Չնայած բոլոր փորձություններին, Գայանեն մնում է նույնքան կենսուրախ

Գայանեն ծնվել է 1971 թվականին Արցախի Մարտունու շրջանի Աշան գյուղում։ Գյուղական դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մարտունու արհեստագործական ուսումնարանը։ 1994 թվականին աշխատանքի է անցել Արցախի պաշտպանության բանակի կապի վարչությունում։

1996 թվականին նա ստիպված է եղել վաղաժամ թոշակի անցնել հիվանդության պատճառով։ Ախտորոշվել է ողնաշարի համալիր դեֆորմացիա։

Գայանեն վերապրել է չորս պատերազմ և 2023 թվականի սեպտեմբերին, ինչպես Արցախի ողջ բնակչությունը, տեղահանվեց՝ հայրենի գյուղում թողնելով ամեն ինչ՝ տուն, ունեցվածք, մանկության ու պատանեկության երջանիկ տարիների շատ հաճելի հիշողություններ։

Նա հիշում է հայրենի գյուղի գեղատեսիլ շրջակայքը, ուրախ պիկնիկներ բնության գրկում, համերգներ գյուղի ստեղծագործության տանը և խնջույքներ՝ շրջապատված ընտանիքի և ընկերների կողմից:

Տեղահանությունից հետո հաստատվել է Արարատի մարզում։ Բնակարան է վարձում։ «Ես իսկապես հույս ունեմ, որ արցախցիների սոցիալական հարցերը հնարավորինս շուտ կլուծվեն, հակառակ դեպքում մենք շուտով չենք կարողանա վճարել տան վարձը»,- ասում է նա։

Չնայած բոլոր փորձություններին, Գայանեն մնում է նույնքան կենսախինդ ու կենսուրախ։ Նրա հետ շփվելիս մարդիկ լիցքավորվում են դրական էներգիայով։

Արսեն Աղաջանյան

Հույս ունենք, որ կառավարության հայտարարությունը կարդարացնի մեր սպասելիքները

Անդրադառնալով Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերով փոխնախարարի հետ հանդիպման արդյունքներին՝ այսօրվա բողոքի ակցիայի մասնակից Արմեն Պետրոսյանն ասաց. “Մեզ ասել են, որ քաղաքացիական կենսաթոշակառուները կսկսեն իրենց կենսաթոշակները ստանալ դեկտեմբերի սկզբից՝ հոկտեմբերի վերջին օրերի, նոյեմբերի և դեկտեմբեր ամիսների համար։ Իսկ զինվորականները կսկսեն թոշակներ ստանալ այնպես, ինչպես նախկինում էր, բայց մեզ չասացին, թե երբ կսկսվեն վճարումները»։

Նա հավելեց, որ հինգշաբթի օրը նախարարությունը պետք է հայտարարությամբ հանդես գա սոցվճարների հարցով։

«Մեզ վստահեցրել են, որ անկախ նրանից՝ կընդունենք Հայաստանի քաղաքացիություն, թե փախստականի կարգավիճակ, մեզ կտրվեն օրինական սոցիալական նպաստներ»։ «Կսպասենք մինչև հինգշաբթի։ Սոցիալական աշխատանքի նախարարության հայտարարությունից ելնելով՝ մենք էլ մեր հայտարարությունը կանենք։ Հույս ունենք, որ կառավարության հայտարարությունը կարդարացնի մեր սպասելիքները։ Սրանից կախված կլինեն մեր հետագա գործողությունները»,- ասաց պահեստազորը։

Արցախից բռնի տեղահանված անձանց հնարավոր է բնակարանների գնման հավաստագրեր հատկացվեն․ սոցապ նախարար

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Ազգային ժողովում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ անդրադարձավ հարցին, թե Հայաստանի կառավարությունն ի՞նչ ծրագրեր է իրականացնելու՝ բռնի տեղահանված արցախցիներին Հայաստանում բնակարաններով ապահովելու համար։ Նախարարն ասաց, որ Ասիական զարգացան բանկի եւ միջազգային փորձագետների օգնությամբ պետք է հետազոտություն իրականացնի ՀՀ կառավարությունը։ Այդ մասին հայտնում է Step1.am-ը։

«Սոցիալական բնակապահովության մասով արդեն իսկ ունենք նախնական հետազոտություն, որից հետո փոխվարչապետի գլխավորությամբ գործող աշխատանքային խմբում քննարկումներ կունենանք։ Հիմա չեմ ուզում շտապել ու ինչ-որ ծրագրերի մասին խոսել, բայց արդեն իսկ տրամաբանությունը մոտավորապես պատկերացնում ենք, թե ինչ ծրագրեր ենք առաջարկելու, որը ազատություն կտա մեր հայրենակիցներին որոշել։ Օրինակ՝ կարող են լինել բնակարանների գնման սերտիֆիկատի ծրագրեր։ Առանձին բնակավայրերից տեղահանված 1700-ից ավելի ԼՂ մեր հայրենակիցներ արդեն ստացել են եւ շարունակում են ստանալ սերտիֆիկատներ։ Մոտավորապես նման ծրագրերի մասին կարող է խոսք գնալ։ Բայց չենք բացառում նաեւ այլ ծրագրեր։ Հետեւաբար, առաջիկայում կկարողանանք ավելի հստակ ու հասցեական խոսել այդ ծրագրերի մասին»,- ասաց նախարարը։

Forrights. «Թուրքերը կտրեցին վիրավորների առաջը և սկսեցին ավտոմատներով սպանել, խոշտանգել». Սարուշենցիների դժոխային ճանապարհը

Forrights

Սարուշեն գյուղի բնակիչները՝ շուրջ 400 հոգի, հրաշքով են դուրս եկել ադրբեջանական շրջափակումից ու փրկվել։ Forrights.am-ի հետ զրույցում Ալիսա Առուստամյանը սեպտեմբերի 19-ը հիշում է, մի օր, որի ամբողջ ընթացքը տեղից տեղ են փախել։

Սարուշենն Ասկերանի շրջանում է։ Հարձակումը դիրքերի ուղղությամբ սկսվել է առավոտյան 11:00-ից։ Դիրքերը գյուղից հեռու են 200-300 մետր։ «Տրիվոգա տվեցին, երեխաներին դպրոցից ուղարկեցին տուն»,-հիշում է տիկին Ալիսան։

«Քիչ անց սկսեցին կրակել, միանգամից հարձակվեցին գյուղի վրա։ Տղաս զանգեց ասաց՝ մտեք պադվալները, վիճակը վատ է»,-տիկին Ալիսայի որդին՝ Արմեն Առուստամյանը, տնից դիրքեր հասնելուց 10 րոպե հետո է զանգել։ Սա եղել է մոր և որդու վերջին հեռախոսազանգը։

«Մի քիչ հետո գյուղապետը պոստից մարդ ուղարկեց, որ դուրս գանք գյուղից, գնանք անտառ»,- տիկին Ալիսան ասում է՝ ով՝ ինչպես կարողացել լքել է իր տունը,  մեկը տնային հագուստով, մյուսն առանց փաստաթղթերի․ սարուշենցիները բռնել են անտառի ճանապարհը։ Բնակիչները կրակոցների տակ մի կերպ են հասել անտառ։ «Չգիտեմ՝ ինչպես, բայց հասանք անտառ, մութն արդեն ընկել էր։ Երեխաները ձեռքներիս սպասում էինք, թե ինչ պետք է ասեն՝ հույս ունեի, որ էլի տուն եմ վերադառնալու։ Եկան ասեցին, որ արդեն մտել են գյուղ, գնացեք»,- հինգ ժամ սպասելուց հետո՝ տեսնելով, որ վտանգն ավելի է մոտենում, բնակիչները գյուղապետի խորհուրդով  բռնել են Մսմնա գյուղի ճանապարհը։ Այն գտնվում է Մարտունու շրջանում։

«Գիշերով՝ ոտքով, ճանապարհ ընկանք, որ գնանք Մսմնա։ Հինգ-վեց կիլոմետր քայլեցինք, գիշերվա երեքին նոր հասանք։ Առավոտյան գյուղապետը մեքենաներ բերեց, եկանք Ստեփանակերտ։ Էլ մեր տուն չգնացի, դատարկ ձեռքերով դուրս եկանք, նույնիսկ մեր փաստաթղթերը չենք վերցրել»։

Բռնի տեղահանվող խաղաղ բանակիչները ճանապարհին էլ ավելի դաժանությունների են ականատես եղել։ Ադրբեջանցի զինվորները գնդակահարել են Սարուշենի դիրքերից հոսպիտալ տեղափոխվող վիրավորներին։ «Թուրքերը կտրեցին վիրավորների առաջը և սկսեցին ավտոմատներով սպանել, խոշտանգել։ Երեք վիրավոր էին։ Դիահերձարանում տեսել են, որ գլուխների կեսերը չկային, տղաս էլ է տեսել»,- նրա փոխանցմամբ վիրավորները 33, 40, 70 տարեկան էին։ «Եթե մի քիչ ուշ դուրս եկած լինեինք, կմտնեին մեզ էլ կկոտորեին, կրակոցիների միջով անցանք»։

Սեպտեմբերի 19-ին զոհվել է նաև տիկին Ալիսայի որդին՝ Արմանը։ Նա դիրքի ավագան էր, 32 տարեկան։ Ռուսաստանից էր եկել Արցախ ու շրջափակման պատճառով չէր կարողացել հետ գնալ։ Որոշել էր ընդգրկվել աշխարհազորայինների կազմում և պաշտպանել հայրենիքը։

«Պոստում կանգնած էրեխեքը կռվել են, իրենց կյանքի գնով մեզ ազատել են։ Տղաս մինչև վերջին շունչը կռվել է, ասել է՝ մինչև գյուղը չդատարկվի, ես այստեղից դուրս չեմ գա։ Դիրքերը շրջապատել են, իմ տղան էլ այդտեղ զոհվել է։ Ասել են՝ շրջապատված ենք, դուրս արի, չի եկել, ասել է՝ ես պոստը չեմ թողնի»,-ասաց նա նշելով, որ որդին հուղարկավորված է Եռաբլուրում։  Սարուշենը 13 զոհ է ունեցել։ Երկու հոգի էլ զոհվել են բենզինի պահեստի պայթյունից։

Տիկին Ալիսան այժմ ընտանիքի հետ  Հայաստանում է։ Բնակության մշտական հասցե չունի։ Ինքը ժամանակավոր բարեկամի տանն է ապրում, ընտանիքը՝ մեկ այլ տեղ։ Վարձով բնակարան են փնտրում, սակայն, գների պատճառով չեն կարողանում գտնել։ «Սարուշենում խանութ ունեի, հավ ու խոզ էի պահում, ապրում էինք։ Հիմա տան վարձի գումար են տվել, բայց դա չի հերիքում, չեմ աշխատում, թոշակ չեն տալիս, չգիտեմ ինչ եմ անելու»։

Նարեկ Կիրակոսյան

Կարեւոր տեղեկություններ թոշակներ եւ նպաստներ ստացողների համար

Մանրամասներ՝ ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների և նպաստների վերաբերյալ
ԼՂ–ից բռնի տեղահանված անձինք օրենքի ուժով ունեն կենսաթոշակի և նպաստի իրավունք, եթե բավարարում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին:
Այսինքն, անկախ ԼՂ-ում կենսաթոշակ կամ նպաստ ստացած լինելու հանգամանքից, ԼՂ–ից բռնի տեղահանված անձինք ՀՀ-ում կենսաթոշակի կամ նպաստի իրավունք ձեռք կբերեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Առաջիկայում կստեղծվի հարթակ, որը ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց հնարավորություն կտա առցանց դիմել կենսաթոշակ (եթե ԼՂ-ում ստացել են կենսաթոշակ), երեխայի ծննդյան միանվագ նպաստ, մայրության նպաստ, խնամքի նպաստ նշանակելու համար։
Եթե անձը ԼՂ-ում չի ստացել կենսաթոշակ, ապա ՀՀ-ում կենսաթոշակ նշանակելու համար նա պետք է անձամբ դիմի Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային բաժին:
Կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար դիմելու քայլերը կներկայացվեն առաջիկայում:
ԼՂ-ից տեղահանված անձանց կենսաթոշակ նշանակելու դեպքում, նրանց կենսաթոշակի իրավունք տվող տարիքը մինչև հոկտեմբերի 28–ը լրացած լինելու դեպքում կենսաթոշակ կվճարվի հոկտեմբերի 28–ից սկսած:
Կարևոր❗️
Կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար օրենսդրությամբ ամրագրված պարտադիր պայման է ՀՀ բնակության վայրի հասցեով հաշվառված լինելը:
Սա նշանակում է, որ ԼՂ–ից բռնի տեղահանված անձինք մինչև կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար դիմելը պետք է հաշվառվեն այն վայրի հասցեով, որտեղ տվյալ պահին բնակվում են։ Հակառակ դեպքում նրանց դիմումները կմերժվեն:

Չի փոշմանում, որ հետ է տվել Ռուսաստան մեկնելու տոմսը և վերադարձել Արցախ

Հենրի Իսրայելյանը Արցախի Մարտակերտի շրջանից է։ Մինչ 2020 թվականի պատերազմը ապրում էր Մարտակերտ քաղաքում, կավագործություն էր դասավանդում: Պատերազմից հետո որոշել էր Ռուսաստան մեկնել, արդեն Երևանում էր, երբ մտափոխվեց ու որոշեց, որ վերադառնում է Արցախ և ապրելու է այնտեղ ինչքան որ հնարավոր է:

Վերջին գումարով, որը հավանաբար պահել էր Ռուսաստան մեկնելու համար,  տուն գնեց Մարտակերտի Թբղլու գյուղում և որոշեց, որ թեկուզև հեռու ընտանիքից, ընկերներից,  մենկության մեջ, բայց մնալու է և ապրելու է գյուղում:

Տան մոտակայքում հողամաս կար, որը սովորել էլ մշակել։ Նաև փոքրիկ տնակ ուներ հողամասին կից, որը ընկերական հավաքների վայր էր դարձել: Հարցին, թե ինչու է այդպիսի ռիսկային քայլի գնացել և տուն գնել, ասում է, որ երազանքն էր՝ սեփական տուն և հողամաս ունենալը:

Հենրին իր տունը կառուցեց, հողը մշակեց երկու տարի, մինչև ստիպված ընտանիքի հետ դուրս եկան Արցախից:

Պատմում է, որ ճանապարհը շատ դժվար էր։  Ավելի դժվար էր Մարտակերտից դուրս գալը.ո՜չ վառելիք կար,  ո՜չ  էլ համոզված էին, որ անվտանգ կհասնեն Ստեփանակերտ, քանի որ շրջանները արդեն կտրված էին մայրաքաղաքից:

Սկզբից Հրազդանում էին ապրում։ Այժմ Արարատի մարզի Լանջաշատ գյուղում են: Ասում է, որ չնայած այս ամենին չի փոշմանում, որ այն տոմսը, որով պետք է մեկներ Ռուսաստան, հետ է տվել և վերադարձել Արցախ, նաև չի փոշմանում գնված տան և մեծ չարչարանքով մշակված հողի համար, որից այդպես էլ չհասցրեց բերք ստանալ:

Քրիստինե Ալահվերդյան

Պաշտոնաթող սպաներ՝ զինվորական կենսաթոշակների հարցը կարող է լուծվել զինկոմիսարիատների միջոցով

«Մեզ՝ զինվորական թոշակառուներիս, երեք ամիս է թոշակ չեն տալիս։ Հայաստանի կառավարությունը հայտարարեց, որ մեզ ֆինանսական աջակցություն է ցուցաբերում։ Բայց ես առաջարկում եմ, որ մեր կյանքից պատկերացում չունեցող նախարարը բացատրի, թե ինչպես կարող ենք ապրել բնակարանի համար բարձր վարձավճարով։ Ամբողջ թոշակը կամ դրամական օգնությունը ծախսվում է բնակարանների վարձակալության վրա, իսկ մնացածը հազիվ բավարարում է ընտանիքին կերակրելու համար»,- այսօր Սոցիալական աշխատանքի նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիային մասնակցած զինվորական թոշակառու Արթուր Ստեփանյանը։

Պաշտոնաթող սպան նշել է, որ «2020 թվականին արտաքսվածները, ովքեր վերջին երեք տարիներին բնակվում են Հայաստանում, կառավարության վերջին ծրագրերով ֆինանսական օգնություն չեն ստացել, բացի այդ՝ կասեցվել են նրանց կենսաթոշակային վճարումները»։ «Այսինքն՝ իշխանությունների հավանությամբ հանցագործություն է տեղի ունեցել։ Մեզ զրկում են օրինական թոշակից։ Բայց ծառայության ընթացքում սպաները Հայաստանից աշխատավարձ են ստացել, հարկեր են վճարել։ Իսկ այսօր մենք սեպտեմբերից զրկված ենք թոշակից»։

Նա կարծում է, որ «թոշակի անցած զինծառայողների կենսաթոշակների հարցը, ցանկության դեպքում, կարող է լուծվել առանց քաշքշուկի՝ զինկոմիսարիատների միջոցով»։

Հայտնի չէ, թե քանի արցախցի է դիմել ՀՀ քաղաքացիության համար եւ քանիսն են լքել Հայաստանը

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե Արցախից բռնի տեղահանված քանի՞ անձ է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ «Այս պահին կոնկրետ թիվ չկա ձեռքիս տակ»,- ասաց նա։ Արմեն Ղազարյանը նաեւ նշեց, որ չի կարող հստակ թիվ ասել, թե քանի արցախցի է լքել Հայաստանի տարածքը։ Այդ մասին հատնում է Step1.am-ը։ 

Նա նշեց, որ արցախցիների ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը մաքսիմալ հեշտացված է լինելու։ «Երեւանի անձնագրային ծառայություններում մենք ներդրել էինք էլեկտրոնային հերթագրման համակարգ։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սպասարկում են արտահերթ, էլեկտրոնային համակարգից դուրս։ Բացի այդ, մենք նաեւ մեխանիզմներ էինք մշակում քաղաքացիության դիմումների ընդունման եւ այդ դիմումների քննարկման մաքսիմալ արագացված ընթացակարգեր իրականացնելու համար։ Երեւանում կգործի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից քաղաքացիության դիմումների ընդունման առանձին գրասենյակ, որպեսզի ավելի դյուրացնի գործընթացը։ Մարզերում դիմումները կընդունվեն բոլոր անձնագրային ծառայություններում»,- ասաց նա։

Արմեն Ղազարյանը նաեւ նշեց, որ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձանց եւ փախստական ճանաչված անձանց կարգավիճակի տրամադրումն իրականացվում է կառավարության մեկ որոշմամբ։ «Փախստականի կարգավիճակ, այն է՝ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ըստ էության կոլեկտիվ կերպով շնորհվել է Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությանը։ Եվ կառավարությունը հաստատել է, որ այն ճամփորդական փաստաթղթերը, որոնք առկա են այս պահին ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մոտ, կմնան նրանց մոտ։ Եթե նրանք կունենան ժամկետի, վնասելու կամ կորցնելու խնդիր, կարող են դիմել անձնագրային ծառայություններ»,- ասաց նա։

Հարցին, որ այդ «ճամփորդական փաստաթղթերով» Արցախի մեր հայրենակիցները 2021 թվականին մասնակցել են ՀՀ խորհրդարանական ընտրություններին, այդ ժամանակ ինչո՞ւ իշխանություններն արցախցիների անձնագրերը «ճամփորդական փաստաթուղթ» չէր որակում, Արմեն Ղազարյանը պատասխանեց․ «Դրանք այս փուլում չեն որակվել ճանապարհորդական փաստաթղթեր։ Խնդրում եմ ընթերցեք 2017 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հրապարակված «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործը, որտեղ ուղղակիորեն մեջբերված է Հայաստանի կառավարության դիրքորոշումն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը կապույտ անձնագրերը տրամադրվում են որպես ճանապարհորդական փաստաթղթեր եւ ոչ որպես քաղաքացիության հավաստում։ Թե ինչ գործառույթ է իրականացվել այդ փաստաթղթերով, դա երկրորդ հարց է, բայց առնվազն այն հանգամանքը, որ այդ փաստաթղթերը տրամադրվել են որպես ճամփորդական փաստաթղթեր ու ոչ որպես քաղաքացիության հավաստման փաստաթուղթ, հստակ է։ Որպես անձը հաստատող փաստաթուղթ այն կարող է կիրառվել, բայց ոչ որպես քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ»։

Ինչ վերաբերում է բռնի տեղահանված այն արցախցիներին, որոնք փաստաթղթեր չունեն, թողել են Արցախում, Արմեն Ղազարյանն ասաց, որ կդիմեն ու կվերականգնեն իրենց փաստաթղթերը։

Նիկոլ Փաշինյանը կառավարության նախորդ նիստում ասել էր, թե բավական մեծ է ՀՀ քաղաքացիություն ստանալու ցանկություն հայտնած արցախցիների թիվը։ Արմեն Ղազարյանն ասաց, որ հետաքրքրվողների թիվն է մեծ․ «Մարդիկ գալիս էին ու հետաքրքրվում էին, ցանկանում էին ավելի շատ ինֆորմացիա ունենա։ Այդ տեսակի հոսք մենք բավականին ունեցել ենք, հիմա թվային հոսք չեմ կարող ասել։ Երբ դիմումները ֆորմալ կլինեն, նոր թվերը կհրապարակենք»։

Հարցին, թե ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո Արցախից բռնի տեղահանված անձինք կկարողանա՞ն դիմել միջազգային ատյաններ՝ իրենց կորցրած ունեցվածքի փոխհատուցման հայցով, Արմեն Ղազարյանը պատասխանեց․ «Այո, անշուշտ, որովհետեւ ձեր նշած իրավունքներն անձի հետ անխզելիորեն կապված իրավունքներ են եւ կապված չեն զուտ իրավական կարգավիճակի հետ, այլ կապված են անձի հետ տեղի ունեցած իրադարձությունների հետ՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ իրավական կարգավիճակ ունի անձը»։

Օկուպացված Շուշիում վթարի հետեւանքով հինգ ուղևորները ողջ-ողջ այրվել են

«Օկուպացված Շուշիում մեքենան կորցրել է կառավարումը, արդյունքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել», -գրում են Բաքվի զլմ-ները։

Մեքենայում գտնվող հինգ ուղևորները ողջ-ողջ այրվել են։ Ծանր այրվածքներով վարորդը հոսպիտալացվել է օկուպացված Վարանդայի կենտրոնական շրջանային հիվանդանոց։

«Պայթյունի հետեւանքով տուժածներից 10-ի վիճակը շարունակում է մնալ ծանր»․ Անահիտ Ավանեսյան

Ստեփանակերտի պայթյունի հետեւանքով վնասվածքներ ստացած անձանցից 10-ի վիճակը շարունակում է մնալ ծանր։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողներին տեղեկացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Այդ մասին հայտնում է Step1.am-ը։

«100-ից ավելի պացինետներ դեռ գտնվում են Հայաստանի բժշկական կենտրոններում։ Այրվածքների պարագայում նրանց վերականգնողական բուժօգնությունը բավական երկար է տեւելու։ Եվ ինչքան որ անհրաժեշտ լինի, ինչ ծավալով անհրաժեշտ լինի, նրանց բուժօգնությունը կտրամադրվի։ Գիտեք, որ արտերկրում եւս ունենք բուժվող պացիենտներ, 19 պացիենտ ունենք դրսում։ Երբ կավարտեն այնտեղ բուժվելու անհրաժեշտ ժամանակահատվածը, կտեղափոխվեն Երեւան, եւ հաջորդիվ կաշարունակվի նաեւ մեր բուժկենտրոններում վերականգնողական բուժօգնությունը»,- ասաց նա։

Անահիտ Ավանեսյանը հավելեց, որ արտերկիր տեղափոխված պացիենտներն այնտեղ կմնան այնքան, ինչքան անհրաժեշտ կլինի։

Աշխատանքի եւ սոցապահովության փոխնախարարն ընդունել է արցախցիների պատվիրակությանը

Բողոքի ակցիայի մեկնարկից մեկուկես ժամ անց Հայաստանի սոցիալական աշխատանքի փոխնախարարն ընդունել է Արցախից բռնագաղթված 6 հոգուց բաղկացած պատվիրակությանը։ Ակցիայի մնացած մասնակիցները, որոնց թիվը մի քանի հարյուր է, մնացին սպասել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շենքի դիմաց։ Այդ մասին հայտնում է Step1.am

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ին, Արցախից բռնագաղթվածները ակցիա էին սկսել՝ պահանջելով օրենքով իրենց հասանելիք կենսաթոշակներն ու նպաստները։ Բողոքի մասնակիցներից մեկը նշել է, որ սկզբից ակցիայի կազմակերպիչների նպատակը զինվորականների վճարումներն ու զինկենսաթոշակները պահանջելն էր, սակայն ակցիային միացել են թոշակառուները և այլ քաղաքացիներ։ Ուստի հանրահավաքում բարձրացված պահանջների շրջանակն ընդլայնվեց։

Արցախցիներից ահազանգեր են ստանում, որ կան բժշկական հաստատություններ, որոնք արցախցիներին չեն մատուցում որոշ բուժծառություններ

«Ուզում եմ արցախահայերի համար եւս մեկ անգամ արձանագրել՝ կառավարության 318 որոշումը գործում է բոլոր արցախցիների համար, եւ որեւէ բժշկական կազմակերպություն չի կարող մերժել նրանց ու ծառայություն չմատուցել»,- այսօր Ազգային ժողովում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հարցուպատասխանից հետո հայտարարեց պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։ Նշենք, որ կառավարության 318 որոշումը վերաբերում է պետության կողմից երաշխավորված ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում անվճար բժշկական օգնության տրամադրմանը։ Այդ մասին հայտնում է Step1.am

Պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն ասաց, որ բռնի տեղահանված արցախցիներից ահազանգեր են ստանում, որ կան բժշկական հաստատություններ, որոնք արցախցիներին չեն մատուցում որոշ բուժծառություններ, ասում են, թե իրենք հանձնարարական չունեն։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բժշկական օգնությունը չի տրամադրվում ինչ-որ աջակցության հրահանգներով կամ որոշակի հատվածական լուծումներով։ «Նրանք կառավարության 318 որոշմամբ սահմանված շահառուների խումբ են հանդիսանում եւ օգտնվում են ՀՀ-ում թե ամբուլատոր, եւ հիվանդանոցային բժշկական ամենամեծ փաթեթից։ Այսինքն՝ ծառայությունների ամենալայն շրջանակը, որը հասանելի է Հայաստանի քաղաքացու համար, հասանելի է նաեւ իրենց համար։ Այստեղ հրահանգների որեւէ թեմա չկա, եւ ֆինանսավորումն իրականացվում է դեպքերի տրամաբանությամբ։ Այսինքն՝ կլինի ծառայություն ստացող, ապա բժշկական կենտրոնը տվյալ ծառայության համար կստանա փոխհատուցում»,- նշեց Ավանեսյանը։

Ինչ վերաբերում է ամբուլատոր հատվածում ֆինանսավորման տրամաբանությանը, նախարարն ասաց, որ Արցախից բռնի տեղահանված 50 հազարից ավելի մարդ արդեն կցագրված է ամբուլատոր համակարգին։ Նրանց  թվի ավելացմանը զուգահեռ կավելանա նաեւ պետական բյուջեից ֆինանսավորումը։

«Ես կարծում եմ՝ մեր կողմից հրատապ նախաձեռնված այս որոշումները չափազանց կարեւոր էին, որ մեր քաղաքացիներն իրենց առողջապահական կարիքները բավարարելու մասով որեւէ ընդհատում չունենան։ Մենք հենց սահմանային կետից սկսած նրանց տրամադրել ենք թե բուժօգնություն, թե շտապ օգնության ծառայությունը 24 ժամ եղել է ծառայության եւ թե արդեն տեղում հիվանդանոցային ու ամբուլատոր ծառայությունն ամբողջ ծավալով մատուցվել է» ,- հավելեց առողջապահության նախարարը։