Մանվել Գրիգորյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի կբռնագանձվի շուրջ 1 միլիարդ 800 միլիոն դրամ, 8 ավտոմեքենա

«Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը հրապարակել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով վճիռը, ըստ որի, վերջիններս մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի քանի հանցանքներում», -այս մասին հայտնում է ՀՀ դատական իշխանության տելեգրամ ալիքը։

Վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո Մ․ Գրիգորյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի կբռնագանձվի շուրջ մեկ միլիարդ ութ հարյուր միլիոն ՀՀ դրամ, 8 ավտոմեքենա, բացի այս՝ շուրջ 8 հազարի հասնող «Զինվորի բաժին» մակնշմամբ մթերք, հանդերձանք, դեղորայք կտրվի ԵԿՄ-ին, իսկ մի քանի տասնյակ հազարի հասնող զենք և զինամթերք կտրվի ՀՀ պաշտպանության նախարարության տնօրինմանը։ Դատարանի որոշմամբ այս գործով տուժողի իրավահաջորդ Հ. Թորոսյանին կվերադարձվի Վաղարշապատում գտնվող 1 բենզալցակայան։

Նազիկ Ամիրյանից կբռնագանձվի շուրջ հարյուր մեկ միլիոն երկու հարյուր հազար ՀՀ դրամ, իսկ նրա հաշիվները, շարժական, անշարժ գույքերը կմնան կալանքի տակ՝ մինչև դատավճռի կատարումը:

Վագիֆ Խաչատրյանը բողոքարկել է իր նկատմամբ կայացված ապօրինի դատավճիռը

Լաչինի միջանցքով Հայաստանի Հանրապետություն անցնելու ժամանակ ադրբեջանական սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից առևանգված Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ կայացված ապօրինի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտնել է նրա փաստաբան Ռադմիլա Աբիլովան։

Բաքվի ռազմական դատարանում ավարտվել է Լաչինի միջանցքով Հայաստանի Հանրապետություն անցնելու ժամանակ ադրբեջանական սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից ապօրինի առևանգված Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը։

Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին շինծու մեղադրանք են առաջադրել՝ իբր Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում «ցեղասպանություն իրականացնելու համար»: Դատարանը որոշում էր կայացրել Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման։ Անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցները առևանգել և Բաքու էին տեղափոխել 2023թ. հուլիսի 29–ին։

Բելգիայից Հայաստան կվերադառնան Ստեփանակերտի մերձակայքում տեղի ունեցած պայթյունից երկու տուժած

Բուժման նպատակով Բելգիա ուղարկված Ստեփանակերտի մոտ վառելիքի պահեստի պայթյունից երեք տուժածներից երկուսը շուտով կվերադառնան Հայաստան։ Այս մասին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել է ՀՀ-ում Բելգիայի դեսպան Էրիկ դե Մունկի հետ հանդիպմանը։
Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ երկու հիվանդ արդեն ապաքինվել է, երրորդ տուժածը կշարունակի բուժումը։
Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մերձակայքում գտնվող վառելիքի պահեստում տեղի է ունեցել հզոր պայթյուն, որի հետևանքով զոհվել է ավելի քան 170 մարդ, այդ օրը վիրավորված ավելի քան 20 հիվանդներ ուղարկվել են արտերկիր բուժման։

ՀՀ հայցը նշանակում է, որ Հայաստանը ոչ միայն շարունակում է Ադրբեջանի քաղաքականությունը, այլեւ գերազանցում է

Step1.am-ի զրուցակիցն է Մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։

-Տիկի՜ն Ալավերդյան, Հայաստանի կառավարությունը Արցախից բռնի տեղահանված անձանց վերաբերյալ ընդունել է որոշում, ըստ որի՝ նրանք կա՜մ պետք է ՀՀ քաղաքացիություն ընդունեն, կա՜մ փախստականի կարգավիճակ ստանան, այլընտրանք չեն թողնում մարդկանց։ Արցախցիների անձնագրերը Հայաստանի կառավարությունը չի ճանաչում՝ ասելով, որ դրանք «ճամփորդական անձնագրեր» են։ Նկատո՞ւմ եք միտում, որ այսպիսով փորձ է արվում շրջանառությունից հանել Արցախի անձնագրերի «070» կոդը եւ ինչպե՞ս եք գնահատում այս քաղաքականությունը։

-Ես ուզում եմ մի քանի շեշտադրում անել, որը կարծես դուրս է մնում քննարկման դաշտից։ Նախ եւ առաջ մենք ունենք ոչ թե 100 հազար եւ ավելի մարդկանց խնդիրը, մենք ունենք 150 հազար արցախցիների խնդիրը։ Նրանց թվում նաեւ վերաբնակիչներ են, որոնք եղել են ՀՀ քաղաքացի եւ գնացել ու վերաբնակեցվել են Արցախում։ Մենք ունենք մարդիկ, որոնք տարիներ շարունակ ապրել են Արցախում, բայց իրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի էին, ոչ թե «070», այլ ուրիշ կոդերով։ Պատկերացրեք, այդ մարդկանց մասին ընդհանրապես խոսք չկա։ Այսինքն՝ մենք ունենք ավելի բազմազան հարցեր, քան ուզում են միայն ցույց տալ։

Անդրադառնալով կառավարության այս որոշմանը, ես կասեմ, որ այն լեգիտիմ չէ, հիմնավորված չէ թեկուզ ՀՀ այլ օրենքներով ու որոշումներով։ Երբ ես ասում եմ՝ լեգիտիմ չէ, դա նշանակում է, որ այն հիմնավորված չէ եւ չի կարող լինել որպես հիմք, իրավական հետեւանքներ ծնող որոշում։ Բայց մենք գիտենք, որ այսպիսի դեպքերում գործում է ոչ թե օրենքը եւ իրավունքը, այլ քաղաքական կամքը։ Այս իշխանությունների քաղաքական կամքը հենց այնպիսին է, որն իրենք արտացոլել են այս որոշման մեջ։ Այս որոշումը ծնում է ավելի շատ հարցեր, քան տալիս է պատասխաններ։ Պատահական չէ, որ մոտ մեկ ամիս  անցել է այդ որոշման ուժի մեջ մտնելուց, բայց անընդհատ տալիս են տարբեր բացատրություններ։ Օրինակ՝ թոշակների հարցը, թոշակները չեն տվել, այդ մարդիկ սպասում են, չգիտեն՝ իրենց թոշակները երբ կտան՝ դեկտեմբերի 1-ին, թե՞ 31-ին։ Այսինքն՝ եկեք հստակեցնենք, որ անգամ իշխանություններն ամբողջովին չեն տիրապետում այս որոշման իրականացման մեխանիզմներին։ Սրանով Արցախի բնակիչները զրկվում են բոլոր իրավունքներից, որոնք ունեին։ Եվ այն հիմնավորումը, որ այդ անձնագրերը եղել են ընդամենը «ճամփորդական փաստաթղթեր», դժվար է մինչեւ անգամ քննադատել, որովհետեւ դա անհիմն է։ Հիմքը պետք է լինի որոշում կամ օրենք։ Թող ցույց տան Հայաստանի Հանրապետության որեւէ որոշում կամ օրենք, չկան այդպիսիք։

-Ի՞նչ անձնագրեր են Արցախի բնակիչների անձնագրերը։

-Այդ անձնագրերը տրվել են իրենց այնպես, ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիների անձնագրերը։ Եվ ամեն մի տարածք ունի իր կոդը, Արցախն էլ ունի «070» կոդը։ Ես այստեղ ուզում եմ ընդգծել, որ դա չի եղել գաղտնի կամ անօրինական։ Դրա մասին գիտեին առնվազն Եվրապառլամենտում, ինչի մասին Եվրախորհրդարանի անդամ, բրիտանացի Չարլզ Թանոքը ասել է ադրբեջանցուն ուղղված իր պատասխանում։ Երբ ադրբեջանցին հարցրել է՝ «այդ ինչո՞ւ եք դուք մի որոշման մեջ գրում, որ Ռուսաստանն օկուպացրել է Աբխազիան ու Օսեթիան, բայց չեք գրում, որ Հայաստանն օկուպացրել է Արցախը», Չարլզ Թանոքը 2013 թվականին շատ պարզ պատասխան է տվել, ասել է՝ «մենք չունենք այդպիսի մոտեցում, որ ոչ միայն ԼՂԻՄ-ը, այլեւ Արցախը շրջապատող տարածքներն օկուպացված են Հայաստանի կողմից»։ Երկրորդ, ասել է՝ «մեզ հայտնի է, որ շատ քիչ մարդ կա Արցախում, որը չունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն»։ Չի ասել անձնագիր, ասել է՝ քաղաքացիություն։ Եվ այս առումով, իհարկե, շատ հարցեր են ծագում։ Դուք ասում եք՝ այլընտրանք չեն թողնում մարդկանց։ Այո՜, ես ասեմ, որ ամեն մեկն ընտրելու է իրեն հարմար մի ճանապարհ։ Եվ որ ճանապարհն են ընտրել այս մարդիկ, նշանակում է, որ համաձայնվում են այս իշխանության հետ եւ հրաժարվում են Արցախի Հանրապետության սուբյեկտությունից։ Այսինքն՝ ոչ թե սոցիալական նշանակություն ունի այդ որոշումը, այլ դրա հիմքում ընկած է այս իշխանությունների համար ամենակարեւոր խնդիրը, այն է՝ օր առաջ հրաժարվել եւ իրենց որոշումներով բերել նրան, որ մարդիկ եւս հրաժարվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սուբյեկտությունից։

 -ՀՀ դիմումի հիման վրա Հաագայի դատարանի կողմից Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու որոշում ընդունվեց։ Այդ որոշման կետերից մեկով «Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է կոնվենցիայի համաձայն իր ունեցած պարտավորությունների շրջանակներում պաշտպանել և պահպանել գրանցման ինքնության և անձնական գույքի փաստաթղթերն ու գրանցամատյանները, որոնք վերաբերում են առաջին կետում նշված անձանց, և հավուր պատշաճի ու հարգանքով վերաբերել դրանց, և հիմք ընդունել այդ փաստաթղթերն իր օրենսդրական ու վարչական պրակտիկայում»: Ի՞նչ է սա նշանակում, ինչպե՞ս եք գնահատում։

-Ադրբեջանը ողջունել է այդ որոշումը։ Ինչո՞ւ, որովհետեւ արդեն որերորդ անգամ է, Հայաստանը դիմում է միջազգային դատական ատյաններին այնպիսի հարցերով, որոնք ուղղակի շրջանցում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սուբյեկտությունը։ Եվ բոլոր այդ դիմումներով նրանք փաստորեն պահանջում են մեկ բան, որ պահանջներն իրականացնեն այն հայերի նկատմամբ, որոնք ապրում են «ադրբեջանական հանրապետության» Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Բայց կարեւոր հարցն այն է, որ Ադրբեջանն իր բոլոր գործողություններով իրականացնում է ցեղասպանություն։ Եվ մենք խոսում ենք ոչ թե առանց քաղաքացիության մարդկանց մասին, ինչը պնդում է այս որոշումը, այլ մենք խոսում ենք մեր հայրենակիցների մասին։ Եվ երկրորդը, այն հայրենակիցների մասին, որոնք վերապրել են ցեղասպանություն։ Մինչեւ հարցն այդպես չդրվի, այս հարցի շուրջ լինելու են այնպիսի հարցադրումներ, որոնք ձեռնտու են Ադրբեջանին։

Այդ որոշման այդ ձեւակերպումը նշանակում է, որ Հայաստանը ոչ միայն շարունակում է Ադրբեջանի քաղաքականությունը, այլեւ գերազանցում է։

 

Forrights. ՀՀ իշխանությունները չպետք է խոչընդոտեն Արցախի պետական մարմինների գործունեությանը

Forrights

Եթե նայում ենք Ադրբեջանի դիրքորոշմանը, միջազգային հանրության ճնշումներին և ՀՀ իշխանությունների դիրքորոշմանն ու գործողություններին, ապա այս պահին արցախցիների իրենց տներ վերադառնալն իրատեսական չէ։ Այս մասին Forrights.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Այստեղ գլխավոր դերակարը ՀՀ կառավարությունն է, որ հստակ գործիքակազմերով և Ադրբեջանի հետ շփումներում, միջազգային գործընթացներում այս հարցն անընդհատ բարձրացնի և քննարկվեն դրա պայմանները։ Եթե ՀՀ իշխանությունների կողմից քաղաքական կամք, հետևողական պրոֆեսիոնալ աշխատանք լինի աշխարհաքաղաքական պայմաններում հնարավոր կլինի Արցախի ժողովրդին վերադարձնել իր հայրենիք»,-ասաց Բեգլարյանը շեշտելով՝ անվտանգության և արժանապատվության երաշխիքների ապահովման անհրաժեշտությունը։

Արտակ Բեգլարյանը կարծում է, որ երաշխիքները կարող են ապահովել ՄԱԿ-ի առաքելությունն՝ առանց Ադրբեջանի իշխանության ներկայության։ Արցախցի նախկին պաշտոնյան ՀՀ իշխանությունների կողմից վերադարձին ուղղված բավարար գործողություններ չի տեսնում։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար, իսկ վերջին անգամ նոյեմբերի 23-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստի ժամանակ, հայտարարում է, որ «արցախցիները, եթե չցանկանան Արցախ վերադառնալ, ապա ամեն ինչ պետք է անենք, որ մնան ՀՀ-ում»։ ՀՀ վարչապետի այս հայտարարությունից տպավորություն է ստեղծվում, որ Արցախ գնալու, այնտեղ անվտանգ ապրելու բոլոր պայմանները կան և մնում է ընտրություն կատարել՝ գնա՞լ, թե՞՝ ոչ։

«Սա առաջին հայտարարությունը չէ՝ նման ոճի, իշխանությունների մոտեցումն է՝ վերադարձի իրավունքն իջեցրել են անհատական մակարդակի, որ յուրաքանչյուր անձ իր համար պետք է որոշի՝ Ադրբեջանի առաջարկած պայմաններն իր համար ընդունելի են, թե՝ ոչ, բայց մենք այնտեղից արտագաղթել ենք որպես ժողովուրդ, մենք թիրախավորվել ենք որպես ժողովուրդ և մեր ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանության համար ենք մենք հալածվել ու հետապնդվել, ինքնորոշման համար»,-ասաց Արտակ Բեգլարյանը։

Արտակ Բեգլարյանը ևս կարևորում է, որ Արցախ վերադառնալու հնարավորություն չլինելու դեպքում արցախցիները շարունակեն ապրել ՀՀ-ում, բայց նա կարծում է, որ պետք է համայնքային վերաբնակեցման մոդել ընտրվի․ «որպեսզի պահպանվի համայնքային հավաքական ինքնությունը և դրանից բխող երկարաժամկետ պայքարը՝ Արցախ վերադառնալու համար։ Այս տեսանկյունից էլ ես չեմ տեսնում բավարար կամք ՀՀ իշխանությունների և վարչապետի մոտ։ Ես տեսնում եմ, որ նրանց մոտեցումը արցախցիներին ՀՀ-ում տարալուծելու մոտեցում է, ինչը շատ արագ փակելու է ինքնորոշման և վերադարձի իրավունքները։ ՀՀ իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ չպետք է խորշեն սյուբեկտայնություն, պատասխանատվություն ստանձնել Արցախի ժողովրդի իրավունքների վերաբերյալ բանակցություններից»։

Հայաստանի իշխանության ներկայացուցիչների այն պնդումներին, թե ՀՀ-ում Արցախի պետական կառույցների գործունեության շարունակությունը կարող է անվտանգային սպառնալիքներ դառնալ ՀՀ-ի համար, Արտակ Բեգլարյանը չի կիսում, նա կարծում է, որ պետական կառույցները պետք է իրենց գործունեությունը շարունակեն։

«Այս հարցում ՀՀ իշխանությունները ոչ միայն չպետք է խանգարեն, այլ պետք է որոշակի աջակցեն, իհարկե, ռիսկերն էլ հաշվի առնելով, բայց չխանգարելը պարտադիր պայման է։ Նրանք չեն ցանկանում, որ Արցախի պետական մարմինները գործեն, միտում կա, որ չեն ցանկանում Արցախի ժողովրդի իրավունքների համար բանակցել Ադրբեջանի հետ, ապա հարց է առաջանում՝ ո՞վ պետք է մեր ժողովրդի իրավունքերը պաշտպանի, ով պետք է համապատասխան միջազգային հարթակներում այդ հարցերը բարձրացնի, եթե ՀՀ իշխանությունները չեն անում և թույլ չեն տալիս Արցախի իշխանություններին գոյություն ունենալ»,-ասաց Արտակ Բեգլարյանը։

Արտակ Բեգլարյանի խոսքով՝ պետք է ընդունել փաստը, որ գոյություն ունի վտարանդի կառավարություն։

«ՀՀ իշխանությունները կարող են ասել, որ այս անձիք փախստականներ են և ներկայացնում են իրենց ժողովրդին, ՀՀ-ն իրենց չի աջակցում, ժողովուրդն է որոշել, որ նրանցից մեկը նախագահ է, մյուսը՝ ԱԺ նախագահ, գումար չեմ տրամադրում։ Հետևաբար լեգիտիմ հինք չկա, որ ՀՀ-ին կմեղադրեն Ադրբեջանի համար անընդունելի սուբյեկտի աջակցելու համար, սա նվազագույն շեմն է, որ ՀՀ իշխանությունները կարող են կիրառել»,-ասաց նա՝ շեշտելով, որ ՀՀ-ն կարող է Ադրբեջանին տարածքային պահանջներ չներկայացնել, այլ ասել, որ դա արցախցիների իրավունքն է, քանի որ Արցախը նրանց հայրենիքն է։

Արցախի նախկին պետնախարարը կարևոր է համարում Հայաստանի և Արցախի իշխանությունների բանակցությունները, ինչը, սակայն, տեղի չի ունենում։ Նիկոլ Փաշինյանի ու Սամվել Շահրամյանի հանդիպման մասին տեղեկություններ չկան։

«Իմ տեղեկություններով բավարար երկխոսություն չկա։ Անզեն աչքով տեսանելի է, որ իշխանությունների մեջ խորը երկխոսություն առկա չէ։ Սա վտանգավոր միտում է, այս տեսանկյունից մենք բավականին վատ վիճակում ենք գտնվում, որքան երկխոսությունը չլինի, այնքան պառակտված ենք լինելու։ Փաշինյանն ու Շահրամանյանը չեն հանդիպում, պատճառը Փաշինյանի դիրքորոշումն է։ Ակնհայտ է, որ Շահրամանյանի կողմից խնդիր չպետք է լինի, իսկ Փաշինյանի դիրքորոշման պատճառները որոնք են, հավանաբար տարբեր վախեր՝ ներքին և արտաքին բնույթի»,-ասաց նա։

Արտակ Բեգլարյանը ՀՀ կառավարության սոցիալական աջակցության առաջին փուլն՝ արագ արձագանքման տեսանկյունից արդյունավետ է համարում, սակայն, ժամկետների մասով խնդիրներ է տեսնում։ «Ժամկետների առումով որոշակի հապաղումներ եմ տեսնում, իհարկե, կարող են տարբեր հիմնավորումներ ներկայացնել, կարծում եմ, որ ժամկետն առաջնահերթ է, կարելի է թույլ տալ որոշակի ծրագրերի իրականացում»,-ասաց նա՝ նշելով, որ արցախցիների զբաղվածության խնդիրը լուծելու համար բավարար արդյունք չի տեսնում։ Խնդիր է համարում նաև բնակարանների գների աճը, իսկ վերահսկողություն չկա։

Արտակ Բեգլարյանի կարծիքով՝ Ստեփանակերտում բենզինի պահեստի պայթյունի և սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների հետևանքով ընտանիքի անդամներին կորցրած խաղաղ բանակիչներին կամ վիրավորում ստացած քաղաքացիական անձանց պետք է հատուկ կարգավիճակ տրվի, ինչը ՀՀ կառավարությունն արել է 2020 թվականի պատերազմից հետո։ Արտակ Բեգլարյանը սա համարում է անարդար՝ նշելով, այդ ընտանիքները սոցիալական խնդիրներ ունեն։

Նարեկ Կիրակոսյան

Նորմալ երկրի նորմալ ԱԳՆ-ը բողոքի նոտա կտար այս աղաղակող իրադարձության հետ կապված

2023 թվականի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած ցեղասպանությունից հետո ադրբեջանն ավելի ու ավելի բարձրաձայն է հայտարարում այսպես կոչված «արևմտյան ադրբեջանի» մասին։

Թվում է, թե չկա ավելի անհեթեթ բան, քան խոսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մասին՝ որպես սեփական «նախնյաց երկրի»։ Բայց դա այդպես չէ ադրբեջանի դեպքում, որը խոսում է ինչ-որ բանի մասին՝ իր հայտարարությունների հետևում արդեն ունենալով միջազգային փաստաթղթերի մի փունջ և տարբեր երկրների կոնսենսուս։

Ինչպես հայտնի է, «արևմտյան ադրբեջանի» մասին խոսակցությունը գործի է դրվել 2020 թվականից հետո, երբ ռուս-թուրք-ադրբեջանական եռյակի ագրեսիայի արդյունքում Հադրութի, Շուշիի, Քարվաճառի, Քաշաթաղի շրջանները, Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի շրջանների մի քանի գյուղեր օկուպացվել են։ Ըստ ամենայնի, ադրբեջանը ցանկանում էր «արդարացնել» օկուպացիան՝ ներկայացնելով այն որպես «պատասխան» 90-ականներին իբր ադրբեջանցիների բռնի տեղահանմանը։

Արցախի բռնի տեղահանվածների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները բազմիցս բարձրացրել են այն հարցը, որ սեգրեգացիայի հետևանքով ադրբեջանի քաղաքներ և գյուղեր տեղափոխված Խորհրդային Հայաստանի ազգությամբ ադրբեջանցի բնակիչներին չի կարելի նույնացնել բռնի Արցախի Հանրապետության տեղահանված բնակիչների հետ։

Բայց, որքան էլ տարօրինակ է, Հայաստանի իշխանությունները անկախության ողջ ընթացքում չէին կարևորում երկրում Խորհրդային ադրբեջանից փախստականների առկայության գործոնը, որը կհանդարտեցներ Ալիևների կլանի բոցը, և հնարավոր կլիներ ադրբեջանին պատժել խորհրդային զորքերի անմիջական մասնակցությամբ իրականացված ցեղասպանությունների համար։

Այսօր Հայաստանի իշխանություններն անդրադառնում են Ալմա-Աթայի հռչակագրին և Խորհրդային Հայաստանի սահմաններին՝ չգիտես ինչու կրկնելով ադրբեջանական թեզերը որոշ անկլավների մասին, որոնք իրականում Խորհրդային Հայաստանի տարածքի մաս էին կազմում, իսկ ադրբեջանցի հովիվներն այնտեղ ոչխարներ էին արածեցնում։

Հայկական կողմի ավելի քան 30 տարվա լռությունը, հատկապես Արցախի Հանրապետության էթնիկ զտումներից հետո, էլ ավելի է ոգեշնչել Ալիև կրտսերին. վերջերս խորհրդային բոլշևիկների կողմից ապօրինաբար և ժամանակավորապես Ադրբեջանին տրված հայկական Նախիջևանում անլիարժեքության բարդույթով և վեհության մանիայով տառապող այս բռնապետը փառատոն են անցկացրել, որի ընթացքում ցուցադրվել են այսպես կոչված «արևմտյան ադրբեջանի» ավանդույթները, խոհանոցն ու արվեստը։ Իսկ ամենաաբսուրդը, փառատոնի խորհրդանիշը Հայաստանի քարտեզն էր։

Թվում էր, թե հայկական կողմը պետք է բողոքի նոտա և հայտարարություն հղեր այս երկրի արտաքին գործերի նախարարությանը և միջազգային բոլոր երկրներին առ այն, որ հարևան «պետությունն» օգտագործում է մեր երկրի ինքնիշխան տարածքի քարտեզը՝ ներկայացնելով դա որպես սեփական հողեր, ինչը, ըստ էության, տարածքային նկրտումներ են Հայաստանի հանդեպ։

Բայց, ավաղ, այս աղաղակող փաստերի մասին ո՜չ Հայաստանի իշխանությունները, ո՜չ էլ ժամանակին իրենց տներից վտարված նախկին Նախիջեւանի բնակիչները ոչ մի խոսք չասացին։

Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ միջազգային հանրությունը չի հասկանում հայկական կողմի դիրքորոշումը և նրա մտադրություններն ու մոտեցումները հարևանների հետ կապեր հաստատելու հարցում։ Իսկապես, դժվար է հասկանալ, թե ինչպես ինքնիշխան պետության իշխանությունը չի արձագանքում նման երեւույթներին։

Զարմանալի չէ, որ ադրբեջանին հաջողվում է համաշխարհային հանրությանը համոզել, որ հայերը ագրեսոր են, որ դարեր շարունակ նրանք գրավել են իրենց հողերը, և հիմա եկել է պատժելու ժամանակը։ Այսինքն՝ Ադրբեջանը օրինականացնում է իր բոլոր հանցագործությունները և կոնսենսուս ստանում իր հետագա բոլոր ագրեսիվ գործողությունների համար։ Սա «ռեալպոլիտիկ» է, որից հայկական կողմը չի կարողանում գլուխ հանել։ Կամ լավ էլ հանել է, բայց միտումնավոր համահանցակցում է:

Մարգարիտա Քարամյան

Երևանի թիվ 76 դպրոցում ռումբի առկայության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել

«Երևանի թիվ 76 հիմնական դպրոցում ռումբի տեղադրման վերաբերյալ ահազանգը կեղծ է»-, հայտնեցին Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։

Ավելի վաղ, դպրոցի աշխատակազմից հայտնել էին, որ ահազանգ են ստացել դպրոցում ռումբի տեղադրման մասին, որի հետևանքով դասապրոցեսն ընդհատվել էր։

Դեպքի վայր էին ժամանել ԱԱԾ համապատասխան աշխատակիցներ․  որոնողական աշխատանքների արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել։

Արցախի Ազգային ժողովը պետք է հաստատի նոր պատգամավորի

Անցած շաբաթ Արցախի խորհրդարանի պատգամավորներից մեկը վայր է դրել իր մանդատը, ինչի մասին հայտարարել է խորհրդարանի փոխխոսնակ, ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բագունցը։

Փաստորեն, ըստ կանոնակարգի, Արցախի Ազգային ժողովը պետք է նիստ հրավիրի՝ հրաժարական տվածի փոխարեն նոր պատգամավոր հաստատելու համար։ Մեր տեղեկություններով՝ այժմ քննարկվում է նիստի անցկացման հնարավորությունը։ Բացի այդ, անհրաժեշտ է կանոնակարգում փոփոխություններ կատարել, որոնք թույլ կտան նիստեր անցկացնել Ստեփանակերտի ԱԺ նիստերի դահլիճից բացի այլ վայրում։

Բացի այդ, ինչպես հաղորդվում է, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրել է հրամանագիր, որով հաստատվել են Արցախի Հանրային խորհրդի իրավունքներն ու լիազորությունները։

Այսպիսով, Ազգային ժողովի պետական ​​կառույցները վերսկսում են աշխատանքը՝ չնայած Հայաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչների անհեթեթ հայտարարություններին։ Այս հայտարարությունները կարծես արվում են որպես ալիբի՝ ի պատասխան Հայաստանի նոր «գործընկերների»՝ Բաքվի և Անկարայի հավանական մեղադրանքներին։

Արցախի իշխանությունները պետք է որոշեն աշխատանքի վերսկսման կարգը՝ ոչ միայն օրենսդիր ու գործադիր, այլ նաև դատական։ Ի վերջո, որոշ արցախցիներ կարող են չընդունել Հայաստանի քաղաքացիությունը, և այդ ժամանակ կծագի Արցախի բնակիչների հետ կապված դատական գործերի իրավասության հարցը։ Բացի այդ, Հայաստանի Սահմանադրական դատարանը պետք է իր խոսքն ասի 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տեղի ունեցած ակտերի վերաբերյալ։

Արցախի պետական ​​գերատեսչությունների գործունեության համար Հայաստանի բյուջեով միջոցներ նախատեսված չեն, սակայն դա չի նշանակում, որ միջոցներ չեն գտնվի։ Ի վերջո, կան ազգային կառույցներ և հանրային հիմնադրամներ, որոնք կարող են ֆինանսավորել Արցախում պետական ​​կառույցների գործունեությունը։ Նման պատրաստակամություն արդեն հայտնել են սփյուռքի ներկայացուցիչները։

Արցախի ղեկավարությունը պետք է հավաքի զինքը և կատարի իր պարտավորությունները։ Եթե ​​մարդիկ, որոնց ձեռքում, ճակատագրի կամքով կամ ուրիշի ուղորդմամբ, հայտնվում են Արցախի ճակատագիրն ու ապագան, կարծում են, որ ի վիճակի չեն կրել այս ծանր բեռը, ապա ավելի ճիշտ կլինի, որ հրաժարական տան և տեղ տան բանիմաց ղեկավարներին։

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը կարո՞ղ է այս բեռը տանել։

Նաիրա Հայրումյան

Հայաստանի դպրոցներում արցախցի երեխաների նկատմամբ բուլինգի մասին

Արցախցի երեխաների նկատմամբ բուլինգի (ուժի, հարկադրանքի, վիրավորական ծաղրի կամ սպառնալիքի կիրառում, վիրավորելու նպատակով, ագրեսիվ գերիշխանության կամ ահաբեկման նպատակով) պատճառներից մեկը պետության քաղաքական դիրքորոշումն է և Հայաստանի քաղաքացիների ընտանիքներում հաստատված համապատասխան կարծրատիպերը։  Sputnik Армения-ի հետ զրույցում այս տեսակետը ներկայացրեց իրավապաշտպան, Հայաստանի նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը։

Նոյեմբերի 23-ին կառավարության նիստի ժամանակ նշվել է, որ Հայաստանի դպրոցներում նկատվում են բուլինգի դրսեւորումներ Արցախից տեղահանված երեխաների նկատմամբ։ Հարցը բարձրացրել է երեխաներից մեկը, ով հրավիրվել էր մասնակցելու կառավարության նիստին (1989թ. նոյեմբերի 20-ին ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոնվենցիայի ընդունման տարեդարձի կապակցությամբ): Կրթության և գիտության նախարարության ղեկավար Ժաննա Անդրեասյանն ի պատասխան չբացառեց, որ դպրոցներում կարող են բուլինգի դեպքեր լինել, և որ նման դեպքերը շատ դժվար է բացահայտել։

«Պետք է հասկանալ. առաջին հերթին մենք գործ ունենք ժամանակակից ցեղասպանությունը վերապրած մեր հայրենակիցների հետ»,- ասաց Ալավերդյանը։ Իրավապաշտպանն ընդգծեց, որ եթե վերը նշված հանգամանքները հայ դպրոցականների մոտ որևէ դրական վերաբերմունք և բարոյական համակրանք չեն առաջացնում, ապա դա վկայում է խորքային խնդրի առկայության մասին։

Շուշիի Մեղրեցոց եկեղեցի․ այն, ինչ չի ավարտվել 1960-ականներին, շարունակվում է այսօր

Օրերս «Կովկասի ժառանգության մշտադիտարկում» նախաձեռնության կայքը հրապարակել է  հերթական արբանյակային լուսանկարները Արցախում հայկական մշակութային արժեքների դեմ իրականացված ոտնձգության մասին։ Ինչպես հստակ երևում է այդ լուսանկարներից, օկուպացված Շուշի քաղաքում իրականացվող շինարարական աշխատանքների հետևանքով վնասվել են Շուշի քաղաքի Մեղրեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մնացորդները:

Համաձայն 2023 թվականի նոյեմբերի 3-ին արված արբանյակային լուսանկարի՝ ադրբեջանական կողմը միտումնավոր կերպով շրջակա տարածքների շինարարության ամբողջ շինաղբը ծանր տեխնիկայի միջոցով լցրել է եկեղեցու՝ դեռևս 2017 թվականին «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված պեղումներով բացված հիմնապատերի և ծավալների վրա։

Ադրբեջանի նման հակամշակութային քաղաքականությունը նորություն չէ։ 1921 թվականին Արցախը Ադրբեջանին բռնակցելուց հետո, պետական մակարդակով ու հստակ քաղաքականությամբ պայքար սկսվեց Արցախի հայկականության դեմ և Ադրբեջանն առաջնորդվում էր «այն ինչ պատկանում է Ադրբեջանին, ադրբեջանական է», կարգախոսով։ Արցախում, այդ թվում նաև Շուշիում, ամեն ինչ պետք է համահունչ լիներ որդեգրված քաղաքականությանը։ Պատմությունը, մշակույթը, ճարտարապետությունը կա՜մ ադրբեջանականացվում էր, կա՜մ ոչնչացվում։

Ելնելով դրանից 1960-ական թվականներին երբեմնի ճարտարապետական համալիրը քանդվել, հարմարեցվել և վերածվել էր ամառային բացօթյա կինոթատրոնի։ Ականատեսները վկայում են, որ գրեթե անհնար էր քանդել եկեղեցու ամուր և հաստ պատերը: Խորհրդային տարիներին ադրբեջանական իշխանությունների հրահանգով պայթեցումներով քանդել են պատերի մեծ մասը, իսկ մեկ մետրից բարձր պահպանված հիմնապատերը ներառվել են ասֆալտի տակ (Շ․Մկրտչյան):

Մեղրեցոց եկեղեցին կառուցել են մեղրեցի ներգաղթյալները՝ համանուն թաղամասում: Կառուցման արձանագրության մեջ հիշատակված է որպես Սուրբ Ամենափրկիչ Մեղրեցոց եկեղեցի, որը կառուցվել է Մահտեսի Հախումյանցի ծախսերով։ Ըստ Մակար Բարխուդարյանցի` հարավային դռան ճակատային քարի վրա եղել է հետևյալ արձանագրությունը. «1838 Մահտեսի Պապայ Հախումեանց տոհմին չուներ զաւակ մարմնաւոր ինքեան զօր հասին պատրաստեաց կտակ շինել զտաճար սուրբ եկեղեցւոյ մի երկնահանգոյն, որ տայ վերճեմել մարդկային սեռից ի բարին անհուն յանուն Տիրամայր սուրբ Աստվածածնին կենաց պատճառի յիշատակ հոգւոյն ընդ անցաւորին յայսմ աշխարհի նախ քան կատարել նոր նպատակի հողացաւ մարմին, որ աստ կայ եդեալ ի մեջ տաճարիս պերճ գերեզմանիս»։

Ցավոք սրտի, հեղինակի նշած ճակատային քարը անհետացել էր։

Արմինե Հայրապետյան

 

 

 

Ստեփանակերտյան AL Topshop-ը Երեւանում․ երկուսը մեկի մեջ

2013 թվականին Ստեփանակերտում բացվել էր Տոնյան ընտանիքի «AL Topshop» հագուստի խանութը, իսկ 2022-ին ընտանիքի զավակ Լուսինեն իր ուժերով բացել էր տպագրական նվերների «Luan Gifts»-ը։ Կարճ ժամանակահատվածում կարողացան գրավել Արցախի շուկան և դառնալ ոլորտի առաջատարներից։

Սակայն ինչպես մյուս 120.000 քաղաքացու, այնպես էլ Տոնյանների նախկին կյանքը ընդհատվեց 2023 թվականի սեպտեմբերի 19-ին։

«Խանութները ապրանքով լցված մնացին Ստեփանակերտում։ Նույնիսկ սեպտեմբերի 19-ից հետո խանութի դուռը չբացեցինք, ամեն ինչ մնաց սյնտեղ, բացի իմ խանութից վերցրած մի qանի հուշանվերվերի և սարքերի։ Խանութս մինչև պատերազմը լցրել էի գինով, պատրաստվում էինք մարտի 8-ին։ 1 միլիոն դրամի մենակ գինի մնաց այնտեղ»,- ասում է Լուսինեն։

10 տարի անց Երևանի Վաղարշյան 18 հասցեյում որոշեցին վերաբացել խանութները, սակայն 2-ը մեկում։ Խանութի հիմնական մասում կցուցադրվի հագուստ, իսկ հետևի մասում Լուսինեի աշխատանքային անկյունն է։

Դժգոհ են տարածքի վարձակալության բարձր գներից։ Ստեփանակերտում վճարվող 100.000 դրամի փոխարեն 500.000 են վճարում, բայց այլընտրանք չունեն։

Հայկ Հարությունյան

Արցախը սեպ է խրում հայ-ազերբայդժանական բարեկամության մեջ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը 24TV-ի եթերում հայտարարել է, որ դեմ է, որպեսզի ՀՀ-ում գործեն Արցախի պետական մարմինները։ Նրա խոսքով՝ դա հակոտնյա է մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին․

«Այսինքն՝ դու անկեղծ չես քո նկրտումների մեջ, որ ասում ես՝ մենք խաղաղության օրակարգ ենք առաջ տանում։ Խաղաղության օրակարգ ես առաջ տանում, Արցախի Ազգային ժողով ու Կառավարություն ես պահպանում, որ վաղը, մյուս օրը հարձակվես Ադրբեջանի վրա ու սեպ խրես հայ և ադրբեջանցի ժողովուրդների բարեկամության մե՞ջ․ դա չեղավ խաղաղություն», ասել է Աղազարյանը։

1988-ին, երբ սկսվել է Ղարաբաղյան շարժումը, եւ ամբողջ աշխարհը ցնցվել է, ռուսներն ասում էին․ неужели հայերն ու ադրբեջանցիները չեն կարող միավորվեն, ղարաբաղցիների հախիծը գան։ Բա ո՞նց չեն կարողանում։