ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ԱՊՀ երկրների գործընկերների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Արևմուտքը հրահրում է իրավիճակի դեգրադացիա Հարավային Կովկասում։ «Ռուսաստանը հետևողականորեն քայլեր է ձեռնարկում հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման ուղղությամբ՝ ի շահ այդ երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման, սահմանների սահմանազատման և տրանսպորտային հաղորդակցությունների բացման», – ասել է Պատրուշևը։ Նա ասաց, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի եկել Մոսկվա, Հայաստանը ներկայացնում է ՌԴ-ում դեսպան Վաղարշակ Հարությունյանը։
Մինչ այս ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ «ավարտվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի անձնակազմի ռոտացիան, ինչպես նաև զենքի և ռազմական տեխնիկայի ուղարկումը Ռուսաստանի Դաշնություն՝ պլանային վերանորոգման համար»։ Նշվում է, որ հսկողության համակարգի օպտիմալացման ընթացքում Շուշիում փակվել է մեկ դիտակետ։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարել էր, որ հակամարտությունը հիմնականում լուծվել է, «երկու կողմերն էլ համաձայնել են, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին»։ Միևնույն ժամանակ, Բաքվի քաղաքագետները Բաքվի ԱԳՆ-ի վերջին դեմարշը Վաշինգտոնի դեմ բացատրում են նրանով, որ Միացյալ Նահանգները «Ղարաբաղը չի անվանում Ադրբեջանի մաս»։ Նույն «մեղադրանքն» են ուղում Ֆրանսիայի հասցեին՝ որպես օրինակ բերելով Ռուսաստանին, որն անմիջապես «հավատաց» Փաշինյանին և հաստատեց, որ «Ղարաբաղն Ադրբեջան է»։
Ընդհանրապես, զարմանալի է, թե Պուտինը որքան վստահությամբ ու հայրական ջերմությամբ է վերաբերվում Փաշինյանին՝ նրա խոսքերն ընդունելով որպես գերագույն ճշմարտություն։ «Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Ի՞նչ պետք է անի Ռուսաստանը այս դեպքում», – ասել է Պուտինը։ «Ղարաբաղի կարգավիճակի մասին ինչ ուզում եք՝ կարող եք ասել։ Բայց Ղարաբաղի կարգավիճակը՝ առանցքային հարցն էր, ամեն ինչ սրա շուրջ էր պտտվում տասնամյակներ շարունակ՝ ինչպես, երբ, ով է որոշելու նրա կարգավիճակը։ Հայաստանը, ոչ թե Ղարաբաղը, այլ Հայաստանը վերահսկողության տակ առավ Ղարաբաղը և հարակից յոթ շրջանները… Իհարկե, մենք պայմանավորվել ենք Ադրբեջանի հետ (2020 թվականին), որ Շուշիի գիծ և բուն Շուշի հասնելուց հետո ռազմական գործողությունները դադարեցվեն»,- ասել է Պուտինը։
«Մենք երախտագիտությամբ ենք ընդունում Ռուսաստանի Դաշնության միջնորդությունը, քանի որ Ռուսաստանը մեր հարեւանն ու դաշնակիցն է, ինչպես նաև Հայաստանի դաշնակիցը, այս երկիրը գտնվում է մեր տարածաշրջանում՝ ի տարբերություն նրանց, ովքեր հազարավոր կիլոմետրեր հեռու են»,- նշել է Ալիևը։
Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, խոստովանել է, որ արդեն 2018 թվականին Պուտինի հետ պայմանավորվել է Հայաստանի ինքնիշխանության շուրջ՝ առանց Ղարաբաղի։ Նա անհայտ տեղեկություններ է բացահայտել 2018 թվականին ՌԴ նախագահի հետ իր առաջին հանդիպման մասին։
«Ռուսաստանի Դաշնության նախագահն ինձ ասաց, որ գիտի խոսակցությունների մասին, թե Ռուսաստանը միջամտում է այլ երկրների գործերին, խաթարում է նրանց ինքնիշխանությունը և այլն։ Եվ նա հաստատեց, որ անվերապահորեն հարգում է Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը և որոշումներ կայացնելու ազատությունը, և մենք, ըստ էության, մեր հարաբերությունները կառուցում ենք սրա վրա՝ մեր առաջին զրույցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա»,- ասաց Փաշինյանը։
Պատրուշեւի այսօրվա հայտարարությունները վկայում են այն մասին, որ Ռուսաստանը նոր քայլեր է նախապատրաստում Հայաստանում։
Նաիրա Հայրումյան