասին, որի ցուցանմուշների հիմնական մասը փրկվել և տեղափոխվել է Հայաստան։

44-օրյա պատերազմի ավարտից ի վեր դրանք պահվել են մասնավոր պահեստում, քանի որ պետական ​​իշխանությունները որևէ աջակցություն չեն ցուցաբերել թանգարանի վերաբացման համար:

«Բազմիցս դիմել եմ պատկան մարմիններին՝ ՀՀ կրթության և մշակույթի նախարարությանը՝ թանգարան բացելու համար տարածք տրամադրելու խնդրանքով, բայց նրանք կամ մերժում են ինձ, և բոլորովին զավեշտալի պատճառներով՝ նշելով, որ Շուշիի գորգի թանգարանը եղել է մասնավոր սեփականություն, կամ առաջարկում են այդ ցուցանմուշները ցուցադրել Հայաստանի թանգարաններում՝ չնշելով գորգերի ծագման վայրերը, այսինքն՝ իրենց համար անընդունելի է “Շուշիի գորգի թանգարան” հասկացությունը։ Ես ինքս անձամբ շրջել եմ գյուղերով և գնել այս գորգերը արցախյան ընտանիքներից։ Ցուցանմուշներից յուրաքանչյուրն ունի ծագման կոնկրետ պատմություն: Նույնիսկ գորգի զարդանախշով կարելի է որոշել, թե ում է այն պատկանում և որքանով է հին։ Ինձ զարմացնում է այն փաստը, որ կրթության նախարարության պաշտոնյաները կա՛մ չգիտեն Հայաստանի պատմությունը, կա՛մ միտումնավոր ջնջում են այն՝ ձերբազատվելով ժողովրդի մշակութային և պատմական ժառանգությունից»,- step1․am-ին տված հարցազրույցում ասել է թանգարանի տնօրեն Վարդան Ասծատրյանը։

Նա ներկայումս փնտրում է գորգերը պահելու նոր վայր, քանի որ նրան խնդրել են հեռացնել գորգերը նախկին պահեստի վայրից:

Արսեն Աղաջանյան

ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունն արգելափակող օրինագիծ

ԱՄՆ Սենատը նոյեմբերի 16-ին ընդունել է Միչիգանը ներկայացնող սենատոր Գարի Փիթերսի հեղինակած՝ «Հայկական պաշտպանության ակտ» օրինագիծը, որի նպատակն է 2024 և 2025 թթ․ համար չեղարկել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի (907-րդ բանաձև) ամենամյա չեղարկման նախագահական իրավասությունը, ինչի արդյունքում Ադրբեջանը կզրկվի ամերիկյան ռազմական օժանդակությունից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից, նշելով, որ այս քվեարկությունը տեղի է ունեցել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի, հայ համայնքի, վերջինիս կոնգրեսական բարեկամների, ԱՄՆ-ում բնակվող այլ ժողովուրդների համայնքային կազմակերպությունների շարունակապես աճող հասարակական ու քաղաքական երկարատև ճնշման պարագայում։

Մեկնաբանելով օրինագծի ընդունումը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մասնավորապես նկատել է․

«Մենք շնորհակալություն ենք հայտնում սենատոր Փիթերսին իր առաջնորդության համար և ողջունում ենք Սենատի կողմից օրինագծի ընդունումը՝ որպես Արցախի ցեղասպանության համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելուն և Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիան զսպելուն ուղղված առաջին քայլ։ Իր հերթին, նախագահ Բայդենը, հաշվի առնելով իր դերը Արցախի էթնիկ զտման գործընթացում Ադրբեջանին զինելու գործում, այս պահին պետք է անի շատ ավելին, քան պարզապես ազդարարի ԱՄՆ գործող օրենսդրության կիրառման պատրաստակամության մասին, օրինակ՝ ԱՄՆ-ն կարող է առաջնորդել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև՝ հաստատելու միջազգային մանդատ, որը կապահովի հայության անվտանգ և կայուն վերադարձ դեպի Արցախ»։

Օրինագծի ներկայացման ժամանակ սենատոր Փիթերսը մանրամասնորեն ներկայացրել է ԼՂ-ի դեմ ադրբեջանական ագրեսիան՝ սկսած շուրջ տասնամսյա շրջափակումից մինչև սեպտեմբերի 19-20-ի ռազմական ագրեսիա։ Վկայակոչելով այն, որ նախագահ Բայդենը, Ադրբեջանի շարունակապես աճող ագրեսիայի պարագայում, չի դադարեցրել վերջինիս տրամադրվող օժանդակությունը՝ Փիթերսը Սենատի իր գործընկերներին հորդորել է գործել, ասելով․

«Եթե մենք քայլեր չձեռնարկենք, երբ երկրները դիտավորյալ անտեսում են իրենց հետ մեր համաձայնագրերի պայմանները, մեր համաձայնագրերը կդառնան իրականում անիմաստ և անատամ: Ես կոչ եմ անում իմ գործընկերներին միանալ ինձ՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար, գործադրելու մեր պայմանավորվածությունները և չհրահրված ագրեսիայի պայմաններում  կանգնելու հայ ժողովրդի կողքին»:

Նշվում է, որ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, հայ համայնքի ակտիվ ներգրավմամբ, շարունակելու է աշխատանքը «907-րդ բանաձևի» ամբողջական կիրարկումն ապահովելու համար՝ խրախուսելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում երկու օրինագծերի անհապաղ ընդունումը, որոնք կարգելափակեն ԱՄՆ ռազմական օժանդակությունն Ադրբեջանին, ամբողջությամբ չեղարկելով «907-րդ բանաձևի» շրջանցման նախագահական լիազորությունները: Ներկայացուցիչների պալատում գտնվող օրինագծերի նախագծերով նաև առաջարկվում է ընդլայնել Հայաստանին տրամադրվող հումանիտար և ռազմական օժանդակությունը՝ ի պատասխան Հայաստանի դեմ Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի, ինչպես նաև օգնություն ցուցաբերել ԼՂ-ից բռնի տեղահանված հայությանը։