Արեւմուտքը փակ չի համարում Արցախի հարցը. Արա Պապյանը ՝ step1.am-ին

Արեւմուտքը փակ չի համարում Արցախի հարցը։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը։

«Դրա վառ օրինակ են ԱՄՆ Կոնգրեսում բազմաթիվ լսումները, այդ թվում՝ հենց երեկ։ Արցախի հարցի մասին հայտարարություններ են եղել, այդ մասին ԱՄՆ պետքարտուղարությունն է հայտարարում, որ հայերի վերադարձի իրավունքը կա։ Տվյալ դեպքում արդեն Արեւմուտքին ձեռնտու չէ հարցը փակ համարել, որովհետեւ սա լծակ է Ալիեւի վրա։ Իսկ Ալիեւի եւ Թուրքիայի վրա այդ լծակները պետք են։ Բայց այստեղ կա նաեւ մարդու իրավունքների հարց, որի վրա Արեւմուտքն ուղղակի չի կարող աչք փակել»,- ասաց Պապյանը։

Նա անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ նիստում արած հայտարարությանը։ Խոսելով Արցախի խնդրի մասին՝ Փաշինյանն այսօր ասել էր․ «Այն, ինչ մենք ուզում էինք Լեռնային Ղարաբաղի հարցով, այլեւս հնարավոր չէր առնվազն ԵԱՀԿ 1996 թվականի դեկտեմբերի Լիսաբոնի գագաթաժողովից հետո։ Եվ նրանք, ովքեր այդ գագաթաժողովի կոնսենսուս մինուս մեկին (ընդ որում, մինուս մեկը Հայաստանն էր) միանալուց հետո պաշտոնական հանդիպումների փակ հատվածներում եւ ռեստորաններում մեզ հավաստիացնում էին, թե դա հնարավոր է ու անպայման լինելու է, եւ մեզ անընդհատ քաջալերում էին, մտքում մեկ նպատակ ունեին միայն՝ թույլ չտալ, որ Հայաստանում պետություն կայանա։ Եվ նրանց ռազմավարական սցենարը հենց դա էր՝ Ղարաբաղի հարցը որպես լծակ օգտագործել՝ Հայաստանի պետականության զարգացումը թույլ չտալու համար»։

«Ես նման միտում չեմ նկատել։ Բոլոր իրավիճակներում վերջի պահին չհամաձայնողը Ադրբեջանն է եղել։ Ես կարող եմ ենթադրել, թե Նիկոլ Փաշինյանն ինչ է մտածում։ Ինքը մտածում է, որ ռուսներ են, քանի որ ռուսների համար կոնֆլիկտի չլուծված լինելը կարեւոր էր, դա լծակ էր Հայաստանի վրա։ Այո՜, այդ ամբողջը կա, բայց գոնե առերես Ադրբեջանն է խոչընդոտել։ Կազանի համաձայնությունը կար, Քի Վեսթի համաձայնությունը կար, բայց Աիեւը գնաց Բաքու ու հետ կանգնեց իր խոսքերից։ Իմ կարծիքով, եւ այդ մասին Հեյդար Ալիեւն էլ էր ասում, Ադրբեջանի համար Արցախի հարցը կարեւոր չէր։ Ադրբեջանի համար Արցախի հարցը պատրվակ էր՝ լուծելու հայկական հարցը, հայոց պետականության հարցը։ Հեյդարը դրա մասին է պարզ խոսել»,- ասաց Պապյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանն այսօր շարունակում է այդ քաղաքականությունը։ Այսինքն՝ եթե Արցախի հարցը չլիներ, այնպես չէր լինելու, որ հիմա ոչ մի խնդիր չէինք ունենալու եւ եղբայրաբար ապրելու էինք Ադրբեջանի հետ։ Ըստ Պապյանի՝ Ադրբեջանն այսօր չի հարձակվում Հայաստանի վրա, որովհետեւ վախենում է պատժամիջոցներից։

«Այսինքն՝ անկախ նրանից, թե մեծ ուժերն ինչ ցանկություններ են ունեցել, ամեն դեպքում ապակառուցողական դիրքորոշումն Ադրբեջանն է ունեցել։ Եվ սուտ է, երբ Հայաստանին մեղադրում են, ասում են՝ մաքսիմալիստական է եղել, այդ պատճառով հարցը չի լուծվել։ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը միշտ եղել է այն, որ Հայաստանը պատրաստ է ԼՂԻՄ շրջակա տարածքները տալ՝ կարգավիճակի դիմաց։ Եվ դա մշտապես գնահատվել է որպես անվտանգության գոտի։ Այլ հարց, որ Ադրբեջանը չի համաձայնել որեւէ կարգավիճակի կամ լուծման։ Եվ իրենց դիրքորոշումը միանշանակ է եղել՝ եթե անգամ պատրաստ են ինքնորոշման իրավունք տալ, ապա ինքնորոշում միմիայն Ադրբեջանի սահմանների մեջ, այսինքն՝ Բաքվի ենթակայության տակ։ Այդ դեպքում ի՞նչ ինքնորոշում, դա նշանակում է, որ պետք է լիներ ինքնավարության ձեւ։ Իսկ մենք գիտենք, որ Ադրբեջանի հետ թղթի վրա ինքնավարություն ունենալն ուրիշ է, իրականում ունենալը լրիվ այլ բան է»,- ասաց Արա Պապյանը։

 

 

Շուրջ 300 արցախցի ՏՏ ոլորտում սովորելու հնարավորություն կունենա

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող հայաստանյան կազմակերպությունները տեխնոլոգիական կրթության տրամադրող Armenian Code Academy (ACA) կենտրոնի նախաձեռնությամբ «Tech for Artsakh» նախաձեռնության շրջանակում մեկնարկում են դասընթացներ ԼՂ-ից  բռնի տեղահանված մի խումբ երիտասարդների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դասընթացները տևելու են 3-4 ամիս, յուրաքանչյուրի համար անհատական կրթաթոշակ է սահմանվելու: Ծրագիրը մեկնարկելուն պես շուրջ 300 արցախցի երիտասարդներ հնարավորություն կունենան սկսել իրենց կրթական ուղին տեխնոլոգիական ոլորտում:

Armenian Code Academy ընկերության մարզային զարգացման գծով տնօրեն Լևոն Թադևոսյան նշեց, որ մտահղացումը եղել է դեռ հոկտեմբերի սկզբին և այդ ժամանակ նախատեսվել էր 50 կրթաթոշակ տրամադրել: Սակայն միայն 3 օրում ավելի քան 150 դիմում-հայտ են ստացել և որոշել դիմել գործընկերների օգնությանը:

«ACA-ն դեռևս հոկտեմբերի սկզբին, կարևորելով բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթությունը, տրամադրել էր 50 կրթաթոշակ՝ անվճար սովորելու տեխնոլոգիական ոլորտի ամենապահանջված մասնագիտությունները, դրանով իսկ կոչ անելով տեխնոլոգիական ոլորտի կազմակերպություններին միանալու շարժմանը և համալրել կրթաթոշակային ֆոնդը։  Բոլոր ընկերությունները, որոնք միացել են մեզ, առաջարկում են մի շարք մասնագիտություններ, ինչպիսիք են՝ ծրագրավորման լեզուներ, դիզայն և այլն»,- նշեց Թադևոսյանը:

Նախաձեռնությանը միացել է ավելի քան 10 ընկերություն, սակայն մի քանիսի հետ էլ դեռ քննարկումներ են ընթանում: Դասընթացներին մասնակցելու համար դիմողները պետք է թեստ լրացնեն, ինչից հետո էլ ավելի պարզ կդառնա՝ որ մասնագիտությունն ավելի հարմար կլինի: Թադևոսյանը պատմեց՝ նման նախաձեռնությունը առաջին անգամը չէ՝ մարզերի երիտասարդների համար դեռևս 2022 թվականից դասընթացներ են կազմակերպել՝ տրամադրելով 150 կրթաթոշակ:

«Երբ հումանիտար որևէ ճգնաժամ է լինում, պետությունն ունի իր գործառույթները, իսկ անհատ ձեռնարկությունները պետք է աջակից լինեն իրենց ոլորտներում, լրացնեն բացերը: Քանի որ մենք տեխնոլոգիական կրթություն տրամադրող լավագույն ընկերություններից մեկն ենք, որոշեցինք մեր ուժերի չափով աջակից լինել ստեղծված իրավիճակը կայունացնելու գործում: Պետք է օգնենք, որ մեր հայրենակիցներն այստեղ մնան, զարգանան, աշխատեն: Մենք նպատակ ունենք տեխնոլոգիական կրթությունը հասանելի դարձնել բռնի տեղահանված մեր հայրենակիցներին»,- եզրափակեց նա:

Armenian Code Academy-ի հիմնադիր Նարեկ Ասլիկյանը վստահեցրեց՝ դասընթացից հետո կազմակերպությունները փորձելու են ամեն կերպ աջակցել մասնակիցներին, որպեսզի վերջիններս հնարավորինս հեշտ կարողանան աշխատանք գտնել:

Armenian Code Academy (ACA)-ն տեխնոլոգիական կրթության կենտրոն է, որի նպատակն է ՏՏ ոլորտում ամենապահանջված մասնագիտություններով կրթել և վերապատրաստել ապագա և ներկայիս տեխնոլոգիական ոլորտի մասնագետների՝ լրացնելով աշխատաշուկայում առկա բացը:

Ունենալով շուրջ 10,000 շրջանավարտներ Երևանից և մարզերից, ACA-ը Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման ակտիվ և նվիրված ջատագովներից է: 

Արցախի պետական ինստիտուտների պահպանումը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը. Ալեն Սիմոնյան

Արցախի պետական ինստիտուտների պահպանումը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ինչպես հայտնի է, ՀՀ 2024 թվականի բյուջեի նախագծով Արցախի պետական ինստիտուտների պահպանման համար ֆինանսավորում նախատեսված չէ։

Հարցին, թե Արցախի հարցը փակվա՞ծ է, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Մենք ունենք արցախահայության մեծ խնդիր։ Այնտեղ պետականություն ստեղծելու կամ պետական ինստիտուտներ պահելու եւ զարգացնելու, ինչ-որ բան անելու նպատակ ես չեմ տեսնում եւ համարում եմ, որ դա ՀՀ անվտանգությանը ուղիղ սպառնալիք է եւ հարված։ Եվ կոչ եմ անում մնացած բոլոր գործընկերներին նույն տրամաբանությամբ շարժվել»:

 

Փաշինյանը չասաց, թե կոնկրետ ով է օգտագործել Ղարաբաղի հարցը Հայաստանի դեմ

Այն, ինչ մենք ուզում էինք Լեռնային Ղարաբաղի հարցում, այլևս հնարավոր չէր առնվազն 1996 թվականի դեկտեմբերին Լիսաբոնում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովից հետո։ Այսօր Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նրանք, ովքեր այդ գագաթնաժողովի «կոնսենսուս մինուս 1»-ին (Փաշինյանի խոսքով՝ մինուս մեկը Հայաստանն էր,–խմբ.) միանալուց հետո պաշտոնական հանդիպումների փակ հատվածներում և ռեստորաններում մեզ հավաստիացնում էին, թե դա հնարավոր է և անպայման լինելու է, մեզ անընդհատ քաջալերում էին, մտքում միայն մեկ նպատակ ունեին՝ թույլ չտալ, որ Հայաստանում պետություն կայանա»,- հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այդ մարդկանց ռազմավարական սցենարն էր Ղարաբաղի հարցը որպես լծակ օգտագործել Հայաստանի պետականության զարգացումը թույլ չտալու համար։
«Թույլ չտալ որևէ սցենարով Ղարաբաղի հարցի լուծում այնքան ժամանակ, մինչև դրա լուծման պահին հնարավոր չլինի լուծել նաև ՀՀ հարցն այնպես, որ դե ֆակտո կամ դե յուրե ՀՀ-ն դադարի գոյություն ունենալ որպես անկախ պետություն»,- շեշտեց Փաշինյանը։
Ըստ կառավարության ղեկավարի՝ առնվազն 1996-ից ի վեր Ղարաբաղի հարց այլևս գոյություն չի ունեցել, փոխարենը գոյություն է ունեցել Հայաստանի Հանրապետության հարց։
Նա պնդում է, որ 1998թ․, 1999 թ․ (նկատի ունի հոկտեմբերի 27-ը,–խմբ.), 2020 և 2023թթ․ իրադարձությունները պետք է դիտարկել հենց այս համատեքստում։
Փաշինյանը չասաց, թե կոնկրետ ով է օգտագործել Ղարաբաղի հարցը Հայաստանի դեմ։ Սա նշանակում է, որ Փաշինյանը միայն փորձում է արդարացնել իր քայքայիչ քաղաքականության արդյունքները անանուն չարագործների հղումներով։

ԱԺ արտահերթ նիստում նախատեսվում է քննարկել ԼՂ-ից բռնի տեղահանվածների կենսաթոշակների հարցը

Նոյեմբերի 21-ին նախատեսված է ԱԺ արտահերթ նիստ, որում կքննարկվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների և նպաստների տրամադրումը ապահովելու հարցը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի հերթական նիստում այս մասին ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։

«2024 թվականին կշարունակենք իրականացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցության ծրագրերը, այդ թվում նաև մեր հայրենակիցները հնարավորություն կստանան օգտվել սոցիալական երաշխիքներից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Նոյեմբերի 21-ին նախատեսված է Ազգային ժողովում արտահերթ քննարկման ներկայացնել «Կենսաթոշակների և նպաստների մասին» օրենքում փոփոխության նախագիծը, որով հնարավորություն կտանք նաև մեր հայրենակիցներին իրացնելու իրենց իրավունքները կենսաթոշակ և տարբեր տեսակի նպաստներ ստանալու առումով»,- ասաց Մկրտչյանը։

Ղարաբաղցիներին կրկին «վերահասցեագրենք» Ռուսաստանին և Բաքվին, դառնանք խաչմերուկ. Փաշինյանն ու ԱՄՆ շտապեցնում են իրար

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ «առաջիկա մի քանի շաբաթները վճռորոշ կլինեն Երևանի և Բաքվի համար, թե արդյո՞ք նրանք կկարողանան «այո» ասել խաղաղության պայմանագրին»:

ԱՄՆ պետքարտուղարի հանձնարարությամբ մենք խորը, համապարփակ և թափանցիկ հաշվետվություն ենք մշակում Լեռնային Ղարաբաղում ոչ միայն այս օրերին, այլև նախորդող ամիսներին տեղի ունեցածի մասին։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Լեռնային Ղարաբաղի հարցով լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոյի փոխքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը։

Նա տեղեկացրեց, որ սեպտեմբերից ի վեր ԱՄՆ-ից բարձր մակարդակի 13 այց է կատարվել Երևան և Բաքու։ «Մենք ասացինք, որ սեպտեմբերի 19-ի դեպքերից հետո Ադրբեջանի հետ ոչինչ նորմալ չի լինի, քանի դեռ չենք տեսել իրական առաջընթաց խաղաղ գործընթացում։ Մենք չեղարկել ենք մի շարք բարձր մակարդակի այցեր և դատապարտել Ադրբեջանի գործողությունները։ Եվ մենք մտադիր չենք նախաձեռնել 907 բանաձեւի շրջանցում, քանի որ իրավիճակի իրական բարելավում չենք տեսել»,- ասել է Ջեյմս Օ Բրայենը:

Նա չի նշել, թե արդյոք Բաքվի դեմ պատժամիջոցներ կամ այլ մեթոդներ կկիրառվեն, սակայն խորհուրդ է տվել Թուրքիային «համոզել» Ալիևին ստորագրել համաձայնագիրը «առաջիկա շաբաթների ընթացքում»։

Ջեյմս Օ Բրայենը բացատրեց ԱՄՆ-ի շտապողականությունը՝ ասելով, որ «Կենտրոնական Ասիան նոր ուղիներ է փնտրում իր ապրանքների համար: Այս երթուղիները կարող են անցնել նաև հարավով՝ Հայաստանով։ Մենք ասացինք, որ ուժի կիրառումն անընդունելի է, տարանցիկ միջանցքը, որը կառուցվելու է Հայաստանի մասնակցությամբ և համաձայնությամբ, կարող է հսկայական տնտեսական բում առաջացնել։ Իսկ եթե ​​միջանցքը բացվի ուժի կիրառմամբ կամ Իրանի մասնակցությամբ, ապա կլինի շատ ուժեղ ընդդիմություն, և նախաձեռնությունը հաջողությամբ չի պսակվի»,- նշել է նա։

Փաստորեն, Պետդեպարտամենտի պաշտոնյան ասում է, որ ավելի լավ է՝ Հայաստանը կամավոր համաձայնի «միջանցքին», այլապես ոչինչ չի ստացվի։ Հայաստանը նույնպես պետք է «ապահովվի», որ միջանցքի վերջնակետը լինի ոչ թե Իրանը, այլ Թուրքիան։

«Հայաստանի ապագայի համար որոշիչ է լինելու, որ Թուրքիան բացի իր երթուղիները։ Միջին Ասիայից եկող ճանապարհը, որը պետք է անցնի Ադրբեջանի և Հայաստանի տարածքով, կհասնի Թուրքիա, և Թուրքիայի տնտեսական շահերից է բխում, որ այն դառնա այս ճանապարհի վերջնակետը։ Սա մի տարր է, որը նախկինում չի դրվել խաղաղության սեղանի շուրջ, և մենք դրան մեծ ուշադրություն ենք դարձնում»։

ԱՄՆ-ը ասում են, որ որոշողը Բաքուն է։ Միաժամանակ Բաքուն ասում է, որ սեպտեմբերի 11-ին հայկական կողմին է փոխանցել խաղաղության պայմանագրի 5-րդ ճշգրտված տարբերակը՝ համապատասխան բացատրական նշումներով, իսկ Հայաստանից պատասխան է սպասվում մոտ ապագայում։

«Ադրբեջանի կողմից առաջարկված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների համաձայն՝ խաղաղության համաձայնագրի տեքստը կարող է ավարտվել ավելի արագ՝ երկկողմ ինտենսիվ բանակցությունների միջոցով։ Գնդակն այժմ Հայաստանի դաշտում է», -գրել է Ալիևի օգնական Հաջիևը։

Ռուսաստանը նույնպես ձեռքերը ծալած չի նստում. ՌԴ ԱԳՆ-ն ակտիվ քայլեր է ձեռնարկում՝ ապահովելու «հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ, ինչը հիմնարար նշանակություն ունի Բաքվի և Երևանի հաշտեցման համար (ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա)։ Նա ասաց, որ Արցախում հայերի տներն անձեռնմխելի են, և հայերը կարող են վերադառնալ, ինչը կարևոր է նաև «ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մասով»։ Այլ ձեւով ասած, Ռուսաստանը իր մասը կապահովվի, Հայաստանին ազատելով ղարաբաղցիներից։

Փաշինյանը շտապեցնում է Եվրոպային, ԱՄՆ-ին և Ռուսաստանին, ներկայացնելով «խաղաղության խաչմերուկի» հայեցակարգը։ Փաշինյանը համաձայն է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ՝ բացել միջանցքները, ևս մեկ անգամ «վերահասցեագրել» ղարաբաղցիներին Ռուսաստանին և Բաքվին, դառնալ ինչ ասես՝ կամուրջ, խաչմերուկ, միջանցք, բայց ոչ ազգային պետություն։ Փաշինյանին հավատարիմ քաղաքագետները հիմնական թշնամիներ են համարում ազգային պետության և «ոչ մի թիզ հող» հասկացության կողմնակիցներին։

Նաիրա Հայրումյան

 

«Եվ թոռներիս եմ կորցրել, և տղաներիս և մեր հայրենիքը» Forrights

Forrights

Երեկ Մասիս խոշորացված համայնքում արցախցիների մկրտության արարողություն էր: 150 մկրտվողների թվում էր Սառնաղբյուր գյուղում սեպտեմբերի 19-ին զոհված 10-ամյա Միքայելի եւ 8-ամյա Նվերի ընտանիքը:

Տղաների մայրն ու տատիկը լուռ հետեւում էին եկեղեցու բակում ընթացող տոնական արարողությանը, միայն փոքրիկ Սեյրանին պարբերաբար ասում էին, որ կարող է գնալ մյուս երեխաների հետ խաղալու: Հրաշքով փրկված Սեյրանը վեց տարեկան է, բեկորային վնասվածք ունի գլխում, սակայն շատ առույգ եւ հպարտ կրում է իր մկրտության խաչը:

«Հիմա շատերը շրջափակման մասին խոսալուց ասում են` երանի այդ օրերին: Ինչու, որովհետեւ մեր երեխաները մեզ հետ էին: Երանի այդ օրերին… Կարոտենք էլ չենք կարողանա տեսնենք… Մկրտությունից հետո ինչ-որ մի պահ ոնց որ քեզ թեթեւացած ես զգում: Ներսումդ ինչ-որ բան ես զգում: Ցավը չի անցնում, երբեք այդ ցավը չի անցնի, բայց երբ դուրս ես գալիս, շփվում ես, ինչ-որ մի տեղ թեթեւացած ես զգում»,- ասում է  Հերսիկ տատը, ով կորցրել է ոչ միայն երկու մանկահասակ թոռներին, այլեւ իր յոթ որդիներից երկուսին:

«Յոթ որդի ունեի: Երկուսը էլ չկան: Այս պատերազմում զոհված տղաս Եռաբլուրում է, թոռներս այստեղ: 20 թվին էլ եմ զոհ տվել: Մի տղաս էլ 20 թվին է զոհվել: Ամեն ինչ ենք կորցրել: Ե՜վ թոռներիս եմ կորցրել, և՜ տղաներիս, և՜  մեր հայրենիքը, մեր պապական հողերը, մեր գերեզմանները: Տարիների ընթացքում, հա, կարող է հայրենիքը հետ վերադարձնենք, բայց զոհերին չենք կարող»,- ասում է մխիթարություն փնտրող կինը:

Հերսիկ տատի որդիներից երեքը հիմա Մասիսում են, երկուսը` ավելի հեռու. «Մի տղաս Տաշիրի Մեծավան գյուղ է գնացել, մյուսը` Եղեգնաձորում է»:

Ինչպես հայտնի է, Միքայել եւ Նվեր Ղազարյանները հարազատների հետ բնակվում էին Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղում, որն ադրբեջանական հարձակումից առաջ 76 բնակիչ ուներ։ Նրանցից 5-ը զոհվել են, 15–ը` վիրավորվել, 4-ը` գերեվարվել։ Միքայելն ու Նվերը զոհերի թվում են եղել։

Անի Գևորգյան

 

Արցախի մշակութային ժառանգության պահպանությունը մասնավոր նախաձեռնությունների միջոցով՝ Monument Watch-ի օրինակով

Anayticon

Ներածություն

2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմն ակնհայտորեն ուղղված էր ոչ միայն քաղաքացիական բնակչության վերացմանը, այլև այդ տարածքի մշակութային շարժական և անշարժ ժառանգության, մշակութային և կրթական հաստատությունների դեմ: Հարկ է նշել, որ մշակութային արժեքների միտումնավոր ոչնչացումը պատերազմական գործողությունների ժամանակ և հետո միջազգային մի շարք կոնվենցիաներով և հռչակագրերով որակվում է որպես պատերազմական հանցագործություն։

Արցախի մշակութային ժառանգությունը թիրախավորվել է ինչպես 44-օրյա պատերազմի ընթացքում (օրինակ, Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծումը, Շուշիի Մշակույթի և երիտասարդության կենտրոնի, Մարտունի քաղաքի մշակույթի պալատի, Հադրութի Ա․ Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարանի, Տիգրանակերտի հնագիտական հանգրվանի ռմբակոծումը և այլն), այնպես էլ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրի ստորագրումից հետո։ Ամենավառ օրինակներից է 2020 թվականի նոյեմբերի 15-ին ադրբեջանցի օգտատերերից մեկի հրապարակած տեսանյութը, որտեղ երևում է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ մասամբ ավերված վիճակում։ Հստակ է, որ գրեթե ամբողջությամբ ավերվել են եկեղեցու գմբեթն ու զանգակատունը։ Համացանցում տեղադրված մեկ այլ տեսանյութում հստակ երևում է, որ խոշտանգվել էր նաև Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին: Ոչնչացվել են Մեխակավանի (Ջեբրայիլ) Զորավար Սբ․ Աստվածածին եկեղեցին, նույն շրջանի Շյուքյուրբեյլի գյուղում տուֆե խաչային հորինվածքով հուշարձանը, Հադրութի Առաքել գյուղի խաչքարը և այլն։ Նման օրինակները բազմաթիվ են։

Արցախի օկուպացված տարածքներում ադրբեջանցիներն առանձնակի վայրագություններ են կատարում Արցախյան ազատամարտին և դրա հերոսներին նվիրված հուշարձանների, հուշակոթողների և համալիրների նկատմամբ, օրինակ՝ Շուշիում քանդվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, որը տեղադրվել էր Արցախյան առաջին պատերազմից հետո և նվիրված էր նաև Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին: Հադրութի Ազոխ գյուղում ադրբեջանցիներն ավերել են Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան առաջին պատերազմի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանները, Հադրութի ազատամարտիկներին նվիրված հուշահամալիրը, Որոտան (Կուբաթլու) քաղաքում՝ Արցախյան առաջին ազատամարտին նվիրված խաչքարը։ Ոչնչացվել են նաև Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում գտնվող՝ ԽՍՀՄ ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի կիսանդրին, Շուշիում՝ ԽՍՀՄ պետական-քաղաքական գործիչ Հովհաննես (Իվան) Թևոսյանի կիսանդրին, ավերվել է Հադրութի շրջանի Տումի գյուղի «Սիսեռ» աղբյուրի մոտ գտնվող՝ հայ ազգային հերոս Թևան Ստեփանյանի կիսանդրին։

Ադրբեջանը՝ «շինարարական աշխատանքների» քողի տակ նպատակային վերացնում է ճանապարհի մոտ գտնվող հայկական պատմական հնավայրերը, որոնք տարածաշրջանում հայերի հազարամյա գոյության ապացույցն են։ Արբանյակային նկարների միջոցով հնարավոր եղավ փաստել Շուշիի պատմական գերեզմանոցի ոչնչացումը։ Ավերվել է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի գերեզմանոցը, Ասկերանի Շոշ համայնքի Սղնախի գերեզմանոցը։

Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության «աղվանացման» մեխանիզմը շարունակում է գործել նաև այսօր։ Դրա վառ օրինակներից են Ծակուռի գյուղի եկեղեցու և Դադիվանքի համալիրն աղվանական հայտարարելն ու հայերեն արձանագրությունների ու խաչքարերի կեղծ հռչակելը, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու «ուղղափառացումը» և այդ կեղծ հիմքով անօրինական «վերականգնումները», «Թուխնակալ» ապարանքի համալիրի մոտակայքում «շինարարական» աշխատանքների կատարումը։ Նման օրինակները, ցավոք, բազմաթիվ են, և դրանց թիվն աճում է օր օրի։

Մասնավոր նախաձեռնություններ․ Monument Watch

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցավ արցախյան ժառանգության մի զգալի հատված, որի ճակատագիրը այսօր վտանգված է։ Ադրբեջանական հայահալած քաղաքականությունն ուղղված է ոչ միայն հայերի ֆիզիկական բնաջնջմանը, այլև նրանց թողած ժառանգության ոչնչացմանը (ամենավառ օրինակը Ջուղայի հազարավոր խաչքարերի ոչնչացումն է Նախիջևանում)։ Քաջածանոթ լինելով ադրբեջանական քաղաքականությանը և գիտակցելով Արցախում մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգները՝ Համլետ Պետրոսյանը (Երևանի պետական համալսարան) նախաձեռնեց «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (Monument Watch) ծրագիրը, որի շրջանակներում ստեղծվել է անկախ ակադեմիական հարթակ (www.monumentwatch.org), որն արձանագրում է Արցախի մշակութային ժառանգության վիճակն ու փոփոխությունները:

Ծրագրի հիմնական նպատակն է Արցախի մշակութային ժառանգության, թանգարանների, մշակութային կառույցների քարտեզագրումը և գույքագրումը (վիճակը մինչև պատերազմը), ընթացիկ վիճակին հետևելը և փոփոխությունների վավերացումը (ավերում, ձևափոխում, վերօգտագործում, քանդակների, պատկերների, արձանագրությունների ջնջում ու փոփոխում, նոր սիմվոլների կիրառում և այլն), ինչպես նաև դրանք միջազգային գիտական ու մշակութապահպան հանրությանը ներկայացնելը: Ծրագրի նախապատրաստական աշխատանքները տևեցին շուրջ հինգ ամիս․ նյութերի հավաքում, ուսումնասիրություն, կայքի նախնական մակետի պատրաստում, գործընկերների հետ քննարկումներ և այլն։ Կայքը գործարկվել է 2021 թվականի մայիսի 15-ին։

● Կայքի գործունեությունը (https://monumentwatch.org/)

Կայքը եռալեզու է՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։ Բաղկացած է հինգ հիմնական բաժիններից և տասը ենթաբաժիններից։ «Մեր մասին» բաժինը բաղկացած է «Թիմ», «Գործընկերներ» և «Աջակիցներ» ենթաբաժիններից։ Կայքի աշխատանքային խմբում ներգրավված են շուրջ 15 մասնագետներ՝ պատմաբաններ, հնագետներ, ճարտարապետներ, մարդաբաններ, լուսանկարիչներ, թարգմանիչներ։ Սույն նախաձեռնության գործընկերներն են ԵՊՀ մշակութաբանության ամբիոնը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հայաստանի պատմության թանգարանը, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը (ՀՃՈՒ), Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտը (ԻՆԱԼԿՈ), Փարիզ, «Կովկասյան ժառանգության մշտադիտարկում» նախաձեռնությունը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման, վերակառուցման և պատմության ամբիոնը, Միջերկրական ծովի ավազանի միջնադարյան և ժամանակակից հնագիտության լաբորատորիան (LA3M, Aix-en-Provence) և այլն։
«Հնավայրեր և հուշարձաններ» բաժինը բաղկացած է երեք ենթաբաժիններից։ Նույնանուն ենթաբաժնում ներկայացված է 190 հուշարձան։ Հուշարձանների քննությունը հիմնված է գիտական փաստերի և սկզբնաղբյուրների վերլուծության վրա։ Իրականացվում է շաբաթական երկու հուշարձանի գիտական քննություն՝ համապատասխան քարտեզով, հատակագծով և նկարներով, ավելացվում է կայքի այս բաժնում։
«Փաստեր և մանրամասներ» բաժնում ներկայացված են մշակութային ժառանգության եզակի տարրեր, արձանագրություններ, ուշագրավ փաստեր և այլն։ Ուշագրավ է «Քարտեզ» ենթաբաժինը, որտեղ տեղադրված են Արցախի հուշարձանների կոորդինատները և համառոտ նկարագրությունը։

«Մշտադիտարկում, ահազանգ» բաժինը բաղկացած է երկու ենթաբաժիններից՝ «Ահազանգ» և «Արցախի հուշարձանների մշտադիտարկում»։ «Ահազանգ» բաժնում ներկայացվում են Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման, ադրբեջանական վանդալիզմի դեպքերը արցախյան պատերազմի ընթացքում և դրանից հետո։

Ցավոք, մշակութային ժառանգության աղավաղման, պղծման և ոչնչացման դեպքերը շարունակական բնույթ են կրում։ Սույն նախաձեռնության հիմնական խնդիրներից է ներկայացնել մշակութային ժառանգության ոչնչացման դեպքերը և արձագանքել՝ նշելով միջազգային այն բոլոր կոնվենցիաները և կարգավորումները, որոնք խախտվում են Ադրբեջանի Հանրապետության կողմից։ Կայքում արդեն իսկ ներկայացված է նման 90 դեպք։ Մեդիամոնիթորինգի մասնագետները մշտադիտարկում են սոցիալական հարթակները, մեդիա դաշտը, որտեղ ադրբեջանական տարբեր օգտատերերի կողմից պարբերաբար տեղադրվում են տեսանյութեր կամ լուսանկարներ հայկական ժառանգության ոչնչացման մասին։ Նման նյութերը արխիվացվում են, և դրանց հիման վրա կազմվում է ահազանգ։

«Արցախի հուշարձանների մշտադիտարկում» ենթաբաժնում ներկայացված են այն հուշարձանները, որոնք մեր թիմի կողմից մշտադիտարկվում են, գտնվում են սահմանին, վտանգված են և առավել մեծ ուշադրության կարիք ունեն։ Նման հուշարձաններից ներկայացված են Ղայբալուշենը, Բռի Եղցի վանքը, Փիրումաշենի եկեղեցին, Թաղավարդի Չուրհուշ եկեղեցին և այլն։

«Աղբյուրներ» բաժնում ներկայացված են մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված միջազգային կոնվենցիաները, հռչակագրերը, իրավական կարգավորումները, ինչպես նաև առանձին հետազոտությունները և հրապարակումները, որոնք վերաբերում են մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրներին և դրանց մասնավոր դրսևորումներին։ Այս բաժնում կարելի է ծանոթանալ նաև մասնագիտական գրականության ցանկին։

«Նորություններ» բաժնում ներկայացվում են կայքի գործունեությանը վերաբերող, մշակութային ժառանգության պահպանության, հանրայնացման, տեղական և միջազգային իրադարձությունների մասին նորություններ։

2022 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կայքի նոր՝ «Թանգարաններ և մասնավոր հավաքածուներ» բաժնի նախապատրաստական աշխատանքներն են սկսվել։ Այդ բաժինը մեկնարկեց 2023 թվականի մարտ ամսից։

Կայքի կարևորությունը և մշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության հարցում էական դերակատարումն այն է, որ ներկայացված բոլոր նյութերը գիտական, չեզոք նկարագրություններ են և արժանահավատ են բոլոր օգտվողների համար։ Այն հիմք է՝ միջազգային կառույցներին դիմելու, կոնկրետ թիրախային խնդիրներ բարձրացնելու և գիտականորեն խնդիրները ձևակերպելու համար։

Հայկուհի ՄՈՒՐԱԴՅԱՆ
ԵՊՀ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ, պ․ գ․ թ
Երևան

Արցախահայերի կորսված ոչ նյութական մշակութային ժառանգությունը

Analyticon

Հոդվածն անդրադառնում է  2020 թվականի 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած ռազմական գործողությունների  արդյունքում բռնի տեղահանված արցախահայերի ավանդական կենսընթացի խեղման և ոչ նյութական ժառանգության կորստյան վտանգներին։ Հոդվածի դրույթները հիմնված են Արցախի Հադրութի շրջանից տեղահանվածների հետ խորացված և  ֆոկուս խմբային   հարցազրույցների (ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի,  Կոտայքի մարզերում և Երևանում), ինչպես նաև ժառանգության պահպանության միջազգային համակարգի տեսական նյութի ուսումնասիրության սկզբունքների վրա՝ պարզելու այն խնդիրները, որոնց բախվել է  Արցախի  բնիկ ժողովուրդը՝ մշակույթի իրավունքների սահմանափակման և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մարտահրավերների պատճառով։

Տեղահանությունը շարունակվող պատերազմի ձև և կանխամտածված ռազմավարություն է, որն իր առաջացրած խորքային խնդիրներով գերազանցում է նույնիսկ պատերազմի արհավիրքներին։  Ուստի, աներկբա է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից ի վեր Արցախն ու իր ժողովուրդը  շարունակվող պատերազմի մեջ են գտնվում՝ կրելով  օտարման ծանր հետևանքները։ Միջազգային օրենքները փաստում են, որ հարկադիր տեղահանման կործանարար ազդեցություններից մեծ է հատկապես խմբի մշակութային իրավունքի խոչընդոտումը և ժառանգության վրա թողած ազդեցությունը, որն անդրադառնում է մասնավորապես անհատի/համայնքի՝ իր իսկ մշակութային ժառանգությանը  նյութական և ոչ նյութական  ձևերով մուտք գործելու անկարողության և ինքնության շարունակականության պահպանման անհնարինության վրա։ Շատ մասնագետներ պնդում են, որ ժառանգության ոչնչացումը նաև բնակչությանն արմատախիլ անելու, ավանդույթներն ու էթնիկ հիշողությունը  ջնջելու միջոց է, ուստիև տարածքի  նվաճումը հեշտացնելու ռազմավարություն։ Դեռ ավելին, Հռոմի քրեական դատարանն ապացուցել է, որ ժառանգության ոչնչացման  գործողությունները կարող են լինել նաև մարդկանց՝ իրենց բնիկ տարածքից հեռացնելու ավելի լայն քաղաքականության մաս։ Ուստի, կարող ենք փաստել, որ արցախահայության տեղահանությունն ու մշակութային ժառանգության բազմաթիվ  ոչնչացումները ոչ թե իրարից կտրված գործողություններ են, այլ  ադրբեջանական մեկ միասնական քաղաքականության բաղկացուցիչ մասեր։

Ադրբեջանի կողմից բռնի տեղահանության ենթարկված արցախահայությունը տարանջատվել է իր սոցիալ-մշակութային արժեքներից,  զրկվելով իր պատմական հայրենիքի՝ Արցախի տարածքի, բնության և մշակութային լանդշաֆտի հետ կապված գիտելիքը, սովորույթներն ու պրակտիկաները իրացնելու, այն վայելելու, դրանցով իր մշակութային կյանքը հարստացնելու, իր ավանդույթներին համապատասխան զարգանալու և ինքնության տարրերն ապագա սերունդներին փոխանցելու հնարավորությունից։

Ժառանգության անխնա ոչնչացումներով են բնորոշվել  Ադրբեջանի կողմից սանձազերծված արցախյան բոլոր պատերազմները՝ նյութական կառույցներից զատ էական վնաս հասցնելով նաև ոչ նյութական արժեքներին։ Հայկականության գոյության հիմքերի ոչնչացումը չի դադարել բռնազավթված տարածքներում և  առավել մեծ ընդգրկունությամբ շարունակվում է նաև սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից և Արցախի  հայաթափումից հետո։

Արցախահայության բռնի տեղահանման գործընթացներով, ի թիվս սոցիալական-տնտեսական շատ իրավունքների, խաթարվեց նաև մշակույթի իրավունքը, այն է՝ սեփական ինքնության պահպանության, մշակութային կյանքին հաղորդակցման, իր իսկ ժառանգությանը մուտքի, ժառանգության ստեղծմանը մասնակցելու և այն վայելելու հնարավորությունը։ Այս իրավունքը առանցքային նշանակության է, քանզի  պաշտպանում է յուրաքանչյուր անձի՝  իր համոզմունքներին, լեզվին, գիտելիքներին, սովորույթների  համաձայն  ապրելու և զարգանալու իրավունքը։ Մշակութային իրավունքը համայնքի մշակութային կյանքին մասնակցության և ամենատարբեր ռեսուրսներին հասանելիության իրավունքն է, ինչպես սահմանված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 27-րդ և ՄԱԿ-ի  1966 թվականի դաշնագրի 15-րդ հոդվածով։   ՄԱԿ-ի մշակույթի իրավունքի հատուկ զեկուցողն արձանագրել է, որ մշակույթի  իրավունքը սերտորեն կապված է ոչ նյութական մշակութային ժառանգության իրացման հնարավորության հետ։

Նշենք նաև, որ մշակութային ժառանգության գլխավոր գործառույթը սոցիալական համախմբումն է՝ որպես համայնքի զարգացման և ինքնության հաստատման գործոն։ Լայն են վերջինիս ընդգրկման շրջանակները․ սովորույթներ, բեմադրություններ, արտահայտություններ, գիտելիքներ ու հմտություններ, ինչպես նաև դրանց հետ կապված առարկաներ, արվեստի գործեր և մշակութային տարածքներ, որոնք համայնքների, խմբերի և որոշ դեպքերում անհատների կողմից ճանաչվում են իրենց մշակութային ժառանգության մաս: Կարևոր է նշել, որ ոչ նյութական ժառանգությունը ստեղծվում և հետագայում վերականգնվում ու պահպանվում է համայնքների կողմից:

Հարկ է ընդգծել, որ ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանություն նշանակում է դրա կենսունակության ապահովմանն ուղղված միջոցների ձեռնարկում՝ ներառյալ ճանաչումը, հետազոտությունը և պահպանումը։ Քանի որ այսօր համայնքների օտարման պատճառով կենսունակ չի կարող լինել Արցախի ոչ նյութական  ժառանգությունը, հետևաբար վտանգի տակ է վերջինիս պահպանումն ու սերունդներին փոխանցումը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի սկզբունքներին համաձայն՝ ոչ  նյութական ժառանգությունը պետք է «փոխանցվի սերնդից սերունդ և անընդհատ վերստեղծվի», ապա՝ այդ գործընթացը պետք է տեղի ունենա «համայնքների, բնության և պատմության փոխգործակցության միջոցով»: Փաստորեն, ժողովուրդների՝ իրենց բնակավայրերից տեղահանությունը խաթարում է ոչ նյութական տարրերի վերստեղծման հնարավորությունը, կասեցվում է կենդանի ժառանգության շարունակականության գործընթացը,  քանզի չկա այն համայնքը, այն ռեսուրսների համախումբը և այն միջավայրը, որոնց հետ փոխգործակցության հետևանքով պետք է ծնվի ոչ նյութական մշակութային ժառանգության այս կամ այն նոր պրակտիկան, կամ պահպանվի արդեն եղածը։ Ստացվում է, որ անգամ համայնքի անդամների ֆիզիկական ներկայությունն այլ վայրում բավարար չէ ապահովելու համայնքի բուն ինքնության շարունակականությունը։ Հույժ կարևոր է այն արձանագրումը, որ ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկացած պրակտիկա կարող է վերանալ, եթե այդպիսի սոցիալ-մշակութային արժեքները տարանջատվեն իրենցով զբաղվող համայնքների ու խմբերի կյանքից և գործելակերպից։ Այս կտրվածքով կուզեի դիտարկել, մասնավորապես, Հադրութի շրջանի օրինակը։

Հադրութի մշակութային համայնքների կազմաքանդումը

44-օրյա պատերազմի արդյունքում Արցախի  Հադրութի շրջանի 48 բնակավայրերի  շուրջ  13.000 հայ բնակչությունն ամբողջությամբ տեղահանվեց։ Սույն  հետազոտության արդյունքները փաստել են, որ տեղահանության արդյունքում կազմաքանդվել է Հադրութի  բնակիչների մշակութային ինքնությունը, և այսօր ՀՀ տարածքում գտնվող հադրութցիները իրենց վրա զգում են տեղահանության բացասական հետևանքները, այդ թվում՝ մշակութային ինքնության համայնքային կյանքի, ընտանեկան սովորույթների և ավանդույթների լիարժեք պահպանության անհնարինությունը,  անհատական և կոլեկտիվ մշակութային իրավունքի իրացման խոչընդոտները։

Հադրութի մշակութային համայնքների կազմաքանդման արդյունքում կորսվել են նաև ոչ նյութական մշակութային ժառանգության  ամենաէական դրսևորումները, որոնք  կապված են  Արցախի բնական լանդշաֆտի և համայնքի հետ (այդ թվում՝  ժենգյալով հացի պատրաստման իրական պրակտիկան, կուրկուտի, խաշիլի, կաճապով ապուրի, արցախյան պոպոքով կլոր գաթայի  պատրաստման ավանդական մշակույթը, թթի դոշաբի և օղու ավանդական թորման մշակույթը և այլն)։  Տեղահանության արդյունքում Հադրութի ժողովուրդը զրկվել է նաև ոչ նյութական արհեստագործական պրակտիկաները իրացնելու հնարավորությունից․ կորսվել են  տեղի գորգագործության, կարպետագործության, թոնրագործության, տակառագործության, փայտագործության, դարբնության, բրուտագործության  ոչ նյութական մշակութային  ավանդական պրակտիկաները։ Կորսվել են նաև մշակութային  փառատոնները, որոնք կապված էին ոչ նյութական արժեքներից՝ գինու, խաղողի, ժենգյալով հացի, թթվի և այլ արժեքների հետ։

Տեղահանությունը հղի է եղել նաև ընտանիքի և սոցիալական կառույցների խաթարման գործընթացով, որի պատճառը մի կողմից ընտանիքների բաժանումն է, մյուս կողմից՝ համայնքային կյանքից օտարումը, որն էլ կարող է անհնարին դարձնել համայնքի ավանդույթների պահպանումն ու փոխանցումը: Տեղահանվածների շրջանում հատկապես կործանարար է համայնքային կյանքի կազմաքանդումը, որը ինքնության խաթարման գլխավոր պատճառը կարող է դառնալ։

Կորսված են Հադրութի պատմական գերեզմանոցները  (4-5  և ավելի սերունդների), ուստիև վտանգված՝ նախնիների մասին հիշողությունները դրանց հետ զգայական հաղորդակցման անհնարինության պատճառով։ Բացի այդ, պապենական գերեզմանոցները ոչնչացվում են, ինչը  հոգեկան մեծ ցավ է պատճառում տեղահանվածներին։ Հռոմի կանոնադրությունը փաստում է, որ ժառանգության ոչնչացմամբ մարդկանց հոգեկան տառապանք պատճառելը մարդկության դեմ ծանր հանցագործության, այդ թվում՝ ցեղասպանություն և էթնիկ զտում կարող է որակվել։

Տեղահանության արդյունքում կորստյան վտանգի տակ է նաև  Հադրութի շրջանի ինքնատիպ լեզվամշակույթը՝ բարբառը։  ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակած ոչ նյութական մշակութային ժառանգության էթիկական սկզբունքների համաձայն՝ լեզվի անհետացումը կամ անխաթար պահպանման վտանգը  սպառնում է շարունակական պրակտիկայի և կենդանի ժառանգության փոխանցմանը և կարող է հանգեցնել կենսական մշակութային և բնագիտական գիտելիքների կորստին։

Հետազոտության արդյունքներով նաև պարզվեց, որ Հադրութի բոլոր շրջանների բնակիչների կենսընթացի անբաժանելի մասն են կազմել տոները, որոնք պարտադիր կերպով կապված են եղել  Հադրութի շրջանի  մշակութային նյութական կառույցների հետ և ուղեկցվել են հուշարձաններ  այցելություններով (դեպի Կատարո վանք,  Գտչավանք, Սպիտակ Խաչ վանք, Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցի, Տողի Սուրբ Հովհաննես, Տումի Կարմիր Վանք, Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցի, դեպի խաչքարեր և այլ հուշարձաններ) կամ գլխավորապես տոնվել են հենց նյութական հուշարձանների տարածքներում։ Գրեթե բոլոր տոներն ուղեկցվել են  ավանդական կերակրատեսակների պատրաստումով և համայնքի անդամների հետ այն վայելելով ու արժևորելով։ Փաստ է, որ հայրենիքից և նյութական կառույցներից  օտարումը խոչընդոտում է հիշյալ տոների լիարժեք անցկացումը և տոնի գաղափարի կենսունակության պահպանմանը։

Հադրութում մեծ տեղ ունեին ամենամյա տարբեր փառատոնները, որոնք կապված էին ոչ նյութական արժեքների՝ գինու, խաղողի, ժենգյալով հացի, թթվի, արվեստի այլ ճյուղերի հետ։ Հադրութում արվեստի զարգացման, փոխշփումների  համար կարևոր էին «Դիզակի գույները» նկարչական միջազգային սիմպոզիումները, որոնց արդյունքում ստեղծվում էին Դիզակ աշխարհը պատկերող  կտավներ։  Բացի այդ, Արցախում մինչ պատերազմը  դեռևս կենդանի էին ավանդական շատ խաղեր, որոնք հանրահռչակվում էին   «Գուպար» ազգային ավանդական խաղերի մրցույթի միջոցով։

Այսպիսով, Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգությունը տեղահանության արդյունքում օտարված է արցախահայերի բնականոն կենսակերպից, որը հղի է ինքնության տարրերի ոչնչացման կործանարար ազդեցությամբ՝ քանդելով խմբի գոյության մշակութային հիմքերը, կասեցնելով Արցախի մշակութային անփոխարինելի արժեքների վերստեղծումն ու սերունդներին անխաթար փոխանցումը։

 

Արմինե ՏԻԳՐԱՆՅԱՆ
Մշակութաբան
Երևան

Արցախի խորհրդարանի առաջին պատգամավորը վայր է դրել մանդատը

Սույն թվականի նոյեմբերի 15-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ սույն թվականի նոյեմբերի 7-ին «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Դավիթ Կարենի Բաղդասարյանը «Ազգային ժողովի Կանոնակարգ» օրենքի 138-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ներկայացրել է հրաժարականի դիմում։ Հայտնում են ԱՀ ԱԺ ֆեյբուքյան էջում:

Համաձայն «ԱԺ Կանոնակարգ» օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ կետի Դավիթ Կարենի Բաղդասարյանը սահմանված ժամկետում հետ չի վերցրել իր դիմումը, ուստիև նրա պատգամավորական լիազորությունները համարվում են դադարած։

Արցախի խորհրդարանը, չնայած Արցախի բռնագաղթից և օկուպացիայից հետո ակտիվ գործունեության բացակայությանը, չի արձակվել։ Փաստորեն, առաջին պատգամավորը հրաժարական տվեց, բայց սա անձնական, ոչ կոլեկտիվ որոշում է։

Եթե ​​Արցախի խորհրդարանը գործում է, ապա, ըստ Սահմանադրության, պատգամավորները պետք է հավաքվեն աշնանային նստաշրջանին ու իրականացնեն ժողովրդի մանդատը։

Ռուսական երեսպաշտություն. այս ամենից հետո Զախարովան խոսում է Բաքվի «երաշխիքների» մասին

Մենք ողջունում ենք Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցչի վերջին հայտարարությունները՝ Ղարաբաղ վերադառնալ ցանկացող հայերի իրավունքների, անվտանգության և տնտեսական բարեկեցության երաշխիքների վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ինձ թվում է, որ սա շատ կարևոր և ժամանակին արված ազդանշան է, և մենք ամեն կերպ աջակցելու ենք այս գործընթացին, որը  սկզբունքային նշանակություն ունի  Բաքվի և Երևանի հաշտեցման համար, այդ թվում՝ ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի միջոցով։ Ի դեպ, մենք բազմաթիվ ֆեյքեր ենք արձանագրում, որոնք ստեղծվում են, որպեսզի հնարավորություն չտան այս տարածաշրջանի, այս տարածքների բնակիչներին հետ վերադառնալ։ Ոմանց վախեցնում են ինչ-որ մտացածին սպառնալիքներով, ոմանց համար կեղծ տեղեկություններ են նետում, որ իրենց տներից ոչինչ չի մնացել: Դա ճիշտ չէ։ Մենք առնվազն տեսնում ենք այս տեղեկատվական արշավները, որոնք այժմ ակտիվորեն  անց են կացվում։ Բայց ինձ թվում է, որ պետք է հիմնվել պաշտոնական հայտարարությունների վրա,  մասնավորապես, այս դեպքում ես մեջբերեցի Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցչի խոսքը և ռուսական կողմի այն հայտարարության վրա, որը  հենց նոր ես արեցի»,- ասել է Զախարովան։

Ռուսաստանը, որը 2020 թվականի պատերազմից հետո երեք տարի շարունակ աջակցում էր Արցախը օկուպացնելու և հայաթափելու Բաքվի մտադրություններին՝ փորձելով յուրացնել Արցախի մշակութային ժառանգությունը, որը մի քանի անգամ ավելի հին է, քան ինքը՝ Ռուսաստանը, այժմ համարձակվում է խոսել Բաքվի «երաշխիքների» մասին։ Զախարովան ակնարկում է, որ արցախցիների տներին ձեռք չեն տալիս՝ ըստ երեւույթին ակնկալելով հայերի երախտագիտությունը։

Ռուսաստանն ամեն ինչ արեց, որպեսզի Իսրայել Օրիի սկսած ճանապարհը հասցնի անդունդ։ Եվ ոչ միայն հայերի, այլեւ հենց Ռուսաստանի համար։ Հավաքվեք գնացեք:

Եթե Հայաստանի իշխանությունները թույլ չեն տալու, որ Արցախի վտարանդի կառավարություն գոյություն ունենա, պետք է հայցեն Սփյուռքի օգնությունը

Step1.am-ի զրուցակիցն է ֆրանսահայ հասարակական գործիչ Հիլդա Չոբոյանը։

Տիկի՜ն Չոբոյան, Հայաստանի իշխանությունները կարծես փորձում են փակել Արցախի քաղաքական հարցը, Սփյուռքում ի՞նչ դիրքորոշում կա այս հարցով։

– Այո՜, ինչպես ուրիշ քաղաքական հարցերում, Հայաստանի իշխանություններն այսօր տեսլական չեն ցուցաբերում նաեւ Արցախի հարցում։ Օրեցօր նոր որոշումներ են ընդունում, օրինակ, այն որոշումը, որ Արցախից տեղահանված մարդիկ պետք է կա՜մ փախստականի, տեղահանվածի կարգավիճակ ունենան, կա՜մ Հայաստանի քաղաքացի դառնան։ Իսկապես մեծ հնարավորություններ կան միջանկյալ կարգավիճակներ ու ձեւեր գտնելու՝ մեր հայրենակիցների փախստականի կարգավիճակը պահպանելու եւ իրենց բոլոր հնարավորությունները տալու, որպեսզի օգտվեն Հայաստանի քաղաքացու իրավունքներից։ Սա չի արվել, ըստ իս՝ դա Հայաստանի իշխանության կողմից մեծ սխալ է, նույնիսկ կարող եմ ասել, որ հանցանք է ապագայի համար։ Հնարավորություններ կան, եւ այս հարցերով մեծ մասնագետներ կան Սփյուռքում։ Հնարավորություններ կան, ապագայում վերադարձի իրավունքի գործադրման համար ձեւեր կան, պետք է այդ ուղղությամբ քաղաքականություն վարել, որը Հայաստանի իշխանությունները չեն ընդունում։

Ես կարծում եմ, որ Արցախի պատասխանատուները, չասեմ միայն Արցախի իշխանությունները, նաեւ Արցախում ու Հայաստանում մտահոգ շրջանակները պետք է միանան Սփյուռքի այն շրջանակների հետ, որոնք ուզում են, որ այս իրավունքը չկասեցվի, այսինքն՝ վերադարձի իրավունքը՝ իր բոլոր ածանցյալ իրավունքներով չկասեցվի։ Ես կարծում եմ, որ այս հարցի շուրջ Հայաստանում պետք է քաղաքացիական շարժում սկսվի։ Ճիշտ է, ժամանակը կարճ է, տեղահանվածները շատ հուսահատ վիճակում են, ուզում են իրենց դժվարություններին  ու տառապանքներին վերջ տալ, շատերը կընդունեն Հայաստանի քաղաքացիություն եւ կհրաժարվեն փախստականի կամ տեղահանվածի կարգավիճակից, բայց կարծում եմ, որ այս հարցը հասարակական շարժման կարիք ունի։

Դուք ի՞նչ եք նկատում՝ Հայաստանի իշխանությունը փորձում է այսպիսով փակե՞լ Արցախի տեղահանված բնակչության վերադարձի հարցը։

-Ես իրական քաղաքականության ու վերջնանպատակների մասին լավ տեղեկացված չեմ։ Բայց կասկածներ ունեմ, որ Հայաստանի իշխանության կողմից հեշտ տարբերակ գտնելու մղում կա։ Իմ կարծիքով՝ ապագայի մասին չեն մտածում, իսկ վերադարձի իրավունքն ապագայի մասին է։ Հայաստանի իշխանությունները մինչեւ հիմա չեն փայլել իրենց հեռատեսությամբ եւ երկարատեւ ծրագիր ու քաղաքականություն մշակելու գործի մեջ։ Եթե այսպես են որոշել, ես կարծում եմ, որ իրենց համար ամենահեշտ ու պարզունակ ձեւը սա է։ Իսկ քաղաքականությունը պարզունակություն չի սիրում, քաղաքականությունը ենթադրում է, որ մենք հեռատես պետք է լինենք, ազգային տեսլական պետք է ունենանք՝ բոլոր իր ածանցյալ իրավունքներով եւ այլն։ Չեմ ուզում այդքան հեռու գնալ ու ասել, որ Հայաստանի իշխանություններն ուզում են Արցախի վրա խաչ քաշել,  բայց ուզում եմ ասել, որ սա անհեռատես քաղաքականություն է։ Մարդկանց նոր կարգավիճակ տալով, իրենց ուղեղներում ու հոգեբանության մեջ այս գաղափարը արմատացնելով, որ՝ դուք այստեղ եք ու պետք է բնակվեք այստեղ, սահմանի մյուս կողմը պետք է մոռանաք, սա Հայաստանի իշխանության մեծ թերությունն է։

Եթե անդրադառնանք Սփյուռքին, ի՞նչ դիրքորոշում ունի Սփյուռքը Արցախի հարցի մասին, քաղաքական պահանջներ դրվո՞ւմ են այս փուլում։

-Սփյուռքը շատ բազմաշերտ է, պետություն չէ, ապակենտրոնացած մեկ մարմին է, որի մեջ տարբեր ուղղություններ ու գաղափարներ կան։ Բայց Սփյուռքի մեջ վերջին 30 տարիներին արմատացած է Արցախի իրականությունը։ Եվ եթե այսօր Արցախի իրականության մղումը Հայաստանի հասարակության ու արցախցիների կողմից գոյություն ունենա, Սփյուռքը միշտ դրա կողքին կկանգնի ու կսատարի։ Եթե Սփյուռքը դիտարկենք որպես հայկական ինքնության մեկ բաղադրիչ,  այդ գիտակից բաժինն անպայման Արցախի կողքին պետք է լինի եւ պետք է սատարի։ Ոչ թե պետք է առաջնորդի, այլ սատարի Արցախ վերադարձի ծրագրի իրագործմանը։ Չի կարելի մարդկանց այսպես կոտրել, 30 տարի ներդրումներ են արել, Սփյուռքում մարդիկ՝ շատերը, որոնք իրենց ամբողջ կյանքը նվիրեցին այս հարցին, այսօր արդեն իսկ շատ կոտրված են։ Անշուշտ, Հայաստանի անկախության հարցին են իրենց նվիրել մարդիկ, բայց դրան զուգահեռ Սփյուռքը մեծ հույսեր էր կապել Արցախի վերածնունդի շարժմանը։ Նաեւ ներդրումներ են արել, նաեւ կյանքեր են տրամադրել այս գործին, չասեմ զոհել։ Եվ շատ մարդիկ այսօր շատ կոտրված են զգում, նրանք ամենաշատը նվիրված մարդիկ են։ Այսօր այս թեւաթափ վիճակին պետք է վերջ տալ եւ նախաձեռնությամբ հանդես գալ։

-Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ ֆինանսավորում չեն հատկացնելու Արցախի պետական մարմինների գործունեության համար։ Արցախի սուբյեկտայնությունը պահելու համար կարեւոր է նաեւ պետական մարմինների գործունեությունը, Սփյուռքը կարո՞ղ է ֆինանսավորում հատկացնել այս ուղղությամբ։

Այս ամենը ծրագիր է ենթադրում։ Որպեսզի Սփյուռքը ֆինանսավորի այս կամ այն բանը, ծրագրեր պետք է լինեն։ Պետք է ստեղծվեն կառույցներ, որոնք պետք է աշխատեն Սփյուռքում առկա կառույցների հետ։ Եվ ամեն ինչ հնարավոր է, անհնար ոչինչ չկա։ Այսինքն՝ եթե Հայաստանի իշխանությունները թույլ չեն տալու, որ Արցախի վտարանդի կառավարությունն իր կառույցներով գոյություն ունենա, պետք է կառույցներ ստեղծվեն ու հայցեն Սփյուռքի օգնությունը։

Ռոզա Հովհաննիսյան