Արցախցիները ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում կարող են օգտվել բնակարանային ապահովման պետական ծրագրերից

Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը հնարավորություն կտա կառուցել սեփական տուն սահմանամերձ գյուղական բնակավայրերից որևէ մեկում. ծրագրից կարող են օգտվել նաև ԼՂ–ից բռնի տեղահանված այն անձինք, որոնք ՀՀ քաղաքացիություն ձեռք կբերեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 28-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում ծրագրի մանրամասները ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը:

«Նախագծից օգտվելու համար անհրաժեշտ է  թվով 80 սահմանամերձ բնակավայրից գոնե մեկում հողատարածք ձեռք բերել, որտեղ կկարողանան կառուցել իրենց տունը: Հողատարածքը սեփականության իրավունքով պետք է իրենց պատկանի, այնուհետև պետք է սկսեն նախագծման աշխատանքները, որի ավարտից հետո համայնքից պետք է ստանան շինարարության թույլտվություն: Նախատեսված պայմանները բավարարելու դեպքում շահառուն հիփոթեքային վարկավորման գործընթաց սկսելու համար պետք է դիմի նախընտրելի բանկ կամ վարկային կազմակերպություն՝ «Կոնվերս բանկ», «Էվոկաբանկ», «Ակբա բանկ», «Յունիբանկ», «Ֆինկա» ունիվերսալ վարկային կազմակերպություն: Հաստատվելու դեպքում գումարի աջակցությունը կտրամադրվի փուլային եղանակով»,- ասաց Խաչատրյանը:

Նախարարի տեղակալը նշեց, որ աջակցության չափը կազմում է 16 մլն դրամ, որի շրջանակում  շահառուները կարող են նախագծել իրենց  նախընտրելի սեփական տունը: Եթե անհրաժեշտ գումարը 16 միլիոն դրամից ավելի է, քաղաքացին պետք է հավելյալ գումարը տրամադրի, այն կարող է ձեռք բերվել նաև հավելյալ վարկավորման միջոցով:

Ըստ նրա՝ աջակցությունը տրամադրվում է հիփոթեքային վարկի մայր գումարի՝ 16 մլն դրամի և դրա գծով մինչև 13% տոկոսադրույքի չափով մարման համար:  Գործընթացը մեկնարկել է ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսներից, և այս պահի դրությամբ հաստատվել է ավելի քան 200 հայտ:

Գումարը կարող է տրամադրվել նաև կիսակառույց այն շինությունների համար, որոնք չունեն ավատական ակտ: Աջակցությունը կարող է ուղղվել նաև տան վերանորոգմանը: Կառուցվող բնակելի տունը գրավի առարկա է հիփոթեքի ողջ ժամանակահատվածի ընթացքում, գույքի օտարումը կարող է տեղի ունենալ վարկն ամբողջությամբ մարելու դեպքում:

 

Ադրբեջանից բռնի տեղահանված հայերի գույքային կորուստներն ամբողջացնելու համար գործարկվելու է նոր հարթակ

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը, համախմբելով եղած ռեսուրսները, ծավալուն աշխատանք է տանում Ադրբեջանի կողմից բռնի տեղահանված հայերի իրավունքների մասին բարձրաձայնելու, դրանք վերականգնելու ուղղությամբ։ «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը նշեց, որ հայ փախստականների խնդիրները բազմաշերտ են և այժմ փորձ է արվում մեկտեղել բոլոր հնարավոր ռեսուրսներ տարբեր ուղղություններով հետևողական աշխատանք տանելու համար։

«Ներկայում մեր հասարակական կազմակերպությունը մեծածավալ աշխատանք է տանում, որպեսզի կորցված ունեցվածքի գույքագրումը, եղած բազայի վրա, դարձնենք շատ ավելի ստույգ, առավել ճշգրիտ։ Այստեղ խնդիր ունենք, ինչպես գիտեք, մեր ոչ բոլոր հայրենակիցներն ունեն ամբողջական փաստաթղթավորում, հետևաբար բավական դժվարություններ կան։ Ահա եղած բազան վերլուծելով, նոր տվյալներ հավաքագրելով, ամեն ինչ անելու ենք, որ դրանք լինեն առավել ստույգ։ Խոսքը 100 միլիարդավոր ռուբլու մասին է»,-ասաց Վիլեն Գաբրիելյանը։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը շուտով գործարկելու է նոր կայք, որի միջոցով աշխարհի ցանկացած կետում գտնվող այն հայերը, որոնք բռնի տեղահանվել են Ադրբեջանից, կարող են մուտք գործել այդ հարթակ, թողնել իրենց տվյալները՝ կապված գույքային կորստի հետ։ Ադրբեջանից բռնությամբ հեռացածների մեծամասնության մասնավոր սեփականության և գույքային իրավունքը արմատապես խախտվել է համատարած թալանի ու բռնությունների հետևանքով։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն իր օրակարգում ներառել է միջազգային կառույցների հետ աշխատանքը։ Վիլեն Գաբրիելյանի խոսքով, այն ինչ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, երբ Ադրբեջանի գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեցին 100 հազարից ավելի հայեր, հետևանք է 1988-1992 թվականների նույն գործընթացի։

«Միջազգային կառույցները պատշաճ քաղաքական գնահատական չեն տվել այն ժամանակ տեղի ունեցած իրադարձություններին, ինչն էլ բերեց այսօրվա բռնի գաղթին։ Եթե միջազգային հանրությունը ժամանակին պատշաճ գնահատական տար, ապա չէինք հասնի այն իրավիճակին, որ ունեցանք սեպտեմբերի 19-ին»,-ասաց Վիլեն Գաբրիելյանը։

Իրավական գործընթացի համար «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը նաև փորձում է մեկտեղել Սփյուռքի ներուժը։

 

Կիպրոսը կընդունի Արցախից տեղահանված 30 երեխաների

Հունաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, Կիպրոսի Հանրապետության կառավարությունը դրական է արձագանքել Կիպրոսի խորհրդարանում հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահդեսյանի առաջարկին՝ ընդունել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 30 երեխաների (12-17 տ) և նրանց ուղեկցող 3 պատասխանատուների՝ Կիպրոսի Հանրապետությունում դեկտեմբերին 12 օր ժամանց կազմակերպելու նպատակով։

Այցը կիրականանա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Կիպրոսում ՀՀ դեսպանության (նստավայրը՝ Աթենք) համակարգմամբ:

Forrights. «Քրոջս տղան գնացել էր տուն, թուրքը դռանը կանգնած էր եղել, ներս չէր թողել»

Forrights

Սոնյա Մարտիրոսյանը 24 տարի Ստեփանակերտի շուկայում ժենգյալով հաց է թխել։ «Անմահական համ ունի, Արցախի խորհրդանիշերից մեկն է»,- լուսավոր օրերը հիշելով պատմում է տիկին Սոնյան։ Իր տեղը Ստեփանակերտի շուկայի սկզբնամասում էր՝ մուտքի անմիջապես ձախ կողմը։ Օրեր են եղել, որ մինչև 100 և ավելի հատ է թխել․ հատկապես շրջափակման ժամանակ պահանջարկը մեծ էր, մարդիկ հիմնականում ժենգյալով հացով էին սնվում։

Հիմա նա հեռու է իր տնից, չի զբաղվում սիրած աշխատանքով։ Ընտանիքով բնակություն են հաստատել Արարատի մարզի Լանջազատ գյուղում։ Այստեղ ժենգյալով հացը պահանջարկ չունի, տիկին Սոնյան, սակայն, չի կոտրվում, որոշել է տեղացիներին սովորեցնել արցախյան անվանդական ուտեստի համն ու հոտը։

«Գնացի դպրոցի տնօրենի մոտ, ասացի, որ ուզում եմ ժենգյալով հաց թխեմ, օգնեք։ Մի հատ, որ թխեմ, ուտեն հետո էլի զակազ կտան։ Այս քանի օրն ուզում եմ մի քանի հատ թխեմ, տեսնեմ կուզե՞ն, թե՝ չէ, որ օրը տասը հատ էլ ծախեմ, էլի եկամուտ է, կապրենք»,-ասում է արցախցի կինը։

Արցախից իր հետ բերել է ժենգյալով հացի համար նախատեսված որոշ կանաչիներ, մի քանի տեսակ էլ ցանել են Լանջազատում վարձակալած տան բակում։ Այժմ որոշ պարագաներ են բացակայում, սպասում է կառավարության աջակցությանը, որ գնի ու անցնի գործի։

«Հիմա սպասում եմ փողերը տան, որ գործի համար տազ առնեմ, դանակ առնեմ, կանաչ-մանաչ առնեմ, որ աշխատեմ, ձեռքս փող չկա, որ առնեմ»,- Forrights.am-ի հետ զրույցում ասում է տիկին ու Սոնյան ու հասնում էլ ավելի ցավոտ թեմաների։ Այստեղ ո՜չ ինքը, ո՜չ տղաները, ո՜չ էլ ամուսինն աշխատանք չունեն։ Ապրուստի միակ միջոցը կառավարության տված սոցալական աջակցությունն է։

«Աջակցությունները չեն բավարարում, ստանում ենք ու տան վարձ ենք տալիս, ժամանակին չեն տալիս։ Նոյեմբերը վերջանում է՝ փող չկա, ասում են մեկ էլ դեկտեմբերին կտան»,-ասում է նա։

Այս իրավիճակը հաղթահարելու սպասելիքները մեծ են, քանի որ շուրջ մեկամյա շրջափակում են արցախցիները հաղթահարել։ «Հասանք Տեղ գյուղ խաչակնքվեցի, ասացի՝ փառք Աստծո, որ անվնաս հասանք Հայաստան»,-ասում է  տիկին Սոնյան ու հիշում, թե սեպտեմբերի 19-ից ինչ դաժանությունների է ականատես եղել։

«Գյուղերից գալիս էին մեր հայաթը, լացում էին, ասում էին՝ թուրքերը կրակել են, սպանել են, մենք ասեցինք բենզին ճարենք, դուրս գանք, եթե դուրս չգայինք հասնելու էին Ստեփանակերտ, մեզ կոտորեին»,-ասում է նա ու հիշում, թե ինչպես է քրոջ որդին հասել տուն ու տեսել, որ թշնամին արդեն տան դռան առջև կանգնած է։

«Թշնամին հասել էր Աջափնյակ, քրոջս տղան գնացել էր, որ կնոջ հետ շորերը վերցներ, տեսել էին, որ թուրքը դռան դիմաց կանգնած է։ Էրեխեքը վախեցել են, չեն թողել իրենց տուն մտնեն, ասել են՝ դուրս եկեք, զանգեցին մեզ էլ ասացին՝ շուտ արեք, դուրս եկեք, թուրքերը հասնում են։ Հիմա երեխաները վախից գիշերները չեն կարողանում քնել, վախեցել են»։

Տիկին Սոնյան ասում է, որ իր ամբողջ ունեցվածքը՝ այդ թվում ոսկյա զարդերն ու գումարն է թողել տանը։ «9 ամիս սոված-ծարավ ապրեցինք, հիմա էլ էս օրին հասանք։ Ստեղ էլ աշխատանք չկա, առանց աշխատանք ենք մնացել»,-ասում է նա ու նշում, որ տան վարձը բարձր է՝ 200 000 դրամ՝ գյուղի տան համար։ Ապրում են 15 հոգով։ Լանջազատցիներից գոհ են ու շնորհակալ, ասում է՝ սիրով են ընդունել ու հարևանություն են անում, օգնում են ինչով կարողանում են։

Նարեկ Կիրակոսյան

ՀՀ նախագահին «ղարաբաղյան» մրցակից պետք չէ, հազիվ ազատվել ենք «կլանից»

Արցախի պետական ինստիտուտները գործում են, որ ի՞նչ անեն. լրագրողների հետ զրույցում հայտարարել է Նիկոլին կից նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում ԱՀ պետական ինստիտուտների գործունեությունը շարունակելուն, հայտնում են զլմ-ները։

«ՀՀ կա և ՀՀ պետական ինստիտուտները գործում են, և ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն»,-հարցրեց նա։ Դիտարկմանը, թե պետք է պաշտպանեն արցախահայության իրավունքները՝ նախագահն արձագանքեց, որ արցախահայության իրավունքները ՀՀ-ն պաշտպանում է։ Իսկ հարցին, թե նրանց Արցախ վերադարձի համար ի՞նչ քայլեր է անում ՀՀ-ն՝ Խաչատուրյանն ասաց, որ քննարկումների մեջ է։

Ի պատասխան հարցի, թե Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո ինչպե՞ս է քայլեր ձեռնարկելու՝ Վահագն Խաչատուրյանը հայտարարեց, որ Հայաստանը Արցախը Ադրբեջանի մաս ճանաչել է դեռ 1991 թվականին: Հարցին, թե այդ դեպքում ինչու Ալիեւը չէր վերցնում Արցախը այս 30 տարիների ընթացքում, ՀՀ նախագահն արձագանքեց. «Թող վերցներ, երեւի չէր կարողանում», հայտնում են զլմ-ները:

Արմեն Պետրոսյան․ «Մի՞թե այդ անձնագրի մեջ գրված է, որ դրանք ճամփորդական փաստաթղթեր են»

«Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի Արցախը տարանջատեն իրենցից։ Այսինքն՝ իրականացվում է Արցախից հրաժարվելու քաղաքականություն, որն առաջ են տանում բոլոր ոլորտներում՝ դա կլինի կոչումների, պարգեւների ոլորտում, թե՞ գրանցման կամ անձնագրերի։ Ի՞նչ է նշանակում, որ մեր անձնագրերը ճամփորդական փաստաթղթեր են։ Մի՞թե այդ անձնագրի մեջ գրված է, որ դրանք ճամփորդական փաստաթղթեր են»,- step1.am-ի հետ զրույցում ասաց Արցախի պահեստազորի մայոր Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով կառավարության ընդունած որոշումներին։

Անդրադառնալով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններին, ըստ որի՝ Արցախի Հանրապետությունում զինծառայություն անցած զինծառայողները եւս Հայաստանում կենսաթոշակներ եւ պատվովճարներ կստանան, բացառություն են կազմում «Արցախի հերոսի» եւ «Մարտական խաչ» կոչում ստացած զինծառայողները, որոնք ՀՀ-ում պատվովճար չեն ստանա, նա ասաց․ «Եթե ազգային պետություն լիներ, ապա Արցախի բոլոր կոչումները, դասային որակավորումները բոլորը կհավասարեցվեին Հայաստանի որակավորումներին, որպեսզի մարդիկ իրենց այստեղ օտար չզգային։ Իսկ երբ մարդն ինչ-որ միջավայրում իրեն օտար է զգում, աշխատում է կա՜մ միջավայրը փոխել, կա՜մ թշնամական է տրամադրվում այդ միջավայրի նկատմամբ։ Բայց մեր նպատակը մի՞թե դա է, որ հայ ազգի մեջ սեպ խրենք, բաժանենք արցախցիների եւ հայաստանցիների»։

Արմեն Պետրոսյանն ասաց, որ Արցախում զինվորականների ստացած բոլոր կոչումները շնորհվել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով, դրանք ՀՀ-ում ճանաչելու խնդիր չկա։ Բայց մարտական մեդալների մի մասը փաստորեն չեն ճանաչվում Հայաստանում։ «Այսինքն՝ իրենք չճանաչելով Արցախի նախագահի, կառավարության կողմից տրված մեդալներն ու կոչումները, այդ մարդկանց ճանաչում են ոչ թե որպես հերոսներ, սխրանքներ գործած մարտիկներ, այլ Ադրբեջանի պես համարում են «ռազմական հանցագործներ»։ Այսինքն՝ Հայաստանի իշխանության վերաբերմունքը Արցախի կռված տղաների, հերոսների նկատմամբ նույնն է, ինչ Ադրբեջանի իշխանությանը։ Եթե Ադրբեջանը համարում է, որ այդ մարդիկ «ռազմական հանցագործներ» են, ապա Հայաստանը, չճանաչելով այդ մարդկանց կոչումներն ու մեդալները, նույնպես ճանաչում է նրանց որպես «ռազմական հանցագործ»։ Սա նշանակում է համաձայնել Ադրբեջանի հետ։ Եթե Հայաստանն ուղիղ չի հայտարարում, որ մենք «ռազմական հանցագործներ» ենք, ապա իր գործողություններով ուղղակի համաձայնում է Ադրբեջանի հետ»,- ասաց նա։

Արմեն Պետրոսյանը նշեց, որ արցախցիներն սպասում են իրենց թոշակների վճարմանը, բայց այս գործընթացում եւս ծուղակ կա իրենց դեմ։ «Արցախցիներին պարտադրում են անպայման հրաժարվել իրենց նախկին բնակության հասցեից։ Իրենք պետք է դիմում գրեն, դիմումի հիման վրա դուրս գան նախկին բնակության հասցեից եւ ժամանակավոր գրանցվեն այն հասցեներում, որտեղ ժամանակավոր բնակություն են հաստատել։ Բայց դրա մեջ ես մեծ ծուղակ եմ տեսնում, վտանգ եմ տեսնում, թե՜ մեր գույքային իրավունքի, թե՜ ղարաբաղցիների ձեռքով ու ստորագրությամբ Ղարաբաղը հանձնելու հարցում։ Այդպիսի մի դավադիր քայլ եմ տեսնում»,- ասաց նա։

Նշենք, որ կառավարության անդամները հայտարարում էին, թե հաշվառման գործընթացը կարող է շատ հեշտացված լինել, մարդիկ ուղղակի ձեւական կարող են հաշվառում ստանալ, որպեսզի վճարվեն նրանց թոշակներն ու նպաստները։ Արմեն Պետրոսյանն ասաց, որ հաշվառման կանգնող արցախցիներին անձնագրային բաժանմունքներում ստիպում են դիմումներ գրել։ «Այսինքն՝ այս կառավարությունն ստիպում է, որ արցախցիները դիմում գրեն եւ իրենց ստորագրությամբ հրաժարվեն իրենց նախկին բնակության վայրից։ Իսկ փախստականի վկայական ստանալու համար դիմումում նշվում է, որ ստորագրողը չի հանդիսանում որեւէ պետության քաղաքացի։ Այսինքն՝ այստեղ ծուղակ է լարված արցախցիների նկատմամբ։ Ես կրկնում եմ՝ Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունների՝ Արցախի բնակչության նկատմամբ քաղաքականությունը գրեթե նույնն է։ Այսինքն՝ երկու կողմերի իշխանությունների ղեկավարման կենտրոնը գտնվում է միեւնույն տեղում»,- հավելեց նա։

Մեր զրուցակիցը նշեց, որ մարդիկ կան, որոնք ընդհանրապես չեն կարողանում հաշվառվել, քանի որ տան տերերը նման պահանջ են դնում։ «Հաշվառման գործընթացը պետք է փոխվի։ Իսկ Հայաստանի իշխանությունը սա դիտավորյալ է անում, որպեսզի Հայաստանի եւ Արցախի բնակչության միջեւ հակադրություն լինի։ Այդ հակադրությունը ձեռնտու է, որովհետեւ այդպիսի մթնոլորտի շնորհիվ ժամանակի ընթացքում քչանալու է արցախցիների քանակը, մարդիկ ստիպված են լինելու արտագաղթել։ Եվ ինչքան քիչ լինեն արցախցիները, այնքան Հայաստանի իշխանության համար պրոբլեմը քիչ է լինելու»,- ընդգծեց նա։

 

 

Օսիպյան. Արցախի Ազգային ժողովը պարտավոր է քաղաքական գնահատական ​​տալ հանրապետության լուծարման որոշմանը

Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը կարծում է, որ եթե Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստում չքննարկվեն Արցախի ապագայի հետ կապված կարևոր հարցեր, դա «հերթական խայտառակությունը» կլինի։

«Չգիտեմ՝ ինչ են քննարկելու, բայց պարտավոր են քննարկել Շահրամանյանի ստորագրած որոշումը Արցախի լուծարման վերաբերյալ։ Քննարկեն ու անպայման քաղաքական գնահատական ​​տան։ Հակառակ դեպքում ավելի լավ է ոչ մի նիստ չանել։ Սա նրանց համար հերթական խայտառակությունն է լինելու՝ նիստ՝ ցույց տալու, որ մենք կանք»,- ասաց Օսիպյանը։

Հիշեցնենք, որ «Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ արցախցի պատգամավորները պայմանավորվել են երեքշաբթի օրը ԱԺ նիստ գումարել փակ ձևով, եթե չլինի ֆորսմաժոր և ՀՀ իշխանությունների միջամտություն։ Մասնավորապես, Արցախի պատգամավորները մտադիր են քննարկել Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը Արցախի վերաբերյալ և Արցախի Ազգային ժողովի շարքերը երկու նոր պատգամավորներով համալրելու հարցը։ Արցախի խորհրդարանի մամուլի ծառայությունը և պատգամավորները նիստի վերաբերյալ դեռ պաշտոնական տեղեկատվություն չեն տրամադրել։

ԱՄՆ-ն և Թուրքիան հող են նախապատրաստում Փաշինյանի որոշման և Հայաստանի անվանափոխության համար

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ։ Ալիևի հետ զրույցում «պետքարտուղարը քննարկել է Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի ամուր հարաբերությունները և հիշատակել վերջերս անհանգստացնող հարցերը»։ Փաշինյանի հետ պետքարտուղարը քննարկել է «Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերին։ Պետքարտուղարը վերահաստատեց Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և ընդգծեց Հայաստանի հետ երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերը՝ որպես բարեկեցիկ և ժողովրդավարական ապագայի տեսլականի մեր աջակցության մաս»:

Դատելով Ալիևի հետ զրույցից՝ «նախկինում մտահոգություն առաջացնող» որոշ հարցեր հանվել են, այսինքն՝ Փաշինյանը համաձայնում է միջանցք բացել, այլ կերպ ասած՝ զրկել Հայաստանին ինքնիշխան պետականությունից, և հարցն այն է, թե ինչպես գեղեցիկ «փաթեթավորել» Հայաստանը Թուրքիային փոխանցման ակտը որպես «ժողովրդավարության հաղթանակ, դեպի Արևմուտք թեքվել և Ռուսաստանից ազատվել». Ռուսաստանը իրհերթին կծափահարի ԱՄՆ-ին այն բանի համար, որ Հայաստանը Թուրքիային հանձնելու «պատիվը» բաժին հասավ ոչ թե Մոսկվային, այլ Վաշինգտոնին։

Այս փոխանցումը պաշտոնականացնելու համար Միացյալ Նահանգները ջանասիրաբար ձևացնում է, որ եթե Հայաստանը չհամաձայնի «խաղաղ» բացել միջանցքը, ապա պատերազմ կլինի։

Այս մասին խստորեն հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը, ով ասել է, որ «եթե Կենտրոնական Ասիայից առևտուրը Ադրբեջանի և Հայաստանի տարածքով գնա դեպի Թուրքիա, դա էական խթան կլինի այս առևտրի երթուղու բոլոր երկրների համար»։

Միաժամանակ նա սպառնացել է, որ «եթե որոշում կայացվի դա անել ոչ խաղաղ ճանապարհով, մենք ստիպված կլինենք օգտագործել բոլոր հնարավոր գործիքները՝ այս տեսակի առևտրային ճանապարհի ստեղծումից խուսափելու համար»։

Այլ կերպ ասած, Օ Բրայանն ասում է, որ «ոչ խաղաղ ճանապարհով առևտրային ուղիների բացման» հնարավորությունը մնում է։ Նկատենք, որ նա չի անվանում այն Հայաստանի մի մասի հավանական օկուպացիա, այլ «առևտրային ուղիների ոչ խաղաղ բացում»՝ նախապես զգուշացնելով, որ դա ագրեսիա չի դիտարկվի Հայաստանի «տարածքային ամբողջականության» դեմ, այլ ընդամենը ճանապարհի բացում։

Թուրքիան նույնպես ձայնակցում է ԱՄՆ-ին՝ ձեւացնելով, թե ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանին ընդդեմ Թուրքիայի։ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքն ասել է, որ «ԱՄՆ-ը Թուրքիայից պահանջել է դադարեցնել աջակցությունը Ադրբեջանին՝ Ղարաբաղն ազատագրելու համար»։ Նա նշել է, որ Վաշինգտոնն այս պահանջն է առաջադրել՝ որպես Թուրքիա F-16-ներ ուղարկելու պայման։

Դատելով երկիրը «խաչմերուկի» վերածելու մասին Փաշինյանի հաստատակամությունից, տնտեսական օգուտ ստանալու համար “խաղաղության” պայմանագիր կնքելու համաձայնությունից, դատելով նրակողմից ազգային սրբազան արժեքների մերժումից, ինչպես նաև այս հայտարարություններից հետո հասարակության ապատիայից ու դատապարտվածությունից՝  Հայաստանն այս տարի կդառնա անանուն «խաչմերուկ»։ Ինչպես Հայկական լեռնաշխարհը վերածվեց «Անդրկովկասի» և «Հարավային Կովկասի», իսկ Արցախը վերածվեց «ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտու», Հայաստանն էլ կստանա այնպիսի անուն, որում հայերի մասին խոսք չի լինի. ասենք՝ «թյուրքական տրանզիտի հանրապետություն», կամ «Փաշայի դեմոկրատական ​​վիլայեթ» և այլն։

Նաիրա Հայրումյան

ԱՄՆ կկիրառի իր ձեռքում եղած ողջ գործիքակազմը՝ խափանելու Բաքվի ու Երևանի միջև «ոչ խաղաղ ճանապարհով» առևտրային ուղիների վերաբացումը․ Օ’Բրայան

ԱՄՆ պետքարտուղարության բարձրատիճան ներկայացուցիչը նախազգուշացրել է՝ «Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ խաղաղ ճանապարհով» առևտրային ուղիների վերաբացման դեպքում, ԱՄՆ-ն կկիրառի իր տրամադրության ներքո եղած ողջ գործիքակազմը՝ խափանելու այն, գրում է Ամերիկայի ձայնը։

Մասնավորապես, նման հայտարարություն է արել Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայանը՝ նոյեմբերի 27- ին լրագրողների հետ առցանց հարցուպատասխանի ժամանակ, երբ անդրադարձել է նաև Հարավային Կովկասին, ու մասնավորապես՝ Հայաստանի ու ազերբայդժանի միջև հակամարտությանը:

«Տեսնում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն [կա]։ Ուրախ ենք, որ երկու կողմերի միջև առկա է ուղիղ և միջնորդավորված երկխոսություն: [Խաղաղության հաստատումը] ողջ տարածաշրջանի համար օգուտ քաղելու իրական հնարավորություն կլինի։ Օրինակ, եթե հնարավորություն լինի Կենտրոնական Ասիայից ուղղել առևտրի հոսքը Ադրբեջանով ու Հայաստանով դեպի Թուրքիա, ապա այն էական խթան կհանդիսանա այդ առևտրային ճանապարհին ընկած բոլոր երկրների համար։ Ողջունում ենք, որ այդ ամենի մասը դառնալու հնարավորություն կա։ Միևնույն ժամանակ, եթե որոշում կայացվի այն իրականացնել ոչ խաղաղ ճանապարհով, ապա ստիպված կլինենք օգտագործել մեր տրամադրության ներքո ունեցած բոլոր գործիքները, որպեսզի խուսափենք նման առևտրային ճանապարհի ստեղծումից։ Բավականաչափ հստակ ենք եղել կողմերի հետ, թե այստեղ ինչի հույս ունենք, ինչպես նաև [խոսել ենք] այլ կերպ առաջ շարժվելու հետևանքների մասին: Այսպիսով, անհամբեր կսպասենք, թե կողմերի միջև երկխոսությունն ինչ ընթացք կստանա: Մեզ հայտնի է, որ նրանք շահագրգռվածություն են հայտնել առաջիկայում կնքել խաղաղության համաձայնագիր։ Կցանկանայինք տեսնել, որ այն իրականություն է դառնում»,- հայտարարել է Օ’Բրայանը:

Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի եւ Ալիեւի հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հետ։

Իլհամ Ալիեւի հետ Բլինքենի հեռախոսազրույցի մասին Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ ասված է.

«Պետքարտուղարը ողջունել է նախագահ Ալիեւի հանձնառությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կայուն եւ պատվաբեր խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը: Պետքարտուղարն ընդունել է այն տառապանքները, որն այս երկարատեւ հակամարտությունը պատճառել է եւ՛ ադրբեջանցիներին, եւ՛ հայերին եւ ընդգծել է տարածաշրջանի համար խաղաղության օգուտները։ Պետքարտուղարը քննարկել է Ադրբեջանի հետ մեր ամուր հարաբերությունները, նշել վերջին մտահոգություն առաջացնող հարցերը, խոսել է համագործակցությունն ամրապնդելու հնարավորության մասին, հատկապես խաղաղ գործընթացի շուրջ, եւ բարձր մակարդակի ներգրավվածության կարեւորության մասին»:

Նիկոլ Փաշինյանի հետ Բլինքենի հեռախոսազրույցի մասին Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ ասված է.

«Կողմերը քննարկել են Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն եւ պատվաբեր խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերին։ Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը եւ նշել է Հայաստանի հետ երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերը՝ որպես աջակցություն բարեկեցիկ եւ ժողովրդավարական ապագայի նրա տեսլականին»:

Lragir. Արցախը հայրենիք չէ՞

Հայքի քարտեզը՝ Բրիտանական հանրագիտարանում

2023թ. նոյեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանը Երևանի թիվ 122 դպրոցում, մասնավորապես, հայտարարել է. «Հայրենիքը պետությունն է…Քո որևէ նախնի ուղիղ կապ ունի հենց այս պետության հետ:»:

Հարկ է նշել, որ «Հայրենիքը պետությունն է» արտահայտությունը հակասում է հայոց պատմության դասագրքային մասնագիտական պնդմանը: Տարիներ, տասնամյակներ շարունակ հայոց պատմության դասագրքերում արձանագրվել է, որ մեր պատմական հայրենիքը աշխարհագրական այն տարածքն է, որտեղ կազմավորվել, զարգացել ու իր քաղաքական կյանքն է կերտել հայ ժողովուրդը:

Այս համատեքստում հարց է առաջանում. Արցախը, Նախիջևանը, Արևմտյան Հայաստանը, որտեղ կազմավորվել, զարգացել և իր քաղաքական կյանքն է կերտել հայ ժողովուրդը, հայ ժողովրդի հայրենի՞քն են, թե հայ ժողովրդի հայրենիքը չեն: Իմ խորին համոզմամբ նշվածները, անտարակույս, հանդիսանում են հայ ժողովրդի հայրենիքը, որոնք ներկա պահին օկուպացված են օկուպանտ և ցեղասպան Թուրքիայի և նրա կողմից արհեստականորեն ստեղծված ադրբեջան անունով կեղծ, ահաբեկչական կազմավորման կողմից:

«Հայրենիքը պետությունն է» արտահայտությամբ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, փորձում է հայ ժողովրդի շրջանում, մասնավորապես՝ պատանիների և երիտասարդների շրջանում, մոռացության տալ հայ ժողովրդի հայրենիքի այն հատվածները, որտեղ կազմավորվել, զարգացել ու իր քաղաքական կյանքն է կերտել հայ ժողովուրդը: Նկատի առնելով Արցախի Հանրապետության հետ տեղի ունեցած աղետը՝ ստի, կեղծիքի, տառապանքի, մահվան, դժբախտության, հայրենազրկման խորհրդանիշն իր հայտարարությամբ նպատակ է հետապնդում հայության շրջանում մոռացության մատնել Արցախը որպես հայ ժողովրդի հայրենիքի անբաժանելի մաս:

«Քո որևէ նախնի ուղիղ կապ ունի հենց այս պետության հետ»

Իմ նախնիներից շատերը ուղիղ կապ ունեն ոչ միայն Հայաստանի Հանրապետության հետ: Իմ նախնիները 700 տարիներ շարունակ պատասխանատվություն են կրել հայ ժողովրդի արցախյան ազգահատվածի ճակատագրի և Արցախի դարավոր պետականության կերտման գործում թե՛ աշխարհիկ և թե՛ հոգևոր ոլորտներում: Դարեր շարունակ Հասան-Ջալալյանները հանդիսացել են Արցախի անվտանգության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, պատմական որոշակի ժամանակահատվածում նաև անկախության (1722-1736թթ.) և արցախահայության քրիստոնեական հավատքի պահպանման երաշխավորները:

Արցախի Հանրապետության հռչակումը արդյունք է Արցախի տարածքում առանց ընդհատման գոյություն ունեցած հայկական անկախ ու կիսանկախ հաջորդական պետականությունների` Վաչագան Բարեպաշտի հիմնած թագավորության (5-րդ դար), Խաչենի իշխանության (12-րդ դար), Արցախի մելիքությունների (16-րդ դար), Ղարաբաղի Հայոց Ազգային Խորհրդի (20-րդ դարի սկիզբ), որպես խորհրդային պետականության ձև` Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (20-րդ դարի սկզիբ):

Պետականության յուրաքանչյուր տեսակ, արցախահայության քաղաքական գիտակցության և վարքագծի զարգացմանը զուգընթաց, ենթարկվել է փոխակերպման՝ թագավորությունից հասնելով հանրապետության: Այս իմաստով՝ Արցախի Հանրապետության հռչակման էվոլյուցիոն զարգացման ետնախորքում որոշակիորեն պետք է տեսնել նաև Հասան-Ջալալյանների դերակատարությունը:

Հետևաբար, այս իմաստով ինձ պարտավորված եմ համարում Արցախի Հանրապետության դեօկուպացիայի մասին մշտապես բարձրաձայնելու և տեսանելի ապագայում այն իրականություն դարձնելուն միտված քայլեր ձեռնարկելու առումով:

Մենք պիտի Արցախը հետ բերենք ամեն գնով: Եթե դա մեր սերունդը չարեց, ապա Արցախը հետ բերելու յուրաքանչյուր հաջորդ սերնդի հնարավորությունը որոշակիորեն նվազելու է՝ դառնալով անիրագործելի երազանք:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ

Հայտարարություն պայթյունի հետևանքով զոհված անձանց հարազատների համար

Ս. թ. սեպտեմբերի 25-ին Արցախում՝ ՊԲ ՎՔՆ պահեստի պայթյունի հետևանքով զոհված անձանց հարազատները, ովքեր դեռ չեն դիմել հուղարկավորության նպաստ նշանակելու համար, մինչև 2023թ. դեկտեմբերի 8-ը (աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-ից մինչև 13:00-ն) կարող են դիմել ք. Երևան, Աբովյան 9 հասցեով:
Դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը՝
1. Զոհվածի մահվան վկայականի պատճենը,
2. Հարազատի անձնագրի և ՀԾՀ (սոց.քարտի) պատճենները,
3. Հարազատի անվամբ «Արցախբանկ» ՓԲԸ-ում բացված հաշվի մասին տեղեկանքը կամ հաշվի քաղվածքը: