«Ոչ մի երկրի քաղաքացի չեմ հանդիսանում». նոր փաստաթուղթ արցախցիների համար

ՀՀ ոստիկանության տեղամասային բաժիններում Արցախից բռնի տեղահանվածներին տրվում է փաստաթղթի ձև, որում նշվում է, որ Արցախի բնակիչը չունի որևէ երկրի քաղաքացիություն։ Փորձենք վերլուծել, թե որքանով է դա իրավաբանորեն ճիշտ։

Պետական ​​մարմինները, մասնավորապես, ՀՀ ՆԳՆ-ին առընթեր միգրացիոն ծառայությունը, պնդում են, որ իրենք ամեն ինչ անում են միջազգային օրենքներին համապատասխան և փորձում են ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնել այն քաղաքական և իրավական շփոթությունը, որը եղել է վերջին 35 տարիների ընթացքում:

Մենք էլ որոշեցինք ուսումնասիրել Հայաստանի նորագույն պատմության բոլոր փաստաթղթերը, որոնք առնչվում են այս հարցին։

Այսպիսով, Հայաստանի Անկախության հռչակագրի համաձայն, որն ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը`արտահայտելով Հայաստանի ժողովդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման եւ պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից եւ միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, հռչակել է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:

Սակայն պարադոքսն այն է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բնակիչներին թույլ չեն տվել քվեարկել Հայաստանի անկախության հանրաքվեին։

ԽՍՀՄ փլուզման նախօրեին՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին, ԼՂՀ-ն ստիպված էր հանրաքվե անցկացնել ԽՍՀՄ կազմից դուրս գալու վերաբերյալ, համապատասխանաբար, որպես առանձին միավոր։

Հետագայում ԼՂՀ ղեկավարությունը երբեք չի դիմել Հայաստանի ղեկավարությանը Արցախի բնակիչներին ՀՀ քաղաքացիություն տրամադրելու հարցով։ ԼՂՀ բնակիչները առավել եւս կապ չունեն անկախ Ադրբեջանի կազմավորման հետ. նրանք չեն մասնակցել ո՜չ անկախության հանրաքվեին, ո՜չ սահմանադրության ընդունմանը, ո՜չ քաղաքացիության հարցերին։

Այդ ժամանակվանից ԼՂՀ բնակիչները մնացել են առանց քաղաքացիության։ Հետագայում 1999 թվականին նրանց տրամադրվել են հայկական անձնագրեր, սակայն քանի որ ԼՂՀ պաշտոնական իշխանությունների կողմից քաղաքացիություն ստանալու դիմում չի եղել (որը նախատեսված է 1995 թվականի նոյեմբերի 16-ին ընդունված «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով), մենք մնացել ենք առանց Հայաստանի քաղաքացիության, բայց նաև այլևս Ադրբեջանի քաղաքացիներ չէինք։ Այսինքն՝ քաղաքացիություն չունեցող անձինք։

Չկա բացատրություն, թե ինչու են ՀՀ իշխանությունները հղում անում ՄԻԵԴ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» քրեական գործին՝ Արցախի քաղաքացիների անձնագրերը «ճամփորդական փաստաթուղթ» անվանելով։ Ավելին, անհասկանալի է, թե ինչու են ՀՀ իշխանությունները կոնկրետ անդրադառնում այս գործին, և ոչ այն փաստին, որ 1999 թվականին 070 ծածկագրով անձնագրերը տրվել են ՀՀ եւ ԼՂՀ ՆԳՆ անձնագրային ծառայությունների միջև գրավոր համաձայնության հիման վրա։

Քաղաքական այս ամբողջ խառնաշփոթը կրկին հանգում է նրան, որ Հայաստանի և ԼՂՀ իշխանությունները անկախ Հայաստանի նորագույն պատմության ընթացքում այդպես էլ չեն որոշել, թե ինչ է Հայաստանը Արցախի համար, եւ ինչ է Արցախը Հայաստանի համար։ Ամեն ինչի հիմքում հայկական երկու հանրապետությունների բոլոր իշխանությունների իրավաքաղաքական անգործունակությունն է, որոնք ժամանակին չեն ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այսինքն՝ միջազգային փաստաթղթերում ամրագրված հիմնարար իրավունքը։

Դրա համար վճարում են ավելի քան 150 հազար արցախցիներ, ովքեր այսօր կորցրել են հայրենիքը,  ազատության  համար կյանք տված նախնիների, որդիների, ամուսինների շիրիմները։ Նրանք վճարում են գինը, քանի որ իրենք չեն հասկացել և չեն հարգել մարդու իրավունքները, միջազգային օրենքներն ու նորմերը։

Բայց եթե «սովորական մահկանացուների» դեպքում սա ներելի է, քանի որ ոչ բոլոր մարդիկ են իրավաբանորեն և քաղաքականապես գրագետ, և պարտավոր չեն այդպիսին լինել, ապա անցած տարիների բոլոր ղեկավարների դեպքում սա իսկապես պետական ​​հանցագործություն է։ Որովհետև ղեկավարության աթոռներին նստած մարդիկ իրավունք չունեն ժողովրդից թաքցնել այն գործընթացները, որոնք տեղի են ունենում ազատ ապրելու և ինքնիշխան պետություն ունենալու կոլեկտիվ որոշման շուրջ։ Այդ որոշման իրագործման համար մարդիկ ստեղծեցին պետական ​​մարմիններ, բանակ, խորհրդարան, որոնք պետք է ապահովեին նրանց բոլոր իրավունքները։ Ավաղ, իշխանության մեջ գտնվողների բացարձակ անգրագիտությունը մեր ժողովրդին ու պետությանը ֆիասկո արժեցավ։

Հնարավո՞ր է այս վիճակից դուրս գալ։ Այո, բայց սա պահանջում է այլ մարդիկ և այլ մտածողություն: Հին ամեն ինչի կորուստը պետք է լինի նորի սկիզբ:

Մարգարիտա Քարամյան

Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ մի քանի տասնյակ հայ․ ԿԽՄԿ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքային խմբերը Լեռնային Ղարաբաղում շարունակում են այցելել այնտեղ մնացած հայ ընտանիքներին՝ արձագանքելով նրանց կարիքներին։ «Արմենպրես»ի հետ զրույցում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին տեղեկացրեց, որ դժվար է մնացած հայերի կոնկրետ վիճակագրություն ասել, սակայն խոսքը մի քանի տասնյակ հայերի մասին է։

«Երբ Ղարաբաղից հայերի մեծ մասը տեղափոխվեց Հայաստան, մեր թիմերը տեղում սկսեցին աշխատել այն անձանց հետ, որոնք ինչ-ինչ պատճառներով մնացել են կամ պարզապես չեն կարողացել դուրս գալ։ Բոլոր այն մարդիկ, որոնք ցանկություն են ունեցել տեղափոխվել Հայաստան, սակայն ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել դա անել, մեր կազմակերպությունն օգնել է այդ հարցում։  Խոսքը 50 անձի մասին է։ Նրանք այն մարդիկ են, որոնք ունեն ֆիզիկական խոցելիություն, առողջական խնդիրներ։ Մի քանի տասնյակ հոգու էլ օգնել ենք հեռախոսազանգերի, վիդեոզանգերի միջոցով կապ հաստատել Հայաստանում գտնվող իրենց հարազատների հետ։ Այն մարդիկ, որոնք ցանկություն են հայտնել մնալ Ղարաբաղում, մեր աշխատանքային խմբերը պարբերաբար այցելում են՝ գնահատելով նրանց կարիքները»,-ասաց Զառա Ամատունին։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքային թիմերի այցելություններից պարզ է դարձել, որ Ղարաբաղում մնացած հայերի կարիքները վերաբերում են սննդին, դեղորայքին, ջրի հասանելիությանը։ Տեղերում հնարավորության սահմաններում կատարվում է բժշկական զննություն, անհրաժեշտության դեպքում տրամադրվում է դեղորայք։ Մի շարք կարևոր հարցերի հասանելիության բացակայության պայմաններում նրանք հայտնվել են խոցելի վիճակում։ Որքա՞ն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները կշարունակեն մնալ Ղարաբաղում։

«Առհասարակ մեր ներկայությունը պայմանավորված է մարդասիրական կարիքներով։ Որքան այդ կարիքները շարունակեն մնալ տարածաշրջանում և որքան մեր ներկայությունը՝ որպես չեզոք միջնորդի, կարևոր կլինի մարդկանց համար, մենք կգերադասենք այդքան էլ մնալ և շարունակել այդ հարցերին ուշադրություն դարձնել»,-ասաց Զառա Ամատունին։

Զառա Ամատունին ընդգծեց, որ Կարմի խաչի միջազգային կոմիտեի աշխատանքը կենտրոնացված է հակամարտությանը վերաբերող, մարդասիրական հարցերին։ Այս տարածաշրջանում 30 տարուց ավելի ֆիզիկական ներկայության շնորհիվ կազմակերպությունը պարբերաբար արձագանքել է ահագնացող կարիքներին։

«Այս ստեղծված իրավիճակում ևս կազմակերպությունն անմիջապես սկսել է ավելացնել իր ռեսուրսները թիրախային ուղղություններով։ Մենք փորձել ենք Ղարաբաղից տեղափոխել վիրավոր անձանց, ինչպես նաև աջակցել ենք զոհվածների մարմինները Հայաստան տեղափոխելու հարցում։ Խոսքը թե՛ պատերազմական գործողությունների, թե՛ Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով  վիրավորում ստացածների մասին է։ Այդ օրերին 124 վիրավորում ստացած անձ տեղափոխվել է Հայաստան բուժում ստանալու նպատակով։ Դրանից բացի, մեր կազմակերպության աջակցությամբ 220 անձի աճյուն է տեղափոխվել Հայաստան։  Մեծ մասն այն անձինք են, որոնք զոհվել են պայթյունի հետևանքով»,-հավելեց Զառա Ամատունին։

Մասիս համայնքում 140 ներքին տեղահանված անձ է մկրտվել

Ակցիայի նախաձեռնությունը ՀԱԵ հոգևորականներին և Մասիսի վարչակազմինն է։ Մկրտության արարողությունը տեղի է ունեցել մի քանի եկեղեցիներում։ Մասիսի 7 հայտնի դեմքեր 140 արցախցիների կնքահայր են դարձել, այդ թվում՝ քաղաքապետն ու նրա տեղակալը։

Մկրտվեցին եւ մեծահասակներ, և երեխաներ: Ամենափոքրը երկու ամսական է։

Քաղաքապետ Դավիթ Առուստամյանը Step1-ին ասաց, որ նման իրադարձությունները պետք է արցախցիներին ցույց տան, որ թեկուզ մենք չենք կարողանում իրենց վերադարձնել կորցրած հոգեբանական և ֆիզիկական խաղաղությունը, բայց պատրաստ ենք պատասխանատվություն կրել մեր հայրենակիցների համար։

Արցախի նախագահի՝ հանցագործության մասին հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ԱԱԾ

ՀՀ գլխավոր դատախազությունն Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի դիմումը փոխանցել է Ազգային անվտանգության ծառայություն, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Սամվել Շահրամանյանը նամակով դիմել էր Աննա Վարդապետյանին՝ խնդրելով Արցախի Հանրապետության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու մասին հրապարակումներն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում։

«Արցախի Հանրապետության իշխանությունները շահագրգռված են պաշտոնատար անձանց կողմից կատարված հնարավոր չարաշահումները բացահայտելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու հարցում», նշվում էր Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունում։

Երեսուն տարի արցախցիներին, որ պաշտպանել են մեր երկրի անվտանգությունը, չեն ասել՝ «դու ճամփորդական անձնագիր ես ունեցել»:

Ազգային ժողովի այսօրվա նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն առավոտից գիշեր հեռուստաեթերներից չի իջնում եւ փորձում է Հայաստանի հանրությանը համոզել, որ Արցախի Հանրապետության քաղաքացիներին տրված այդ կապույտ անձնագիրը լոկ ճամփորդական անձնագիր է, եւ դրանով չեն կարող Արցախի Հանրապետության քաղաքացիները տարբեր պաշտոնների նշանակվել:

«Բայց, օրինակ, Անվտանգության խորհրդի քարտուղարը, որը ծնունդով Արցախի Հանրապետության Մարտունիից է, վստահաբար այդպիսի անձնագիր է ունեցել»,- ասաց պատգամավորը։ Գեղամ Մանուկյանը հավելեց․ «Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, որը ծնունդով Հադրութի Ազոխ գյուղից է, վստահ այդպիսի անձնագիր է ունեցել: Երեսուն տարի տարի շարունակ Արցախի առաջնագծում արցախցիները, որ պաշտպանել են մեր երկրի անվտանգությունը, Ջերմուկի ու Վարդենիսի անվտանգությունը, նրանց չեն ասել՝ «դու ճամփորդական անձնագիր ես ունեցել»: Պարտադիր կուտակային համակարգում վճարում կատարած արցախցուն չեն ասել, որ դու ՀՀ անձնագիր չես ունեցել, քաղաքացի չես ու վաղն էլ կենսաթոշակ չես ստանալու: Նույն 1000 դրամների հիմնադրամ վճարումներ կատարող արցախցուն չեն ասել՝ «դու միայն ճամփորդական անձնագիր ունես ու ՀՀ քաղաքացի չես»:

Լեհաստանը պաշտպանում է Արցախի մասին Ստալինի որոշումը, և հայ դիվանագետները համաձայնում են

Լեհաստանի կառավարությունն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը. Այս մասին լրագրողներին ասաց Հայաստանում Լեհաստանի դեսպան Պյոտր Սկվիչինսկին։ Նրա խոսքով, Լեհաստանն առաջիններից էր, որ նյութական օգնություն է ցուցաբերել այս տարվա սեպտեմբերին (Լեռնային Ղարաբաղի դեպքերից հետո – խմբ.)։

«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանում խաղաղություն լինի, և հայերը կարողանան խաղաղ ապրել միջազգայնորեն ճանաչված տարածքում»,- ասաց դիվանագետը։

Միաժամանակ նա հավելեց, որ միջազգայնորեն ճանաչված տարածք ասելով նկատի չունի Լեռնային Ղարաբաղը, քանի որ «այս տարածքը միջազգային հանրության կողմից երբեք չի դիտարկվել որպես Հայաստանի տարածք»։

Լեհաստանը, որը պետք է քաջատեղյակ լինի հայերի պատմությունից և որն այժմ խոսում է Ռուսաստանի սպառնալիքի մասին, օգնում Ուկրաինային դիմակայել Մոսկվային, փաստորեն ճանաչում է 1921 թվականի ռուս-թուրքական հակահայ պայմանագրերը, Ղարաբաղը Ադրբեջանին փոխանցելու Ստալինի կամայական որոշումը, Հայաստանի դեմ 2020-ի ռուս-թուրքական ահաբեկչական պատերազմի արդյունքները, հանցավոր եռակողմ հայտարարությունը, Արցախի օկուպացիայի և բնակչության տեղահանության «լեգիտիմությունը» և անտեսում է միջազգային հիմնարար փաստաթղթերն ու սկզբունքները։

Եվ ամենակարեւորը՝ հայ դիվանագետները նստած համաձայնում են Լեհաստանի և մյուսների հայտարարություններին՝ առանց առարկելու կամ վիճարկելու։

«Բոլոր նախադրյալները մնում են, եւ բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններից դա վերահաստատվեց, որ մենք ունենք վերադարձի իրավունք»

Step1.am-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը։

Պարոն Հարությունյան, Արցախի պատգամավորներն այս օրերին քաղաքական քննարկումներ իրականացնո՞ւմ են, ի վերջո, Արցախի ժողովրդի կողմից ընտրված մարմին եք, ի՞նչ քայլեր եք նախաձեռնում։

-Իհարկե, քննարկումներ կան, բայց քննարկումներն այս պահին աշխատանքային բնույթ են կրում, որովհետեւ մենք կարծում ենք, որ պետք է ունենանք ամբողջական ճանապարհային քարտեզ, որից հետո միայն հետեւողական քայլերով պետք է առաջ շարժվենք։

-Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի՝ Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին հրամանագրի ստորագրումից հետո շատ տեսակետներ կան, որ Արցախի խորհրդարանը պետք է չեղյալ անի Շահրամանյանի այդ հրամանագիրը։ Այդ ուղղությամբ գործնական քայլեր արվո՞ւմ են, չէ՞ որ Արցախը չի կարող լուծարվել մեկ անձի որոշմամբ։

-Այդ բոլոր հարցերը քննարկումների ընթացքում են, դրան են միտված մի շարք աշխատանքներ։

-Ձեր տեսակետը ո՞րն է այս հարցի վերաբերյալ, արդյոք Արցախի հարցը այսպիսով կարո՞ղ է փակվել։

-Իհարկե, չի կարող փակվել։ Բայց, կրկնում եմ, մենք ոչ թե պետք է իրավիճակին քայլեր ձեռնարկենք, այլ պետք է շատ ավելի խորքային պլանավորված, հավասարակշռված քայլերով առաջ գնանք։ Դա բարդ պրոցես է, ամեն դետալը պետք է առանձին քննարկվի, որովհետեւ նույնիսկ այն պարագայում, երբ մենք փաստացի բնակվում էինք մեր հայրենիքում, ցավոք սրտի, գործիքակազմը բավական սահմանափակ էր։ Եվ ինչքան էլ մենք աշխարհի հետ կապ ունեինք, միեւնույն է, տեղի ունեցավ այն, ինչ Ադրբեջանը հստակ ծրագրավորել ու պլանավորել էր։ Երբ Ադրբեջանը կեղծ «էկո ակցիան» սկսեց, մենք բազմիցս հայտարարել ենք, անձամբ ես իմ հարցազրույցներում ասում էի, որ դրա նպատակը Լաչինի միջանցքն ամբողջական վերահսկողության տակ վերցնելն է, հետագայում՝ անցակետ տեղադրելը։ Այդ ամենը պարզ երեւում էր, որովհետեւ Ադրբեջանը չի թաքցնում իր նպատակները։ Բազմիցս ահազանգել ենք, որ Ադրբեջանի պլանը էթնիկ զտումն է, եւ ինտեգրացիան կեղծ օրակարգ է, որովհետեւ չի կարող մեկ երկիր փորձել ինտեգրել մեկ հասարակության, բայց մյուս կողմից ամենօրյա ռեժիմով այդ բնակչությանը ենթարկել տեռորի։ Ամեն օր ապատեղեկատվություն էին տարածում, որ պատրաստվում են գրավել այս կամ այն գյուղը կամ սահմանամերձ գյուղերի բնակիչներին բարձրախոսներով կոչ էին անում, որ մարդիկ լքեին իրենց տները, սպառնում էին բնակչությանը, ահաբեկում, գնում նաեւ առարկայական քայլերի։ Մենք հիշում ենք, թե քանի քաղաքացիական զոհ ունեցանք գյուղատնտեսական, շինարարական աշխատանքներ կատարելիս։ Այսինքն՝ Ադրբեջանի բոլոր քայլերը պարզ ուղղված էին հասարակության մեջ անկումային տրամադրություններ գեներացնելուն, որպեսզի մարդը, տեսնելով, որ իր կյանքին ուղիղ վտանգ էր սպառնում, իր բնակավայրը լքեր։

Հիմա իրավիճակը մեզ համար կրկնակի բարդացավ, որովհետեւ մենք փաստացի ստիպված եղանք թողել մեր հայրենիքը եւ բնակավայրերը։ Եվ ես կարծում եմ՝ բոլոր նախադրյալները մնում են, եւ գրեթե բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններից այդ գաղափարը վերահաստատվեց, որ մենք ունենք վերադարձի իրավունք, եւ մեր իրավունքներն ու ազատությունները պետք է պաշտպանվեն։ Սակայն, կարծում եմ, որ իրատեսական ու շոշափելի մեխանիզմների ներդրումից հետո միայն հնարավոր կլինի խոսել առարկայական քայլերի մասին։ Հետեւաբար, սա երկար պրոցես է, եւ ես կարծում եմ, որ մենք պետք է ամեն ինչ պլանավորված ու հավասարակշված իրականացնենք։

Ռոզա Հովհաննիսյան

 

Էրդողանը երկարաձգում է ռուսների հետ համատեղ ռազմական ներկայությունը օկուպացված Արցախում

Թուրքիայի նախագահ Էրդողանը փաստաթուղթ է ուղարկել խորհրդարան, որպեսզի խորհրդարանը մեկ տարով երկարաձգի Արցախի օկուպացված Ակնայում թուրքական զինված ուժերի առաքելությունը ռուս-թուրքական համատեղ հետախուզական կենտրոնում:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, օրենսդիրների կողմից հաստատվելու դեպքում օկուպացիոն զորքի ներկայությունը մեկ տարով կերկարաձգվի՝ 2023-ի նոյեմբերի 17-ից:

Էրդողանի ուղարկած փաստաթղթում ասվում է, որ «միասնական կենտրոնը, որտեղ ծառայում են Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչները, հաջողությամբ շարունակում է իր գործունեությունը, և Թուրքիան իր ներդրումն է ունենում տարածաշրջանի անվտանգության և կողմերի միջև վստահության ամրապնդման գործում»:

Օկուպացված Ակնայում ռուս-թուրքական հետախուզական կենտրոնը ռուսական, թուրքական եւ ազերբայդժանական կողմերի համար այն ծառայում է որպես ընդհանուր հետախուզման եւ մարտական կառավարման կենտրոն՝ հայկական կողմի տեղաշարժերը հսկելու համար, հարյուրավոր կիլոմետր ճակատով եւ օպերատիվ խորությամբ: Այսինքն, Հայաստանի ռազմական կարողությանը անարգել եւ միանգամայն «օրինական» հիմքի վրա լրտեսում են միաժամանակ Ռուսաստանը, Թուրքիան եւ այսպես կոչված ազերբայդժանը:

Կենտրոնի ստեղծումը նոյեմբեր 9-ի հայտարարությամբ նախատեսված չէ: Այն գործարկվել է ՌԴ եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների 2020 նոյեմբեր 11-ին ստորագրած սեպարատ հուշագրի հիման վրա: Ակնայի ռուս-թուրքական կենտրոնըՀայաստանի դեմ ուղիղ ագրեսիայի օպերատիվ-շտաբային միավոր է եւ կազմում է Հայաստանին հակադիր կողմերի վաղօրոք համաձայնեցված ռազմաքաղաքական ծրագրի բաղադրիչ մաս:

Երեւանը ոչ միայն չպահանջեց փակել այդ կենտրոնը, որտեղից կառավարվում էին ազերբայդժանական օդուժի հարվածները Գեղարքունիքի ու Վայոց ձորի մարզերի դեմ, այլեւ հերքում էր այդ իրողությունը։ Ռուսական ու թուրքական օկուպացիոն ստորաբաժանումները մնում են օկուպացված Արցախում՝ ի երաշխավորումն Նիկոլ-քպ-ի խաղաղ օրակարգի։

Lragir

Սպասվում է գազի գնի աննախադեպ աճ. Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Վերջին տարիներին, և հատկապես՝ վերջին ամիսներին, անհասկանալի կերպով թանկանում է դիզվառելիքի գինը։ Հեղուկ գազի արժեքը եթե ամիսներ առաջ 160 դրամ էր, այժմ 220 դրամ է։ «Պրեմիում» տեսակի բենզինի 1 լիտրը արդեն իսկ վաճառվում է 570 դրամով։

Շարունակական գնաճը որևիցե հիմնավորում և բացատրություն չունի։ Ստացվում է, որ վերահսկողության բացակայության պայմաններում, առանց տնտեսագիտական հիմնավորումների տեղի է ունենում գնաճ՝ վնաս հասցնելով մեր քաղաքացիներին։

Նշեմ, որ ԵԱՏՄ ոչ մի պետությունում չկան նման խայտառակ գներ։ Ամենուրեք՝ ՌԴ-ում, Ղազախստանում, Բելառուսում եռակի էժան է դիզվառելիքը։

Հարցը նախևառաջ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի տիրույթում է։ Սակայն, ի՞նչ ակնկալես այս հանձնաժողովից, երբ դեռ ամիսներ առաջ դիզվառելիքի թանկացման հարցի շուրջ խոսելիս ՄՊՀ նախագահը հայտարարեց, որ հանձնաժողովի պատկերացմամբ Հայաստանում բենզինի գները դեռ մի բան էլ ցածր են։

Շատ հավանական է, որ հենց այս արտահայտությունն էլ առիթ տվեց բենզինի ներկրմամբ և վաճառքով զբաղվող տնտեսվարողներին էլ ավելի բարձրացնելու բենզինի արժեքը։

Իմ տեղեկություններով, առաջիկայում սպասվում է նաև գազի գնի աննախադեպ աճ։ 5 տարի է՝ ինչ քաղաքացին խաբված է՝ դառնալով և՛ տուգանքի մատերիալ, և՛ թանկացումների զոհ»:

«Մենք պետք է շատ զգոն լինենք Հայաստանի անկայունացման ցանկացած փորձի հանդեպ՝ ներքին, թե արտաքին»․ Բորել

Բրյուսելում ավարտվեց ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստը, որի ժամանակ, ինչպես նախապես հայտարարվել էր, քննարկվել են նաեւ Հայաստան-ազերբայդժան հարաբերությունները։

«Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակցի փոխանցմամբ՝  ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը մամուլի ասուլիսին հայտարարել է, որ ԵՄ-ն իր անխտիր աջակցությունն է հայտնում Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին եւ սատարում երկրի անվտանգությանը։ Բորելը նշել է, որ հաշվի առնելով երկրում բարեփոխումների շարունակականությունը, ԵՄ-ն որոշել է ուժեղացնել իր առաքելությունը Հայաստանում եւ ավելի շատ պարեկություն անցկացնել սահմանի զգայուն հատվածներում։ Ըստ բարձր հանձնակատարի՝ տարբերակներ են քննարկվում Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման համար։

«Մենք պետք է շատ զգոն լինենք Հայաստանի անկայունացման ցանկացած փորձի հանդեպ՝ ներքին, թե արտաքին։ Իսկ Ադրբեջանին ուղղված մեր ուղերձը հստակ է՝ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի կլինի եւ դա ծանր հետևանքներ կունենա մեր հարաբերությունների որակի համար։ Մենք կոչ ենք անում վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Եվրոպական խորհրդի նախագահի կատարած աշխատանքի ներքո, քանի որ մեզ դա պետք է։ Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել, և մենք պարտավորվում ենք շարունակել մեր միջնորդական դերը», – ասել է Ժոզեպ Բորելը։

Փախստական լրագրողի կյանքը, ով կորցրեց ընտանեկան հիշողությունները պատերազմի հորձանուտում

Մարդ, ով հոգնել է կորցնելուց և պարզապես երազում է ամենասովորական կյանքով ապրել: Այսպես է իրեն բնութագրում Ստեփանակերտի բնակչուհի, լրագրող Տաթևիկ Խաչատրյանը:

44-ամյա պատերազմում եղբորը ՝ Հայկին, կորցնելուց հետո ուժ գտավ և որոշեց լրագրության միջոցով տեղ հասցնել իր ձայնը, ասելիքը: Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության համար Հայկը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի:

«Հրաշալի մանկություն ենք ապրել, հատկապես, երբ գյուղ էինք գնում գիշերակացներով: Ինչեր ասես, որ չենք արել, խենթություններ՝ որքան ուզեք: Հայրս ամբողջ կյանքը ծառայել էր ու թոշակի անցել: Առողջական խնդիրներ ուներ: Ամեն ինչ փոխվեց, երբ հայրիկս մահացավ․․․Մենք 4 երեխա էինք: Հայկը տան մեծն էր և իր վրա զգում էր պատասխանատվության այնպիսի չափաբաժին, որն իր տարիքի տղայի համար չափից ավելի էր․ ընդամենը 13 տարեկանում սկսեց աշխատել ավտոլվացման կետում և ֆինանսապես օգնել մայրիկին»,-պատմում է Տաթևը՝ խոստովանելով, որ Հայկից հետո կյանքը կանգ է առել, իսկ հաջորդ օրը, լսելով կապիտուլյացիայի լուրը, ընտանիքով կարծես միանգամից ծերացել են:

Ամենացավալին այն էր, որ չկարողացան տղային հուղարկավորել հոր կողքին՝ հայրենի գյուղում: «Ես իրոք հերոս եղբայր եմ ունեցել, նա հասցրել է խոցել ոչ միայն թշնամու տարբեր տեսակի զինտեխնիկա, այլ նաև թշնամական հրամանատարական կետ: Հանուն ընկերոջ իր կյանքը չխնայեց․․․»:

Լեյտենանտ Հայկ Խաչատրյանի նկարները, պատվոգրերը, մեդալները Ստեփանակերտի իրենց տան մի անկյունում էր պահում զինվորական մայրը՝ Անուշ Խաչատրյանը: Այդքան փայփայած հուշերը չկարողացավ իր հետ բերել Երևան՝ վախենալով, որ անցակետում խնդիրներ կառաջանան: Իր, ամուսնու, Հայկի զինվորական լուսանկարները, գրքույկները և այն ամենը, ինչ կապված է ծառայության հետ, վառել է վերջին օրերին՝ տեղահանումից առաջ:

Երևանում ապրում են վարձով՝ 7 հոգով երկու սենյականոց բնակարանում: «Ամեն ինչ սառն ու օտար է թվում այստեղ: Ամեն անգամ քեզ անհրաժեշտ իրը չգտնելիս հիշում ես տունդ, փնտրածդ իրը մտովի գտնում խոհանոցիդ համապատասխան դարակից: Ես երբեմն հանդգնում եմ մտովի փախչել հետ ու թաքուն հատել Հակարիի կամուրջը, վազել երկար, շնչակտուր դեպի իմ տուն․․․»,-ասում է Տաթևը՝ նշելով, որ տան դուռը գաղթելուց առաջ բաց է թողել ՝ բանալիներն էլ թողել սողանցքում, որպեսզի դուռը կոտրելով չբացեն․․․

Հակամարտությունների ընթացքում ցուցաբերած ուժը, հերոսությունը, դժվար կայացրած որոշումները և զոհաբերություններն արդեն ընտանեկան գիծ են դարձել, բայց նոր միջավայրում դժվարանում են հարմարվել․«Վարձով տանը ամեն գիշեր շարունակում են աղաջրվել բարձերը: Եթե սկզբի օրերին կարելի էր լացել անդադար և անթաքույց, հիմա՝ միայն ծածուկ ու անձայն», -ասում է Տաթևը՝ խոստովանելով, որ տղան՝ Դենին, խնդրում է իրեն այլևս չլացել:

Ամենատհաճ պահն ապրել է անցակետում, երբ ադրբեջանցի զինվորականը ժպտացել է Դենիին: Հիմա փորձում է ամեն ինչ թողնել անցյալում և նոր կյանք սկսել՝ Արցախի մասին հիշողությունները բաց չթողնելով: Արցախի մարդկանց մասին պատմելու է Արցախի բարբառով ՝ փոդքասթի միջոցով:

Տաթև Ազիզյան

Բեկզադյան թաղամաս․ եթե մեր թաղում հայտնի մարդ ինար, ասֆալտ էր կինար

Նկարներում Ստեփանակերտի Բեկզադյան թաղամասն է, կամ ինչպես ժողովուրդն է ասում` «հանգիստարանների թաղ»-ն է: Այս թաղամասում գտնվում էր Ստեփանակերտի գերեզմանատունը:

Թաղամասով անցնում էր միակ հանրային տրանսպորտը՝ «16 մարշուտկան», որին մինչ բլոկադան անհամբեր սպասում էին փողոցի բնակիչները: Նաև տեղի բնակիչներին միշտ հարցնում էին, թե ինչու չեն բողոքում, որ գերեզմանատան մոտ են ապրում, բնակիչներից մեկն էլ անկեղծ պատասխանում էր՝ «մեռածներան վախելչն, սաղերան կվախին» (մահացած մարդկանցից վախենալ պետք չէ, կենդանի մարդկանցից պետք է վախենալ):

Թաղամասում ապրում էին աշխատավոր, օրվա հացը իրենց քրտինքով վաստակող մարդիկ, որոնք առևտուր էին անում «Ալինին մագազինան» (Ալինայի խանութից), իսկ Ալինայի խանութի մոտակայքում ծաղկի խանութներ էին, որոնց մոտ աստիճաններով կարճ ճանապարհ էր բացված դեպի Գ.Նժդեհ փողոց:

Երեխաների հիմնական խաղալու տեղը թաղի վերևի «պլաշադկա»-ն էր, որտեղից երևում էր ողջ Ստեփանակերտը:

Շրջափակման ժամանակ մարդիկ ավելի էին մտերմացել, միասին գնում էին հերթերի, զանգում էին իրար, երբ հանկարծ թաղի խանութը ապրանք էր ստանում:

Թաղում տարիքով տատի կար, շրջափակման ժամանակ հենց հարևաններն էին նրան օգնում: Բնակիչները նաև ներքևի հացի փռի տիրոջն են հիշում, որը հեծանիվով հաց էր բերում իրանց թաղամաս: Նաև հիշում էին տիկին Ստելլային, ով վերջին շրջանում՝ ի հեճուկս դժվարություններին հյուրասիրություն էր կազմակերպում հարևանների համար:

Հարցին, թե ինչ հայտնի մարդիկ կան իրենց թաղամասում, բնակիչներից մեկը կատակում է «վեր մեր թաղում հայտնի մարդ ինար, թաղը ասֆալտ կինար» (եթե թաղում հայտնի մարդ լիներ, ասֆալտ էր կլիներ):

Հիմա մտածում են իրենց տների մասին, իրենց տան մոտ գտնող գերեզմանատան մասին և այն մասին, որ գոնե գերեզմանատունը չքանդվի:

Այսպիսինն են Ստեփանակերտի Բեկզադյան փողոցի մարդիկ՝ աշխատասեր, կատակասեր, մեկը մյուսի ցավով տառապող, օրվա հացը վաստակող և կիսող:

Քրիստինա Ալահվերդյան