Ինչքան գումար է միջազգային հանրությունը տրամադրել արցախցիներին

Մինչ այժմ Եվրամիությունն իր անդամ երկրների հետ միասին ավելի քան 50 մլն եվրո է տրամադրել Լեռնային Ղարաբաղից փախստականների հրատապ աջակցության համար։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

«Այս աջակցությունը տեղ է հասցվել տարբեր ուղիներով։ Մենք արդեն տրամադրել ենք նյութական աջակցություն և աշխատում ենք հումանիտար ոլորտի գործընկերների հետ՝ դա տեղ հասցնելու համար: Մեր մարդասիրական աջակցությունը հիմնականում ներառում է սնունդ, հիգիենայի պարագաներ, կացարան, ապրուստի համար անհրաժեշտ միջոցներ: Փախստականների ավելի քան 60 տոկոսն արդեն օգտվել է մեր աջակցությունից։ Մենք նաև աշխատում ենք Կառավարության հետ՝ տրամադրելու 15 մլն եվրո բյուջետային աջակցության փաթեթը, որի մասին Գրանադայում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լեյենը: Փաթեթը կնպաստի Կառավարության բազմապրոֆիլ աջակցությանը՝ ի թիվս այլ հարցերի, լուծելու նաև փախստականների դրամական աջակցության, սննդի, էներգիայի և ժամանակավոր կացարանի կարիքները: Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների հետագա ամրապնդման վերաբերյալ Կառավարության հետ մեր ընթացիկ քննարկումների համատեքստում դիտարկվելու է նաև հետագա աջակցության հարցը։ ԵՄ-ի ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ Հայաստան փախած՝ Ղարաբաղի ավելի քան 100 000 հայերի մարդասիրական կարիքները և նրանց ապրուստի միջոցների հարցը հոգալը»-, ասել է նա:

Բնակարանների վարձակալության գների բարձրացման հաջորդ փո՞ւլ

Հայաստանում, անցյալ տարվա փետրվարից ՌԴ քաղաքացիների ներգաղթից հետո, բնակարանների վարձակալության գները նկատելիորեն աճել են։ Իսկ Արցախից գաղթից հետո թանկացումների նոր փուլը ազդեց ոչ միայն Երեւանի, այլեւ մարզային համայնքների վրա։

Այս ֆոնին ուժի մեջ է մտնում տների վարձակալության հարկման մասին ընդունված օրենքը։

Դա անհանգստություն է առաջացրել առաջին հերթին վարձակալողների շրջանում, քանի որ տանտերերը պարզապես կբարձրացնեն վարձավճարները՝ փոխհատուցելու իրենց «կորուստը» հարկային վճարումներում:

Դեկտեմբերի 1-ից Հայաստանում անշարժ գույքի յուրաքանչյուր սեփականատեր պարտավոր է հարկային տարվա ընթացքում հաշվարկել և պետական ​​բյուջե վճարել եկամտահարկ՝ գույքի վարձակալությունից ստացված եկամտի 10%-ի չափով։

Հայաստանի հարկային ծառայությունը պարզաբանել է. «Ֆիզիկական անձանց կողմից անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտը ենթակա է հարկման։ Յուրաքանչյուր հարկային տարվա համար հաշվարկված եկամտահարկը պետք է պետական ​​բյուջե մուծվի մինչև հաջորդ տարվա երրորդ եռամսյակը՝ եկամտի 10%-ի չափով: Եթե ​​հաշվետու տարվա վարձակալության համախառն եկամուտը գերազանցում է 60 մլն դրամը, ապա այս գումարը գերազանցող մասի վրա հաշվարկվում և վճարվում է լրացուցիչ եկամտահարկ՝ 10 տոկոսի չափով»։

Հարկը ուշացնելու կամ չվճարելու համար նախատեսված են տույժեր։

Սահմանված ժամկետից հետո հարկի վճարման ուշացման յուրաքանչյուր օրվա համար գանձվում է տուգանք 0,04 տոկոսի չափով։ Հարկը չվճարելու դեպքում սահմանվում է տուգանք կադաստրային արժեքի 5 տոկոսի չափով՝ շուկայական արժեքին մոտ, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամ։ Կրկնակի խախտման դեպքում գանձվում է տուգանք 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան մեկ միլիոն դրամ։

Եվրախորհրդարանի հանձնաժողովն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչ է արել

Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Անվտանգության և պաշտպանության միասնական քաղաքականության իրականացման եւ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման տարեկան զեկույցները։

«Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակցի փոխանցմամբ՝ զեկույցները դատապարտում են Ադրբեջանի ագրեսիայի քաղաքականությունը, նախապես ծրագրված ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ։ Անվտանգության և պաշտպանության միասնական քաղաքականության իրականացման  տարեկան զեկույցում նշված է, որ Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումը չի կարող անհետևանք մնալ, և կոչ է արվում ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել ադրբեջանական իշխանությունների դեմ, որոնք պատասխանատու են հրադադարի բազմաթիվ խախտումների համար։ Ինչպես նաեւ կոչ է արվում կասեցնել էներգետիկայի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, եւ հաշվի առնելով վերջին իրադարձություններն ու Ադրբեջանում մարդու իրավունքների դրամատիկ իրավիճակը դադարեցնել նոր գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները Ադրբեջանի հետ։

«Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունների ցանկացած խորացում պետք է պայմանավորվի նրանով, որ երկիրը էական առաջընթաց գրանցի մարդու իրավունքների, օրենքի գերակայության, ժողովրդավարության և հիմնարար ազատությունների, ներառյալ՝ էթնիկ փոքրամասնությունների պաշտպանության հարցում», – ասված է զեկույցում։

Զեկույցը ողջունում է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ստեղծումը, որի նպատակն է նպաստել տարածաշրջանում անվտանգության բարձրացմանը, կոչ է անում Եվրոպական Խորհրդին ավելացնել առաքելության կազմում տեղակայված փորձագետների թիվը, ավելացնել առաքելության կարողությունները և աշխարհագրական շրջանակը, ինչպես նաեւ երկարացնել դրա տեղակայման ժամկետը ևս հինգ տարով: Ինչպես նաեւ Ադրբեջանին կոչ է արվում թույլ տալ նույն առաքելության տեղակայումն իր տարածքում եւ Լեռնային Ղարաբաղում։ Զեկույցում անդրադարձ կա նաեւ Հայաստանի անվտանգության, անկախության ու  ինքնիշխանության պաշտպանության հարցում ԵՄ-ի աջակցության մասին։ Զեկույցը կոչ է անում «նպաստել պաշտպանության ոլորտում կողմերի միջև առավել համապարփակ և ընդլայնված համագործակցությանը»։

Եվրոպական Խորհրդին կոչ է արվում պատրաստ լինել նպատակային և անհատական պատժամիջոցներ կիրառել ագրեսիայի հեղինակների դեմ, բայց չսահմանափակվել նախագահ Ալիևի քաղաքական և ռազմական շրջապատով, և դադարեցնել նավթի և գազի ներմուծումը Ադրբեջանից՝ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի կողմից ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում։

ԵԽ ընդունած ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման տարեկան զեկույցն իր հերթին դատապարտում է Ադրբեջանի նախապես ծրագրված եւ չարդարացված հարձակումը ԼՂ հայության դեմ եւ պահանջում պաշտպանել հայկական մշակութային, պատմական և կրոնական ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի չափանիշներին և Ադրբեջանի միջազգային պարտավորություններին համապատասխան։ Զեկույցն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցություններին, որոնք լրջորեն խոչընդոտվել են Լեռնային Ղարաբաղի դեմ վերջին ռազմական գործողության և դե-ֆակտո էթնիկ զտումների պատճառով։

Զեկույցը վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությանը և լիակատար հարգանքը երկրի ինքնիշխանության, ժողովրդավարության և տարածքային ամբողջականության նկատմամբ։ Գովաբանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին այն հայտարարության համար, որ Հայաստանը չի ներքաշվի Ադրբեջանի հետ նոր պատերազմի մեջ, և նրա վերջին կոչերը՝ վերսկսելու խաղաղ բանակցությունները Ադրբեջանի հետ ամենաբարձր մակարդակով։ Զեկույցը նաեւ ողջունում է Հայաստանի որոշումը՝ վավերացնել Հռոմի կանոնադրությունը։

Արցախյան լրատվամիջոցների ներկայացուցիչները փորձում են մուտք գործել Հայաստանի տեղեկատվական միջավայր

«Արցախի մեդիա. Նոր մարտահրավերներ և նոր հնարավորություններ» քննարկման մասնակիցները եկել են այն եզրակացության, որ պետք է ակտիվացնել արցախյան ԶԼՄ-ների գործունեությունը։ Միջոցառումը կազմակերպել է Ստեփանակերտի մամուլի ակումբը։

Արցախյան լրատվամիջոցների ներկայացուցիչները ներկայացրել են առկա խնդիրները, դրանց լուծման առաջարկները և ակնկալիքները ՀՀ կառավարությունից։

Ստեփանակերտի մամուլի ակումբի ղեկավար Գեղամ Բաղդասարյանը նշել է, որ հանդիպումը արդյունավետ է եղել՝ կուսումնասիրվեն տարբեր ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հետագա քայլերը։ Առաջարկվել է հնչեցնել հետաքրքիր և խոստումնալից մտքեր արցախյան լրատվամիջոցների աշխատանքում, որոնք կհետաքրքրեն նաեւ հանրությանը։

«Հայաստանի 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ընտրվեց Գավառը

Այսօր ամփոփվեցին «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները։
2024 թվականի «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի համար հայտ էր ներկայացրել 5 քաղաք՝ Աբովյանը, Ալավերդին, Էջմիածինը, Գավառը և Վեդին։ Ամփոփմանը նախորդած ժամանակահատվածում տեղի են ունեցել փորձագետների այցելություններ հայտատու քաղաքներ, այնուհետ կայացել է կարճ հաղորդագրությամբ SMS քվեարկության փուլը: Նախորդ տարի հաղթող էր ճանաչվել Մեծամորը։ Այս անգամ հաղթեց Գավառը:

Ապստամբության միջոցով փոխենք իշխանություններին․ Կիպրոսն էլ առանձին պետություն սարքեցին, թուրքերը եկան գրավեցին

Step1.am-ի զրուցակիցն է Գերմանիայի «Հայ ակադեմիականների միության» նախագահ, պատմաբան Ազատ Օրդուխանյանը։

Պարո՛ն Օրդուխանյան, Արցախի հարցը փակվա՞ծ է, Արցախը հայկական պահելու ի՞նչ հնարավորություններ եք տեսնում։
-Արցախը եղել է Հայաստանի Հանրապետության մաս։ Աստված չանի, եթե Արցախի Հանրապետությունը ճանաչվեր միջազգայնորեն, դա մեզ համար կդառնար Հյուսիսային եւ Հարավային Կորեա։ Պատմությունը ցույց է տալիս, որ բոլոր բաժանված ժողովուրդները թշնամացել են իրար հետ։ Արդեն իսկ թշնամանքի նշանները կան՝ արցախցի-հայաստանցի տարբերությունը։ Մի փոքր ժողովուրդը չի կարող երկու պետություն թույլ տալ իրեն։ Կիպրոսի մեր ընկերները՝ պատգամավորները մեզ տասնյակ տարիներ ասում են՝ մեր սխալը մի կրկնեք։ Կիպրոսն էլ առանձին պետություն սարքեցին, թուրքերը եկան գրավեցին։ Եթե Կիպրոսը լիներ Հունաստանի մաս, թուրքերը 1970-ական թվականներին չէին համարձակվի հարձակվել Հունաստանի վրա։ Կիպրոսի պատգամավորներն ասում են՝ դուք մեր եղբայրներն եք, մի կրկնեք մեր սխալները։
Ցավոք սրտի, Արցախը ժամանակավորապես գերության մեջ է այսօր, բայց Արցախի հայկական լինելու բոլոր հնարավորությունները կան։ Մեզ մի բան է պակասում՝ ազգային իշխանություն։ Ազգային բոլոր ռեսուրսներն առկա են՝ եւ ֆինանսական, եւ իրավական, եւ տնտեսական, եւ դիվանագիտական, եւ ռազմական։ Մի բան է պակասում՝ Հայաստանի իշխանությունները պետք է խելքները գլուխները հավաքեն, հեռանան, եւ Արցախը դառնա Հայաստանի մարզերից մեկը։ Մենք 5-6 հազար տարի մեր հողում մնացել ենք եւ մնալու ենք, ունենք դրա բոլոր իրավունքները։
Այսինքն՝ հնարավորության տեսնո՞ւմ եք, որ այսօր կարող է կյանքի կոչվել 1989 թվականի Հայաստանի ու Արցախի վերամիավորման որոշումը։
-Այո՛, Արցախը կարող է միայն դառնալ Հայաստանի մարզերից մեկը, եւ Շարժումն այդ նպատակով էլ ստեղծվել էր։ Եթե ԿԳԲ-ին հաջողվեց մեզ շեղել ու տանել ճանաչման ուղիով, ՀՀՇ-ն գնաց այդ ճանապարհով, դա նշանակում էր բաժան-բաժան անել ազգը, որպեսզի չմիավորվենք։
Հայաստանի իշխանությունը «փակել» է Արցախի հարցը՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս։ Սա օրինակա՞ն գործընթաց է, եւ ի՞նչ է հնարավոր անել այս դեպքում։
-Ես կրկնում եմ՝ մենք ունենք բոլոր ռեսուրսները։ Ստեղծված իրավիճակում պետք է ժամ առաջ հրաժարվենք այս իշխանություններից, ապստամբության միջոցով փոխենք իշխանություններին, եւ խնդիրները կլուծվեն։ Մեր խնդիրը մեր իշխանություններն են, ուրիշ խնդիր չունենք։ Ադրբեջանը շատ փոքր է, որ այս հարցն այդպես լուծի, կամ սա Հայաստանի իշխանությունների հոր բոստանը չէ, որ իրենք նման որոշում կայացնեն։ Հայ ազգը նրանց նման լիազորություն չի տվել։ Արցախը միայն Հայաստանի Հանրապետության իշխանությունների լուծման հարցը չէ, դա ամբողջ հայ ժողովրդի հարցն է։ Հայ ժողովրդի ընդհանուր որոշմամբ պետք է հարցը լուծվի, կան տարբեր ճանապարհներ՝ հանրաքվե եւ այլն։ Արցախը ժամանակավոր գերության մեջ է, ինչպես Վանը, Սասունը, Մուշը, Էրզրումը։
– Դուք ասում եք՝ սա հայ ժողովրդի հարցն է, իսկ ինչ քայլեր է անում Սփյուռքը Արցախի հարցով, Արցախի հարցը Սփյուռքի օրակարգո՞ւմ է։
-Սփյուռքի՝ գոնե մեր այստեղի շրջանակների համար Արցախը ժամանակավոր գերության մեջ է, եւ ուշ թե շուտ վերադառնալու ենք Կուր-Արաքսյան սահման։ Ես կարծում եմ՝ Սփյուռքն այսօր կրկնակի ջանքեր է գործադրում Արցախի համար, քան երկու տարի առաջ էր։ Ամենատարբեր ծրագրերով Արցախի կողքին են. մի տեղ միջոցառումներ են կազմակերպում, գումար են հավաքում՝ Արցախի բռնի տեղահանված ժողովրդին օգնելու, մի տեղ դիվանագիտական աշխատանք է տարվում, մի տեղ ցույցեր են արվում։ Եվ գնալով աշխարհում պրոհայկական դիրքերն ուժեղանում են։ Եվ մեզ մնում է լուծել ընդամենը մեկ հարց՝ օր առաջ ազատվել այս իշխանավորներից, այս ապազգային մարդկանցից։ Եթե ազգի ընտրյալներ գան իշխանության, հարցը շատ արագ կլուծվի։ Ես առավել քան համոզված եմ դրանում, որովհետեւ մեր ազգը բոլոր ռեսուրսներն ունեն։
Դուք խոսում եք աշխարհում առկա պրոհայկական դիրքորոշման մասին, բայց իշխանությունները հայտարարում են, թե միջազգային հանրությունը Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Արդյոք դա այդպե՞ս է։
-Իշխանությունը ստում է, Նիկոլ Փաշինյանը իր հանրահայտ ուսուցչի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի, այդ միջազգային մանիպուլյատորի աշակերտն է։ Դա է սովորել այդ մարդը, ուրիշ ի՞նչ պետք է ասի։ Միջազգային հանրությունն այդպես չի համարում։ Եթե Հայաստանի իշխանությունը գալիս այդպես է ասում, Եվրոպան կարող է կրկնել։ Վաղը գան ուրիշ բան ասեն, ուրիշ բան կկրկնեն։ Եթե հայերը չեն ուզում դա, գերմանացին իր երեխային մասնագետ չի սարքի ու չի ասի՝ գնա Արցախի հարցով օգնիր։ Եթե ՀՀ իշխանություններն ուրիշ օրակարգով գան այստեղ, ուրիշ հարցեր կքննարկվեն սեղանի շուրջ։ Եթե գալիս ասում են՝ մենք հրաժարվում ենք Արցախից, այս մարդիկ ի՞նչ պետք է անեն։ Առանց այն էլ Եվրոպան ավելի շատ է այսօր անում, քան պետք է աներ։

Տոյվո Կլաարը Անկարայում քննարկել է «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը»

ԵՄ Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի գծով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Անկարայում քննարկել է «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը»։

«Վերադարձել եմ Բրյուսել երեկ Անկարա կատարած այցից հետո։ Քննարկվել են հարցեր, որոնք ընդհանուր հետաքրքրություն են ներկայացրել ԵՄ-ի եւ Թուրքիայի համար Հարավային Կովկասի տարածաշրջանի վերաբերյալ, մասնավորապես՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը»,- գրել է նա X-ի միկրոբլոգում։

MediaHub «Տարեց կինը մնացել է Հարությունագոմեր գյուղում․ ասում են՝ «ողջ է, ապրում է լքված գյուղում միայնակ»

2023 թվականի սեպտեմբերի 19-ից սկսած Արցախի Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր համայնքում կրած կորուստների կողքին ուրախությամբ նշում են նաև հրաշքով փրկվածների մասին։

MediaHub-ը զրուցեց համայնքի ղեկավար Հենրիկ Սարգսյանի հետ, ով տեղահանումից հետո գյուղում մնացած 4 տարեցների հարցով ամեն օր հանդիպումներ է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ու միջազգային տարբեր կառույցների հետ։

«Սեպտեմբերի 19-ի գիշերը, որպես համայնքի պատասխանատու, տուն առ տուն այցելել ու հրահանգել եմ դուրս գալ, տարհանումը կազմակերպել է համայնքը՝ գյուղում մնացած երիտասարդների օգնությամբ։ Սակայն, 4 տարեց, այդ թվում՝ 1 կին, այդպես էլ չեն եկել՝ հակառակ մեր հորդորների։ Երբ գնացել ենք իրենց հետևից անգամ տանը չեն եղել։ Մյուս օրն արդեն անհնար էր գյուղի կողմ գնալ, որովհետև տարածքը ադրբեջանցիների վերահսկողության տակ էր»,– ասաց մեր զրուցակիցը։

Հարությունագոմերից տարհանվելուց հետո Հենրիկ Սարգսյանը դիմել է Արցախում Կարմիր խաչի առաքելությանը և ռուս խաղաղապահներին։ Հետո փրկարարները գյուղի տարածքում որոնողական աշխատանքներ են իրականացրել, այնտեղ մնացած մարդիկ, որոնք հոգեկան-առողջական խնդիրներ են ունեցել՝ չեն հայտնաբերվել։

Համայնքի ղեկավարը չի բացառում, որ նրանք թաքնվել են, դուրս չեն եկել։

«Երբ տեղափոխվել ենք Հայաստան, այստեղից հորդորել եմ Կարմիր խաչին, գնալ ու գտնել հայր ու որդի՝ Շուրա և Ահարոն Նարիմանյաններին, Անդորա Մկրտչյանին և Սամվել Աղամալյանին։ Միջազգային կազմակերպությունը մոտ մեկ ամիս առաջ այցելել է նրանց, գտել ու իրենց ցանկությամբ վերադարձրել Հայաստան։ Բայց, 74-ամյա Անդորան չի եկել»։

Հենրիկ Սարգսյանն ասաց, որ 2 շաբաթ առաջ տեղեկություն է իմացել, որ նա ողջ է, ապրում է լքված գյուղում միայնակ։

Սեպտեմբերյան իրադարձությունների՝ պատերազմի ու բռնի տեղահանության ընթացքում, Հարությունագոմեր գյուղից հրաշքով 7 մարդ է փրկվել։ Փրկարարների օգնությամբ նրանք հայտնաբերվել ու տարհանվել են գյուղից, անտառներից և կամ դիրքերից։

Հունան Թադևոսյան

ԼՂ-ից Գյումրի տեղափոխված փոքրիկները ստացան երաժշտական գործիքներ

Լեռնային Ղարաբաղից Գյումրի տեղափոխված փոքրիկները ստացան երաժշտական գործիքներ, որոնք ձեռք են բերվել Հայաստանի պետական կամերային երգչախմբի նոյեմբերի 2-ին կայացած համերգից գոյացած հասույթով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Լեռնային Ղարաբաղից Գյումրի տեղափոխված 7 երեխա հաճախում է արվեստի ու երաժշտական դպրոցներ։

Նախապես հայտարարված մեկ ջութակ և 2 դաշնամուրի փոխարեն բարեգործական համերգի շնորհիվ գնվել է 3 դաշնամուր և մեկ ջութակ:

«Երբ եկանք Գյումրի, որոշեցինք, որ այստեղ էլ շարունակելու է հաճախել երաժշտական դպրոց՝ դաշնամուրի բաժին։ ԼՂ-ում հաճախում էր ակորդեոնի»,-պատմում է երեխաներից մեկի՝ Միքայել Համբարձումովի մայրը՝ Սվետլանա Ստեփանյանն՝ ավելացնելով, որ որդին առաջինը տանից իր ակորդեոնն է վերցրել։

Միքայելը սովորում է դաշնամուրային բաժնի 5-րդ դասարանում: Տիրապետում է 2 գործիքի: Հիմա միայն դաշնամուրի է հաճախում: Դեռ հստակ չի որոշել, բայց առայժմ ուզում է դաշնակահար դառնալ: Միքայելը միջազգային մրցույթների մասնակից է, խոստանում է՝ հաջորդ տարի լինել արդեն գյումրեցի դափնեկիրների շարքում:

Ինչի մասին կպատմի իր ընկերոջը Սամվել Բաբայանը

Ֆոտո Makaryan news

Հայաստանի խորհրդարանի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննչական հանձնաժողովին կայցելի Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ով այս հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ընկերն է։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։ «Խաղի կանոններ կան. Եթե ​​չպահպանես խաղի կանոնները, ոչինչ չի ստացվի»,- ասաց Բաբայանը։

Հանձնաժողովի աշխատանքն ավարտվում է դեկտեմբերի 3-ին։ Հատկանշական է, սակայն, որ հանձնաժողովը երբեք չի հրավիրել պատերազմի առանցքային պաշտոնյաներին, օրինակ՝ ՊԲ-ի հրամանատար Ջալալ Հարությունյանին, Արցախի ԱԱԾ տնօրեն Կամո Աղաջանյանին։ Փոխարենը նախորդ շաբաթ լսում էին Սամվել Շահրամանյանին, նրան հարցեր տալիս, որոնք հիմնականում պատերազմի հետ կապված չէին»,- նշում է «Հրապարակ»-ը։

Օդիոզ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովը վերջին երեք տարիների  ընթացքում այդպես էլ  գնահատական ​​չի տվել 2020 թվականի հոկտեմբերի 27-ից դեկտեմբերի 10-ը տեղի ունեցածին, երբ Արցախի սահմանադրական տարածքի մեծ մասը անցել է Բաքվի և Ռուսաստանի բանակի վերահսկողության տակ։  Ավելին, Քարվաճառի, Քաշաթաղի և Աղդամի շրջանների առանց մի կրակոցի, իսկ մնացած տարածքները՝ պատերազմով հանձնելու մասին փաստաթուղթը ստորագրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի իշխանությունները նշում են, որ փաստաթուղթը ստորագրվել է Արցախի ղեկավարության համաձայնությամբ։ Սակայն պատերազմի առանցքային հանգամանքները՝ ինչու՞ Հայաստանում մոբիլիզացիա հայտարարվեց, իսկ հետո անաղմուկ չեղյալ արվեց, Պուտինի դերը, ով ասաց, որ զինադադարը համաձայնեցվել է Շուշին Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո (ում հետ են համաձայնացրել) և շատ հարցեր մնում են անհայտ:

Հայաստանի խորհրդարանը երբեք քաղաքական հայտարարություններ չի ընդունել 2020 թվականի աշնանը տեղի ունեցածի վերաբերյալ։ Ավելին, Հայաստանը դեռևս հստակ գնահատականներ չի տալիս՝ դա պատերա՞զմ էր Հայաստանի և Ադրբեջանի միջև, ռազմական գործողություննե՞ր, հակամարտությո՞ւն, ճգնաժամ, թե՞, ինչպես ասում են Բաքվում, «հակահաբեկչական օպերացիա»։ Դատելով Հայաստանի ղեկավարության ներկայիս հայտարարություններից՝ նրանք ճանաչում են Ադրբեջանի գործողության «լեգիտիմությունը» և կարծում են, որ Բաքուն վերականգնել է իր «տարածքային ամբողջականությունը»։

Այդ դեպքում ինչո՞ւ են այդ ժամանակաշրջանի Հայաստանի ու Արցախի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանն ու Միքայել Արզումանյանը բանտում։ Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ՝ որովհետև նրանք դիմադրե՞լ են Ադրբեջանին։ Իսկ «խաղաղության պայմանագրի» կնքումից հետո նրանք կարող են տեղափոխվել Բաքու՝ որպես «ռազմական հանցագործնե՞ր»։

Այս համատեքստում հետաքրքիր է, որ խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է, ընդհուպ օրենքին հակառակ՝ երեւի, ինչ-որ ժամկետի մեջ տեղավորելու համար, ասենք՝ «խաղաղության պայմանագրի» ստորագրում։ Դրանից հետո հանձնաժողովի աշխատանքը ոչ մեկին պետք չի լինի։ Փաստորեն, դրա կարիքը հիմա էլ չկա՝ արցախցիների ցեղասպանությունից ու տեղահանությունից հետո։ Հայաստանի ղեկավարությունն այժմ ամեն ինչ անում է Արցախի հարցը վերջնականապես փակելու համար՝ բնակչությանը քամուն ցրելու և ինքնակազմակերպում թույլ չտալու համար։ Ավելին, Հայաստանի ղեկավարությունը կտրականապես հրաժարվում է պաշտոնապես ընդունել Արցախի ղեկավարներին՝ բացառությամբ որոշ անձանց, այդ թվում՝ Սամվել Բաբայանի։ Իմիջայլոց, հենց նրա կուսակից պատգամավոր, փոխխոսնակ Գագիկ Բաղունցն է, ով այժմ գլխավորում է Արցախի խորհրդարանը Դավիթ Իշխանյանի գերեվարումից հետո։

Ի՞նչ է ասելու Սամվել Բաբայանն իր ընկերոջը՝ Անդրանիկ Քոչարյանին։

Նաիրա Հայրումյան

Բաքուն արգելափակում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ԼՂ ուղարկելու նախաձեռնությունը. ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանը շարունակում է արգելափակել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն Լեռնային Ղարաբաղ ուղարկելու ՀՀ նախաձեռնությունը։ Այդ մասին ի պատասխան Sputnik Армения -ի հարցմանն ասել են ՀՀ ԱԳՆ-ում։

Նոյեմբերի կեսերին սոցցանցերում հայտնվեցին  կադրեր, որոնք վկայում էին այն մասին, որ Ադրբեջանը խաչեր է հանել Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին տաճարի գմբեթներից։

Բացի այդ, Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը՝ Caucasus Heritage Watch-ը  հայտնել է Շուշիի երկու հայկական գերեզմանոցների ոչնչացման մասին։

Հայաստանի ԱԳՆ-ն նշել է, որ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակումից հետո Երևանը մշտապես բարձրացնում է ԼՂ-ում հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման խնդիրը մասնագիտացված միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում։

Դեռևս 2020 թվականի նոյեմբերին Հայաստանը սատարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի նախաձեռնությունը՝ փորձագիտական ​​խումբ ուղարկելու Լեռնային Ղարաբաղ և ներգրավվել առաքելության հնարավորինս արագ կազմակերպման գործընթացում։

«Սակայն Ադրբեջանը մշտապես արգելափակում է առաքելություն ուղարկելու նախաձեռնությունը», – նշել են նախարարությունից։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումից և դրան հաջորդած էթնիկ զտումներից հետո հայկական մշակութային ժառանգության պահպանման խնդիրն էլ ավելի հրատապ է դարձել։
2023 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեյը հանդիպման ժամանակ նշել են մշակութային հուշարձանների անկախ մոնիտորինգի և քարտեզագրման նպատակով Լեռնային Ղարաբաղ փաստահավաք առաքելության գործուղման կարևորությունը։

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական ​​առաքելության հարցում Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը հակասում է մշակութային ժառանգության պաշտպանության բնագավառում բոլոր միջազգային կոնվենցիաներին, այդ թվում՝ 1954 թվականի «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիային»,- ընդգծել են ԱԳՆ-ում։

Բացի այդ, ԱԳՆ-ն նշում է, որ Բաքվի դիրքորոշումը խախտում է Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի հրատապ միջոցների մասին կիրառման որոշումը, որը պարտավորեցնում է Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հայկական մշակութային ժառանգություն հանդեպ, ներառյալ եկեղեցիները, պաշտամունքի վայրերը, հուշարձանները, տեսարժան վայրերը, գերեզմանատները և արտեֆակտները վանդալիզմի և պղծման դեպքերը կանխելու և պատժելու համար»:

Lragir. Հայաստանի տարածքային ամբողջականությանը վերաբերող իրավական ակտերը

Lragir

Ներկայացնում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությանը վերաբերող այն իրավական ակտերը, որոնք հիմք են տալիս պնդելու, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի ստորագրված հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան հրադադարի պայմանավորվածություն, այն կնքվել է սպառնալիքի տակ և չունի միջազգային իրավական պայմանագրին բնորոշ հատկանիշներ։ Այսպես․

— 1918թ. հունիս-հուլիս ամիսներին Ադրբեջանի դեմոկրատական հանրապետություն հասկացությունը ձևավորվելիս, Արցախը եղել է անկախ վարչա-քաղաքական տարածք, ինչը հռչակվել է 1918 թ. հուլիսի 22-ին Շուշիում, Արցախահայության անդրանիկ համագումարում (ԱՀՀ) և ունեցել է իր Ազգային Խորհուրդը, ժողովրդական կառավարությունը և զինված ուժերը:

Ազգերի Լիգայի կողմից Ղարաբաղը ճանաչվել է որպես վիճելի տարածք, այն չի ճանաչվել որպես Ադրբեջանի տարածք:

— 1919 թ. օգոստոսի 22-ին, թուրք-ադրբեջանական սպառնալիքների տակ, ԱՀ 7-րդ համագումարը հաշտության պայմանագիր է ստորագրել Ադրբեջանի հետ, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղը ժամանակավորապես ընդգրկվում էր Ադրբեջանի իրավասության տակ՝ մինչև նրա վերջնական կարգավիճակը կորոշվեր Փարիզի Խաղաղության վեհաժողովում, այն պայմանով, որ ադրբեջանական զինված ուժերը մուտք չեն գործի Արցախ։

— Սակայն, 1920 թ. մարտի 22-ի գիշերը, թուրք-ադրբեջանական ուժերը ներխուժել են մայրաքաղաք Շուշի, որն այդ ժամանակ ուներ 60.000 բնակչություն (որի 78 տոկոսը հայեր էին), ավերել և հրդեհել են այն, որի ընթացքում զոհվել են 35 000 արցախահայեր կամ Արցախի բնակչության մոտ 20 %-ը։

— Ապրիլի 22-ին Թաղվարդ գյուղում 9-րդ ԱՀՀ-ն չեղյալ է հայտարարել Ադրբեջանի հետ պայմանագիրը և Լեռնային Ղարաբաղը հռչակել է Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասը, ինչը հաստատվել է նաև 1920թ. ապրիլի 25-ին Ազգային խորհրդի որոշմամբ։ Ու երբ ապրիլի 28-ին, 11-րդ Կարմիր բանակի միջամտությամբ խորհրդայնացվեց Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղն արդեն Ադրբեջանի կազմում չէր:

—1920թ․ մայիսի 23-ին Հայոց խորհրդարանն ընդունում է «Հայաստանի ներկայ տերիտորիայի չորս նահանգների սահմանների մասին» օրէնքը, համաձայն որի Հայաստանի չորս նահանգների սահմանները գծվել են հետեւեալ կերպ․

1. Արարատեան նահանգ: Սրա մէջ մտնում են Երեւանի, Սուրմալուի, Նոր Բայազետի, Դարալագեազի, Շարուրի եւ Նախիջեւանի գաւառներն ամբողջապէս եւ Էջմիածնի գաւառն առանց Թալինի գաւառակի: Նահանգի կենտրոնն է Երեւան քաղաքը:

2. Շիրակի նահանգ: Սրա մէջ մտնում են Էջմիածնի գաւառի Թալինի գաւառակը, Ալեքսանդրապոլի եւ Ղարաքիլիսայի գաւառներն ամբողջութեամբ, Ղարսի գաւառի Ե գաւառակն ամբողջութեամբ եւ Ա եւ Գ գաւառակների որոշ մասերն, սկսած Չլդր լճի հարաւային ափի Դաշկեփրի գիւղից խճուղով հարաւ, Ներքին Պարկետից կտրելով երկաթուղային ուղիղ գծով մինչեւ Դայնալիխ գիւղը, Ախալքալաքի եւ Բորչալուի գաւառների հայկական մասերը եւ Դիլիջանի գաւառը: Կենտրոնն է Ալեքսանդրապոլ քաղաքը:

ԾԱՆՕԹՈՒԹԻՒՆ: Դիլիջանի գաւառը ժամանակաւորապէս զատւում է Շիրակի նահանգից եւ կազմում առանձին միաւոր, որը կապ է պահում անմիջապէս ներքին գործերի մինիստրութեան կենտրոնական հաստատութեան հետ:

3. Վանանդի նահանգ: Սրա մէջ մտնում են Ղարսի նախկին շրջանը, բացի Ղարսի շրջանի այն մասերի, որոնք միացւում են Շիրակի նահանգին: Կենտրոնն է Ղարս քաղաքը:

4. Սիւնեաց նահանգ: Սրա մէջ մտնում են Զանգեզուրը եւ Ղարաբաղը՝ Վարանդան, Խաչենը, Գիւլիստանը, Դիզակը եւ Գանձակի գաւառի հայկական մասերը:

Վարչապետ՝ Համո Օհանջանեան, ՀՀ ՊՊԿԱ, ֆ. 023, ց. 1. գ. 116, թ. 4:

— Իսկ մինչ այդ, Հայաստանի Հանրապետության սահմանները որոշվել են Փարիզի խաղաղության վեհաժողովում (1919-1920 թթ.), որտեղ Հայաստանի սահմանները որոշող հատուկ հանձնաժողովի կողմից 1920 թ. փետրվարի 24-ին ներկայացվել է «Զեկույց եւ առաջարկներ Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովի» փաստաթուղթը, որի տակ դրված են Ազգերի լիգայի Խորհրդի անդամ երկրների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի եւ Ճապոնիայի, լիազոր ներկայացուցիչների ստորագրությունները: Սույն զեկույցում հստակեցվել են սահմանազատման սկզբունքները Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստան պետության և Վրաստանի Հանրապետության միջեւ, որտեղ նշված է. «Ինչ վերաբերում է Հայաստան պետության եւ Վրաստանի, ինչպես նաեւ Ադրբեջանի սահմանին, ապա Հանձնաժողովը գտնում է, որ ներկայումս նախընտրելի է սպասել վերոնշյալ սահմանների հստակեցման վերաբերյալ այնպիսի համաձայնության արդյունքներին, որոնց երեք հանրապետություններն իրենք կհանգեն պայմանագրերի մեջ: Այն դեպքում, եթե սույն հանրապետություններն իրենց սահմանների վերաբերյալ չեն հանգի որեւէ համաձայնության, ապա հարցը պետք է փոխանցվի Ազգերի լիգայի իրավարարությանը, որը կստեղծի Միջդաշնակցային Հանձնաժողով՝ տեղում որոշելու վերոնշյալ սահմանները՝ հաշվի առնելով, որպես սկզբունք, ազգագրական տվյալները»:

Նույն ժամանակ, 1920թ. ապրիլի 25-26-ին Դաշնակից և ընթերակա ուժերի Գերագույն խորհուրդը (Supreme Council of Allied and Associated Powers), բաղկացած Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի ներկայացուցիչներից, որոշում է կայացրել դիմել ԱՄՆ նախագահին 2 խնդրանքով.

ա) ստանձնել Հայաստանի մանդատը,

բ) իրավարար վճռով որոշել Հայաստանի և Թուրքիայի սահմանը:

Երկրորդ խնդրանքը պաշտոնապես ամրագրվել է նաև խաղաղության վեհաժողովի նախագահի՝ Ֆրանսիայի վարչապետ և արտգործնախարար Ալեքսանդր Միլերանի, 1920թ. ապրիլի 27-ի պաշտոնագրով:

1920թ․ ապրիլի 23-ին ԱՄՆ-ը պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը, իսկ ԱՄՆ Սենատում 1920 թ. մայիս 29-ից հունիսի 1-ը տեղի ունեցած Հայաստանի մանդատի քննարկումները հաստատում են, որ ԱՄՆ-ը դե ֆակտո (de facto) հայկական տարածքների նկատմամբ ճանաչել է ոչ թե Օսմանյան կայսրության, այլ Հայաստանի Հանրապետության տիտղոսն ու իրավունքները։

— 1920 թ. փետրվարի 24-ի Զեկույցում առաջարկված սկզբունքներն ու դրույթները ներառվել են Սեւրի խաղաղության պայմանագրի (10 օգոստոսի, 1920 թ.) մեջ, որտեղ 92-րդ հոդվածում նշված է. «Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Վրաստանի, միջեւ սահմանները կորոշվեն շահագրգիռ երկրների ուղղակի համաձայնության միջոցով: Այն դեպքում, երբ շահագրգիռ երկրները մինչեւ 89-րդ հոդվածում հիշատակված որոշման օրը չեն կարողանա համաձայնությամբ որոշել սահմանները, ապա խնդրո առարկա սահմանը կորոշվի Գլխավոր դաշնակից ուժերի կողմից, որոնք էլ տեղում կիրականացնեն նաեւ սահմանանշումը»:

— Նշյալ փաստաթուղթն ընդգրկվել է նաեւ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի (22 նոյեմբերի, 1920 թ.) Ամբողջական զեկույցի մեջ, որպես 1-ին հավելվածի 2-րդ փաստաթուղթ։ Ըստ այդ փաստաթղթի, Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստան պետության եւ Վրաստանի Հանրապետության միջեւ սահմանազատման հիմք էր ընդունվում մինչեւ Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը գոյություն ունեցող ազգային տեղաբաշխման տվյալները, այսինքն՝ Գարդմանքն ու Արցախը դիտվում էին ՀՀ տարածք։

Ներկայումս ՀՀ քրեական դատավարության մեջ կիրառվում են իրավարար վճռի տարրեր, մասնավորապես՝ համաձայնեցման ու համագործակցության վարույթներով արգելված է որոշակի հանգամանքների վերաբերյալ բողոք բերելը, ինչը նշանակում է, որ առաջին ատյանի դատական ակտը միանգամից մտնում է ուժի մեջ։

Միջազգային իրավունքում Իրավարար վճիռը վերջնական է և պարտադիր է կատարման համար: Այն չունի ժամանակային սահմանափակում, և նրա կարգավիճակը կախում չունի վճռի հետագա ճակատագրից: Միջազգային իրավունքը, մասնավորապես՝ Հաագայի կոնվենցիայի /միջազգայնագրի / (1907թ.) 81-րդ հոդվածը, որով ամփոփվել և ամրագրվել է իրավարար վճիռների կարգավիճակը, ընդհանրապես չի նախատեսում վճռի չեղյալ հայտարարում: Ըստ միջազգային իրավունքի՝ կողմերը, համաձայնվելով իրավարար որոշմանը ներկայացնել իրենց վեճը, մեկընդմիշտ ընդունում են, որ իրենց կողմից կատարման համար պարտադիր կլինի իրավարարի ցանկացած վճիռ:

Իրավարարությունն ի կատար ածելու կողմերից մեկի մերժումը չի ազդում վճռի վավերականության վրա: Ըստ այդմ, քանի որ իրավարարության հայցը ներկայացվել է ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլև 16 այլ երկրի կողմից, ուստի վճիռը պարտադիր է բոլոր հայցվորների համար՝ Միացյալ Թագավորություն, Կանադա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Հարավային Աֆրիկա, Հնդկաստան, Պակիստան, Բանգլադեշ, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա։

Հարություն Բաղդասարյան, իրավաբան