Տողի Սբ․ Ստեփանոս եկեղեցին․ Կորուսված հայրենիք

1991թ. հոկտեմբերի 30-ին հայկական ինքնապաշտպանական ուժերը ժամերի ընթացքում հաղթանակով պսակեցին Տողի ազատագրման ռազմագործողությունը: Փառավոր անուններով համալրվեցին հայոց ռազմի պատմության էջերը։ 32 տարի անց և արդեն 3 տարի այդ օրը հիշվում է պարտության, մեր պարտության դիրքերից։ Այն Տողը, որը շատ ծանր ու կորուստներով լի օրեր է տեսել, բայց երբեք չի հայազրկվել։ Այն Տողը, որը Մելիք Եգանի պես տիրակալ ու պետական գործիչ էր տվել, ով չթողեց, որ իր Հայաստանից գերի ընկնեն, հիմա գերված է Մելիք Եգանի Տողը, նրա երկիր Հայաստանը /Արցախ/։

Լինելով մելիքական աթոռանիստ, Տողն իր կենցաղով ու ապրելակերպով  տարբերվել է Դիզակի մյուս բնակավայրերից։ Այն պարսպապատ քաղաք–ամրոց է։ Տողն առանձնանում է նաև իր հարուստ պատմամշակութային միջավայրով, որը տեղեկատվական մի մեծ բազա է Տողի և շրջակա բնակավայրերի պատմության վերհանման համար։ Ստորև կանդրադառնանք մեր ժառանգության գանձարանից Տողի Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցուն։

Եկեղեցին գտնվում է գյուղի հարավ-արևմտյան մասում, Եղցու խութ կոչվող բարձունքում, ընդարձակ գերեզմանոցում։ Մակար Բարխուդարյանը նրա դռան ճակատակալ քարի վրա ժամանակին կարդացել է <<ՌՃՂԶ (1747թ.) Յիշատակ է սուրբ Ստեփանոս եկեղեցուս գլուխն, որ նորոգեց Մելիք Եգան և որդին Մելիք Եսային: Յիշատակ է հոգոյ>>: Դատելով արձանագրությունից, եկեղեցին գոյություն է ունեցել վաղուց, և Մելիք Եգանն ու որդին միայն վերանորոգել են նրա ծածկը։ Ապա շարունակելով Մակար Բարխուդարյանը գրում է, – եկեղեցիս խիստ հին է, առնվազն վեց հարյուր տարվա շենք է։

Եկեղեցին ուշ միջնադարում վերակառուցվել է կոպտատաշ քարերով և անկանոն շարվածքով, բայց ահա արևելյան, հարավային մասամբ հյուսիսային ճակատների ստորին հատվածներում պահպանված մեծածավալ սրբատաշ քարերով պատերը խոսում են կառույցի վաղեմության մասին։ Ըստ մասնագետների եկեղեցու հորինվածքը շատ նման է Գտչավանքի գավիթին։

Եկեղեցու պատերի մեջ տեղադրված են քրիստոնեական վաղ շրջանի բազմապիսի զարդաքանդակներով զարդարված ու թվագրություն ունեցող խաչքարեր։ Դրանք ոչ միայն բազմազան են ու խայտաբղետ, այլև ժամանակագրական առումով խաչքարերի մի ուշագրավ հավաքածու են կազմում, որոնք համարվում են 4-7րդ և 13-րդ դարերից մնացած կառույցների մնացորդներ։ Այստեղ կարելի է հանդիպել և պարզունակ հավասարաթև խաչքարերի և զարդաքանդակ խաչքարերի,  51 հատ։

Արտասովոր ձև ունեցող քանդակազարդ սյունը եկեղեցու դահլիճը բաժանում է երկու անհավասար մասերի (հյուսիսային մասն ավելի նեղ է): Նեղ մասում բազմաթիվ գերեզմանաքարեր կան: Կարծիք կա, որ Սուրբ Ստեփանոսը ժամանակին վանական համալիր է եղել։ Այդ է հաստատում աղոթասրահի հարավային պատի փոփոխությունը։ Աբսիդների կառուցումը չի թաքցրել երբեմնի գմբեթավոր եկեղեցու հիմնապատերը։ Դրանց հետքերը տեսանելի են ինչպես կառույցի ներսում, այնպես էլ դրսում՝ եկեղեցու հարավային ճակատային պատի շարունակությունը կազմող տարածության վրա։

Եկեղեցու շրջապատում, բլրի գագաթին ու լանջերին կան հեծյալների, զինվորների, որսորդների, երաժիշտների, գինու մատուցման տեսարաններով պատկերաքանդված հարյուրավոր հին տապանաքարեր, որոնք թեմատիկ բազմազանությամբ ու արվեստով առանձնահատուկ տեղ են գրավում համանման հուշարձանների շարքում։

Եկեղեցու և շրջակա հուշարձանների ճակատագիրն անհայտ է։

Արմինե Հայրապետյան

Եկեղեցու լուսանկարները Ալվարդ Գրիգորյանի

 

Ընտրությունը մեծ չէ՝ Արցախի պատգամավորները գոնե այսօր պետք է պատասխանատվություն ստանձնեն

Արցախի Հանրապետության բռնի տեղահանվածների կարգավիճակի քննարկմանը զուգընթաց հայ հասարակությունը քննարկում է նաև այն հարցը, թե ով պետք է բարձրացնի տեղահանվածների խնդիրները և պաշտպանի նրանց իրավունքները, բացի այն հասարակական կազմակերպություններից, որոնք գործում են Երևանում 2020 թվականից, երբ բռնի տեղահանվեցին Հադրութի, Շուշիի, Քարվաճառի, Քաշաթաղի շրջանների բնակիչները։

2023 թվականի սեպտեմբերին ծագած խնդիրներն արդեն առկա էին 2020 թվականին։ Դա կարգավիճակի, սոցիալական հարցերի, տեղահանվածներին բնակարանով ապահովելու, կորցրած գույքի ու բիզնեսի փոխհատուցման խնդիրներն են:

Հասարակական կազմակերպությունները փաստաբանների հետ քննարկումների միջոցով փորձում են գտնել այն հարցի պատասխանը, թե ինչն է ձեռնտու արցախցիներին՝ Հայաստանի քաղաքացիությո՞ւնը, թե՞ փախստականի կարգավիճակը Հայաստանի Հանրապետության ժամանակավոր պաշտպանության ներքո։ Մյուս կողմից, արցախցիներից շատերը չեն ցանկանում փոխել իրենց հայկական անձնագիրը, որը պարունակում է Արցախում գրանցման նշաններ։ Բայց ֆինանսական վիճակը շատերին ստիպում է համաձայնել փոխել անձնագիրը և ընդունել ՀՀ քաղաքացիություն։

Շատերը նախատեսում են դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ պատասխան ստանալու այն հարցին, թե արդյո՞ք կառավարության որոշումը, որում հաշվի չի առնվում Արցախի բոլոր բնակիչների հայկական անձնագրեր ունենալու հանգամանքը, համապատասխանում է Սահմանադրությանը։

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ ժամանակին Արցախի բնակիչներին 070 ծածկագրով հայկական անձնագրեր են տրվել՝ որպես ճամփորդական փաստաթուղթ, սակայն այս անձնագրերը չեն հաստատում Հայաստանի քաղաքացիությունը։

Այս մասին 2020 թվականի տեղահանվածներն արդեն լսել են երեք տարի առաջ, սակայն Հայաստանի կառավարությունը ոչ մի կերպ չի արձագանքել տեղահանվածների նամակներին ու կոչերին, որոնք պահանջում էին պարզաբանել, թե ո՞ր երկրի քաղաքացի են իրենց համարում ՀՀ իշխանությունները։

2021 թվականի գարնանը արցախցի տեղահանվածներին, ովքեր չեն ցանկացել վերադառնալ Արցախ, ասվել է, որ Հայաստանում նրանց համար սոցիալական ծրագրեր չեն լինելու, և Հադրութի, Շուշիի շրջանի բոլոր բնակիչները պետք է վերադառնան Արցախ, որտեղ նրանց համար բնակարանաշինություն է ընթանում, և որտեղ բոլորը կապահովվեն աշխատանքով։

Այն, ինչ տեղի ունեցավ հետո Արցախում, հայտնի է բոլորին. Տեղեկություններ չկան, թե ուր են գնացել ռուս-ադրբեջանական տանդեմի շրջափակման պատճառով կասեցված տեղահանվածների բնակարանաշինությանն ուղղված ֆինանսական ներդրումները։

Հենց այս խնդիրներն են ստիպում մի շարք արցախցիների պարտավորեցնել Արցախի խորհրդարանին շարունակել աշխատանքը, որպեսզի պաշտոնական մակարդակով հարցեր բարձրաձայնելու հնարավորություն լինի։ Բայց այստեղ մեծ դժվարություններ են առաջանում։

Նախ՝ ոչ ոք չի ուզում գործ ունենալ պատգամավորների հետ, ովքեր 3 տարի շարունակ չեն կատարել երկրի գլխավոր քաղաքական մարմնի իրենց գործառույթները։ Նրանք ձախողվեցին օրենսդիր մարմնի գործը բոլոր բնագավառներում։ Արդեն վերջին շրջանում տեղի ունեցավ անհասկանալի «իշխանափոխություն», երբ ամենապատասխանատու պահին օրինական ընտրված նախագահը հրաժարական տվեց, իսկ նրա փոխարեն 22 պատգամավոր նշանակեցին մի մարդու, ով հասկանում էր, որ պետք է ստորագրի Արցախի պետականության լուծարման մասին փաստաթուղթ։

Բայց մի կողմ թողնենք Շահրամանյանի՝ Արցախի բնակչության զանգվածային արտագաղթից մեկ ամիս անց արված պարզաբանումները, քանի որ նման «ինքնախոստովանություններով» պետք է զբաղվեն իրավապահները։

Ցավոք, վտարանդի արցախյան հասարակությունը ստիպված է ընտրություն կատարել պետականության պահպանման (այդ թվում՝ Հայաստանի) և ոչ ոքի վստահությունը չվայելող պատգամավորների աշխատանքի շարունակությունը պահանջելու միջև։

Ընտրություն պետք է կատարվի, քանի որ մենք չենք կարող կորցնել հայկական Արցախի իրավունքը 33 անձանց պատճառով, ովքեր չեն ցանկանում պատասխանատվություն ստանձնել։ Ամեն դեպքում, վերաբնակիչների իրավասության մեջ է ստիպել նրանց, գոնե հիմա, իրականացնել ժողովրդի կամքը։ Թե որքանով դա կհաջողվի, ցույց կտա ժամանակը:

Մարգարիտա Քարամյան

Փակ հանդիպում Մարիոթում․ ինչ են պայմանավորվել Շահրամանյանն ու ուրիշները

«Հրապարակ» թերթը գրել է. «Սամվել Շահրամանյանի մասնակցությամբ նախօրեին «Մարիոթում» տեղի ունեցած փակ հանդիպումը, թերեւս, առաջին վախվորած փորձն էր։ Եվ դա է պատճառը, որ որեւէ կառուցողական որոշում չի ընդունվել։ Շահրամանյանից բացի մասնակցում էին Հայաստանի եւ Արցախի հասարակական գործիչներ, մտավորականներ, սահմանադրագետներ, իրավաբաններ, մեկ-երկու քաղաքական գործիչ` Արցախից։ Հանդիպման նպատակը Արցախի պետական ինստիտուտների պահպանումն ու վտարանդի կառավարության ձեւավորումն էր։

Հանդիպումը փակ էր եւ մասնակիցներին քննարկման բովանդակությունը գաղտնի պահելու պարտավորագիր են ստորագրել տվել: Մեզ պատմեցին, որ հանդիպման զգալի ժամանակը վատնել են Շահրամանյանի ստորագրած հայտնի հրամանագիրը չեղարկելու հարցի անպտուղ քննարկման վրա։ Սահմանադրագետ-իրավաբաններից ոմանք մասնագիտական կարծիք են հայտնել, որ նախագահի որոշումն ինքնին իրավազոր չէ, քանի որ մեկ անձը չի կարող լուծարել պետությունը: Այդուհանդերձ, ոմանք պնդել են՝ եթե հրամանագիրը կա, այն չեղարկելու, ետ պտտելու մեխանիզմներ պետք է գտնել, եւ անհրաժեշտ է հատուկ աշխատանքային խումբ ձեւավորել, որը կքննարկի՝ ինչպես, երբ: Մի լուծման ճանապարհ է դիտարկվել այն, որ ԱՀ խորհրդարանը դիմի ԱՀ գերագույն դատարանին, որն էլ Սահմանադրությանը հակասող ճանաչի այն։

Քննարկման առանցքային թեմաներից է եղել նաեւ պետական ինստիտուտների պահպանման եւ բնականոն գործունեության հարցը: Արցախի նախագահը համաձայնել է ներկաների հետ, որ պետք է շարունակել պետական ինստիտուտների գործունեությունը, սակայն, թե ինչպես, ինչ միջոցներով՝ սպառիչ պատասխաններ չեն հնչել: Ներկաներից ոմանք արցախցի պաշտոնյաներին վստահեցրել են, որ փող կճարվի։ ԱՀ ներկայացուցիչները բավականին զուսպ, եթե չասենք զգուշավոր ու վախվորած են արտահայտվել ՀՀ իշխանությունների հասցեին, որեւէ քննադատություն, առավել եւս` վիրավորանք չի հնչել, հասկացրել են, որ դա միայն վնասելու է գործընթացին։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ պարզ չէ, թե գործնականում ինչպես են կյանքի կոչելու քննարկման ժամանակ հնչած գաղափարը` ոչ մի որոշակիություն չկա։ Ներկաների համոզմամբ, դա կախված է Արցախի նախագահի եւ մյուս պաշտոնյաների վճռականությունից, ինչը մեր աղբյուրի տպավորությամբ՝ հուսադրող չէ։

Մի ուշագրավ հանգամանք եւս․ Մարիոթի հանդիպմանը չեն հրավիրել ՀՀ տիտղոսակիր ընդդիմության ոչ մի ներկայացուցչի։ Չնայած, մեր տեղեկություններով, նրանց` Հայաստան տեղափոխվելուց հետո խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, այդ թվում` Սեյրան Օհանյանը, Սամվել Շահրամանյանի հետ մի քանի անգամ զրուցել են եւ առաջարկել՝ ինչով կարող են օգնել: Շեշտել են, որ եթե արցախյան գործիչները որոշել են գործողություններ սկսել` Արցախի պետական ինստիտուտների պահպանման, Արցախի կարգավիճակի հետ կապված, ապա խորհրդարանական ընդդիմության «պադդերժկայի» վրա կարող են լիարժեք հենվել: Եթե կարիք կա` իրենք էլ քննարկումներ, ֆորումներ կկազմակերպեն այս թեմաներով։

Բայց ակնհայտ է, որ Սամվել Շահրամանյանն ու արցախյան էլիտան չեն ուզում ասոցացվել Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ անգամ ՀՅԴ-ի հետ։ Գուցե տեղի են տվել ՔՊ-ականների հարձակումների առաջ, գուցե ֆեյքաֆեյսբուքախառը զանգվածն է նրանց վրա ազդել: Իսկ գուցե արցախյան գործիչները հույս ունեն, որ սրանով Արցախի հարցը չի դառնա ներքաղաքական շահարկումների առարկա եւ իրեն չեն մեղադրի, թե իշխանության համար են կռիվ տալիս։

ԱՀ նախագահին մոտ կանգնած աղբյուրը վստահեցրեց, որ իրականում խնդիրը ոչ թե տարանջատվելն է, այլ Շահրամանյանն իրականում «պաուզա» է վերցրել, քանի որ մեկ նպատակ ունի՝ ամեն գնով լուծել արցախցիների` Արցախ վերադարձի խնդիրը, որի մասին իր հարցազրույցում էլ ասաց։ Այդ ծրագիրը կյանքի կոչելու նպատակով նա հանդիպումներ է ունենում արեւմտյան տարբեր երկրների դեսպանների, ինչպես նաեւ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիռկինի հետ: Հույս ունի, որ աշխարհաքաղաքական կենտրոնների միջոցով Արցախին միջանկյալ կարգավիճակ կշնորհվի եւ արցախցիները կվերադառնան Արցախ»:

 

«Ասում են, որ Լաչին և Զանգիլան տեղափոխվածներից շատերը վերադառնում են Բաքու»

«Ազադլըղ» ալիքը հրապարակել է ղարաբաղյան պատերազմի մասնակից Իլհամ Թումասի նամակը․

«Մեծ վերադարձ» ծրագրի իրականացման հետ կապված Լաչինից, Զանգիլանից և ազատագրված այլ տարածքներից տագնապալի լուրեր են ստացվում։ Քանի որ մարդկանց համար հարմար պայմաններ չկան իրենց տներում ապրելու համար, ասում են, որ այնտեղ տեղափոխվածներից շատերը վերադառնում են Բաքու։ Պարզվում է, որ ազատագրված տարածքներում գները՝ սկսած հանրային սննդի օբյեկտներից, վերջացրած խանութներից, թանկ են, և մարդիկ ոչ թույլտվություն ունեն, ոչ էլ հնարավորություն ունեն հողագործությամբ զբաղվելու համար։ Եթե ​​այսպես շարունակվի, բոլորը կփախնեն այնտեղից։ Գուցե ինչ-որ մեկը մեծ գումարներ է վաստակում «Մեծ վերադարձ» ծրագրի անվան տակ։

«Մարդկային կատակերգությունը» թողել է Մարտակերտում, տանը

Մարտակերտցի Գոհար Պետրոսյանը շրջափակման ընթացքում առողջության վատթարացման պատճառով Երևանում էր: Հիվանդանոցում ստուգման ժամանակ էին հայտնել, որ ճանապարհը փակ է, վերադառնալ չի կարողանա: Ճամպրուկի շորերը ամեն օր քանդում-հավաքում էր, մինչև որ Երևանում աշխատանք գտավ: Շոկոլադագործությունը շատ սիրեց՝ ընթացքն ու արդյունքը գոհացնում էին: Ընկերուհին առաջարկեց մնալ որպես մշտական աշխատող: «Երկընտրանքի առջև էի կանգնած: Մի կողմից աշխատանքն էր, որից իրոք մեծ բավականություն էի ստանում, մյուս կողմից էլ Արցախն էի կարոտում: Դիմեցի Կարմիր Խաչին ու հետ եկա»,-պատմում է Գոհարը: Արցախում ավելի հանգիստ էր իրեն զգում, չնայած արցախցու՝ արդեն սովորական դարձած զրկանքներին՝ սննդի սղությանը, էլեկտրաէներգիայի գրաֆիկով աշխատանքին և գազ չլինելուն:

Տարհանվելուց հետո եկել է Երևան և անմիջապես սկսել է աշխատել որպես շոկոլադագործ: Հույս ունի, որ պատվերները շատ կլինեն: Խոսքի մեջ անընդհատ նշում է հայրենիքը․ «Մարտակերտը փոքր քաղաք է՝ փոշոտ, ցեխոտ ու ժողովուրդն էլ կոպտություն ուներ: Պատերազմի ժամանակ հասկացա, որ հերոսական են, իրենց համառությունն էլ դրական երանգ ստացավ: Ամեն օր գլուխս դնում եմ բարձին և փորձում իմ ծննդավայրը մանրակրկիտ հիշել, մտապահել: Մտովի քայլում եմ փողոցներով: Ահա դպրոցը, ալրաղացը, հուշարձանը, հորս հուշաքարը․․․»:

Սոցիալական ցանցերում տարածված Արցախի տեսահոլովակները չի նայում, բայց հիշողությունների տարափը հանգիստ չի տալիս: Սահմանին կրակոցներ էին, իսկ իրենք թաղի երեխաներով ժենգյալով հացի կանաչիներ ու ծաղիկներ էին հավաքում: Ասում է, որ այս տեղահանությունից հետո կոփվել է, քանի որ սա իր համար երկրորդն է: 2015թ․ընդունվել է Շուշիի Ագրարային համալսարանի պարենամթերքի տեխնոլոգիաներ բաժինը, համատեղել աշխատանքը նույն ոլորտում: Փորձարկումները և լաբորատորիան իրենց խմբի տարերքն էին: Այնուհետև ստիպված էին նույն լաբորատորիան ստեղծել Ստեփանակերտում՝ զրոյից:

«Սեպտեմբերի 19-ին սկսեցին կրակել, ու ես չորեքթաթ տալով մոտեցա պատուհանին: Տեսարանը ապոկալիպսիս էր հիշեցնում: Հարևաններն իրար խառնված նկուղ էին փնտրում: Արագ իջնում էի ու լացում, քանի որ երկու եղբայրներս դիքերում էին: Ծանոթներիցս մեկը եղբորս անունը կարդացել էր զոհերի ցուցակում: Մենք արդեն գլուխներս կորցրել էինք, երբ պարզվեց, որ սխալմունք է»,-ասում է նա:

Տան իրերից շատ բան վերցնելու ժամանակ չկար: Միայն անձնական Աստվածաշունչն է վերցրել, իսկ իր սիրած գիրքը՝ Բալզակի «Մարդկային կատակերգությունը» թողել է՝ ճամպրուկում տեղ չկար: Ինչքան մեծ է եղել զարմանքը, երբ Երևանի իր նորավարձ բնակարանի դարակի գրքերն ուսումնասիրելիս տեսել է այդ գիրքը:

Տաթեւ Ազիզյան

 

Հայրս երկու անգամ է Բաքվից զանգահարել․ ի՞նչ է պատմում Դավիթ Իշխանյանի որդին

yerkir.am

Հայրս երկու անգամ է Բաքվից զանգահարել, առանձնակի ոչ մի բան չենք խոսել․ այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի որդին։

«Տեսակապով չենք խոսել, սովորական հեռախոսազանգ է եղել,  առաջին անգամ հոկտեմբերի 10-ին է զանգահարել, 2-րդ անգամ՝ հոկտեմբերի 13-ին։ Առողջական վիճակը լավ է, մեկ անգամ էլ, իմ տեղեկություններով, կարմիր խաչից են այցելել հորս (Դավիթ Իշխանյանին)»,-ասաց Արմեն Իշխանյանն ու ընդգծեց՝ անձամբ իրեն է զանգել և իր հետ է խոսել։

«Ապրումները հեշտ չեն, ծանր են, սպասում ենք»,- ասաց Արմեն Իշխանյանն ու խնդրեց այլ հարցեր չհնչեցնել։

Հիշեցնենք, որ Դավիթ Իշխանյանը Լեռնային Ղարաբաղի 3 նախկին նախագահների հետ գերեվարվել է հոկտեմբերի սկզբին։ Բաքուն նրան մեղադրում է ահաբեկչության համար։ Իշխանյանը, ինչպես և նախկին նախագահները 4 ամսով կալանավորվել են։

 

Էրդողան. Երբ Կենտրոնական Ասիայից թուրքերը եկան տարածաշրջան, Ալիևն արդեն այնտեղ էր

Աստանայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների թեմային. «Կարևոր է ապահովել կապը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ Այս երթուղու բացումը կնպաստի ողջ տարածաշրջանի բարգավաճմանը, ինչպես նաև Թուրքիան կկապի մեր նախնիների հայրենիքի՝ Կենտրոնական Ասիայի հետ»։

Փաստորեն, Էրդողանն ասում է, որ թուրքերը մեր տարածաշրջան են ժամանել Կենտրոնական Ասիայից (նախկինում նա ասել էր, որ դա առաջին անգամ եղել է մոտ հազար տարի առաջ)։ Նրա «կրտսեր եղբայր» Ալիևը, սակայն, պնդում է, որ այդ հողերը միշտ իրենցն են եղել, հայերն այստեղ հայտնվել են ոչ մի տեղից, իսկ Հայկական լեռնաշխարհն իրականում անվանվել է ալբանական։

Ըստ ամենայնի, երբ Միջին Ասիայից թուրքերը ժամանել են տարածաշրջան, Ալիևն արդեն նրանց սպասում էր ալբանական ուղղափառ խաչով։

Ադրբեջանում հայտարարել են Մադաթ Բաբայանի գերեվարման մասին

Ադրբեջանում հայտարարել են Մադաթ Բաբայանի գերեվարման մասին։

Ինչպես տեղեկացրել է APA-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությանը (ՊԱԾ), Բաբայանն իբր գերեվարվել է Քարվաճառի (Քելբաջարի) շրջանում, «ահաբեկչական գործողությունների կատարման կասկածանքով, ազգային թշնամանք հրահրելու մտադրությամբ»։ Մադաթ Առաքելի Բաբայանին վերագրվում է նաեւ մասնակցություն «անօրինական զինված կազմավորումներին»։

Բաքվում հասցրել են Բաբայանին մեղադրել «Խոջալուի 1992թ. փետրվարի 26-իի ցեղասպանությանը մասնակցելու» մեջ։

Թե երբ է գերի վերցվել Բաբայանը՝ ՊԱԾ-ն չի տեղեկացնում։

Արցախյան գորգեր՝ Շուշիից Երևան. թանգարանը պետք է վերաբացի իր դռները

Շուշիի գորգի թանգարանը հիմնադրվել է 2011 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության անկախության օրը։ Թանգարանի հիմնադիր և տնօրեն Վարդան Ասծատրյանը, ուսումնասիրելով գորգերի ծագման պատմությունը և հաշվի առնելով Ադրբեջանի կողմից փաստերի խեղաթյուրման և հայկական մշակութային և պատմական ժառանգության յուրացման քաղաքականությունը, հասկանալով, որ եթե դրան չդիմադրել այժմ, ապա մոտ ապագայում հայ ժողովուրդը կարող է կորցնել իր ազգային ինքնությունը, որոշել է Շուշի քաղաքում ստեղծել գորգի թանգարան, որտեղ հավաքվել են տարբեր ատրիբուտներով հայկական գորգեր։

2000-ականների սկզբին Վարդանը շրջել է արցախյան գյուղերով և գնել հայկական հին գորգեր։ Ավելին, նա գնել է միայն անվանական գորգեր՝ դրանց ծագման պատմության մասին ճշգրիտ տեղեկություններով։ Այս փաստն է այս հավաքածուի յուրահատկության հիմնական պատճառը։

Համեմատության համար թանգարանում պահվել են նաև պարսկական և դաղստանյան գորգեր։

Ամեն տարի՝ մինչև 44-օրյա պատերազմը, թանգարան այցելում էին հարյուրավոր զբոսաշրջիկներ տարբեր երկրներից։ Շուշիի գրավումից հետո հավաքածուի հիմնական մասը՝ մոտ 175 գորգ, տեղափոխվել է Հայաստան, սակայն մինչ այժմ Հայաստանի ղեկավարությունը աջակցություն չի ցուցաբերել, որպեսզի թանգարանը վերաբացի իր դռները։

«Բայց այդ գորգերը մշակութային և պատմական ժառանգություն են և պատկանում են հայ ժողովրդին, և իմ հիմնական նպատակն է վերսկսել թանգարանի աշխատանքը, ժամանակավորապես Հայաստանի տարածքում»,- Step.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Ասծատրյանը։

Արսեն Աղաջանյան

Փաշինյանի «ղարաբաղյան վախերը». Բաքուն «նվաճեց» միայն Արցախի տարածքը

Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց Հայաստանի քաղաքացիություն ստանալ ցանկացող արցախցիների մեծ հոսքի մասին։ Ոչ ոք հստակ չգիտի, թե քանի արցախցի է որոշել փոխել իրենց անձնագրերը արցախյան 070 ծածկագրով, սակայն այն, որ Փաշինյանը դրա համար «ագիտացիա է անում», վկայում է Արցախի հարցը արագ փակելու նրա շահագրգռվածության մասին։

Այս հարցը պետք է «փակվեր» Արցախի ամբողջական գրավմամբ՝ Ադրբեջանի կողմից տարածքի օկուպացմամբ և նրա բնիկ բնակիչներին «Ադրբեջանի սահմանադրությանը» ենթարկելով, ինչպես ասել է Լավրովը։ Արցախի ժողովրդին պետք է ստիպեին հրաժարվել հայոց լեզվից, մշակույթից, ինքնությունից և ընդմիշտ անհետանալ արմատազուրկ ցեղի մեջ, որն անգամ անուն չի ունեցել։

Իր պապերի հայրենիքը լքելու արցախցիների միակողմանի որոշումը մեծ խնդիր առաջացրեց՝ Բաքուն օկուպացրեց տարածքը, բայց նրա բնիկ բնակիչներն իրենց պետական-իրավական, պատմական, գույքային նախապատմությամբ մնացին չնվաճված։ Սա նշանակում է, որ ցանկացած պահի նրանք կարող են խոսել իրենց աստվածատուր իրավունքների մասին։

Պլանի հեղինակները մի ամբողջ ամիս տարակուսում էին, թե ինչպես կարելի է «նվաճել» արցախցիներին, և որոշվեց, որ եթե հնարավոր չէ նրանց “լուծել” Ադրբեջանում, ապա պետք է «լուծել» Հայաստանում։ Դա անելու համար շատ բան պետք չէ. ասել մարդկանց, որ առանց հայկական անձնագրերի թոշակ ու նպաստ չեն ստանա, հետո խորամանկ հայտարարել, որ բոլորն արդեն վազել են քաղաքացիություն ստանալու համար, դուք էլ վազեք։ Եթե ​​չեք ուզում, կարող եք փախստականի կարգավիճակ ստանալ և գնալ արտերկիր:

Ինչո՞ւ է Փաշինյանը «լուծարում» արցախցիներին և ինչո՞ւ է համառորեն ուզում ապացուցել, որ Արցախում պետություն չի եղել։ Ի վերջո, ինչպես ասում է սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանը, իրավական դաշտում Լեռնային Ղարաբաղի առկայությունը կարող է չեզոքացնել Ադրբեջանի հավանական դատական հայցը «Հայաստանի դեմ՝ օկուպացիայի» մեջ մեղադրանքով։

Բայց սա այն չէ, ինչից Փաշինյանը վախենում է. Milli.az կայքի գլխավոր խմբագիր Էլչին Ադյոօղլուն ասում է, որ արցախահայերը «կարող են Հայաստանում լուրջ դժգոհ հասարակական-քաղաքական զանգված ձևավորել»։ «Շահրամանյանին պատրաստում են Հայաստան ժամանած ղարաբաղցի հայերի ժամանակավոր ընդդիմության առաջնորդի դերը։ Որպես այլընտրանք հայկական ավանդական ընդդիմությանը։ Այս նվաստացուցիչ դերը կատարելուց հետո նրան կհեռացնեն, և այդ դերը կփոխանցվի Ղարաբաղի իրական ղեկավարին»,- ասում է նա։

Արցախի և արցախցիների «նվաճման» այլ պատճառներ էլ կան, և այժմ, առաջին ցնցումը հաղթահարելուց հետո, արցախցիների մոտ տեղի է ունենում այդ պատճառների ու գործոնների «գույքագրում»։

Ոչ ոք չի շտապում, արցախցիները շտապելու տեղ չունեն։

Ռուսաստանը համաձայն է ամեն ինչ տալ Թուրքիային՝ Հայաստանը, նեռարյալ՝ Արցախը, Ղրիմը, Սիրիան, Պաղեստինը

Ղրիմի շրջանի Պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետը ուկրաինական իշխանությունների արձագանքը Ղրիմի պատվիրակության Թուրքիա այցին համեմատել է Կռիլովի առակից Մոսկայի հաչոցի հետ, գրում է РИА Новости-ն։ Նրա խոսքով, «Ռուսաստանի Ղրիմի և Թուրքիայի շրջանների միջև միջտարածաշրջանային տնտեսական և զբոսաշրջային հարաբերությունները միայն կամրապնդվեն»։

Ռուսաստանի քաղաքականությունն իր Թ”թռնող”«ազդեցության գոտիների» վերաբերյալ հանգում է հիմնական հետեւյալին` կանխել նախկին գաղութներում ինքնիշխան պետությունների վերականգնումը կամ ձևավորումը, ավելի լավ է այդ շրջանները տալ Թուրքիային։ Այս հարցում, ըստ ամենայնի, Ռուսաստանը կոնսենսուսի է եկել Արեւմուտքի հետ։

Ոգեշնչված Ռուսաստանի և Արևմուտքի այս քաղաքականությունից՝ Էրդողանը փորձում է միավորել նախկին Օսմանյան կայսրությունը՝ քիթը խոթելով բոլոր հնարավոր և աներևակայելի հակամարտությունների մեջ՝ հույս ունենալով, որ Ռուսաստանն ու Արևմուտքը կճանաչեն խալիֆայության իր իրավունքը։

Սա եղավ Սիրիայում, հետո Արցախում ու Հայաստանում, որոնք «ռեգիոնալիզացիայի» մասին խոսող Նիկոլ Փաշինյանի թեթեւ ձեռքով աստիճանաբար դառնում են «Թուրքիա»։

Ինչ-որ պահի դա կարող է տեղի ունենալ Երուսաղեմում, որը համարվում էր Օսմանյան կայսրության սիրտը, և որի վերաբերյալ Էրդողանը անընդհատ ասում է, որ Իսրայելը պետություն չէ, այլ կազմակերպություն:

Ղրիմի հարցում այլեւս կասկած չկա. Էրդողանն ասում է, որ Ղրիմը պատկանում է ոչ թե Ռուսաստանին կամ Ուկրաինային, այլ Ղրիմի թաթարներին։

Ի դեպ, հենց Ղրիմի թաթարներն են հիմա Ոսկե Հորդայի խանի ռեգալիայի պաշտոնական պահապանները:

Նաիրա Հայրումյան

ԵԽԽՎ համազեկուցողները մոնիթորինգային այցով կժամանեն Հայաստան, կհանդիպեն նաև ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիթորինգի գծով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը՝ Ֆինլանդիայից և Բորիանա Աբերգը՝ Շվեդիայից նոյեմբերի 6-8-ը փաստահավաք այց կկատարեն Հայաստան:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Եվրոպայի խորհրդից:

Երևանում համազեկուցողները կհանդիպեն վարչապետի, արդարադատության և ներքին գործերի նախարարների, ինչպես նաև Ազգային ժողովի պատգամավորների հետ:

Նախատեսվում են բանակցություններ Սահմանադրական դատարանի նախագահի և դատական իշխանության, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ու Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ներկայացուցիչների հետ։

Համազեկուցողները կմեկնեն նաև Երասխ, որտեղ կհանդիպեն տեղական իշխանությունների ներկայացուցիչների և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ: