Month: Նոյեմբեր 2023
Սահմանվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կրթության ավարտական փաստաթղթերի կրկնօրինակներ տրամադրելու կարգը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել է «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի կրկնօրինակներ տրամադրելու» կարգը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, համաձայն կարգի՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կրկնօրինակ տրամադրվում է անձի կամ նրա լիազորված ներկայացուցչի դիմումի հիման վրա։ Կրկնօրինակը տրամադրվում է ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ նախարարությունում առկա կամ անձի կողմից ներկայացված արխիվային հիմքերի առկայության դեպքում։ Կրկնօրինակի տրամադրումից հետո նախկինում տրամադրված ավարտական փաստաթղթերը համարվում են խոտանված։
Ըստ աղբյուրի՝ հանրակրթական ուսումնական հաստատության շրջանավարտին ամփոփիչ ավարտական գնահատականների վերաբերյալ արխիվային հիմքերի բացակայության դեպքում հատկացվում է հիմնական կրթության վկայականի կրկնօրինակ՝ ուսումնառության վերջին 2 տարվա ընթացքում ուսումնական հաստատության ուսումնական պլանով նախատեսված և սովորողի կողմից ուսումնասիրված առարկաների ավարտվող դասարանի տարեկան և ամփոփիչ ատեստավորման (քննական) առարկաների նշմամբ, միջնակարգ կրթության ատեստատի կրկնօրինակ՝ ուսումնառության վերջին 3 տարվա ընթացքում ուսումնական հաստատության ուսումնական պլանով նախատեսված և սովորողի կողմից ուսումնասիրված առարկաների ավարտվող դասարանի տարեկան և ամփոփիչ ատեստավորման (քննական) առարկաների նշմամբ:
Նշվում է, որ նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների դիպլոմի հավելված (ներդիր) տրամադրվում է համապատասխան հիմքերի առկայության դեպքում: Ուսումնական պլանների և անցած առարկաների վերաբերյալ տեղեկատվության առկայության դեպքում վերոնշյալ հաստատությունների շրջանավարտներին տրվում է դիպլոմի հավելված (ներդիր)՝ համապատասխան առարկաների նշմամբ:
«Нaterk Food»-ը Հայաստանում է
Օրերս Երևանում տեղի ունեցավ «Արցախի ձեռքերով» ցուցահանդես-տոնավաճառը։ Մեծ ուշադրություն է գրավել «Haterk Food» ապրանքանիշի տաղավարը։ Նախագիծը սկսել է աշխատել մի քանի տարի առաջ և հայտնի է դարձել հայաստանյան և միջազգային շուկայում՝ ներկայացնելով 100% բնական մեղր Արցախից։ Ստացել է տեղական և միջազգային բարձր մրցանակներ և վարկանիշներ:
Մարտակերտի շրջանի հայրենի Աթերք գյուղում «Հաթերք Ֆուդ»-ը սկսել է գյուղի զարգացման ծրագիր, և հաջողությամբ. տարբեր միջոցառումների միջոցով ուշադրություն է հրավիրել գյուղի խնդիրների, զբոսաշրջության զարգացման նախադրյալների վրա, և աշխատանքի տեղավորման հարցը սկսեց լուծվել։
«Հաթերք Ֆուդ»-ի հիմնադիր Սամվել Միրզախանյանի խոսքով, ընկերության հայեցակարգը փոխվել է Արցախի պատերազմներից և օկուպացիայից հետո, սակայն ընկերությունը շարունակում է գործել Հայաստանում։
Նրա խոսքով, ընկերությունն ավելացնում է արտադրության ծավալները՝ ներգրավելով Հայաստանի մի քանի մարզերի ներուժը։
«Դեռևս 2020 թվականին, երբ Քաշաթաղում գործունեությունը շարունակելն անհնարին դարձավ, մենք մեր գործունեությունը սկսեցինք Տավուշից, հիմա Լոռին և Կոտայքը միացել են Տավուշին։ Մենք ցանկանում ենք այս ամենին ներգրավել նաեւ Արցախի մեղվաբույծներին, ձգտում ենք օգնել նրանց, որպեսզի նրանք շարունակեն զբաղվել մեղվաբուծությամբ։ Ակտիվորեն մասնակցում ենք նաև տարբեր ցուցահանդեսների, որպեսզի կարողանանք մեր հայկական արտադրանքը ներկայացնել արտաքին շուկաներում։ Մենք ունեինք Հաթերքի զարգացման ծրագիր՝ երիտասարդների ներգրավմամբ։ Հուսով ենք, որ նմանատիպ ծրագիրը կշարունակենք Հայաստանում՝ մեր հայրենակիցների համար։ Ներկայումս մենք գնահատում ենք ռեսուրսներն ու կարիքները, ինչի համար հարցում ենք տեղադրել մեր պաշտոնական էջում (haterk.com): Սրան համապատասխան մենք արդեն մշակելու ենք զարգացման եւ զբաղվածության ծրագրեր»։
Երիտասարդն ասաց, որ Հաթերքի արտադրամասը կորել է, բայց նյութական կորուստների մասին իրենք չեն մտածում. «Մենք կորցրել ենք ավելի կարևոր արժեքներ՝ մեր մշակութային ժառանգությունը, մեր նախնիների հիշատակն ու գերեզմանները։ Սա այն է, ինչ պետք է մտահոգի բոլորին, մենք պետք է հնարավորություններ փնտրենք դրանք պահպանելու և վերադարձնելու համար»։
«Հաթերք Ֆուդ»-ի արտադրանքի մեծ մասն այս տարի ստացվել է Հայաստանի բուսական աշխարհից։ Սրա պատճառը շրջափակումն էր։ Բայց դեռ կարելի է ձեռք բերել 100 տոկոս արցախյան մեղր։
Ալվարդ Գրիգորյան
Ստեփանակերտի Tumanyan’s Art-ը վերսկսում է աշխատանքը Երևանում․ բլոկադային թեյ՝ ճաշացանկում
Tumanyan’s Art սրճարանը վերսկսում է աշխատանքը Երևանում։ Սեփականատերերը գրում են, որ «մենք վերջակետ չենք դնում, սա«ստորակետ» է, և «կրկին կգտնվի մի տեղ, որտեղ մենք կարող ենք գրկել ընկերներին և հարազատներին, լսել և կիսվել, խոսել մեր հայրենի հողի մասին և մեր մայրենի բարբառով»։
Դա այդպես է: Tumanyan’s Art-ը Ստեփանակերտում այն վայրն էր, որտեղ աշխարհը գոնե մի քանի րոպեով ավելի բարի էր դառնում։ Իսկ ընկերների հետ հանդիպումներն անցնում էին ճիշտ մթնոլորտում։
Երբ սկսվեց ամբողջական շրջափակումը, Վադիմը իր օրը սկսում էր սննդի «որսով»։ «Հեծանիվով (մեքենաների համար վառելիք չկար) մոտակա գյուղերով էի անցնում։ Հետաքրքիր է, նա հաշվե՞լ է, թե օրական քանի կիլոմետր է անցել, որ ուտելու մի բան հայթայթի։ Չի բացառվում ռեկորդը։
Իսկ Քրիստինան օրը սկսում էր նրանից, որ ճաշատեսակներ էր հորինում այն ամենից, ինչ կարող էին հայթայթել այդ օրը։ Կրկին՝ արդյո՞ք նա գրել է իր հորինած բաղադրատոմսերը նոթատետրում: Ի վերջո, նրանք կարող են լինել եզակի և դառնալ շրջափակման պայմաններում գոյատևման «հանրագիտարան»:
Նրանք արդեն պատերազմական պայմաններում գոյատևելու փորձ ունեին։ 2020-ի պատերազմի 44 օրերի ընթացքում Tumanyan’s Art-ը չդադարեց աշխատել՝ տաք սնունդ պատրաստելով կացարաններում գտնվող զինվորականների և քաղաքացիական անձանց համար։
Բայց շրջափակումը գոյատևման նոր պայմաններ մտցրեց։
Tumanyan’s Art-ը մի վայր էր, որտեղ ամենշաբաթյա միջոցառումներ էին նախատեսված երեխաների, մասնավորապես հատուկ երեխաների (հաշմանդամություն ունեցող) համար: Իսկ երեխաների հետ ներկա են եղել ծնողները։ Հետո շատ մեծահասակներ խոստովանում էին, որ երեխաներն անհամբեր սպասում էին հաջորդ միջոցառմանը:
P.S.-1 Արցախի ամբողջական շրջափակում. Խանութները դատարկ են, շուկաները՝ դատարկ։ Ալյուրն ամբողջությամբ սպառվել է։ Հաց կարելի է գնել միայն մոտ մեկ օր հերթ կանգնելուց հետո։ Օրերից մի օր անցնում եմ Tumanyan’s Art-ի կողքով. Բաց է։ Մանկական ձայներ։ Ներս մտա։ Պարզվեց, որ Քրիստինան որոշել է, որ ալյուրի վերջին պաշարները պետք է ուրախությամբ օգտագործել։ Այս օրը Վադիմին հաջողվել է դոշաբ գտնել։ Նրանք կանչեցին երեխաներին և միասին սկսեցին ալյուրից ու դոշաբից պարզ բլիթներ թխել։ Երեխաների համար, թեև փոքր, բայց տոն էր։
P.S.-2. Հերթական ակցիան մեզ՝ լրագրողներիս, բերել է հրապարակ։ Որոշեցի մի երկու րոպեով գնալ Tumanyan’s Art՝ տաքանալու։ Մեզ տեսնելով ցրտից կապտած՝ անմիջապես մեր արցախյան խոտաբույսերից թեյ կազմակերպեցին։ Ամենահամեղ բլոկադային թեյը։ Այն մեզ հասավ վերմակի և սրտանց խոսակցությունների հետ միասին: Եվս մեկ փոքրիկ տոն։
Ալվարդ Գրիգորյան
Ֆինանսների նախարարը ներկայացրեց 2024-ի պետբյուջեով նախատեսվող աջակցության ծրագրերը Արցախից բռնի տեղահանվածների համար
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց 2024 թվականի պետական բյուջեով նախատեսվող աջակցության ծրագրերը Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված անձանց համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ նա նշեց, որ 2024 թվականի երեք ամսվա համար կնախատեսվեն բնակարանի վարձակալության և կոմունալ ծառայությունների գծով տրամադրվող 50 հազար դրամների հատկացումները հունվար, փետրվար և մարտ ամիսներին։
«Կնախատեսվեն թոշակների և նպաստների գծով հավելյալ ծախսերը, որը կպահանջի հավելյալ մոտ 30 միլիարդ դրամ։ Կնախատեսվեն կրթության և առողջապահության գծով հավելյալ ծախսերը։ Բնակարանային և աշխատանքի տեղավորման աջակցության ծրագրերը այս պահին չեն պլանավորվի բյուջեով, որովհետև դրանց մշակումը և հաստատումը կարող է տեղի ունենալ դեկտեմբերի վերջին։ Այնուամենայնիվ, զգալի գումարներ կնախատեսվեն պահուստային ֆոնդում, որպեսզի ծրագրերի պատրաստ լինելուն պես ֆինանսավորման խնդիրներ չունենանք»,- ասաց Հովհաննիսյանը։
ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալված հայերին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նոյեմբերի սկզբին այցելել է Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալված հայերի մի մասին։
Այս մասին «Արմենպրես»–ի հետ զրույցում հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին։
«Մենք շարունակում ենք տեսակցել բոլոր այն հայ անձանց, որոնք ձերբակալվել են Ադրբեջանում և որոնց անունները հաստատվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Խոսքն այն անձանց մասին է, որոնք ձերբակալվել են և գտնվում են Ադրբեջանում 2020 թվականից ի վեր, 2021 թվականի, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ի սրացումների հետևանքով։ Տեսակցությունները պարբերական բնույթ են կրում: Օգտվելով դրանից՝ հնարավորություն ենք տալիս նրանց կապ պահպանել ընտանիքների հետ»,-ասաց Զառա Ամատունին։
Նա նշեց, որ հոկտեմբերին ԿԽՄԿ-ն Բաքվում տեսակցել է նրանց մի մասին, իսկ այս ամսվա սկզբին առաջին անգամ տեսակցել է սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների առնչությամբ ձերբակալված հայերին, որոնց մասին հաստատումները կազմակերպությունը ստացել է վերջերս։
Նրա խոսքով, տեսակցություններն անցնում են առանձնազրույցի ձևաչափով, որի ընթացքում յուրաքանչյուր անձի հետ քննարկվում են իրեն վերաբերող հարցերը, խնդիրները։ ԿԽՄԿ-ի աշխատակիցների ուշադրության կենտրոնում է լինում բոլոր անձանց առողջական վիճակը, նրանց պահման պայմանները։ Այդ ամենը դիտարկվում են ինչպես առանձնազրույցների, այնպես էլ բոլոր հնարավոր տարածքներով շրջայցերի միջոցով։
«Ինչ վերաբերում է այդ նկատառումներին և, թե ինչպես ենք մենք հետևողական դրանց, ապա սա արդեն փակ տեղեկություններ են և անմիջապես քննարկվում են տեղի իշխանությունների հետ։ Տեսակցությունների նպատակն այն է, որ կարողանանք տեսնել, թե ինչ վիճակում են նրանք գտնվում, ինչի կարիք ունեն և եթե կարող ենք նաև մենք աջակցել, որ այդ կարիքները հնարավոր լինի պատշաճ կերպով հասցեագրել։ Նշեմ, որ մենք չենք բարձրաձայնում դրա մասին հանրային հարթակում։ Դա մեզ թույլ է տալիս առավելապես բաց կերպով քննարկել այդ հարցերն այն պատկան մարմինների հետ, որոնք պատասխանատու են այս անձանց համար»,-ասաց Զառա Ամատունին։
Այսօր ԱՄՆ Կոնգրեսում Լեռնային Ղարաբաղի թեմայով լսումներ կանցկացվեն
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նոյեմբերի 15-ին լսումներ կանցկացվեն «Լեռնային Ղարաբաղի ապագան» թեմայով։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԱՄՆ Կոնգրեսի կայքը, լսումների բանախոսները կլինեն ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ-Բրայենը և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Եվրասիայի և Եվրոպայի բյուրոյի ադմինիստրատորի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին։
Կարեւորը իրավունքն է․ արցախցիները կցանկանան, թե չեն ցանկանա՝ դա էլ իրենց իրավունքն է․ ԱՄՆ Պետդեպ
Մարդիկ, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը, իրավունք ունեն վերադառնալ տուն, նոյեմբերի 14-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։ «Մենք շարունակում ենք հավատալ, որ մարդիկ, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը, իրավունք ունեն վերադառնալ տուն, եթե ցանկանան, և նրանց այդ իրավունքը պետք է հարգվի», ասել է նա։
Արցախ-Պաղեստին. խնդիրը՝ Հայաստանի ղեկավարության քաղաքական կամքն է
Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի կարգավիճակի վկայական ստանալու համար Արցախի հարկադիր տեղահանված բնակիչներին տրված ձևաթուղթը պարունակում է «Հայտնում եմ, որ ես որևէ պետության քաղաքացի չեմ հանդիսանում։ Տեղյակ եմ կեղծ տեղեկություններ և փաստաթղթեր տրամադրելու պատասխանատվության մասին»:
Արցախցիները, ովքեր ցանկանում էին փախստականի կարգավիճակի վկայական ստանալ, կասկածանքիմեջ են այս խոսքերի համար։ Ոմանք ասում են, որ այսպիսով մենք ստիպված ենք ընդմիշտ հրաժարվել մեր անցյալից, Արցախի հանդեպ իրավունքից։ Մյուսները կարծում են, որ երկրորդ ասացվածքում կա ծուղակ, քանի որ կասկածներ կան, որ այն փաստաթղթերը, որոնցով արցախցիները ապրել և գործել են 30 տարի, մի օր կարող են դառնալ «կեղծ տեղեկություններ և փաստաթղթեր», և իրենք պետք է պատասխան տան օրենքի առաջ։
Շատերի կարծիքով, եթե այսօր արցախցիներին տրված ՀՀ քաղաքացու կապույտ անձնագիրը նրանց ՀՀ քաղաքացի լինելու իրավունք չի տալիս, վաղը փախստականի կարգավիճակի վկայականը կարող է դառնալ նույն կեղծ փաստաթուղթը։ Շատերը նույնպես անվստահություն ունեն այս կարգավիճակի միջազգային ճանաչման հարցում։
Այս ամբողջ խառնաշփոթն ինձ ստիպեց ավելի խորանալ այսպես կոչված «պաղեստինյան վերադարձի իրավունքի» մեջ, որի մասին պատմեցին մեր սփյուռքահայ գործընկերներից շատ իրավաբաններ, երբ մենք ապարդյուն փնտրում էինք միջազգային ատյաններ դիմելու ուղիներ:
Պաղեստինցի փախստականների խնդիրը ծագեց 1948 թվականի Պաղեստինյան պատերազմի ժամանակ, երբ 700,000-ից 800,000 արաբներ լքեցին, փախան կամ վտարվեցին իրենց տներից այն տարածքում, որը պետք է դառնար Իսրայել (մեր դեպքում մենք լքեցինք այն տարածքը, որը պետք է դառնա Ադրբեջան): ) Նրանք բնակություն հաստատեցին Անդրհորդանանի, Լիբանանի, Սիրիայի, Եգիպտոսի, Հորդանան գետի ափին և Գազայի հատվածի փախստականների ճամբարներում, որոնք պատերազմի ժամանակ գրավված էին Անդրհորդանանի և Եգիպտոսի կողմից։
Ըստ Wikipedia-ի, ոչ մի արաբական երկիր, բացի Հորդանանից, մինչ այժմ չի ձուլել պաղեստինցի փախստականների զգալի քանակություն կամ նրանց լիարժեք քաղաքացիություն չի տվել, և նրանցից շատերը ապավինում են ՄԱԿ-ի կամ այլ երկրների անհատների տնտեսական օգնությանը: Արաբական կառավարությունների մեծ մասի դիրքորոշումն է՝ քաղաքացիություն չտրամադրել իրենց սահմաններում ծնված պաղեստինցի փախստականներին. այս քաղաքականությունը մասամբ պայմանավորված է այս արաբական պետությունների ցանկությամբ՝ թույլ տալ պաղեստինցիներին վերադառնալ իրենց տները Իսրայելում, և մասամբ՝ այդ պետությունների՝ փախստականներից ազատվելու ցանկությամբ:
Ակամայից զուգահեռ է առաջանում. այսօր ժամանակավոր պաշտպանություն վերցրած և փախստականի կարգավիճակ տված Հայաստանի իշխանությունը ՀՀ քաղաքացիություն ստանալու իրավունքը թողնում է հենց Արցախի բռնի տեղահանվածներին։
Շատ միգրանտներ չեն ցանկանում քաղաքացիություն ստանալ հենց այն պատճառով, որ դա նրանց կզրկի սեփականության փոխհատուցման և իրենց նախկին բնակության վայրերը վերադառնալու իրավունքից։ Այնուամենայնիվ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1948 թվականի դեկտեմբերի 11-ի 194 բանաձևի 11-րդ հոդվածը սահմանում է, որ փախստականներին, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց տները և խաղաղ ապրել իրենց հարևանների հետ, պետք է հնարավորինս շուտ թույլատրվի դա անել, և որ գույքի համար պետք է փոխհատուցում վճարվի նրանց, ովքեր որոշել են չվերադառնալ, ինչպես նաև գույքի կորստի կամ վնասի համար, որը, միջազգային իրավունքի կամ արդարադատության սկզբունքների համաձայն, պետք է փոխհատուցվի պատասխանատու կառավարությունների կամ իշխանությունների կողմից:
Եվ նորից երկընտրանք՝ կամ ստանալ Հայաստանի քաղաքացիություն և փոխհատուցում ստանալու սակավ հնարավորություն Ադրբեջանից կամ Հայաստանից (որովհետև նրանք են պատասխանատու արցախցիների զանգվածային արտագաղթի համար, թեև յուրաքանչյուր երկրի պատասխանատվությունը տարբերվում է մյուսից), կամ ստանալ փախստականի կարգավիճակ, պահպանել վերադարձի, գույքային վնասի հատուցման իրավունքը։
Երկու դեպքում էլ խնդիրների լուծման հավանականությունը բավականին ցածր է, իսկ սոցիալական խնդիրները պետք է լուծվեն այստեղ և հիմա։
Վերադարձի իրավունքի հակառակորդները պնդում են, որ այն չունի միջազգային իրավունքի հիմք, և դա անիրատեսական պահանջ է։ Սակայն շատ փորձագետներ կարծում են, որ Արցախի բռնի տեղահանվածների կարգավիճակի խնդիրը ոչ թե իրավական, այլ քաղաքական է։ Նրանց կարծիքով, ՀՀ կառավարությունը պետք է շարունակի ֆինանսավորել թոշակառուներին, հաշմանդամներին, երեխաներին և սոցիալական այլ խմբերին (զոհվածների ընտանիքներ, կերակրողներ կորցրածներին և այլն) ճիշտ այնպես, ինչպես դա արվել է անկախության բոլոր տարիներին՝ անկախ նրանից, թե ինչ կարգավիճակում են դրանք։
Ի վերջո, ավելի քան 30 տարի համայն հայությունը (թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը) ապրել է նույն քաղաքական, ֆինանսական, տնտեսական, դատական և իրավական դաշտում։ Մենք գործնականում ունենք նույն իրավունքներն ու պարտականությունները, և Հայաստանի ղեկավարությանը մնում է միայն կամք դրսևորել և հայտարարել, որ լիովին կկատարի իր հայրենակիցներին պաշտպանելու իր պարտավորությունները՝ միջազգային իրավունքին և ՀՀ Սահմանադրությանը համապատասխան։
Եվ, այնուամենայնիվ, մասնագետների պարզաբանումներ են անհրաժեշտ՝ կապված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի դիմումի ձևի կետերի հետ, որպեսզի մենք նորից չհայտնվենք «чужой среди своих» կարգավիճակում։
Մարգարիտա Քարամյան
«Բոխչա». Հադրութի Մարիամաձորից՝ Նորաբաց
2020 թվականի սեպտեմբերի 29-ը Հեղուշ Թարխանյանի վերջին օրն էր հարազատ Մարիամաձորում (Հադրութի շրջան)։
44-օրյա պատերազմից հետո Հեղուշը իր վիրավոր ամուսնու և 2 զավակների հետ տեղափոխվեց Երևան, սակայն նրա դուստրը` Հերմինեն, չկարողանալով հարմարվել` վերադարձավ Ստեփանակերտ, որտեղ ամուսնացավ, ունեցավ իր առաջնեկին, որի դուրսգրման օրը` սեպտեմբերի 19-ին սկսվեց երրորդ Արցախյան պատերազմը։
Հիմա 7 հոգուց բաղկացած մեծ ընտանիքով նրանք ապրում են Նորաբաց գյուղում, որտեղ ունեն փոքրիկ ընտանեկան բիզնես։
Հեղուշը համեղ ուտեստներ է պատրաստում (ժենգյալով հաց, բոխչա, չախոխբիլի, լազանյա, լցոնած ճագար, գաթա)։ Նրա ամուսինը` Նորայրը առաքում է այդ ուտեստները, իսկ Ռուզաննան` նրանց բարեկամը, զբաղվում է ֆեյսբուքյան էջի մարքետինգով։
«Հադրութում մենք փոքրիկ խանութ ունեինք, ամուսինս համայնքապետն էր, ունենիք մեր փոքրիկ այգին, աշխատում էինք և կյանքից չէինք բողոքում։ Երևան տեղափոխվելուց հետո որպես խոհարար աշխատում էի հայտնի ճաշարաններից մեկում։ Այդ ժամանակ հասկացա, որ ինձ խոհարարությունն է հետաքրքրում և ուրիշ գործ անել չեմ կարող», – ասում է Հեղուշը։
Մինչև հունիսի 24-ը Երևանում էին ապրում, սակայն Նորայրը պետական տանը չկարողացավ հարմարվել։ Ասում էր, որ գյուղի տուն է ուզում, գյուղական տան բակ է ուզում, որից հետո հաստատվեցին Նորաբացում։ Ունեն այգի, որտեղ աճում են ժենգյալով հացի համար նախատեսված գրեթե բոլոր կանաչիները, իսկ որն էլ չի աճում` պլանավորում են ցանել։
«Բոխչայից» համով ուտելիք պատվիրելու համար կարող եք գրել նրանց ֆեյսբուքյան էջին https://www.facebook.com/profile.php?id=61552124465693
Հայկ Հարությունյան
Բոբ Մենենդես. Մենք պետք է պայքարենք այն սպառնալիքների դեմ, որոնք Հայաստանը շարունակում է դիմակայել
Ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսը Կոնգրեսին կոչ է արել դադարեցնել աջակցությունն Ադրբեջանի կառավարությանը, այդ թվում՝ ռազմական, հորդորել է Վաշինգտոնին՝ կանգնել այն դաշնակիցների կողքին, որոնք պայքարում են մարդու իրավունքների համար և հետևում են պատերազմի օրենքներին: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պետք է կանխի ցեղասպանությունները, էթնիկ զտումները և վայրագությունները:
«Լեռնային Ղարաբաղի հինավուրց հայկական համայնքը հեռացել է ադրբեջանական դաժան ռեժիմի պատճառով: Ադրբեջանը ցանկանում է ջնջել նրանց աշխարհի երեսից: Ամիսներ շարունակ հետևել ենք՝ ինչպես է հումանիտար ճգնաժամ ծավալվում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տարածաշրջանում մահացության յուրաքանչյուր 3 դեպքից 1-ը թերսնումից է եղել: Ճգնաժամը ընթացել է ռուս խաղաղապահների ներկայության պայմաններում, որոնք, ենթադրվում էր, պետք է հետևեին հրադադարի պահպանմանը: Ադրբեջանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղում տառապանքի արշավ է իրականացրել, Ժնևի կոնվենցիաների բացահայտ խախտմամբ՝ հենց Լաչինի միջանցքում կալանավորել մարդկանց, որոնք տեղափոխվում էին բուժման համար։
Լաչինի միջանցքի 10-ամսյա շրջափակումը սատանայական դավադրության մի մասն էր միայն՝ էթնիկ հայկական անկլավին ստիպելու ենթարկվել:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ներխուժեց Լեռնային Ղարաբաղ և ուժի սպառնալիքով տեղի իշխանություններին ստիպեց կապիտուլյացիայի գնալ:
Ավելի քան 100 000 բնակիչ լքել է նախնիների տները: Հայաստան գնալու ճանապարհին ոմանք զոհվել են: Ի՞նչ է սա, եթե ոչ մարդու իրավունքների ոտնահարման վկայություն: Այդ փախստականները մեր օգնության կարիքն ունեն: Մասնավորապես, հարկավոր է երկարաժամկետ աջակցություն տրամադրել՝ հաշվի առնելով Երևանում բնակարանային ծանրաբեռնվածությունը: Շատերն ասում են, որ Մերձավոր Արևելքում սուր իրավիճակ է: Բայց արդյոք մենք իրավունք ունե՞նք ընտրելու՝ մարդասիրական որ ճգնաժամին առաջինը արձագանքել: Իհարկե՝ ոչ: Հարկավոր է բարձրաձայնել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած դժբախտության մասին։ Այս ցեղասպանությունը չպետք է մոռացվի: Հարկավոր է արձագանքել ադրբեջանական սպառնալիքին, նախքան նրանք կօգտվեն իրենց ունեցած առավելությունից։
Վերջին բանը, որ մեզ պետք է այս տարածաշրջանում, հակամարտությունն է երկու պետությունների միջև, որոնք սահմաններ ունեն Իրանի և Թուրքիայի հետ:
Մենք պետք է պայքարենք այն սպառնալիքների դեմ, որոնց Հայաստանը շարունակում է դիմակայել»,- ասել է Մենենդեսը։
Ռուստամյան․ պետք է պահպանել Արցախի ժողովրդի՝ Արցախ վերադառնալու իրավունքը
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ պետք է պահպանել Արցախի ժողովրդի՝ Արցախ վերադառնալու իրավունքը։ «Այդ իրավունքը հստակ գոյություն ունի այն փաստից սկսած՝ երբ արձանագրվել է, որ տեղի է ունեցել էթնիկ զտում, որը ցեղասպանական արարք է։ Եվ որպես այդ ամենի հատուցում՝ Արցախի ժողովուրդն իրավունք ունի վերադառնալ»,- ասել է Ռուստամյանը։ Այս մասին հայտնում է step1.am-ի թղթակիցը։
Ռուստամյանը նշել է, որ նման նախադեպ կա, Կիպրոսում կա այդպիսի օրինակ, մեկ ամբողջ քաղաք մինչեւ հիմա դատարկ է մնացել, որովհետեւ ապացուցել են, որ այդտեղից եղել է էթնիկ զտմում։ «Այսինքն՝ միջազգային պրակտիկա կա, իրավական առումով մենք դրա հիմքերն ունենք, պարզապես պետք է, որպեսզի Արցախի սուբյեկտայնությունը պահպանվի։ Սա է, որ այսօրվա իշխանությունները չեն ուզում անել։ Իրենք իրենց համար վտանգ են տեսնում, որ արցախահայությունը՝ որպես ժողովուրդ, սուբյեկտ մնա եւ դառնա գործոն։ Արցախի ժողովուրդը պետք է պահպանի իր՝ գործոն լինելու հանգամանքը։ Բայց այդ գործոն լինելը նաեւ վտանգ է սպառնում այսօրվա իշխանություններին, ես իշխանությունների հայտարարություններից ելնելով եմ դա ասում»,- հավելել է նա։
Հարցին, թե ի՞նչ է անում Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը՝ երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից Արցախի հարցրեը բարձրացնելու ուղղությամբ, Ռուստամյանը պատասխանել է, որ իր իրավունքների ու վերադարձի մասին խոսելու առաջնահերթ իրավունք ունի հենց Արցախի ժողովուրդը եւ առաջնային մանդատով օժտված Արցախի խորհրդարանը եւ Արցախի նախագահը։ «Այսինքն՝ այս երկու սուբյեկտը պետք է պահպանեն այդ իրավունքը՝ խոսելու այն իրավունքների մասին, որոնք Արցախի ժողովուրդը կհամարի բավարար եւ անհրաժեշտ, որպեսզի կարողանա վերադառնալ։ Արցախի մեր գործընկերների հետ այս թեմաներով հանդիպումներ, շփումներ ունենք, բայց իրենք այս խնդիրը պետք է դնեն իրենց օրակարգում։ Կարծում եմ՝ Արցախի խորհրդարանը պետք է նիստ գումարի եւ սկսի իր գործունեությունը ծավալել հենց այս ուղղությամբ։ Որեւէ մեկն իրավունք չունի Արցախի ժողովրդին զրկելու այդ հնարավորությունից, որ ինքը որպես սուբկետ պահպանի իր իրավունքներն ու լիազորությունները»։
Ըստ Ռուստամյանի՝ այս ուղղությամբ պետք է առաջին ձայնը լսվի Արցախի պատգամավորներից, ՀՀ ընդդիմադիր պատգամավորները այս գաղափարի շուրջ կարող են համագործակցել նրանց հետ։ Օրինակ՝ կարող են պահանջել միջխորհրդարանական հանձնաժողովի նիստեր գումարել ՀՀ Ազգային ժողովում։ Հարցին, թե այսինքն՝ պետք է Արցախի Ազգային ժողո՞վը նախաձեռնի, ՀՀ ԱԺ ընդիմությունը ոչինչ չի՞ նախաձեռնելու, Ռուստամյանը պատասխանեց․ «Եկեք այդ դետալների մեջ չմտնենք։ Առաջինն ով կնախաձեռնի, ով կհանդիպի, շատ մանր դետալներն են դրանք»։