Արցախցի Արման Ավանեսյանը կմասնակցի Երևանում կայանալիք Սամբոյի աշխարհի առաջնությանը

Արցախցի Արման Ավանեսյանը կմասնակցի Երևանում կայանալիք Սամբոյի աշխարհի առաջնությանը։

Այսօր “Oլիմպավան” մարզահամալիրում կայացավ ՀՀ սամբոյի հավաքականի բաց մարզումը։ Մարզմանը ներկա էին նաև հավաքականում հանդես եկող Արցախից տեղահանված մարզիկներ։ Նրանց մեջ էր նաև Եվրոպայի չեմպիոն Արման Ավանեսյանը, որը նույնպես ընդգրկվեց հավաքականի կազմում:

Բավականին մեծ հոսք կա, ԼՂ-ից բռնի տեղահանվածները դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցով. Փաշինյան

Արդեն իսկ բավականին մեծ հոսք կա, ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերը և եղբայրները դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցով: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր քաղաքականությունն այն է, որ եթե ԼՂ-ից տեղահանվածները օբյեկտիվ հնարավորություն չեն ունենալու վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, մեր ցանկությունն այն է, որ նրանք բոլորը մնան Հայաստանում, ապրեն ու աշխատեն այստեղ:

Իհարկե, այդ գործընթացը, բնականաբար, մենք սպասում էինք, որ պետք է տեղի ունենա: Մեր խնդիրն այն է, որ հնարավորինս արագ այդ գործընթացը կազմակերպենք:

Իհարկե, կան օրենսդրական որոշ նրբություններ, որոնք պետք է պահպանվեն, այստեղ նաև մեզ բոլորիս՝ Կառավարությանը և պետական մարմիններին, պետք է հնարավորինս արագ աշխատել, բայց նաև ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերից և եղբայրներից որոշակի համբերություն ենք ակնկալում, որպեսզի ամեն ինչ ճիշտ, օրինական ընթացակարգերով առաջ շարժվենք, որպեսզի արագության պատճառով իրավական խնդիրներ չառաջացնենք: Այդ պրոցեսը կգնա բնականոն:

Նաև շնորհակալ եմ, որ մարդիկ ըմբռնումով են մոտենում, որ ճշգրիտ պետք է լինի ամեն ինչ իրավական տեսակետից: Համոզված եմ, որ այդպես էլ կլինի»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ առաջիկայում Հումանիտար կենտրոնի աշխատանքների շրջանակներում սպասվում է նաև 50+50 ծրագրի իրագործումը:

«Հետագայում արդեն նաև քաղաքացիություն և կարգավիճակ ստանալու բերումով պետք է մտածենք՝ կենսաթոշակառուների թոշակների վճարման ինչ համակարգ ենք ներդնում, ինչ սկզբունքներ պետք է գործեն»,- ասաց վարչապետը:

Հայաստանի իշխանությունները համառորեն անտեսում են Շահրամանյանին

Forrights

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է եվրոպացի խորհրդարանականների պատվիրակությանը, որոնց հետ քննարկել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր։ Կարծես՝սովորական լուր է, սակայն․․․

Սեպտեմբերի 19-20-ին Արցախի օկուպացիայից եւ բռնագաղթի «դժոխային շաբաթից», ԼՂՀ ղեկավարության 7 ներկայացուցիչների ձերբակալությունից հետո Հայաստանի իշխանությունները այդպես էլ պաշտոնապես չեն հանդիպել Արցախի ղեկավարությանը։

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, ով սկզբում նույնպես չէր հայտնվում հանրությանը, հոկտեմբերի 20-ի դեպքերից հետո, երբ մի խումբ ցուցարարներ ներխուժեցին Երևանում Արցախի ներկայացուցչություն, սկսեց բացել փակագծերը, մասնավորապես, Հայաստանի ղեկավարության հետ հարաբերությունների մասին։ Նա հարցազրույց է տվել Արցախի հանրային հեռուստատեսությանը (ասում են՝ Հայաստանի Հանրային ալիքը հրաժարվել է հարցազրույց անել նրա հետ), որտեղ հերքել է Նիկոլ Փաշինյանին հավատարիմ անհատների և լրատվամիջոցների կողմից տարածվող մի քանի կեղծ թեզեր։

Շահրամանյանը, մասնավորապես, ասել է, որ Հայաստանի ղեկավարությունը տեղյակ էր այն փաստաթղթին, որը Արցախի նախագահն իր ընտրվելուց մի քանի օր անց ստիպված էր ստորագրել սեպտեմբերի 20-ին։ Բացի այդ, նա ակնարկեց այն մասին, թե ինչպես է ընտրվել նախագահ՝ Փաշինյանին հավատարիմ նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո ինչ-որ մեկը պետք է պատասխանատվություն ստանձներ։ Նա խոսեց նաեւ Սամվել Բաբայանի դեստրուկրիվ դերի մասին, որին, ի տարբերություն Լեւոն Մնացականյանի ու Դավիթ Մանուկյանի, անարգել թույլ տվեցին անցնել Լաչինի միջանցքով (ի դեպ, լրատվամիջոցներն արդեն երկրորդ օրն է ասում են, որ Լևոն Մնացականյանը սպանվել է գերության մեջ):

Սամվել Շահրամանյանն ասաց, որ Արցախի ղեկավարության հետ չի քննարկվել «ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը», որը Հայաստանի իշխանությունները մտադիր են տալ տեղահանված արցախցիներին։

Ո՞վ է որոշում ընդունում 120-130 հազար արցախցիների ճակատագրի վերաբերյալ, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները. Այս մարդիկ 30 տարի ընտրել են օրինական իշխանություններին, որոնք զբաղվում էին Արցախում կառավարմամբ, թեև բոլոր արցախցիներն ունեն հայկական կապույտ անձնագրեր, որոնցով հեշտությամբ շրջում են աշխարհով մեկ, Հայաստանը երկար տարիներ Արցախին միջպետական ​​վարկ է տրամադրել, Արցախի բոլոր ոլորտները՝ ֆինանսական, սոցիալական, կրթական, գրեթե ինտեգրված էին Հայաստանին։ Արցախի իշխանությունները հրապարակային հանդիպում էին Հայաստանի ղեկավարության հետ, կային միջխորհրդարանական խմբեր և այլ իրավա-պետական ձևաչափեր, և չնայած իրավական խառնաշփոթին, Երևանում ոչ ոքի մտքով անգամ չէր անցնում անտեսել արցախցիների ինքնակառավարման իրավունքը։

Ո՞ւր գնաց այդ ամենը: Ինչո՞ւ տեղահանությունից մեկ ամիս անց հանդիպումներ չեղան արցախցի գործընկերների հետ ո՛չ Հայաստանի խորհրդարանում, ո՛չ կառավարությունում, ինչո՞ւ համագործակցություն չստեղծվեց՝ համատեղ առավել օպտիմալ լուծումներ մշակելու համար։ Չէ՞ որ խոսքը Հայաստանի քաղաքացիների մասին է։

Բացի այդ, ինչպես ասաց Սամվել Շահրամանյանը, 30 տարի Արցախը կանգնած է եղել Հայաստանի՝ մեր ընդհանուր հայրենիքի պաշտպանության առաջնագծում, 30 տարի Հայաստանը Արցախի հետ միասին պահպանել է հայոց պետականությունն ու հողը։ Արցախը հսկայական ներդրում է ունեցել Հայաստանի անվտանգության գործում։ Արցախի օկուպացումից հետո Հայաստանը հայտնվել է ոչ միայն տարածքներ, այլև պետականություն կորցնելու վտանգի տակ, ինչպես ասաց նաև Փաշինյանը։

Այն օգնությունը, որ Հայաստանի կառավարությունն ու հասարակությունը տրամադրում է Արցախի ժողովրդին, սոցիալական առումով հսկայական նշանակություն ունի։ Բայց օգնությունը ցուցաբերվում է յուրաքանչյուր արցախցու անհատապես, որն Արցախը ատոմիզացնում, մասնատում է՝ պետական-ազգային միավորից վերածելով առանձին մարդկանց հավաքածուի, ամբոխի, առանց ինքնակառավարման, ինքնակազմակերպման համակարգի, պետական-իրավական անցյալի և կենսագրության։

Ի՞նչ ուղերձ են հղում Հայաստանի իշխանությունները Արցախի ժողովրդին՝ կտրականապես հրաժարվելով հանդիպել Արցախի ղեկավարության հետ։

«Մեղրիի միջանցքը կորցրել է իր արդիականությունը». Բաքվին պետք է ամենը Երասխից այն կողմ

Պատասխանելով Ամերիկայի Ձայնի հայկական ծառայության հարցին՝ կապված Լեմկինի ինստիտուտի Հայաստանի և Ադրբեջանի հետ կապված մտահոգությունների հետ, ԱՄՆ Պետդեպարտամենտն ընդգծել է, որ «Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում լուրջ հետևանքներ կունենա»։

Հիշեցնենք, որ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հոկտեմբերի 31-ին կարմիր դրոշով ահազանգ էր հայտարարել և խորը մտահոգություն հայտնել առաջիկա օրերին և շաբաթներին ադրբեջանական կողմից Հայաստան ներխուժելու հնարավորության վերաբերյալ։ Լեմկինի ինստիտուտը հայտարարել է, որ «Ադրբեջանը վաղուց է տենչում Հայաստանի հարավային Սյունիքի մարզը, որը ոչ վաղ անցյալում դիտարկվում էր որպես Ադրբեջանի կողմից վերահսկվող «Զանգեզուրի միջանցքի» վայր։ Ադրբեջանական ներխուժումն իր մեջ կպարունակի ցեղասպանություն վերաճելու վտանգավոր բարձր ռիսկ»:

Լեմկինի ինստիտուտը և Հայաստանի գործընկերները հիմնականում խոսում են Սյունիքի կողմից ներխուժման հավանականության մասին՝ Զանգեզուրի միջանցքի տակ նկատի ունենալով միայն Մեղրիի ճանապարհը։ Սակայն 2022 թվականի սեպտեմբերին Բաքվի կողմից Ջերմուկ ներխուժումից հետո պարզ դարձավ, որ կան մի քանի «միջանցքային» երթուղիներ, և «հիմնականը”՝ Ջերմուկ-Սիսիան-Երասխ-Մարգարան է։

Մինչ Ֆրանսիան, Իրանը, նույնիսկ Ռուսաստանը Կապանում հյուպատոսություններ են բացում, POLITICO-ի հետ զրույցում Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գլխավոր օգնական Հիքմեթ Հաջիևն ասաց, որ իր երկիրը մտադիր չէ գրավել Սյունիքը այն բանից հետո, երբ երկու կողմերը չկարողացան համաձայնության գալ միջանցքի բացման շուրջ: Նախագիծը, նրա խոսքերով, «կորցրեց իր գրավչությունը մեզ համար, փոխարենը մենք կարող ենք դա անել Իրանի հետ»:

Մեղրիով ճանապարհը «կորցրել է իր գրավչությունը», քանի որ, հավանաբար, Նախիջևանից ագրեսիա է նախապատրաստվում Երասխի ուղղությամբ (մոտակայքում է գտնվում Տիգրանաշենը, որը Բաքուն անվանում է «անկլավ»)։ Դրանից հետո Վայոց ձորը, Սյունիքն, Արցախն ու Նախիջեւանը կմնան «միջանցքից» այն կողմ։

Այն, որ հաջորդ «կետը» կարող է դառնալ Երասխը, վկայում է նաև Հայաստանի կառավարության վերջին որոշումը՝ մետալուրգիական կոմբինատի շինարարությունը «այլ տեղ» տեղափոխելու վերաբերյալ։

«Ամենատագնապալին այն է, որ Ադրբեջանը սկսել է իր ռազմական ուժերը կուտակել Հայաստանի հետ սահմանների երկայնքով, այդ թվում՝ Նախիջևանում (որը սահմանակից է Թուրքիային): Անցյալ շաբաթ Ադրբեջանը նաև Թուրքիայի հետ համատեղ զորավարժությունների շարք է անցկացրել»,- ասվում է Լեմկինի ինստիտուտի հաղորդագրության մեջ։

Milli.az կայքի գլխավոր խմբագիր Էլչին Ադըօղլուն ասում է. «Բաքուն վերջերս հայտարարեց, որ Զանգեզուրի միջանցքն այլևս ակտուալ չէ մեզ համար։ Մեր նպատակը Արեւելյան Զանգեզուրի նոր նախագիծն է»։

Լեմկինի ինստիտուտը նշում է, որ Բաքուն և Անկարան մտադիր են դա անել «նաև որպեսզի ամբողջությամբ վարկաբեկեն տարածքային ինքնիշխանության նկատմամբ Հայաստանի հավակնությունները»:

Առանց Արցախի և Սյունիքի Հայաստանը չի կարող ինքնիշխանություն ունենալ։

Իզուր չէ, որ Մոսկվան ու Բաքուն երկար տարիներ կատաղի քարոզարշավ են իրականացնում Գարեգին Նժդեհի դեմ։

«Թուրքը որ մտել ա գյուղ, մեծ տղաս վնասվել ա. թևից ա վիրավորվել, մին էլ ոտքից»

Forrights

Ամբողջ կյանքը Ասկերանի Սարուշեն գյուղում անցկացրած Ալյոշա Հարությունյանը չի պատկերացնում իր կյանքը հայրենիքից հեռու, ասում է` սիրտս նեղանում է: Հարությունյաններն այժմ ապրում են Մասիս քաղաքի ժամանակավոր կացարաններից մեկում, իսկ 63- ամյա Ալյոշան ամեն օր փորձում է աշխատանք գտնել, ինչը դեռ չի ստացվում:

«Կռիվը երբ ընգավ, իրիգունը ժամը հինգից մեզ արդեն դուրս են հանել: Մեր գյուղապետը եկել ա, ասել ա` դուրս եկեք, կռիվ ա: Լոխ  սաղս դուրս ենք եկել, Շենի վերեւը  ծմակում մնացել:  Ծմակում էինք մնում, ժամը ինն էր, քանիսն էր, դուրս ենք եկել, գնացել ենք մյուս գյուղը որտեղ թուրքերը խփել չեն: Գիշերը մնացել ենք այնտեղ, ժամը վեցն անց կեսին  դուրս եկանք, գնացինք Ստեփանակերտ, որտեղ եղբորս տանն ենք մնացել, հետո դուրս ենք եկել ու եկել ենք այստեղ»,- պատմում է նա: Ալյոշա Հարությունյանն ասում է, որ այժմ Մասիսում է գտնվում իր հինգ հոգանոց ընտանիքի անդամներից միայն չորսը, հինգերորդը` ավագ որդին հիվանդանոցում է:

«Մեծ տղաս վիրավորվել ա, հիմա հիվանդանոցում ա: Թուրքը որ մտել ա գյուղ, մեծ տղաս վնասվել ա: Թեւից ա վիրավորվել, մին էլ ոտքից: Օսկոլկան դեռ ոտքում ա: Արդեն լավ ա, նոր հեռախոսով խոսում էինք: Տղաս 85 թ ծնված Վիտալի Հարությունյան»,- պատմում է Ալյոշան ու ավելացնում, որ իր գյուղը նաեւ զոհ է տվել: Զոհվածի մահը հաստատվել է դեպքերից ավելի քան մեկ ամիս անց միայն:  «Մենք զոհ էլ ունենք, մեր գյուղից: Ախպորս քենու տղան: Նոր են բերել Մասիս, նոր ա հաստատվել որ ինքն է: Արտակ Իսրայելյանն ա»,- ասում է Ալյոշա Հարությունյանը:

Տղամարդը նշում է, որ Մասիսում են ոչ միայն ինքն ու իր ընտանիքը, այլ նաեւ իր երեք եղբայրները: Չնայած դրան, ինքը շատ է ուզում տուն վերադառնալ. «Այստեղ ես չեմ կարողանում ապրեմ: Մեր գյուղում, մեր երկրում ավելի լավ էր: Սիրտս նեղանում ա, ստեղ ես տուն չունեմ: Չորս եղբայրն ենք, բոլորս այստեղ ենք, բոլորիս ընտանիքները այստեղ են: Չգիտեմ ինչ ենք անելու, բայց եթե  տուն գտնենք, կուզեմ այստեղ մշտական մնանք, այստեղից չեմ ուզում գնամ ուրիշ տեղ: Ստեղ ինչ  ինձ հարմարա, անընդհատ շուռ եմ գալիս ինձ համար, չեմ նստում: Գործ եմ նայում, ինչ գործ լինի, կանեմ:  Ինձ  ասում են` դու մեծ ես,  մեծահասակ ես, քեզ գործ չկա, բայց այստեղ ինչ ապրանք գալիս ա, օգնություն գալիս ա, ես գնում օգնում եմ հանել: Բոլորն ինձ ճանաչում են: Ես ամեն գործ կանեմ: Քանի օրից գնալու եմ Երեւան աչքերս վիրահատելու, հիմա բան չեմ տեսնում, բայց ամբողջ օրը դրսում եմ, փորձում եմ մի գործ գտնել»:

Անի Գևորգյան

 

Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների. ԱՄն պետդեպ

ԱՄՆ պետքարտուղարությունը վերահաստատել է իր վճռական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ պատասխանելով «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ կապված Լեմկինի ինստիտուտի՝ Հայաստանի ու Ադրբեջանի մասին օրերս հնչեցրած մտահոգության հետ:

Հիշեցնենք, որ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հոկտեմբերի 31-ին հայտարարել էր կարմիր դրոշի ահազանգ և խորը մտահոգություն հայտնել առաջիկա օրերին և շաբաթներին Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժելու հավանականության մասին:

Պատասխանելով «Ամերիկայի ձայնի» հարցմանը՝ ԱՄՆ պետքարտուղարությունը շեշտել է՝ Հայաստանի «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների»: Պետքարտուղարության մեկնաբանության մեջ ասված է.

«Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Մենք ընդգծել ենք, որ այդ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների։ Մենք պարբերաբար շեշտում ենք մեր ակնկալիքները, ինչպիսին է ուժի կիրառման դեմ հորդորը, և շարունակաբար հետևում իրավիճակին։ Հայաստանը Միացյալ Նահանգների մտերիմ գործընկերն է ու բարեկամը, և մենք ակնկալում ենք աշխատել Հայաստանի իշխանությունների հետ՝ ամրապնդելու համար Հայաստանի քաղաքական և տնտեսական անվտանգությունը»,- նշել է Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը:

ՄԻՊ-ը մի քանի անգամ խնդրագրեր և դիմումներ է ուղարկել Լևոն Մնացականյանի վերաբերյալ և հետադարձ պատասխաններ է ստացել

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մի քանի անգամ խնդրագրեր և դիմումներ է ուղարկել միջազգային կառույցներին Ադրբեջանի կողմից գերեվարված Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի վերաբերյալ և հետադարձ պատասխաններ է ստացել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մանասյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Լևոն Մնացականյանին Բաքվում սպանելու վերաբերյալ տարածվող տեղեկություններին։

«Միանգամից նշեմ, որ այդ հարցը ուղղակի իմ մանդատի շրջանակներում չի գտնվում, բայց բնականաբար, խնդրով փորձում եմ զբաղվել հնարավորությունների շրջանակներում ոչ միայն տեղեկությունների տարածման ժամանակահատվածում, այլ նաև մինչև տեղեկությունների տարածումը իմ հստակ տեսակետները՝ կոնկրետ արձանագրումներով, նաև մարդու իրավունքների խախտման հետ կապված հնարավոր արձանագրումներով, միջազգային կառույցներին ուղարկում էի և հիմա ևս ուղարկում եմ։ Բայց տեղեկությունների ի հայտ գալուց հետո անմիջապես դիմել եմ համապատասխան մարմիններին և այդ միջազգային մարդասիրական կազմակերպությունները ինձ հետադարձ կապով  պատասխանել են և իրենք դա որակել են որպես խորհրդապահական»,- ասաց Մանասյանը։

ՄԻՊ-ը նշեց, որ չի կարող այս պահին հրապարակել, քանի որ տեղեկության առաջնային աղբյուրը ինքը չէ և աշխատանքի սկզբունքները կխախտի հրապարակելու դեպքում։

 

Արցախի գանձապետական հաշիվներում եղած 3,1 միլիարդ դրամը ամբողջությամբ ուղղվել է աշխատավարձերի վճարմանը

Սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունը, թե իբր կառավարության գանձապետական հաշիվներից «Արցախբանկ» ՓԲԸ-ն պարտքի դիմաց գումար է առգրավվել, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:

«Հարկ ենք համարում նշել, որ Արցախի Հանրապետության կառավարության գանձապետական հաշիվներում եղած 3,1 միլիարդ դրամը սեպտեմբեր ամսվա աշխատավարձային ֆոնդի (3,6 միլիարդ դրամ) համամասնությամբ ամբողջությամբ ուղղվել է աշխատավարձերի վճարմանը», ասված է հայտարարության մեջ:

«Դիրքերից հետ էի նայում՝ ծխացող մանկապարտեզն էր 10 հոգով կռվում էինք 200 ադրբեջանցու դեմ, անհամաչափ կռիվ էր»

Forrights

«Դիրքերից հետ էի նայում՝ ծխացող մանկապարտեզն էր։ Մենք չէինք ուզում հելնել, բայց երեխա, կին վտանգի մեջ էին, ի՞նչ անեինք»,-Forrights.am-ի հետ զրույցում սեպտեմբերի 19-ի պատերազմի մասին խոսելիս հիշում է Արամ Պետրոսյանը։ Նա Մարտունի քաղաքի 32-րդ դիրքի ավագն է եղել, աշխարհազորային։

25-ամյա զինվորականը չի հաշտվում զենքերը վայր դնելու, Արցախը լքելու իրողության հետ։ «Կկռվեինք, եթե օգնություն լիներ»,-ասում է Արամն ու նշում՝ անհամաչափ ուժ էր թշնամին կենտրոնացրել Մարտունու մատույցներում։ Արցախցի մեկ զինվորականը թշնամու 20 զինվորականի դեմ էր պայքարում։

«Կռիվը, որ սկսվել է 10 հոգով էինք դիրքում։ Մենք շատ քիչ էինք, որ պայքարեինք, աչքիս տեսածն եմ ասում, որ օգնություն լիներ կպայքարեինք, բայց դե 10-ով 200-ի դեմ էինք, անհավասար մարտ էր»,- Արամի ղեկավարած դիրքը աջ ու ձախ կողմերից է գնդակոծել թշմանին, կարճ ժամանակում հասել են դիրքի մատույցներ ու այն շրջափակման մեջ վերցրել։

«Ժամը չորսին մտան մեր պոստ, նահանջեցինք։ Էնքան են խփել սնարյադներով, կրակել։ Երկու հատ տանկ ուղիղ մեր վրա էր կրակում։ Չես կարողանում գլուխդ հանես, տեսնես, թե ինչ է կատարվում»,-հիշում է Արամը։

Աշխարհազորին օգնության են հասել Մարտունիի քաղաքապետ Ազնավուր Սաղյանը և ևս երկու հոգի։ Քաղաքապետը զոհվել է Մարտունին պաշտպանելիս։ Այս ուղղությամբ հայկական կողմը վեց զոհ և մեկ վիրավոր է ունեցել, Արամը հավաստիացնում է թշնամական կողմի հարյուրավոր զոհերի մասին։ «Տեղեկություն ունենք, որ ադրբեջանցիները Մարտունիի և Ճարտարի ուղղությամբ 500 զոհ են ունեցել»,-ասում է պատերազմի մասնակիցն ու հավելում՝ պայքարի արդյունքում կարողացել են թույլ չտալ ադրբեջանցի զինվորականների մուտքը Մարտունի՝ մինչև երեխաների, կանանց ու տարեցների դուրս բերումը, ինչը ստացվել է։

Արցախի զինվորականները պայքարել են մինչև վերջին շանսը։ Արմանն ասում է իննամսյա շրջափակման հետևանքով բազմաթիվ նյութական խնդիրներ են եղել, բայց դա էլ են հաղթահարել, իսկ արդեն սեպտեմբերի 19-ին ադրբեջանական կողմը մեծաքանակ զորք ու տեխնիկա է ուղարկել Մարտունու ուղղությամբ։

«Բարձրանում էին Մարտունու Կոհակ կոչվող հատվածը։ Զանգեցինք, զեկուցեցինք, որ իրավիճակը լարված է։ Ոտքով եկել ու բարձրացել են մեր դիրքերի ուղղությամբ իրենց դիրքերը։ Երկուս անց կես առաջին սնարյադը խփել են պոստիս վրա, կամերան ջարդել են։ Պոստում ինչ կար քանդվեց՝ կեսս պոստի այս կողմն էին մնացել, կեսս՝ այն։ Պայքարել ենք մինչև վերջ, բայց տղերքը զոհվան․․․»,-զինակից ընկերների ծանր կորստյան մասին խոսելիս Արմանը ընտրում է  «Մեր անձնակազմը մեկ ընտանիքի նման էր» նախադասությունը և խորը հոգոցով ավելացնում․ «Պոստերը հանձնեցին, իջանք։ Աշխատում էինք, որ դուրս գալու պահին էլ զոհեր չտանք»։

Արմանը մտածում է վերականգնել աշխատանքը ու շարունակել ծառայել հայրենիքին, արտագաղթի մասին չի մտածում, Հայաստանից հեռանալու մեկ ուղղություն ունի՝ Արցախ։ «Ուրիշ բան չեմ ուզում մտածել, հույս ունեմ, որ մի օր վերադառնալու եմ Արցախ։ Հայաստանից չեմ հեռանա, սա էլ իմ հայրենիքն է, միակ տեղը, որ Հայաստանից կգնամ Արցախն է»,-ասաց նա։

Նարեկ Կիրակոսյան

Առաջիկա օրերին և շաբաթներին Հայաստան ներխուժման վտանգ կա. Լեմկինի ինստիտուտն ամենաբարձր նախազգուշացումն է հայտարարել

Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը կարմիր` ամենաբարձր նախազգուշացումն է հայտարարել Բաքվի համար․

«Ադրբեջանը վաղուց է տենչում Հայաստանի հարավային Սյունիքի մարզը, որը ոչ վաղ անցյալում քննարկվում էր որպես վայր, որտեղով անցնելու էր Ադրբեջանի կողմից վերահսկվող «Զանգեզուրի միջանցքը» դեպի Նախիջևան:

Հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող վերջին քաղաքական զարգացումները, այդ թվում՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ներխուժումն Արցախ և դրան հաջորդած տարածքի բռնազավթավումը, ինչպես նաև Թուրքիայում և Ադրբեջանում տարածված էնդեմիկ ցեղասպանական հայատյացությունը, մեծ ռիսկ կա, որ Ադրբեջանի ներխուժումը կարող է վերածվել ցեղասպանության:

Աշխարհին հիշեցնում ենք, որ ցեղասպանությունը միայն զանգվածային սպանությունների միջոցով չի արտահայտվում, ինչպես եղավ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի/Լեռնային Ղարաբաղի վերջին բռնազավթման ժամանակ: Ցեղասպանությունը կարող է արտահայտվել նաև կոտորածի, վայրագության և բնիկ տարածքներից բռնի տեղահանման միջոցով, երբ այդ գործողությունների հիմքում ընկած գաղափարախոսությունն ուղղված է ինքնության ամբողջական կամ մասնակի ոչնչացմանը։

Թեև Ադրբեջանի պաշտոնյաները վերջերս իրենց հեռու են պահում Սյունիքով անցնող «Զանգեզուրի միջանցքի» ծրագրից, այնուամենայնիվ, անհանգստանալու մի քանի պատճառ կա: Արցախի հայկական տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիվ պատերազմից հետո, որը հանգեցրել է հայ խաղաղ բնակիչների դաժան սպանություններին և գրեթե ողջ հայ բնակչության բռնի տեղահանմանը, Ադրբեջանը հրապարակայնորեն իր հայացքն ուղղել է Հայաստանի ամենահարավային Սյունիքի մարզին, որը նա համարում է իր սեփական տարածք՝ այն անվանելով «Արևմտյան Ադրբեջան»…

Ամենասարսափելին այն է, որ Ադրբեջանը սկսել է ռազմական ուժեր կուտակել Հայաստանի հետ սահմանների երկայնքով, ներառյալ Նախիջևանի անկլավում (որը սահմանակից է Թուրքիային): Անցյալ շաբաթ Ադրբեջանը նաև  Թուրքիայի հետ համատեղ զորավարժությունների շարք է անցկացրել, ինչպես որ արել էր 2020 թվականի սեպտեմբերին Արցախ/Լեռնային Ղարաբաղ ներխուժելուց մի քանի շաբաթ առաջ: Վտանգի այս կարմիր նախազգուշացումները հուշում են, որ Ադրբեջանը, պատրաստվելով հնարավոր ներխուժման, միաժամանակ փորձում է ահաբեկել Հայաստանին, որպեսզի վերջինս զիջի տարածքներ և միջանցքի իրավունքները՝ այդպիսով փորձելով խուսափել ներխուժումից», – ասվում է հայտարարությունում:

Արցախցիները նոր անորոշ կարգավիճակի պատճառով չեն ցանկանում կրկին հայտնվել անհարմար դրության մեջ

2020-23 թվականների ցեղասպանության հետևանքով Հայաստան տեղահանված Արցախի բնակիչների կարգավիճակի հարցը դարձել է ոչ միայն հենց իրենց, այլ նաև իրավաբանների քննարկման առարկա։

«Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը», որը պետք է տրամադրվի տեղահանվածներին, չի համապատասխանում «Փախստականների մասին» ՀՀ օրենքին, որտեղ ասվում է.

«Փախստականը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձն է, որը ռասայական, ազգային, կրոնական, որոշակի սոցիալական խմբի կամ քաղաքական կարծիքին պատկանելու համար հետապնդման զոհ դառնալու հիմնավոր վախի պատճառով գտնվում է իր քաղաքացիության պետությունից դուրս և ի վիճակի չէ կամ չի ցանկանում օգտվել այս պետության պաշտպանությունից կամ, չունենալով որևէ պետության քաղաքացիություն և գտնվելով իր նախկին հիմնական բնակության վայրից դուրս, չի կարող կամ չի ցանկանում վերադառնալ այդ պետություն»:

Մենք բազմիցս ասել ենք, որ արցախցիները չեն կարող փախստականի կարգավիճակ ստանալ Հայաստանում, քանի որ ունեն Հայաստանի Հանրապետության անձնագիր։ Ավելին, Հայաստանն ավելի քան 30 տարի եղել է Արցախի բնակչության անվտանգության երաշխավորը։ Համենայնդեպս, այդպես է եղել մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ը, քանի դեռ չի փոխանցել իր երաշխավորի իրավունքները ռուսական կողմին։

Վերոնշյալից եզրակացնում ենք, որ «ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ» տրվում է փախստականներին, ուրեմն՝ ոչ արցախցիներին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս քայլի նպատակը Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների «փախստական ​​լինելու» փաստն արձանագրելն է, որպեսզի ընդլայնվեն նրանց իրավունքների պաշտպանության հնարավորությունները ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակով։

Սակայն Հայաստանի վարչապետը հաշվի չի առնում, որ փախստական ​​կարող է լինել ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձը։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության անձնագրեր ունեցող Արցախի բնակիչները բռնի տեղահանվածներ են, ովքեր հայտնվել են փախստականի կարգավիճակում իրենց երկրի տարածքում։

Ինչո՞ւ են շատ արցախցիներ անվստահություն հայտնում նոր «ժամանակավոր պաշտպանության կարգավիճակին»։

Որովհետև նրանք չեն ցանկանում փոխել իրենց հայկական կապույտ անձնագրերը, որոնց մեջ դրված է Արցախի կոնկրետ բնակավայրում գրանցման կնիք և նրանց նախկին բնակության վայրի ճշգրիտ հասցեն։ Այս տվյալները վկայում են այն մասին, որ անձը Արցախում ապրել է հայկական անձնագրով՝ Հայաստանի օրենքների պաշտպանության ներքո։

Մյուս մտահոգությունն այն է, որ անձի ինքնությունը հաստատող նոր «փաստաթուղթը» կարող է չճանաչվել միջազգայնորեն, հատկապես ներկայիս ժամանակներում, երբ շատ միջազգային օրենքներ գործնականում չեն գործում, և աշխարհը շարժվում է դեպի նոր աշխարհակարգ կառուցելը: Ոչ ոք չգիտի, թե որքան կտևի այս «շինարարությունը», և մարդկանց անհրաժեշտ են իրավական փաստաթղթեր, որոնք թույլ կտան ստանալ իրենց վաստակած կենսաթոշակը, երեխայի նպաստը, հաշմանդամության նպաստը և այլն։

Վերոնշյալը միայն մեկ բան է ասում՝ ՀՀ կառավարության որոշումը պետք է մանրակրկիտ քննարկվի և վերլուծվի տարբեր ոլորտների փորձագետների, հատկապես իրավաբանների կողմից։

Արցախցիներն արդեն իսկ կանգնած են երկընտրանքի առաջ՝ կապված 2000-ականների սկզբին տրված անձնագրերի հետ, և չեն ցանկանում կրկին հայտնվել անհարմար դրության մեջ՝ մեծ անորոշություն եւ վտանգ պարունակող նոր կարգավիճակի պատճառով։

Մարգարիտա Քարամյան

Երեւանում կայացել է աշխատանքի տոնավաճառ Արցախի բնակիչների համար

Artsakh Career Expo-ում տարբեր ոլորտների մասնակից 54 ընկերություններ ավելի քան 2000 աշխատանք են առաջարկել Արցախից բռնի տեղահանվածներին: Տոնավաճառը բացվել է Էլիտ Պլազա բիզնես կենտրոնում։

Կազմակերպիչների խոսքով, տոնավաճառին մասնակցել են այն ընկերությունները, որոնք կարողացել են շոշափելի աշխատավարձով և մասնագիտական ​​աճի հեռանկարով առաջարկել ավելի քան 20 թափուր աշխատատեղ։ Նաև ընկերություններ, որոնք անվճար հոգեբանական օգնություն և մարզչական ծառայություններ են առաջարկում ներքին տեղահանվածներին:

«Ցուցահանդեսի նպատակն է աջակցել Արցախի բռնի տեղահանված քաղաքացիներին աշխատանքի, սոցիալական, կրթական և աշխատանքային կյանքին ինտեգրվելու հարցերում»։